Հա

Ազգային

23/02/2021 - 13:04

Զանգւածների ապստամբութիւնը

Այն պատմական երեւոյթը, որը Խոսէ Օրտեգա Գասետը անւանում էր «զանգւածների ապստամբութիւն», շատ աւելի հեշտ է նկարագրել, քան վերլուծութեան ենթարկել, որովհետեւ վերլուծութիւնը սեփական մօտեցում է պահանջում, իսկ ես այդ մօտեցումը չունեմ: Նկարագրենք այդ երեւոյթը ճիշտ այնպէս, ինչպէս կէս դար առաջ արեց Գասետը:

ԷԴՒԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Այն պատմական երեւոյթը, որը Խոսէ Օրտեգա Գասետը անւանում էր «զանգւածների ապստամբութիւն», շատ աւելի հեշտ է նկարագրել, քան վերլուծութեան ենթարկել, որովհետեւ վերլուծութիւնը սեփական մօտեցում է պահանջում, իսկ ես այդ մօտեցումը չունեմ: Նկարագրենք այդ երեւոյթը ճիշտ այնպէս, ինչպէս կէս դար առաջ արեց Գասետը:

«Այսօր մեր քաղաքները լեցուն են մարդկանցով,- գրում է նա,- տները՝ բնակիչներով, հիւրանոցները՝ հիւրերով, գնացքները՝ ուղեւորներով, սրճարանները՝ յաճախորդներով, այգիները՝ սիրահարւածներով, թանգարանները՝ զբօսաշրջիկներով, յայտնի բժիշկների ընդունարանները՝ հիւանդներով, թատրոնները՝ հանդիսատեսով, հանգստեան տները՝ հանգստացողներով: Այն, ինչ շատ հեշտ էր նախկինում, այսինքն` տեղ գտնելը, այսօր խնդրոյ առարկայ է:

Մենք տեսնում ենք, որ ամբոխը գրաւել եւ օգտւում է քաղաքակրթութեան բոլոր բարիքներից ու տարածութիւններից: Զանգւածները տեսանելի են դարձել, եւ մենք տեսնում ենք, թէ ինչպէս գրաւել են այն տեղերը, որոնք նախկինում գրաւում էին միայն ընտրեալները: Ժողովուրդը բեմ է բարձրացել եւ խաղում է գլխաւոր դերակատարների դերերը: Այլեւս հերոսները չկան, կան միայն երգչախմբեր»:

Անշուշտ, այս երեւոյթը, ժողովրդավարութեան ու ընկերվարութեան տեսանկիւնից, դրական երեւոյթ է եւ ցոյց է տալիս, որ տեղի է ունենում զանգւածների առաջադիմութիւն, որ սկսւել է մշակոյթների, սեռերի, դասակարգերի հաւասարեցման ընթացքը, եւ որ ընդհանուր առմամբ բարձրանում է դարաշրջանի մակարդակը:

Բայց այս երեւոյթը բերեց իր հետ նաեւ բացասական կողմեր: Բանն այն է, որ զանգւածների` բեմ բարձրանալը տեղի ունեցաւ ոչ թէ արժանիքների, այլ իրաւունքների համար: Երբ զանգւածները լցւեցին թանգարանները եւ համերգների սրահները, այդ կատարւեց ոչ միայն նրա համար ու նրա հաշւին, որ զարգացաւ մարդկանց գեղարւեստական ճաշակը, այլեւ մեծ մասամբ նրա համար, որ նրանք այդ սրահները մտնելու իրաւունք ստացան:

Ինչպէս վկայում են շատ ամերիկացի հասարակագէտներ, մասնաւորապէս Ռասելը, Ալենը եւ ուրիշներ, ժամանակակից մարդը արւեստի բնագաւառում չափազանց տկար է, որովհետեւ, ասում են նրանք, կարեւոր չէ, թէ քանի միլիոն մարդ է այցելում ցուցահանդէսներ, կարեւորը այն է, թէ քանիսն են տեսնում գեղարւեստական ստեղծագործութեան էութիւնը: Կարեւոր չէ, թէ ինչ է մեր աչքերի առջեւ, կարեւոր է, թէ արդեօք մենք կարողացե՞լ ենք թափանցել մեր աչքերի առջեւ տեղի ունեցող երեւոյթի իմաստի մէջ:

Երբ զանգւածը իրաւունք ստացաւ խօսելու, քննադատելու եւ, վերջին հաշւով, որոշելու ստեղծագործութեան յաջողութիւնը եւ արժէքը, նկարիչները, գրողները եւ երաժիշտները սկսեցին յարմարւել զանգւածին ու հրաժարւեցին գրել ու նկարել այն, ինչ, իրենց կարծիքով, «ժողովուրդը չի հասկանայ»: Նախկինում այդպէս չէր, որովհետեւ նկարիչը գիտէր, որ նկարում է ոչ թէ ժողովրդի, այլ իր նման մասնագէտների համար: Այժմ արւեստագէտի յարմարւողականութիւնը փոքր-ինչ գցեց արւեստի որակը:

