Հա

Ազգային

20/02/2021 - 11:13

«Դրօշակ»-ի առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով

2020 թւականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար  ծաւալեց  համապատասխան  քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա իբրեւ թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախւած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:

2020 թւականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար  ծաւալեց  համապատասխան  քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա իբրեւ թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախւած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:

Նախ պեէտք է արձանագրել,  որ պետական-քաղաքական գործընթացները վարչապետի համար մնում են ձեռնածութեան առարկայ՝ պահի ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Ընդ որում, նոյն ժամանակ բացարձակ անտարբերութիւն է դրսեւորւում թէ՛ Արցախի ներկայի ու ապագայի, թէ՛ քայլ-քայլ Հայաստանի հաշւին սահմանները առաջ տւող թշնամու գործողութիւնների, թէ՛ նահատակւած ու գերի զինւորների ճակատագրի եւ թէ՛ Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած կենսական այլ խնդիրների հարցում:

Ինչեւէ, վերադառնանք արտահերթ ընտրութիւնների հարցին:

Նախորդ տարւայ դեկտեմբերին Փաշինեանի հրաժարականի պահանջի ալիքը հասաւ զարգացման գագաթնակէտին, եւ ակնյայտօրէն այս հանգամանքը ստիպեց իշխանութիւնը կորցնելուց սարսափող բախտախնդիր ղեկավարին հրապարակ նետելու մի գաղափար, որը պէտք է շեղէր իրադարձութիւնների ընթացքը, ձգձգէր հանգուցալուծումների ժամանակը, ինչպէս եւ համընդհանուր մերժման դատապարտւած ղեկավարին օժտէր  ներքաղաքական  դաշտ  վերադառնալու քաղաքական, բարոյական լեգիտիմութեամբ: Արտահերթ ընտրութիւնների գաղափարը Փաշինեանի վերջին խաղաթուղթն է յանձնւելուց առաջ, որովհետեւ պարունակում է մեծ ռիսկեր իր, ինչպէս եւ իր անպատասխանատու թիմի յետագայ ճակատագրի համար, եւ նա մեծ  հրճւանքով պիտի հրաժարւէր դրանից, եթէ հնարաւոր լինէր դեռեւս գրպանում պահել այդ վերջին փամփուշտը: Ի՞նչ  իրողութիւններ ի յայտ եկան յայտարարւած նախաձեռնութիւնից ետքայլ անելու համար: Որոշ մեկնաբանների կարծիքով` այս հարցում մեծ դեր է խաղացել Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնը գալիք ընտրութիւններին մասնակցելու վերաբերյալ: Անկախ այն բանից, թէ սոցիալական ցանցերով ու անձնական օգտագործման լրատւամիջոցներով շրջանառւող վարկանիշային ինչպիսի ցուցանիշներ կը նկարւեն հեղինակազրկւած ղեկավարի համար, ակնյայտ է,  որ ընտրութիւնների պարագայում նա չի կարող գրաւել առաջնային տեղ գրաւել, եւ իր գլխաւորած ուժը հնարաւորութիւն չի ունենալու գոնէ դաշինքներ կազմելով ապահովելու խորհրդարանական մեծամասնութիւն:

