Արցախեան վերջին պատերազմից անցել է գրեթէ չորս ամիս: Պատերազմի եւ նրան յաջորդած շրջանի բազմաթիւ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ աւելի են խորացել, եղածներին աւելացել են նորերը:
Արցախեան վերջին պատերազմից անցել է գրեթէ չորս ամիս: Պատերազմի եւ նրան յաջորդած շրջանի բազմաթիւ կենսական խնդիրները, այս ընթացքում, ոչ միայն չեն մարել, այլեւ աւելի են խորացել, եղածներին աւելացել են նորերը: Չորս ամիս անց դեռեւս լուծւած չեն գերիների, նահատակ զինւորների հետ կապւած խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանութիւնների բացարձակ անտարբերութեան պայմաններում, սրան գումարւում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանութեան հարցերում: Աւելին, ժողովրդի թիկունքում տեղի են ունենում բանակցութիւններ, որոնց գաղտնիութեան փաստն իսկ հարուցում է լուրջ մտահոգութիւններ: Շրջանառւում են խօսակցութիւններ Արցախի դէմ դեռ երէկ ռազմական ագրեսիա իրականացրած ադրբեջանական եւ թուրքական կողմերի հետ` Հայաստանի պարտւած իշխանութիւնների հնարաւոր ինչ-ինչ տնտեսական եւ այլ բնոյթի վտանգաւոր գործարքների մասին:
Անցնող գրեթէ երեք տարում իր անկարողութիւնը փաստած իշխանութիւնը նաեւ դեղատոմսեր չունի երկրի ներսում խորացող տնտեսական եւ այլ բնոյթի հիմնահարցերի յաղթահարման վերաբերեալ: Հայ ազգի եւ հայոց պետականութեան ներկայի ու ապագայի համար սպառնալի այս կացութեան հանդէպ Հայաստանում կրկին ծայր են առել համաժողովրդական յուզումները, որոնք առաջնորդւում են Հայրենիքի փրկութեան շարժման կողմից:
Վարչապետի հրաժարականի պահանջին իշխանութիւնները պատասխանում են հանրութեան ազատ կամարտայայտութիւնը ճնշող հակաժողովրդավարական գործողութիւններով: Իշխանական գործելաոճի է վերածւել ընդդիմադիր ակտիւ գործիչների նկատմամբ քրէական գործերի յարուցումը, կարճ ժամանակով զանգւածային ձերբակալութիւնները, բռնի ուժի կիրառումը:
Խիստ մտահոգիչ են ժողովրդավարութեան, քաղաքացիական հասարակութեան կայացման եւ երկրում օրինականութեան գերակայութեան ամրագրման կարգախօսերով իշխանութեան հասած ուժերի որդեգրած այս քայլերը, որոնք ուղղակիօրէն տանում են աւտորիտար, ոստիկանական պետութեան ձեւաւորմանը: Մտահոգութիւնները առաւել տագնապահարոյց են երբ, վերոյիշեալ բազմաթիւ մարտահրաւէրների պայմաններում, հայ ժողովուրդն ու հայոց պետութիւնը գտնւում են լուրջ փորձութիւնների առջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն, դատապարտելով իշխանութիւններին՝ նրանց պատասխանատւութեամբ ստեղծւած այս վիճակի համար, կոչ է անում վերջիններիս զերծ մնալու իրավիճակի առաւել սրումից, գործել միայն օրինականութեան ու ժողովրդավարութեան շրջանակներում, անսալ հրապարակ դուրս եկած հանրութեան եւ ընդդիմադիր ուժերի, ինչպէս եւ մինչ այս նոյն պահանջով հանդէս եկած ՀՀ նախագահի, հայոց զոյգ կաթողիկոսների, սփիւռքահայութեան զգալի հատւածի, մտաւորական, մշակութային, կրթական եւ հանրային այլ շերտերի ձայնին եւ առանց ժամանակը երկարաձգելու հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտօնից: Թշնամուց պարտւած, ազգի կողմից մերժւած, վարչական եւ բարոյական իրական իշխանութիւնը կորցրած ղեկավարն այլեւս ունակ չէ ալեկոծումների միջով դէպի խաղաղ ու բարեկեցիկ ափ առաջնորդելու հայոց վնասւած նաւը: Այդ պարագայում միայն հնարաւորութիւն կը ստեղծւի հասնելու ներազգային համերաշխութեան, կարգի բերելու պետական հաստատութիւնների ու բանակի վիճակը, նոր աւիւնով ձեռնամուխ լինելու պատերազմի ռազմական, քաղաքական եւ այլ հետեւանքների վերացմանը՝ թեւակոխելու Հայոց պետականութեան ու Արցախի ամրապնդման եւ հզօրացման նոր հանգրւան:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ
25.02.2021 թ.