Հա

Ազգային

30/01/2021 - 15:15

Մեր պայմանաւորւածութիւնները խախտւեցին Արայիկ Յարութիւնեանի կողմից

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչԴաւիթ Իշխանեանը:

«alikonline.ir» - Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչԴաւիթ Իշխանեանը:

 

- Յետպատերազմեան շրջանում Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց Արցախի քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին` ազգային համաձայնութեան կառավարութիւն ձեւաւորելու նպատակով: Բայց գործընթացն արդիւնք չտւեց: Ինչո՞ւ: Ո՞րն է Արցախում քաղաքական ուժերի չհամախմբւելու պատճառը:

- Նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի երկրորդ կէսը մենք քաղաքական քննարկումների մէջ էինք: Մի կողմից Արայիկ Յարութիւնեանի նախաձեռնութիւնն էր, որպէս նախագահ, միւս կողմից` տարբեր քաղաքական ուժեր, բնականաբար, նոյեմբերի 9-ից յետոյ ստեղծւած կացութիւնը եւ վիճակը քննարկելու նկատառումներից ելնելով, հանդիպումներ էին կայացնում: Այդ ընթացքում նաեւ ի յայտ եկաւ Արայիկ Յարութիւնեանի`դեկտեմբերի 16-ի ուղերձը: Ուղերձի մէջ մի շարք մեսիջներ կային, նաեւ ուղղակի սկզբունքների արտացոլում եւ մենք յոյս ունէինք, որ իրօք, ինքը որպէս նախագահ, կը փորձի իր շուրջ համախմբել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, նաեւ` կարող ուժերին եւ ընդհանուր կոնսենսուս կը ձեւաւորւի: Մենք, որպէս Դաշնակցութիւն, նաեւ մեր պայմաններն ու մեր սկզբունքներն ենք ներկայացրել: Եւ եթէ համախոհութիւնը կայանար, ոչ միայն նախագահի հետ, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերի, բնականաբար, այդ սկզբունքների շուրջ էր մեր պատկերացումները: Մամուլում շրջանառւում էր, որ իբր թէ Դաշնակցութիւնը ինչ-որ պաշտօնների ակնկալիք ունէր, նաեւ անուններ շրջանառւեցին: Իրականութեան մէջ այդ չէր. բոլորիս մտայնութիւնը միայն մի կէտի վրայ էր:

 

- Ո՞րն էր այդ կէտը:

- Ելք գտնել ստեղծւած իրավիճակից: Վերջապէս, մենք պիտի կարողանանք մեր ժողովրդին տալ այն հարցերի պատասխանը, որ այսօր մեր առջեւ են ծառացած` անվտանգութեան երաշխիքներ, Արցախի կարգավիճակի մասին որոշակի տեղեկութիւններ, պատկերացումներ, նաեւ, մեր տարածքային ամբողջականութեան վերականգնմանը միտւած հարցերի պատասխաններ. ի՞նչ տարածքի մէջ ենք մենք մեր ապագան կառուցելու: Սրանք հիմնական հարցերն են, բայց հարցերի հարցը անվտանգութեան երաշխիքի մասին հարցն է, որ ժողովուրդն ուզում է լսել պետական այրերից, քաղաքական ուժերից, առաւել եւս` երկրի նախագահից: Կարծում եմ, այս հարցերի պատասխանն առա այսօր դեռեւս չի տրւած:

 

- Դա՞ է պատճառը, որ կոնսենսուս չի կայանում:

- Պատճառն այն է, որ մեր պայմանաւորւածութիւնները քննարկումների ընթացքում խախտւեց Արայիկ Յարութիւնեանի կողմից եւ այն սկզբունքները, որոնց շուրջ կառուցւում էր մեր համաձայնութիւնը, ցաւօք, չպահպանւեց: ՀՅԴ-ն եւ «Արդարութիւնը» հանդէս եկան յայտարարութեամբ եւ այդ մասին ասացին:

 

- Կոնկրետ ի՞նչն էր խախտել Արայիկ Յարութիւնեանը: Ի դէպ, խօսակցութիւններ եղան, որ Արայիկ Յարութիւնեանն էլ ասել է, թէ ՀՅԴ-ն յայտարարութեան կոշտ տեքստ է առաջարկել, որպէսզի ինքը ստորագրի:

- Մենք ենթադրում էինք, որ այս ամենի մէջ պէտք է բոլոր որոշումները կայանան կոլեգիալ մեխանիզմներով: Եթէ մենք խօսում ենք համախոհութեան մասին, ապա համախոհութիւնը ենթադրում է նաեւ համախորհուրդ որոշումների կայացում: Դաշնակցութիւնը ներքին կուսակցական կեանքում կոլեգիալ կառավարւող մարմին է: Բնականաբար, մենք չենք կարող որեւէ ձեւով ընդունել այն տարբերակը, որ նախագահը միանձնեայ որոշումներ պէտք է կայացնի, պարտւած նախագահը` նաեւ պատճառաբանելով Սահմանադրութեան համապատասխան պահանջները: Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք եւ այդ ոչ ստանդարտ իրավիճակը թելադրում է, որպէսզի մենք համախորհուրդ որոշումներ կայացնենք: Միւս կողմից, պէտք է շեշտեմ նաեւ, որ Արայիկ Յարութիւնեանը պէտք է ցոյց տայ, որ Ղարաբաղն ունի իր սուբիեկտայնութիւնը, ցոյց տայ, որ ինքը` լինելով դեռեւս գործող նախագահ, պէտք է կտրւած լինի Հայաստանի ներկայ իշխանութիւններից, մասնաւորապէս, Նիկոլ Փաշինեանից: Դեռեւս ինքը շարունակելով Նիկոլ Փաշինեանի եւ նրա վարչախմբի կողմից ուղղորդւած քաղաքականութիւն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է: Մենք տեսանք, թէ ո՞ւր հասցրեց այդ քաղաքական գիծն անցած տարիների եւ, մասնաւորապէս, վերջին 6-7 ամիսներին։

 

Նելլի Գրիգորեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։