Իհարկէ, կաշին փրկելու համար Փաշինեանը չի խորշի կոպիտ ընտրախախտումների դիմելուց, սակայն որքան էլ վերեւներում գտնւեն իր կամքին հլու քւէաթերթիկներ հաշւողներ, վերջիններիս հնարաւորութիւնները նոյնպէս սահմանափակ են, քանի որ ամբողջ Հայաստանով մէկ դժւար է լինելու հաշւարկ անել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ընտրական յանձնաժողովների վրայ, որոնք պատրաստակամ կը լինեն Նիկոլ Փաշինեանի օգտին կեղծարարութիւններ թոյլ տալ: Ակնառու փաստ է, որ Փաշինեանն ու իր թիմը կորցրել են ռէալ իշխանութիւնը երկրում, եւ ապօրինութիւններ գործելու նրանց պարտադրանքին քչերը կը ենթարկւեն: Վարչաքաղաքական առումով խակ, արտաքին կասկածելի ազդեցութիւնների ենթակայ եւ բարոյապէս անընդունելի թիմակիցները, որոնք սահուն կերպով իշխանութեան աթոռներին յայտնւեցին հէնց միայն «յեղափոխութեան» առաջնորդի հետ քայլելու շնորհիւ, այլեւս միայն դէպի զրոյացում են ձգելու իրենց թիմի եւ առաջնորդի` անկում ապրող վարկանիշը: Այս հարցին մանրամասնօրէն անդրադարձանք, որովհետեւ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինեանը ընտրութիւնների վերջին փրկօղակին կը վերադառնայ, երբ հրաժարականի պահանջով ճնշումը դառնայ այլեւս անյաղթահարելի:

Ինչպէս, սակայն, ասւում ու գրւում է անդադար, մէկ օր աւելի իշխանութեան ղեկի մօտ Նիկոլ Փաշինեանի մնալը հայրենիքին բերում է նորանոր կորուստներ ու ցաւագին անակնկալներ, որոնց հանրագումարը կարող է անշրջելի դարձնել մեր պետականութեան կործանումը: Իշխանաւորների կողմից պարբերաբար ձեռնարկւող գործողութիւններն ու յայտարարութիւնները ամրապնդում են կասկածը, որ Արցախի յանձնումը պարզապէս պատերազմական գործողութիւնների հետեւանք չէր, այլ շատ աւելի մեծ ու մասշտաբային դաւադրութեան մէկ արարը:

2020 թւականի փետրւարի 10-ին` Ազգային ժողով-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այւազեանը մասնաւորապէս յայտարարեց. «Թուրքիան միջազգային հանրութեան ճնշման ներքոյ հետզհետէ պէտք է վերադառնայ բնականոն գործընթացի, եւ նախ եւ առաջ խօսքը այն մասին է, որ այլեւս պատճառ չկայ Հայաստանի հանդէպ կիրառելու շրջափակում։ Ինչպէս գիտէք, շրջափակումը եւ սահմանների փակւելը թուրքական կողմը պայմանաւորում էր Արցախում ստատուս-քւոյով, որը փոխւել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղութեամբ։ Այս պահի դրութեամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը եւ մեր դիւանագիտութիւնը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգութեան մթնոլորտն իր մէջ պարունակում է շատ տարրեր»։ Ասւածից ակնյայտօրէն հետեւում է, որ Հայաստանի իշխանութիւնների համար վերջին պատերազմի հետեւանքով Արցախի հարցում ստեղծւած իրավիճակն ընդունելի իրողութիւն է, որը նաեւ «նպաստաւոր» հող է ստեղծել, որպէսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, եւ մեր շրջապատում հաստատւի «նպաստաւոր մթնոլորտ»:

Այդ «նպաստաւոր մթնոլորտ»-ի համար, սակայն, Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակներից Թուրքիան հայկական կողմին ներկայացրել է բազմաթիւ այլ նախապայմաններ եւս, որոնց համաձայնել չհամարձակւեցին անգամ կոմունիստները իրենց կառավարման տասնամեակներին: Ինչպէս տեսնում ենք, սակայն, Նիկոլ Փաշինեանն ազգային ու բարոյական կաշկանդւածութիւն չունի, եւ հաւանականութիւնը մեծ է, որ կարող է ստորագրել Արցախի ու Հայաստանի համար ճակատագրական ցանկացած փաստաթուղթ: Նա, ըստ էութեան, այդ հայրենադաւ գործընթացի մէջ է դեռեւս պատերազմական շրջանից, եւ նոյն սցենարի առանձին դրւագները կարելի է համարել ե՛ւ Շուշիի ու Արցախի չգրաււած տարածքների յանձնումը, ե՛ւ Մեղրիով Թուրքիային ճանապարհ տալու համաձայնութիւնը, ե՛ւ Զանգեզուրի հայկական պատկանելութիւնը վտանգող զարգացումները, ե՛ւ ամէն օր ի յայտ եկող նոր իրողութիւնները, որոնք միտւած են վերացնելու Արցախի ինքնուրոյնութիւնն ու փոխկապւածութիւնը Հայաստանի հետ՝ քայլ առ քայլ փոխարինելով այն ադրբեջանական ենթակայութեամբ:

Իրեն յատուկ խարդաւալից գործելակերպի համաձայն` Հայաստանի իշխանութիւնը հասանելի աղբիւրներով հայ հանրութեան շրջանում փորձում է տարածել այն մտայնութիւնը, թէ այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող շատ գործընթացների թելադրողը Ռուսաստանն է, մասնաւորապէս տարածաշրջանում ունեցած իր ռազմուժի լծակի շնորհիւ:

Սոյն թւականի փետրւարի 9-ին ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատւական գործակալութեան գլխաւոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարւել Ադրբեջանի պահանջով եւ Փաշինեանի համաձայնութեամբ, իսկ Արցախի արտաքին քաղաքականութեամբ զբաղւելու է անձամբ Արայիկ Յարութիւնեանը, եւ այս հարցում Ռուսաստանի տեսակէտը ոչ ոք չի հարցնում: Զարգացնելով այս թեման` այնուհետեւ «168 ժամ»-ին տւած հարցազրոյցում նա ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ Երեւանը լուռ է:

Հարցին՝ կա՞ն ուղիղ բանակցութիւններ հայկական կողմերի եւ Ադրբեջանի միջեւ՝ առանց ՌԴ մասնակցութեան, նա պատասխանել է. «Իհարկէ, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնյայտ է: Ոչ միայն սխալւում է, այլեւ անբարեխղճօրէն սխալւում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժէքօրէն ղեկավարում է իրավիճակը Ղարաբաղում եւ Հայաստանում: Իսկ Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնը, որ Փաշինեանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկէ, մաքուր պոլեմիկա է: Աջելին կասեմ, որ Փաշինեանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլեւ Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպէս աւելի ճիշտ կը լինի ասել:

Ենթադրում եմ, որ Փաշինեանի եւ ադրբեջանցիների միջեւ շփումները շարունակւում են: Իմ կարծիքով` դրանք սկսւել են մինչ պատերազմը: Ես ցանկանում եմ ուշադրութիւն հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ իմ գրառման առանցքն ու հաղորդագրութեան իմաստն այն է, որ Ռուսաստանին նրանք չեն տեղեկացրել, եւ որ այդ հարցի ինքնին քննարկումը տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցութեան. սա գլխաւորն է, ինչ ես ցանկանում եմ ասել: Մի շարք նիկոլականներ փորձեցին համոզել ուղիղ հակառակը, որ Ռուսաստանն է դա փորձում անել, ինչը, իհարկէ, այդպէս չէ»:

Ակնարկին, թէ պատերազմից յետոյ տպաւորութիւն է, որ ինչ-որ բան տեղի է ունենում առանց ՌԴ մասնակցութեան, նա պատասխանել է. «Դրանք պարզապէս բառեր են: Օրինակ՝ յայտնի դէպքը, որ վերադարձրել են ֆրանսիացի լրագրողներին. իսկ ո՞վ նրանց չի տւել մանդատ, ո՞վ չի տւել թոյլտւութիւն` Ղարաբաղ մեկնելու համար: Երեւանցիները չեն տւել, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները. ռուսները նայում են փաստաթղթերին. կա՞յ փաստաթուղթ, չկա՞յ փաստաթուղթ, ո՞վ չի տւել նրանց փաստաթղթեր, Երեւանում չեն տւել: Ե՞ւ… Ակնյայտ է, չէ՞»:

