Հա

Ազգային

29/03/2021 - 19:00

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնների առիթով

Հայաստանի վարչապետի պաշտօնին կառչած անձը շարունակում է պրիմիտիւ դատողութիւններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետեւանքային իրողութիւնների շուրջ։ Մինդեռ ակնյայտ է, որ հայութեան դիրքորոշումը հետեւանք է ոչ թէ հայ եւ թուրք ժողովուրդների համահաւասար պատմական դիմակայութեան, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դէմ կազմակերպւած բնաջնջման եւ զանգւածային հայրենազրկման։

Դեռեւս 2021 թ. փետրւարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ արտգործնախարար Արա Այւազեանի յայտարարութիւնից յետոյ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը յայտարարութեամբ մատնանշեց գործող իշխանութիւնների վտանգաւոր մօտեցումները Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների վերաբերեալ:

Ըստ այդմ, կարծիք էր յայտնւել, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը նախ՝ պատրաստւում է համակերպւել Արցախի Հանրապետութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետեւանքով ձեւաւորւած ստատուս քւոյի հետ, ինչպէս նաեւ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազաւթմանը, բնակչութեան տեղահանմանն ու էթնիկ զտումներին։

Երկրորդ` Հայաստանի կառավարութիւնը փաստօրէն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների ոլորտում ղարաբաղեան հիմնախնդրից բացի, որեւէ այլ կնճռոտ հարց գոյութիւն չունի եւ իշխանութիւնները պատրաստւում են մոռացութեան մատնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հարցի հետապնդման քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչւող խնդիրները։

Արդէն մարտի 16-ին, ՀՅԴ Բիւրոն, հաշւի առնելով տարբեր պաշտօնեաների յայտարարութիւնները, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները եւ սեփական տեղեկութիւնները` լեգիտիմութիւնը կորցրած եւ հայրենիքի մի կարեւոր հատւած թշնամուն յանձնած ՀՀ իշխանութիւններին խստօրէն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետութեան 100-ամեայ նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձութիւնները` մասնաւորապէս վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ ԱԺ փոխխոսնակի յայտարարութիւնները մէկ անգամ եւս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլեացիոն իշխանութիւնները յստակ քաղաքականութիւն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների, այսպէս կոչւած, կարգաւորման համատեքստում, ինչը փաթեթաւորւում է տարածաշրջանային ենթակառուցւածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացութեան մատնել, մեր ժողովրդի պատմական անցեալը, հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային պահանջից, իրաւական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապէս հրաժարւել ղարաբաղեան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումից ու կարգավիճակի հարցից եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքը մի քանի հնարաւոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետութիւններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Յատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանութիւնները` խօսելով տարածաշրջանային ենթակառուցւածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիօրէն ընդունում են, որպէս ղարաբաղեան հակամարտութեան կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապէս ղարաբաղեան հիմնախնդրի թրքահաճոյ կարգաւորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամեակներ տեւող թուրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտօնին կառչած անձը շարունակում է պրիմիտիւ դատողութիւններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետեւանքային իրողութիւնների շուրջ։ Մինդեռ ակնյայտ է, որ հայութեան դիրքորոշումը հետեւանք է ոչ թէ հայ եւ թուրք ժողովուրդների համահաւասար պատմական դիմակայութեան, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դէմ կազմակերպւած բնաջնջման եւ զանգւածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականութիւնը պայմանաւորւած է, ոչ թէ հայութեան կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշւեյարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպէս շարունակութիւն իր նախորդների հակահայ դարաւոր քաղաքականութեանը՝ նոյն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խօսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրեւ թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծաւալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարւում մեր պատմական յիշողութիւնից, ինքնութիւնից ինչպէս եւ նախընթաց ժամանակահատւածում արժանապատիւ կեցւածք ենք դրսեւորել։

Չափազանց ցաւալի է, որ ակներեւ այս ճշմարտութիւնները, որոնք շօշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգութիւնը եւ բաց նեարդը, ստիպւած ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացայայտ թշնամական քաղաքականութիւն վարել Հայաստանի Հանրապետութեան ու համայն հայութեան նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսեւորումը ղարաբաղեան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացայայտ եւ լայնածաւալ ներգրաւումն էր։

Հայաստանի իշխանութիւնները սկսել են ժողովրդի գիտակցութիւնը մանիպուլեացիայի ենթարկել նաեւ տարածաշրջանային խաղաղութեան եւ համակեցութեան մասին անհիմն ու սին խօսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տեւական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղութեան կայուն երաշխաւորը. խաղաղութիւնը տարածաշրջանում խախտւել է մեր հանդէպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում, հետեւապէս Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պէտք է խաղաղութիւն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լաւը գիտի խաղաղութեան գինը, բայց իր պատմութեան հրամայականով գիտի նաեւ, որ անարժանապատիւ խաղաղութիւնը միայն ճանապարհ է բացում ապագայի արիւնալի պատերազմների համար։

Այսպէս կոչւած խաղաղութեան կեղծ քարոզը Հայաստանի իշխանութիւնները անամօթաբար շարունակում են նոյնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաները բացայայտ յաւակնութիւններ են դրսեւորում Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պէտք է հաշւի առնել, որ սահմանը անօրինական կերպով եւ որպէս թշնամական գործողութիւն փակւել է հէնց թուրքական պետութեան կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որեւէ դերակատարութիւն չի ունեցել, հետեւապէս սահմանի բացման գործում առաջին քայլը պէտք է անի հէնց թուրքական պետութիւնը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է Ցեղասպանութեան պահանջատիրութեան քաղաքականութիւնից եւ ղարաբաղեան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլեացիոն իշխանութիւնները։

Վերջիններիս անգամ եւս զգուշացնում ենք՝ Հայոց Ցեղասպանութեան հարցը ուրացող եւ ղարաբաղեան հիմնախնդրից փաստացիօրէն հրաժարւող իշխանութիւնը Հայաստանում դատապարտւած է։ Դատապարտւած է, այդ քաղաքականութիւնն առհասարակ եւ եթէ իշխանութիւնները տուրք տան թուրքական պահանջներին եւ փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մէջ, միեւնոյնն է մեր ժողովուրդը երբեք դա թոյլ չի տալու, իսկ որպէս հետեւանք՝ Հայոց պատմութեան տարեգրութեան մէջ ունենալու ենք թրքահաճոյ եւ դաւաճանի պիտակ կրող իշխանութեան մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան եւ ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանութիւնը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանութիւնները անմիջապէս հեռանան ասպարէզից եւ ազգային ուղղւածութեամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգաւոր վիճակից հանելու բեռը։

 

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։