Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եւրոպական յանձնաժողովին ուղղւած հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը եւրոյանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինւած ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը:
Բրիւսէլ, 3 մարտ 2020 թ.- Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եւրոպական յանձնաժողովին ուղղւած հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզէֆ Բորէլը եւրոյանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինւած ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը:
Եւրոպատգամաւոր Ֆուրլասի կողմից ուղղւած հրատապ հարցման մէջ նշւում էր, որ ադրբեջանական զինւած ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրէնքները, 2020 թ. հոկտեմբերի 8-ին թիրախաւորել եւ հարւածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եւրոպատգամաւորը Եւրոպական յանձնաժողովից հարցնում է, թէ արդեօք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչութիւնը եւ կրօնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղութեամբ»:
Ի պատասխան Եւրոպատգամաւորին՝ Եւրոյանձնաժողովը յայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրօնական եւ պատմական յուշարձանների ոչնչացումը եւ ընդգծում է մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանման եւ վերականգնման կարեւորութիւնը:
Իր պատասխանում Եւրոյանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաեւ յիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրօնական, ուսումնական եւ մշակութային կենտրոնների թիրախաւորումը որպէս ռազմական յանցագործութիւնները:
Եւրոյանձնաժողովը ողջունում է նաեւ ԻՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելութիւնը դէպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողութեան տակ գտնւող Արցախի շրջաններ: Այս առաքելութիւնն ուղղւած է հայկական մշակութային ժառանգութեան նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելութիւնը նաեւ կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:
Մեկնաբանելով գրաւոր հարցման պատասխանը՝ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանը պէտք է լիովին պատասխանատւութիւն կրի 2020 թ. պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ կատարած զարհուրելի ռազմական յանցագործութիւնների համար: Դրանց թւում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը եւ կրօնական ժառանգութիւնը, այդ թւում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախաւորելը: Միջազգային հանրութիւնը եւ պատկան կազմակերպութիւնները պէտք է հետեւողականօրէն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազաւթած հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պահպանմանը: Մենք չենք կարող թոյլ տալ, որ իրականացւի եւս մէկ մշակութային ցեղասպանութիւն, ինչպիսին 2006 թ. ադրբեջանական իշխանութիւնների կողմից նախաձեռնած Նախիջեւանի հազարաւոր հայկական միջնադարեան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայութեան աղաւաղման ցանկացած փորձ պէտք է կանխւի եւ խստօրէն դատապարտւի»:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