Print this page
05/04/2021 - 13:25

Ամփոփագիր ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի կողմից կատարւած հիմնական աշխատանքների

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

(Մարտի 17-30, 2021 թ.)

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով

 

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ

2021 թ. մարտի 29-ին յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից Թուրքիայի վերաբերեալ կատարւած յայտարարութիւնների առիթով։ Կենտրոնական խորհուրդը նկատել է, որ վերջին օրերի իրադարձութիւնները` մասնաւորապէս վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնները մէկ անգամ եւս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլեացիոն իշխանութիւնները յստակ քաղաքականութիւն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների, այսպէս կոչւած, կարգաւորման համատեքստում, ինչը փաթեթաւորւում է տարածաշրջանային ենթակառուցւածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացութեան մատնել մեր ժողովրդի պատմական անցեալը, հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջից, իրաւական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապէս հրաժարւել ղարաբաղեան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումից ու կարգավիճակի հարցից եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքը մի քանի հնարաւոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետութիւններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Հայաստանի իշխանութիւնները անգամ եւս զգուշացւել են՝ «Հայոց Ցեղասպանութեան հարցը ուրացող եւ ղարաբաղեան հիմնախնդրից փաստացիօրէն հրաժարւող իշխանութիւնը Հայաստանում դատապարտւած է։

Դատապարտւած է, այդ քաղաքականութիւնն առհասարակ եւ եթէ իշխանութիւնները տուրք տան թուրքական պահանջներին եւ փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մէջ, միեւնոյնն է մեր ժողովուրդը երբեք դա թոյլ չի տալու, իսկ որպէս հետեւանք՝ Հայոց պատմութեան տարեգրութեան մէջ ունենալու ենք թրքահաճոյ եւ դաւաճանի պիտակ կրող իշխանութեան մասին տխրահռչակ էջեր»։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակել է աշխատանքներ իրականացնել ԱՄՆ կողմից Հայաստանին եւ Արցախին արտակարգ ֆինանսական օժանդակութիւն տրամադրելու, հայ գերիներին ազատ արձակելու, ինչպէս նաեւ Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար։ Այս առումով, անցած կէս ամիսը բաւական յագեցած էր։

Մարտի 16-ին Կոնգրեսի հայկական հարցերով խումբը, ի դէմս Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնախմբի ղեկավար Ադամ Շիֆի, սկսել է օրէնսդրական գործընթաց, որով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահւող աւելի քան 200 հայ գերիներին։

Մարտի 19-ին ամերիկեան Սենատի երկու խմբակցութիւնների 37 սենատորներ միացել են Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէզի՝ նախագահ Բայդէնին ուղղւած կոչին՝ հետեւելու Կոնգրեսի երկու պալատներին եւ պաշտօնապէս ու ամբողջապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Մի քանի օր անց հայ ռազմագերիների հարցը Մենենդէզը բարձրացրել է նաեւ Սենատում Միջազգային զարգացման ամերիկեան գործակալութեան (USAID) կառավարիչի թեկնածութեան քննարկումների ժամանակ։

Մարտի 22-ին Ամերիկայի Արեւելեան ափի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նւիրւած Արցախում մարդու իրաւունքների պաշտպանութեան հիմնահարցերին՝ մասնաւորապէս քննարկւել են Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների հարցը եւ Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացւող՝ մարդու իրաւունքների նկատմամբ բռնութիւնները։ Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարեանը, Ցեղասպանութան հետազօտութիւնների միջազգային ասոցացիայի նախագահ, պրոֆեսոր Հենրի Թեիրաուն, իրաւապաշտպան Սիրանոյշ Սահակեանը եւ միջազգային խորհրդատու Լեւոն Գէորգեանը։

ԱՄՆ Արեւելեան ափի Հայ Դատի յանձնախմբից նաեւ յայտնում են, որ դեռեւս փետրւարի 2-ին ԱՄՆ Օհայօ նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը եւ քաղաքային խորհրդի անդամ Գլէն Էլլերբը ճանաչել են Արցախը:

Ապրիլի 1-ին Կոնգրեսի հայկական հարցերով խումբը սկսել է համապատասխան գործընթաց՝ Հայաստանին եւ Արցախին շուրջ 100 մլն դոլար ֆինանսական օժանդակութեան տրամադրման համար, որը պիտի նպատակաուղղւի անցեալ տարի ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքները մեղմելուն։

