Հա

Ազգային

08/04/2021 - 10:50

«ՀՅԴ աշխատանքները Արցախում կամաւորական ու մարդասիրական են եւ որեւէ մէկը չի կարող արգելել». Արշակ Մեսրոբեան

Աշխարհի 30 երկրներից ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների անդամներ այս պահին Արցախում են եւ ծրագրեր են իրականացնում Արցախի վերականգնման նպատակով։

«alikonline.ir» - Աշխարհի 30 երկրներից ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների անդամներ այս պահին Արցախում են եւ ծրագրեր են իրականացնում Արցախի վերականգնման նպատակով։

ՀՅԴ աշխատանքները Արցախում կամաւորական ու մարդասիրական են եւ որեւէ մէկը չի կարող արգելել նման գործունէութիւնը, որն ամրագրւած է նաեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան նորմերով՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոբեանը։

Նա, սակայն, նշեց, որ որոշ դժւարութիւններ կան Արցախ մուտք գործելիս․ «Գոյութիւն ունի նոր ընթացակարգ, որի համաձայն պէտք է դիմեն, ստանան համաձայնութիւն ռուս խաղաղապահներից, երբեմն որոշ դժւարութիւններ ենք ունենում, բայց այդ էլ մի ուրիշ հարց է. աա լուրջ վտանգ ու սպառնալիք է Արցախի եւ արցախահայութեան ազգային անվտանգութեանը, որովհետեւ եթէ այսպէս շարունակւի Արցախը, ի վերջոյ, մեկուսանալու է ողջ սփիւռքահայութիւնից, ովքեր ունեն օտարերկրեայ քաղաքացիութիւն։ Եւ առհասարակ արտաքին աշխարհի հետ շփումը ոչ թէ սահմանափակւում է, այլ ընդհանրապէս կտրւում է»։

Արցախ մուտք գործելու համար խրագրի իւրաքանչիւր մասնակցի համար նախապէս զգուշացնում են, որ խօսքը մարդասիրական աշխատանքներին է վերաբերում, որ մուտքը արտոնւած լինի եւ, Արշակ Մեսրոբեանի խօսքով, մինչեւ օրս որեւէ խնդրի առջեւ չեն կանգնել։

Կոնկրետ իրենց աշխատանքների հանդէպ ադրբեջանցիների հակազդեցութիւն եւս առայժմ չկայ, բայց, Արշակ Մեսրոբեանն ասում է, ադրբեջանցիները արցախեան անցուդարձին քաջատեղեակ են, շատ ուժեղ մոնիթորինգներ են իրականցնում եւ յստակ տեսնում են ամէն ինչ։ Պարզապէս, իրենց դէպքում, խօսքը մարդու հիմնական իրաւունքների մասին է, այնպէս որ, որեւէ ձեւով ադրբեջանցիներն իրաւունք չունեն խոչընդոտելու նմանատիպ աշխատանքները։

Արցախի իշխանութիւնները չպէտք է իրենց թոյլ տան ՀՅԴ աշխատանքներն Արցախում քաղաքականացնել՝ ընդգծում է Արշակ Մեսրոբեանը, այս իրավիճակում, երբ ազգը կործանւում է, փոխանակ քաղաքական հաշւարկներ անելու եւ այդ շահերը աւելի առաջնահերթ դասելու, պէտք է բոլորը համատեղ կենտրոնանան Արցախը վերականգնելու գործին։

«Ցաւօք սրտի, պէտք է շեշտեմ, որ որպէս կազմակերպութիւն, որ համահայկական ողջ ռեսուրսներն ու ներուժը կենտրոնացնում է այս աշխատանքներում, դա միայն Դաշնակցութիւնն է»,- արձանագրեց նա։

Արշակ Մեսրոբեանն ասում է՝ Արցախի անվտանգութիւնը որոշ հարցերում շաղկապւած է իրենց բոլոր նախաձեռնութիւնների հետ, որովհետեւ տնտեսական բաղադրիչը եւ հասարակութիւնը հզօրցնելու առաքելութիւնը հէնց անվտանգութեան տարր են պարունակում։