Սակայն այդ երեւոյթը մեծ մտահոգութիւն չէր պատճառում, քանի դեռ գտնւում էր արւեստի բնագաւառում: Եւ, բացի դրանից, արւեստի ժողովրդականացումը այնքան կարեւոր է, որ կարելի էր այն կատարել արւեստի որակի հաշւին:

Սակայն, երբ այս նոյն մթնոլորտը ստեղծւեց ազգային եւ քաղաքական գործունէութեան ասպարէզում, մտահոգութիւնը եւ վտանգը շատ աւելի շօշափելի դարձան: Եթէ նախկինում քաղաքական գործունէութիւնը, այսինքն` ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը, գտնւում էր յատուկ կրթութիւն, փորձ, կարողութիւն ու պատասխանատւութիւն ունեցող մարդկանց ձեռքում, ապա «զանգւածների ապստամբութիւնը» խլեց այդ մարդկանցից ու կազմակերպութիւններից ղեկավարելու եւ ազգային ճակատագիրը որոշելու մենաշնորհը եւ յանձնեց այն զանգւածին:

Հրապարակ բարձրացան բազմաթիւ անձեր, կազմակերպութիւններ, միութիւններ, համագումարներ, նախաձեռնողներ, խմբեր, կարծիքներ ու տեսակէտներ, որոնք, անշուշտ, իրաւունք ունէին խօսելու, բայց ոչ գործելու, որովհետեւ նրանցից շատերը իրենց գիտելիքների, փորձի, ազնւութեան ու պատասխանատւութեան իմաստով բացարձակ տկար էին:

Զանգւածների թափանցումը հասարակական կեանքի մէջ յատկապէս ծանր նստեց պետութիւններից զուրկ ազգերի եւ ժողովուրդների վրայ, որոնք զանգւածներից իրենց հաստատութիւնները պաշտպանելու ոչ մէկ միջոց չունէին: Եւ ահա եկեղեցական վարչութիւնների, ակումբների, միութիւնների ու այլ կազմակերպութիւնների մէջ մտան մարդիկ, որոնց ազնւութիւնը ազգի նկատմամբ շատ կասկածելի էր:

Բայց ի՞նչ արած, ձայների մեծամասնութիւնը տալիս է ոչ միայն խօսելու, այլեւ գործելու իրաւունք: Հոգ չէ, թէ երբեմն ձայների այդ մեծամասնութիւնը ստեղծւում է նարդի խաղալու, օղի խմելու կամ էլ համայնավարութիւնը գովելու հողի վրայ:

Ազատութիւնը ազատութիւն է, եւ նոր յեղափոխականները եւ գաղափարախօսները իջան հրապարակ: Ստեղծւեց այն նոյն կացութիւնը, որը դրանից առաջ ստեղծւել էր արւեստի բնագաւառում:

Կառավարութիւններ, կազմակերպութիւններ, գաղափարախօսներ, քաղաքական ու փիլիսոփայական աշխատութիւնների հեղինակներ սկսեցին յարմարւել փողոց դուրս եկած յեղափոխականներին ու ցուցարարներին, որոնք երբեմն տգէտ էին, երբեմն` կաշառւած, իսկ երբեմն էլ` պարզապէս երեխաներ:

Զանգւածների ճնշման տակ ամերիկացիները դուրս եկան Վիեթնամից, իսկ խեղճ վիեթնամցիները նաւակներով ծովը թափւեցին` փախչելով իշխանութեան գլուխ անցած դաժան համայնավարներից:

Զանգւածների ճնշման տակ յանկարծ ընկերվարականներ դարձան ցմփոր բուրժուաները, իսկ մեզանից շատերը, յարմարւելով զանգւածների` «խաղաղ» մնալու ցանկութեանը, գրեթէ վերջ տւեցին «Փետրւար 18» տօնելուն, իսկ «Մայիս 28»ը այնպէս են տօնում, որ հասկանալի չէ, թէ սա Սարդարապատի՞ ճակատամարտն է, թէ՞ անկախ Հայաստանի ստեղծումը:

Մի խօսքով՝ ազգային կեանքի մէջ փոխւեց ղեկավարների ու զանգւածների փոխյարաբերութիւնը:

Եւ ահա այս մթնոլորտում մենք պէտք է մղենք Հայ դատի պայքարը` առանց յարմարւելու եւ ճշմարտութիւնները թագցնելու:

 

Առաջին անգամ տպագրւել է

«Դրօշակ» պաշտօնաթերթում, 1981 թ.

«Դրօշակ», թիւ 2 (1648), փետրւար, 2021 թ. 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։