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի բազմավեկտոր աշխատանքներին անդրադարձել եւ այդ համատեքստում Ամերիկայի հայկական եւ հնդկական համայնքների սերտ քաղաքական համագործակցութեան մեծ հաւանականութեանն է փաստել հեղինակաւոր Foreign Lobby կայքը՝ նկատելով, որ ամերիկահնդկական լոբբիստական կառոյցները պահանջում են ամերիկեան պատժամիջոցներ կիրառել Պակիստանի նկատմամբ, որը հովանաւորում է ահաբեկչական կառոյցներին, ինչպէս նաեւ ռազմական աջակցութիւն տրամադրեց ադրբեջանաթուրքական տանդեմին Հայաստանի ու Արցախի հետ վերիջն պատերազմի ընթացքում։

Մարտի 31-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենեակը հրապարակել է ամառային կրթական ծրագրի ընդունելութեան մրցոյթ։ Ցանկացողները պէտք է դիմեն մինչեւ ապրիլի 15-ը։

 

Եւրոպա

Բրիւսէլում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների 5-րդ տարելիցի առիթով մարտի 22-ին՝ համագործակցելով Բելգիայի հայկական համայնքի պաշտօնական ներկայացուցչութեան հետ, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը համերաշխութեան եւ ոգեկոչումի նամակ է ուղարկել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դէ Քրոյին: Յանձնախումբը յիշեցրել է, որ իբրեւ երկրի լիիրաւ քաղաքացիներ, Բելգիայի հայերը զօրակցում են պետութեան ու կառավարութեան հետ ահաբեկչութեան դէմ պայքարին, որը տարւում է ընդհանրապէս Եւրոպայի մէջ: Նամակում նաեւ անդրադարձ է կատարւել, որ հայերը ահաբեկչութեան զոհ են դարձել: Մասնաւորապէս, 2020-ի սեպտեմբերին սկսւած պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ են ուղարկւել Արցախ:

Մարտի 24-ին Եւրոպական Խորհրդարանի՝ Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մարինա Կալիւրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրէյ Կովաթչեւը եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելեանա Զովկոն կոչ են Արել Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այս յայտարարութեանը նախորդել էր միջազգային իրաւապաշտպան Human Right Watch կազմակերպութեան զեկոյցը՝ Արդբեջանում հայ գերիների հետ անմարդկային վերաբերմունքի համար։ Հայ Դատի Եւրոպայի կենտրոնական գրասենեակը (Բրիւսէլ) ողջունել է Եւրոպական Խորհրդարանի՝ Հարաւային Կովկասի տարածաշրջանի վերաբերեալ թերեւս ամենատեղեկացւած պատգամաւորների այդ յայտարարութիւնը։

Մեծ Բրիտանիայի Հայ Դատի յանձնախմբի կատարած հետեւողական աշխատանքի արդիւնքում նաեւ Լոնդոնի մետրոյի կայարաններից հեռացւել են ադրբեջանական շրջանակների կողմից տեղադրւած պաստառները, որոնք նենգափոխում էին Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգութեան իրական ծագումը։

Բրիտանական խորհրդարանի թւով հինգ պատգամաւորներ, որոնք ներկայացնում էին խորհրդարանական բոլոր խմբակցութիւնները, համերաշխութիւն են յայտնել հայ ժողովրդին՝ հայ գերիների ազատման հարցում եւ այս խնդրով նորից դիմել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին։

 

Կանադա

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքները հիմնականում կենտրոնացած են եղել թուրքական «bayraktar» հարւածային անօդաչուների առանցքային պահեստամասերի՝ Կանադայի կողմից Թուրքիա արտահանման սկանդալի շուրջ։ Խնդիրը լայնօրէն քննարկւել է կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչպէս նաեւ խորհրդարանում հարցը բարձրացւել է անձամբ վարչապետ Ջ. Թրուդոյի առջեւ։

Մարտի 12-ին, Կանադայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման մշտական յանձնաժողովը հրապարակել է խիստ վերամշակւած փաստաթղթեր՝ բացայայտելով կարեւոր տեղեկութիւններ՝ կապւած 2020 թ․ մայիսին Թուրքիայի նկատմամբ հաստատւած ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման արգելքի իրագործումների հետ։