Պատերազմից յետոյ Արցախում խնդիրները լուրջ են թէ՛ սոցիալ-տնտեսական, թէ՛ անվտանգային առումով եւ արտագաղթի սպառնալիք կայ։ Այս խնդիրը կարգաւորելու համար է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակը, որը ՀՅԴ աշխարհասփիւռ երիտասարդական, ուսանողական, պատանեկան միութիւնների աշխատանքները համակարգող գործադիր գրասենեակն է եւ աշխարհով մէկ ունի մօտ 30 տարբեր երկրներում ներկայութիւն, համադրաբար աշխատանք ծաւալում Արցախում։

Յետպատերազմեան առաջնահերթութիւնները ՀՅԴ երիտասարդականի համար պայքարի երկու ուղղութիւններով է՝ Երեւանում ներքաղաքական ճգնաժամի յաղթահարմանն ուղղւած գործընթացները, որպէսզի պարտւած, ձախողած եւ դաւադիր իշխանութիւնները հեռացւեն, եւ երկրորդ ուղղութիւնը՝ Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղւած աշխատանքները։

Գործուղված ՀՅԴ-ականները Արցախում 4 ուղղութիւններով են ծրագրեր իրականցնում՝ բարոյական եւ նիւթական աջակցութիւն արցախցիներին, պատանիներին յետպատերազմական ճնշւած հոգեբանութիւնից դուրս բերելու աշխատանք, մասնագիտական դասընթացներ եւ կամաւորների ծառայութիւններ տարբեր հաստատութիւններում։

«Հայրենիքը պահում են այնտեղ ապրելով, արարելով, ստեղծագործելով, իսկ արարելու աշխատանքը ապահովելու համար կազմակերպեցինք դասընթացներ 12-15 տարբեր թեմաներով։ Այս նիւթերը ընտրւել են մեր ուսումնասիրութիւնների հիման վրայ՝ այսօրւա Արցախը ինչի կարիք ունի, հեռանկարային ոլորտների մասին է խօսքը, որ թէ՛ երիտասարդը օգտւի փոքր բիզնեսներ հիմնելով, եւ նաեւ աշխատելով օգնի հայրենիքին։ Արդէն անցկացրինք դասընթացներ՝ ինչպէս թւայնացնել բիզնեսը, բիզնես կառավարում, նախահաշւի ձեւաւորում եւ այլն, շուտով անցկացնելու ենք բջջային հեռախօսների յաւելւածների մշակման դասընթաց, նորարարական գիւղատնտեսութիւն, որովհետեւ պատերազմի հետեւանքով կորցրել ենք վարելահողերի եւ արօտավայրերի 75 տոկոսը, եւ հիմա պէտք է կարողանանք քիչ տարածքի վրայ շատ բերք ստեղծել»,- մանրամասնեց Արշակ Մեսրոբեանը։

Ծրագրի երկրորդ փուլում լաւագոյնները կը մասնակցեն հարթակի, որտեղ առաջին փուլում իրենց ձեւաւորւած բիզնես-ծրագրերը կը ներկայացնեն արտերկրից ժամանած ներդրողների, եւ ներդրողները կը ֆինանսաւորեն նրանց ծրագրերը։

Կամաւորական ծառայութիւնները Արցախի տարբեր հաստատութիւններում՝ հիւանդանոցներում, վերականգնողական կենտրոններում եւս մեկնարկել են․ այս պահին Լիբանանից ժամանած ՀՅԴ երիտասարդական միութեան անդամներից մէկը մօտ մէկ ամիս կամաւորական ծառայութիւն է մատուցում վերականգնողական կենտրոնում, մինչեւ մայիս կաշխատի եւ կը վերադառնայ Լիբանան, կան ԱՄՆ-ից եկած, Հայաստանից եկած կամաւորներ, որ տարբեր ուղղութիւններով ծառայութիւնններ են մատուցում։

Արշակ Մեսրոբեանն ասում է՝ տեղի բնակչութիւնը խիստ ջերմ է ընդունում դաշնակցական կամաւորներին՝ արցախեան ընդգծւած հիւրասիրութեամբ։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։