Հա

Ազգային

14/04/2021 - 12:40

Առցանց համաժողով. Եւրոպատգամաւորները, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը եւ ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ-ին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատելու համար

Բրիւսէլ, 12 ապրիլ 2021 - Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահւող անձանց վերաբերեալ։ Քննարկւեցին խնդրի իրաւական եւ քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախօսներն էին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը, Եւրոպական խորհրդարանում Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների հարցերով պատւիրակութեան ղեկավար, պատգամաւոր Մարինա Կալիւրանդը եւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

Բրիւսէլ, 12 ապրիլ 2021 - Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահւող անձանց վերաբերեալ։ Քննարկւեցին խնդրի իրաւական եւ քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախօսներն էին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը, Եւրոպական խորհրդարանում Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների հարցերով պատւիրակութեան ղեկավար, պատգամաւոր Մարինա Կալիւրանդը եւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը: Պատերազմի հրադադարի յայտարարութիւնից անցել է հինգ ամիս, սակայն չնայած բոլոր ռազմագերիներին եւ այլ պահւող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտաւորութեանը՝ այդ երկրում դեռեւս առնւազն 188 հայ ռազմագերի է պահւում:

Իր խօսքում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը շեշտեց, որ պատերազմի աւարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատութեան մէջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկիւնից երկարացնելուն ուղղւած քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետեւանքների շարունակութիւնն է: Մարդ արարածին, անգամ եթէ նա անազատութեան մէջ է, չի կարելի օգտագործել որպէս քաղաքական առեւտրի առարկայ՝ նորանոր օգուտներ կորզելու համար»,- ասել է Էւինեանը:

«Եւրոպայում կառավարութիւնների լռութիւնն ու պասիւ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերեալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, յուսահատեցնող է Եւրոպայի սփիւռքահայութեան համար եւ, ըստ էութեան, իւրաքանչիւրի համար, ով մտահոգւած է այս խնդրով եւ ընդհանրապէս կարեւորում է մարդկային արժանապատւութիւնը»,- շարունակելով խօսքը՝ մանրամասնեց Էւինեանը:

«Եւրոպան կարող է եւ պէտք է անի աւելին՝ նաեւ յանուն սեփական վստահելիութեան, հզօրութեան եւ կենսունակութեան: Մենք լիայոյս ենք, որ Եւրոպական խորհրդարանը՝ որպէս սուբիեկտ, վերջապէս կարտայայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերեալ եւ կոչ կանի Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ այլ պահւող անձանց»,- եզրափակեց Էւինեանը:

Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասը, որը նաեւ Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է, իր խօսքում նշեց.- «Անյայտ կորածների եւ գերիների ողբերգութիւնը, ինչից 1974-ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպէտք է կրկնւի Արցախում: Միջազգային հանրութիւնը պէտք է ապահովի բոլոր գերիների անյապաղ վերադարձը»:

Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ Ադրբեջանի կողմից պահւող անձանց անազատութեան ենթարկելը եւ խոշտանգելը ռազմական յանցագործութիւն է, քանի որ, համաձայն 1949 թ. ժնեւեան կոնւենցիայի, նրանք բոլորն էլ իրաւական առումով ռազմագերիներ են: Կոպտօրէն խախտելով Կոնւենցիան եւ մարդու իրաւունքների հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով: Բոլոր ռազմագերիների եւ այլ պահւող անձանց ազատ արձակումն ամրագրւած է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի յայտարարութեամբ: Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:

«Հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով այս համաժողովը տեղի ունեցաւ առցանց ձեւաչափով՝ հաշւի առնելով առողջապահական արտակարգ իրավիճակը եւ առկայ սահմանափակումները:

 

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։