Հա

Ազգային

18/03/2021 - 11:05

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը։

«alikonline.ir» - Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը։

 

- Պարոն Իշխանեան, պատերազմից ու հրադադարի հաստատումից յետոյ Արցախում ի՞նչ իրավիճակ է, 1994 թւականի սահմաններին վերադառնալու հարցեր քննարկւո՞ւմ են, ի՞նչ հնարաւորութիւն էք տեսնում։

- Հրադադարից յետոյ մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Արցախի Հանրապետութիւնում ստեղծւած ընդհանուր իրավիճակին՝ քաղաքական, սոցիալական, անվտանգային հարցեր, նաեւ տնտեսական հիմնախնդիրներ։ Եւ այդ առումով մեր գնահատականներն այդքան էլ գունաւոր չէին, իրականութեան արտացոլանքն էր։ Նաեւ յետպատերազմեան այս ծանր վիճակը յաղթահարելու պրպտումների մէջ ենք։

Այստեղ շատ կարեւոր է, որ Արցախի Հանրապետութեան պետական կառոյցները կարողանան ճիշտ ուղղութիւն որդեգրել՝ իւրաքանչիւրն իր մասով։ Անշուշտ, ժողովրդի ակնկալիքն անվտանգային երաշխիքներն են եւ անվտանգութեան հարցերի հետ կապւած պատասխաններ ստանալը, բայց պակաս կարեւոր չեն այն սոցիալական հարցերը, որոնք ծառացել են տեղահանւած բնակչութեան առաջ։

Այսօր դժւար է ասել, թէ մենք կարողացել ենք մեզ համար ճիշտ ուղղութիւն որդեգրել եւ ճիշտ ուղու վրայ կանգնել։ Բայց նաեւ պէտք է ասել, որ նշանները եւ ծիլերն այդ առումով ինչ-որ տեղ յուսադրող են։ Թիւ մէկ խնդիրն, ինչպէս ասացի, անվտանգային հարցերն են, եւ ռուս խաղաղապահների այստեղ ներկայութիւնը դեռեւս հնարաւորութիւն է տալիս վերակազմակերպելու եւ վերակառուցելու մեր կորցրածը եւ նաեւ նպատակային առումով մեր առաջ նոր պայմաններում նոր խնդիրներ դնելու։

 

- Որո՞նք պէտք է լինեն նպատակային նոր խնդիրները։ Արցախի տարածքների դէօկուպացիայի, Արցախի կարգավիճակի հարցերը առաջնահերթ չպէ՞տք է բարձրացւեն։

- Մենք զրոյցը վարում ենք հէնց այն օրերին, երբ տարածաշրջան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահը։ Եւ այս առումով, ինչպէս եւ անցած ամիսներին, երկու տարաբնոյթ տեսակէտներ են հնչեցւել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Ադրբեջանը յայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծւած է, եւ նման հարց այլեւս գոյութիւն չունի։ Հայկական կողմը շեշտում է, որ մենք ունենք դեռ չհանգուցալուծւած հիմնահարց, եւ այդ ուղղութեամբ մեր ջանքերը դեռեւս կօգտագործենք։

Վստահ եմ, որ այդ տեսակէտների բախման արդիւնքում նաեւ որոշ խնդիրներ կառաջանան։ Մենք՝ որպէս Արցախի Հանրապետութիւն, որպէս առանձին սուբիեկտ, նաեւ փորձում ենք մեր խնդիրները ձեւակերպել եւ առաջացած նոր խնդիրների մէջ լուծման տարբերակներ գտնել։ Բնականաբար, այդ թւում՝ նաեւ դէօկուպացիայի խնդիրներն են։

Հպարտութեամբ եւ ուրախութեամբ պէտք է ասել, որ վերջերս Արցախի խորհրդարանում ընդունւած յայտարարութիւնը շատ կարեւոր էր Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնման եւ մեր հետագայ քայլերի համար։ Մենք գիտակցում ենք, որ, այո, պատերազմում պարտւել ենք, որ հարւածն ու կարուստները մեզ համար շատ-շատ ծանր են, բայց մենք պէտք է կարողանանք վերակազմակերպել մեր ընդհանուր աշխատանքները։

Այդ առումով, տարածքային ամբողջականութեան վերականգնմանը միտւած հարցերը, մեր ինտեգրումը Հայաստանի Հանրապետութեանը եւ վերջնական միացման գաղափարի իրականացումը հէնց այն ռազմավարական նպատակներն են, որի շուրջ մենք 30 տարուց աւելի պայքար ենք մղել։ Եւ հասել էինք որոշ հանգրւանի։

Մեզ համար հարցի թւացեալ հանգուցալուծումն այսօր մեզ մատուցել է այլ իրականութիւն։ Եւ այս իրականութեան հետ մենք պէտք է ինչ-որ տեղ համակերպւենք, բայց սա չընդունենք որպէս վերջնական հանգուցալուծում եւ վերակառուցենք մեր աշխատանքները։ Այդ նպատակին հասնելու համար նաեւ պէտք է գտնենք համապատասխան միջոցները։ Իսկ միջոցները թելադրւած չեն միայն այսօրւայ մեր պայմաններով։

Կարեւորն այդ նպատակը սահմանելն է, իսկ այդ նպատակը մենք սահմանել ենք տասնամեակներ առաջ, 100 տարի առաջ, երբ Ղարաբաղը բռնակցւում էր Ադրբեջանին՝ ինքնավար մարզի կարգավիճակով։ Եւ պայքարի շարունակութիւնը նաեւ անհրաժեշտութեան դէպքում պէտք է պատգամենք մեր սերունդներին, եթէ չկարողանանք ամբողջական հանգուցալուծել մեր սահմանած նպատակների շրջանակներում։

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։