Հա

Ազգային

31/03/2021 - 08:40

«Փաշինեանը Հայաստանը վերածում է Թուրքիայից ուղղակի կախւած պետութեան». Կիրօ Մանոյեան

Վստահ չեմ, որ նախագահ Բայդէնը կը փոխի Սպիտակ տան քաղաքականութիւնը այս տարի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

«alikonline.ir» - Վստահ չեմ, որ նախագահ Բայդէնը կը փոխի Սպիտակ տան քաղաքականութիւնը այս տարի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

Անդրադառնալով հարցին՝ արդեօ՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը խօսում են Թուրքիայի հետ թշնամական մօտեցման վերանայման մասին, քանի որ այդ կերպ փորձում են կանխել ԱՄՆ նախագահի կողմից Ապրիլի 24-ին «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը, Կիրօ Մանոյեանն ասաց՝ յուսանք, որ Բայդէնը փոխի Սպիտակ տան մերժողական քաղաքականութիւնն այս հարցում, եւ այստեղ ինչ-որ հաւանական քաղաքական առեւտուր ՀՀ իշխանութիւնների հետ պէտք չէ բացառել՝ եթէ Բայդէնը փոխի Սպիտակ տան քաղաքականութիւնը, փոխարէնը ՀՀ իշխանութիւններից ինչ-որ բան ստանայ Թուրքիայի հետ յարաբերութիւներում, բայց, Մանոյեանը կարծում է, այս յայտարարութիւնների պատճառը դրանից աւելի ծանր է՝ այս իշխանութիւնները շարունակում են իրենց քաղաքականութիւնը՝ այն, ինչ ազգային է՝ բոլորին դէմ գնալու։

«Իսկ սա, մեղմ ասած, անհասկանալի մօտեցում է, որովհետեւ սրանից մի քանի ամիս առաջ՝ յուլիսին, ՀՀ ազգային անվտանգութեան ռազմավարութեան փաստաթղթում ուրիշ բաներ էին ասում... բայց նորութիւն չէ, որ այս իշխանութիւնները մի բան ասեն, ուրիշ բան անեն»,- արձանագրեց Կիրօ Մանոյեանը։

Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման համար մի շարք նախապայմաններ էր առաջ քաշում՝ Արցախի եւ Ցեղասպանութեան հարցերից հրաժարում, երկկողմ սահմանների հաստատում եւ այլն։ Կիրօ Մանոյեանը նկատում է, որ այս ձեւով եթէ ընթանանք, ՀՀ ներկայ իշխանութիւնները այդ նախապայմանները ոչ թէ թաքուն ձեւով կը տան, այլ բացայայտ տալիս են։

«Եւ երբ վարչապետն այնքան անգիտակ է երեւում, որ իր դիմաց բերւած ժողովրդին եւ երեխաներին հռետորական հարց է տալիս՝ էդ որտեղի՞ց սկսւեց, ե՞րբ սկսւեց, որ մենք նրանց թշնամի ենք համարում, նրանք մեզ թշնամի... եթէ իսկապէս չի իմանում, շատ հեշտ կարող ենք իրեն պարզել, յիշեցնել, բայց ես չեմ կարծում, որ ինքը որեւէ բան յիշելու, հասկանալու ցանկութիւն ունի, տրամադրութիւն ունի, որովհետեւ իր առաքելութիւնը ուրիշ է։ Քանի երկարում է նրա՝ վարչապետի աթոռին կառչած մնալը, բացայայտ համոզմունք է դառնում, որ իր կատարածը դաւաճանական արարքներ են»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Թուրքիան պատկերացնում է, որ եթէ լինի հայկական պետութիւն, պիտի լինի ոչ թէ ինքնիշխան, այլ կախւած իրենից՝ նկատեց Կիրօ Մանոյեանը։ Այն, ինչ հիմա Փաշինեանը անում է, նրա համոզմամբ, հէնց դա է՝ Հայաստանը վերածել ուղղակի Թուրքիայից կախւած պետութեան, եւ այդ քաղաքականութեան իրացումը, նրա համոզմամբ, վնասելու է ոչ միայն հայութեանն ու Հայաստանին, այլեւ ամբողջ տարածաշրջանին։

ՀՀ իշխող թիմի հակահայ այս յայտարարութիւնները, Մանոյեանի խօսքով, վնասում են Հայ Դատի հետապնդման համաշխարհային գործընթացին։ Այս պատճառով էլ Դաշնակցութեան Հայ Դատի կենտրոնական խորհուրդը երէկ յայտարարութեամբ հանդէս եկաւ՝ ընդգծելով, որ որպէսզի հնարաւոր լինի պաշտպանել ՀՀ եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնը, ազգային ու պետական համազգային շահերը, այս իշխանութիւնները վայրկեան առաջ պէտք է հեռանան, որովհետեւ այդ բոլորի համար առաջին խոչընդոտն այսօր իրենք են։

«Եւ ուրեմն, նման իշխանութեամբ ուրիշների հետ աշխատանք կարելի չէ տանել։ Այս իշխանութիւնները կարող են ասել՝ ո՞վ ասաց, որ ձեր ասած ուղղութիւններով պէտք է աշխատել, դա էլ արդէն քաղաքական կեցւածքի խնդիր է»,- ասաց նա։

Կիրօ Մանոյեանն ընդգծեց, որ այդ մարդիկ պէտք է հասկանան, որ այս քաղաքականութեամբ իրենք են անկարելի դարձնում այդ աշխատանքը, որովհետեւ հնարաւոր չէ, օրինակ, Հայ Դատի յանձնախումբը տանի մարդկանց ծանօթացնի, ներկայացնի՝ Հայաստանից եկած կամ գնացած պատգամաւորների, որոնք իրենց ասելիքի լրիւ հակառակը պիտի ասեն. եւ ոչ միայն Հայ Դատի յանձնախմբերի ասելիքի հակառակը, այլեւ հէնց յուլիսին իրենց իսկ որդեգրած Ազգային անվտանգութեան հայեցակարգում նշւածների 180 աստիճանով հակառակ բաներն են ասում այսօր։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։