Մասնաւորապէս պարզւել է, որ լոբբիստական ինտենսիւ ջանքերի շնորհիւ Թուրքիան մոլորեցնող եւ ապակողմնորոշիչ հաւաստիացումներ է տւել, որ կանադական WESCAM-ի թիրախային ճշգրտման սենսորները օգտագործւելու են Սիրիայում թուրքական գործողութիւնների համար: Սակայն այնուհետեւ Թուրքիան ապօրինաբար սենսորները ուղղել է դէպի Ադրբեջան, որոնք վերջինս օգտագործել է Արցախի Հանրապետութեան դէմ իր ագրեսիայի ժամանակ՝ սպանելով բազմաթիւ հայերի եւ ստիպելով իրենց տները լքել շուրջ 90․000 անձանց:

Այս ամէնը հաշւի առնելով՝ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը մարտի 22-ին պաշտօնական նամակով դիմել է արտգործնախարար Մարկ Գերնեաուին՝ յորդորելով բացայայտել Թուրքիայում կանադական ռազմական նշանակութեան արտադրանքի յայտնւելու բոլոր հանգամանքները։

Խնդրի քննարկումները շարունակւել են նաեւ կանադական Համայնքների պալատում, որտեղ խորհրդարանական Միշէլ Շոնգը վարչապետ Թրուդոյին հարցեր է ուղղել՝ կապւած կանադական ռազմական նշանակութեան արտադրանքի՝ Թուրքիա արտահանւելու վերաբերեալ, խնդրելով յստակեցնել, արդեօ՞ք Կանադական կառավարութիւնը զէնքի արտահանման ասպարէզում առաջնահերթութիւն է տալիս կանադական շահերին եւ արժէքներին եւ արդեօք Թուրքիային ռազմական նշանակութեան մատակարարման այդ անխոհեմ քայլը այլեւս չի կատարւի։

Կանադայի ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ եւ Մոնրէալի հայ ուսանողական միութիւնների ջանքերով չեղարկւել է Կանադայի Կոնկորդիա համալսարանում նախատեսւած հանդիպում-քննարկումը, որին պէտք է մասնակցէր Կանադայում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասը։

 

Աւստրալիա

Մարտի 17-ին Հայաստանի հետ Հարաւային Աւստրալիայի խորհրդարանի բարեկամութեան խմբի անդամներն անցկացրել են 2021 թ․ իրենց առաջին հանդիպումը՝ ղեկավարութեամբ օրէնսդրական յանձնաժողովի նախագահ Ջոնաթան Օ՛Դէաի եւ փոխնախագահ Վոլթ Սեքորդի։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսէրեանը։ Վերջինս շնորհակալութիւն է յայտնել Հարաւային Աւստրալիայի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետութեան ազգային ինքնորոշման իրաւունքի ճանաչման համար:

Արդէն մարտի 22-ին Հարաւային Աւստրալիա նահանգի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամները միացել են ֆեդերալ կառավարութեանն ուղղւած՝ Հայաստանին հումանիտար օգնութիւն տրամադրելու կոչին։ Օգնութիւնը պէտք է ուղղւի անցեալ տարւայ պատերազմի ընթացքում տեղահանւած, վիրաւորւած եւ գերեվարւած մարդկանց օժանդակելուն։

Մարտի 24-ին Աւստրալիայի կողմից հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ նախաձեռնութեանը միացել է ֆեդերալ սենատոր Ռայս Սինգսը։

 

Մերձաւոր Արեւելք

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը մարտի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին՝ կոչ անելով պաշտօնապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Լիբանանի Հայ Դատի մարմինը նշել է, որ Միացեալ Նահանգներն ու Ամերիկայի ժողովուրդը իրենց բարոյական տոկունութիւնը ցոյց են տւել` օժանդակելով Ցեղասպանութիւնը վերապրած ու դրան ականատես դարձած որբերին ու տեղահանւածներին` «պատւական աւանդ, որ նախկին վարչակազմերը թւում է թէ անտեսել են»:

Մարտի 26-ին, Հայ Դատի Երուսաղւմի յանձնախումբը միացել է Իսրայէլի պաշտպանութեան նախարարութեան դիմաց բողոքի ցոյցին՝ ընդդէմ Ադրբեջանին իսրայէլական զէնքի վաճառքի։

 

Նոր Ջուղա

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակը, հաշւի առնելով վերջին օրերին Հայաստանի իշխանութիւնների ամօթալի յայտարարութիւնները, իր հերթին «խստօրէն դատապարտել է Հայոց Ցեղասպանութեան ուրացմանը միտւած եւ Արցախեան հիմնախնդրից հրաժարւելու որեւԷ արտայայտութիւն կամ քայլ»:

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

04.04.2021 թ.

Յարակից լուրեր