Հա

Ազգային

07/04/2021 - 10:35

«Նոյեմբերի 9-ից յետոյ այս իշխանութիւններին լուրջ վերաբերւող պետութիւն չկայ». Կիրօ Մանոյեան

Պատերազմի առաջին օրերից մինչեւ վերջ, առաւել եւս՝ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ Հայաստանի այս իշխանութիւններին լուրջ վերաբերւող պետութիւն չկայ, չկայ, որովհետեւ, երբ իշխանութիւնն ասում է՝ տարածաշրջանում որոշ փոփոխութիւններ են տեղի ունեցել, եւ մենք պէտք է մեր արտաքին քաղաքական ուղղութիւններում շտկումներ մտցնենք, պարզ է, որ ուրիշներն էլ պէտք է ասեն՝ մտցրէք ձեր շտկումները, ձեզ հետ վերջում կը խօսենք: 

«alikonline.ir» - Պատերազմի առաջին օրերից մինչեւ վերջ, առաւել եւս՝ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ Հայաստանի այս իշխանութիւններին լուրջ վերաբերւող պետութիւն չկայ, չկայ, որովհետեւ, երբ իշխանութիւնն ասում է՝ տարածաշրջանում որոշ փոփոխութիւններ են տեղի ունեցել, եւ մենք պէտք է մեր արտաքին քաղաքական ուղղութիւններում շտկումներ մտցնենք, պարզ է, որ ուրիշներն էլ պէտք է ասեն՝ մտցրէք ձեր շտկումները, ձեզ հետ վերջում կը խօսենք: Այնպէս չէ, որ տարածաշրջանում որոշողը Հայաստանն է, բայց արդէն տեսանելի է, որ տարածաշրջանում փոփոխութիւնները տեղի են ունենում ի հաշիւ Հայաստանի շահերի. «Փաստարկ» ակումբում հրաւիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Ըստ բանախօսի՝ այսօրւայ իշխանութիւնները, որոնք պատերազմը տանուլ են տւել, չպէտք է թշնամու հետ խօսելու հաւակնութիւն ունենան, բայց շատ մեծ հաւակնութիւններ ունեն:

ՀՅԴ Բիւրոյի անդամի խօսքով՝ մեզ պէտք է այնպիսի իշխանութիւն, որը կարողանայ երկիրը ներկայացնել ե՛ւ հարեւաններին, ե՛ւ միջազգային հանրութեանը։ «Ներկայ պայմաններում այս իշխանութեամբ մեր երկիրն այլեւս դերակատար չէ տարածաշրջանում, նոյնիսկ ինչ-որ իմաստով իր հարցերում էլ դերակատար չէ: Եւ անհրաժեշտ է լինի այնպիսի իշխանութիւն, որը կը կարողանայ շփւել թէ՛ հարեւանների հետ՝ կը լինի թշնամի, բարեկամ, թէ՛ միջազգային հանրութեանն արժանապատիւ ձեւով ներկայացնել երկիրը»,- նշեց նա:

Հարցին՝ այլեւս անցեա՞լ են բանակցութիւնները Մինսկի խմբի, Մադրիդեան սկզբունքների ձեւաչափով, Կիրօ Մանոյեանը պատասխանեց՝ եթէ նայենք՝ Թուրքիան ու Ադրբեջանն ինչ են ասում, այլեւս անցեալ են։ «Բայց, եթէ նայենք՝ երեք պետութիւնները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ինչ են ասում, ո՛չ, անցեալ չէ: Հիմա Մադրիդեան սկզբունքներ կոչւածը կարող է որոշ չափով անցեալ լինել, քանի որ որոշ փոփոխութիւններ արդէն տեղի ունեցել են՝ ոտնահարւել են որոշ սկզբունքներ, այսինքն՝ հարցը կարգաւորել խաղաղութեամբ, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Ադրբեջանը եւ Թուրքիան ուժ են կիրառել: Բայց երեքն էլ ասում են, որ սա հարցի կարգաւորում չէ, եւ հարցի կարգաւորումը բանակցութիւններով է: Այստեղ տարբերութիւնը մի քիչ Ռուսաստանի կեցւածքի մէջ է: Արցախի հարցը, մեր տեսանկիւնից, Արցախի կարգավիճակի հարցն է, բայց այսօր ստեղւաած են այնպիսի պայմաններ, որ, բացի կարգավիճակից, կայ նաեւ Արցախի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու խնդիր, Հայաստանի Հանրապետութեան հետ սահմանի խնդիր եւ մնացած՝ գերիների վերադարձից մինչեւ տեղահանւածների իրաւունքների վերականգնման, կեանքի հնարաւորութիւններ տալու հարցերը»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Ըստ Կիրօ Մանոյեանի՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի միւս անդամների հետ եւս լուրջ աշխատանք կայ։ «Անվտանգութեան խորհուրդը պատերազմի ընթացքում երկու անգամ դռնփակ քննարկեց Արցախի հարցը, եւ երկրորդ անգամ ակնկալւում էր, որ ինչ-որ յայտարարութեամբ հանդէս կը գան, առնւազն՝ նախագահութեան անունից, բայց դա էլ տեղի չունեցաւ: Արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը յայտարարեց, որ դա տեղի ունեցաւ Անգլիայի վետոյի պատճառով: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ պետութիւնների հետ էլ աշխատանք տարւի: Որովհետեւ չպէտք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն այս հարցի կարգաւորման լիազօրութիւնը տւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Ադրբեջանի կողմից շատ սիրելի 1993 թւականի բանաձեւով: Բանակցութիւնների տեղ կայ, այնպէս չէ, որ ամէն ինչ վերջացել է: Բայց այս իշխանութիւնները դա չեն կարող անել: Ամենաարժանապատիւ եւ հայրենասիրական քայլը կը լինէր հեռանալը եւ երկիրը այլ քաղաքական ուժերին թողնելը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից»,- նշեց նա:

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը պատմութեան ընթացքում նման փորձառութիւն անցել է։ «Խօսքը վերաբերում է 1920 թւականի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ օրւայ իշխանութիւնը լաւագոյն լուծում համարեց իշխանութիւնից իր հեռանալը՝ հնարաւորութիւն տալով այլ ուժերին»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։