Հա

Ազգային

15/03/2021 - 20:00

«Վստահ եմ, որ Ծառուկեանը Փաշնեանի հետ յուշագիր չի ստորագրի»․ Իշխան Սաղաթելեան

Ծառուկեանի հետ համագործակցութիւնը շարունակելու ենք, փողոցային պայքարը ուժի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի մօտ լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Ծառուկեանի հետ համագործակցութիւնը շարունակելու ենք, փողոցային պայքարը ուժի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի մօտ լրագրողների հետ զրոյցում։

Նա նշեց, որ Փաշինեանի պահանջը յայտնի է՝ խորհրդարանական ընդդիմութիւնն իր հետ յուշագիր ստորագրի, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, եւ գնան արտահերթ ընտրութիւնների, բայց Իշխան Սաղաթելեանի համար անհասկանալի է այս պահանջի տրամաբանութիւնը, քանի որ, անկախ ընդդիմադիրների՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելուց, եթէ իմքայլականներն ընտրեն իրենց թեկնածուին, նա կընտրւի։ Իշխան Սաղաթելեանը եզրակացնում է, որ այս պահանջի հիմքը, թերեւս, այն է, որ Փաշինեանն արդէն չունի էլ քաղաքական մեծամասնութիւն եւ յուշագիր պէտք է ստորագրի իմքայլական պատգամաւորների հետ, որպէսզի ընտրեն իրենց թեկնածուին, ոչ թէ ընդդիմութեան։

Սաղաթելեանը նկատեց, որ եթէ Նիկոլ Փաշինեանն ուզում է ընտրութիւններ կազմակերպել, ազատ կարող է դա անել, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսկացութիւններն այդտեղ անելիք չունեն։

«Այնպէս որ, ես վստահ եմ, որ Ծառուկեանը յուշագիր Նիկոլ Փաշնեանի հետ պէտք է որ չստորագրի»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա վստահեցրեց, որ անկախ ԲՀԿ-ի յայտարարութիւնից, որ առանց Փաշինեանի պատրաստ են անյապաղ արտահերթ ընտրութիւնների, Հայրենիքի փրկութեան շարժումը մնում է հին դիրքորոշմանը, որ Փաշինեանի հրաժարականից յետոյ պէտք է 1 տարի գործի ժամանակաւոր կառավարութիւնը, նոր միայն անցկացնեն արտահերթ ընտրութիւններ։

Սա, ըստ Սաղաթելեանի, ոչ թէ տարաձայնութիւն է ԲՀԿ-ի ու Շարժման միջեւ, այլ տարբեր մօտեցումներ՝ չարիքի կառավարութեանը հեռացնելու հարցում։

«ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ յայտնում է․ Շարժման մաս կազմող կուսակցութիւնները կարող են ունենալ տարբեր մօտեցումներ այս չարիքի կառավարութեանը հեռացնելու համար, բայց մենք բոլորս ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինեանը րոպէ առաջ պէտք է հեռանայ եւ վերջ»,- բացատրեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ անփոփոխ են ոչ միայն իրենց դիրքորոշումները, այլեւ իրենց վերաբերմունքը ՀՀ նախագահի կազմակերպած քննարկումների վերաբերեալ։

«Մենք կողմ էինք հէնց նախագահի առաջարկած ձեւաչափով եւ մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպումները մենք համարում ենք ձեւական, անիմաստ եւ անբովանդակ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա վստահեցրեց, որ որեւէ մէկը դէմ չէ արտահերթ ընտրութիւններին, խնդիրն այն է՝ ինչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրութիւններով։

«Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրութիւնները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի եւ ճգնաժամը ընտրութիւնների արդիւնքում աւելի է խորանալու, որովհետեւ այդ ընտրութիւնները չեն ունենալու լեգիտիմութիւն։ Որովհետեւ այն մարդը, ով ամբողջ պատերազմի ընթացքում խաբում է մեր ժողվորդին, ով հանրահաւաք անելու համար կիրառում է հսկայական պետական մեխանիզմներ եւ լծակներ, ով իր իշխանութիւնը պահելու համար ընդունակ է ամէն ինչի, այդ մարդը ո՞նց կարող է ապահովել հաւասար պայմաններով մրցակցային եւ նորմալ ընտրութիւններ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ընտրութիւնները միջոց են ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու համար, իրենց կարծիքով, ընտրութիւնները կարող են աւելի խորացնել ճգնաժամը, եթէ այդ ընտրութիւնները կազմակերպեն այսօրւայ իշխանութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։