Պրն Կոլերովի ասածներից մեզ համար, իհարկէ, ամենակարեւորն այն պնդումն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարութիւնների միջեւ ընթանում են բանակցութիւններ, եւ, իհարկէ, այդ մասին տեղեակ չէ նաեւ հայ ժողովուրդը: Այսինքն` նրա թիկունքում գաղտնաբար խաղ են անում նրա ճակատագրի հետ, եւ թէ ինչպիսի հետեւանքներով յղի խաղ, ամէն յաջորդ օր առաւել ակնյայտ է դառնում: Կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ շփումներ կան նաեւ Թուրքիայի ղեկավարութեան հետ, ինչի մասին մտածելու հիմք են տալիս նաեւ Հայաստանի արտգործնախարարի վերը բերւած մտքերը: Ինչ վերաբերում է բանակցութիւնների գաղտնիութեանը նաեւ ռուսական կողմի համար, ապա սա տեղաւորւում է թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպէս եւ արեւմտեան այն ուժերի ցանկութիւնների շրջանակում, որոնք շահագրգռւած են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմամբ: Այս նպատակի վրա մեծ գրաւ է դրւած, եւ պատահական չէ, որ նոյն արեւմտեան ուժերն այսօր էլ իրենց պատրաստակամութիւնն են յայտնում` աջակցելու ներկայ իշխանութիւններին «Հայաստանի յետագայ բարեփոխումների հարցում», այն պարագայում, երբ աւտորիտար Հայաստանում տեղի է ունենում պետականութեան կազմալուծում` կենսագործունէութեան բոլոր ոլորտների քայքայմանը զուգընթաց:

Ինչ վերաբերում է ռուսական վերոբերեալ աղբիւրին, ապա Մոդեստ Կոլերովը այն գործիչներից է, ովքեր դատողութիւններ են անում բնաւ ոչ իրենց ենթադրութիւնների հիման վրայ: Այնուամենայնիւ, մեր ունեցած մտահոգութիւնների արդարացիութեան մէջ համոզւելու համար բաւարար են նաեւ սեփական աղբիւրները, որոնք պարբերաբար նորանոր փաստեր են հանում ջրի երես: Աւելին` իր սեւ գործը ամբողջացնելու համար Նիկոլ Փաշինեանը կարող է ոչ միայն Արցախի ճակատագիրը ամբողջապէս Ադրբեջանի տնօրինութեանը յանձնելու, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչելու փաստաթուղթ ստորագրել, այլեւ վերանայել ռուսական ռազմական ուժերի` Հայաստանում գտնւելու պայմանագիրը եւ Հայաստանի սահմանը լրիւ բացել Թուրքիայի առջեւ, այն Թուրքիայի, որի նկատմամբ յատուկ սէր են տածում շատ իմքայլականներ, եւ որը ընդամենը ամիսներ առաջ ադրբեջանցիների հետ իրականացրեց արցախցիների ցեղասպանութիւնը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի անձին, ապա նա յայտնւել է այն մոլագարի վիճակում, ով, ծանր ոճրագործութիւնից յետոյ սթափւելով, հասկանում է, թէ ինչ պատասխանատւութիւն է իրեն սպասւում, եւ դրանից խուսափելու համար դիմում է նորանոր, յանցագործութիւնների: Այս ճանապարհին նրա համար գրոշի արժթք չունեն ո՛չ թիմակիցները, ո՛չ ուժային կառույցների` խամաճիկների վերածւած ղեկավարները, ո՛չ Հայաստանն ու Արցախը:

Փաշինեանն այսօր մեր երկրի ու հայ ժողովրդի թիւ էկ թշնամին է, ով ամէն ինչ տանում է կործանման: Նման դէպքում հայ ժողովրդի օրինական իրաւունքն է այս կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով:

 

«Դրօշակ», թիւ 2 (1648), փետրւար, 2021 թ. 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։