Հա

Ազգային

15/04/2021 - 09:50

«Փրկօղակը՝ ազգային իշխանութիւնն է, յստակ ազգային հեռանկարը, կազմակերպւած պետութիւնը, համերաշխ եւ միասնական ժողովուրդը». Հրանտ Մարգարեան

Երէկ` ապրիլի 14-ին Երեւանի Յակոբ Պարոնեանի անւան թատրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութիւնը:

Արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - Երէկ` ապրիլի 14-ին Երեւանի Յակոբ Պարոնեանի անւան թատրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութիւնը:

Արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ.

«Խոնարհւում եմ Արցախեան պատերազմի բոլոր նահատակների, ի մասնաւորի «Կամաւորական Շարժման» միջոցով Արցախ մեկնած ու նահատակւած հայորդիների, ընկերների յիշատակի առջեւ։

Խոնարհւում եմ նաեւ, սրահում ներկայ, մեր Նահատակների ծնողների, հարազատների առջեւ։ Ձեր առջեւ, որովհետեւ դուք ձեր ամենաթակը նւիրաբերեցիք մեր պայքարին, ու նրանք Ձեզ ու բոլորիս պարգեւեցին հպարտութիւն ու Հայրենիքի չզիջւած հատւած։

Փառք ու պատիւ մեր Նահատակներին։

Պատերազմ էր ու կը լինէին Նահատակներ։ Արդէն կային Նահատակներ, երբ հոգեհանգստեան արարողութիւններին մասնակցելու նպատակով այցելում էի մեր նահատակ ընկերների տներ։ Եւ յաճախ, չգիտեմ պահանջելու, նախատելու թէ յանձնարարելու պէս, նահատակ ընկերների հարազատները ականջիս շշնջում էին՝ «միայն թէ արդիւնք լինի»։

2-րդ համաշխարհային պատերազմին, Հայրենիքից հեռու, մենք տւել ենք հարիւրհազարաւոր զոհեր, մրմուռը մեր սրտում բայց չենք կոտրւել, ոտքի ենք կանգնել, որովհետեւ եղել է համընդհանուր յաղթանակ, արդիւնք։

Իսկ այժմ արձանագրւած է պարտութիւն, աւելի ճիշտ՝ մենք յանձնւել ենք թշնամուն, անձնատուր ենք եղել, ամօթ մեզ։ Ու ցաւը մեծ է, մրմուռը տնաքանդ է արել մեր բոլորի հոգիները։ Սակայն այսպէս իրաւունք չունենք շարունակելու։

Բայց մինչ այդ, ինչո՞ւ պարտւեցինք, ինչո՞ւ այսպէս պարտւեցինք, անձնատուր եղանք։

ՀՀ-ի իրարայաջորդող բոլոր իշխանութիւնները երբեք ԼՂԻՄ-ից դուրս ազատագրւած տարածքները մերը չհամարեցին, Հայրենիք չհամարեցին, լաւագոյն դէպքում՝ անվտանգութեան գօտի, որը Արցախեան խնդրի բանակցութիւններում պէտք է առեւտրի նիւթ դառնայ։

Եւ երբ այդպէս են մտածել եւ դիրքորոշւել, երկիրը այնպէս չեն ղեկավարել, կազմակերպել, որ ի վիճակի լինի իր անվտանգութիւնն ապահովել։ Երբ այդպէս են մտածել, բանակն էլ չեն կազմակերպել այնպէս, որ ի վիճակի լինի կռւի եւ քիչ կորուստեր ունենայ։ Այս առումով բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Սակայն հարցը ամբողջութեամբ այլ է վերջին ոչ բարով իշխանութիւնների պարագայում, որոնք ոչ միայն ձախողեցրին բանակցութիւնները, քանդեցին բանակը ինչպէս կարող էին, այլեւ երկիրը եւ հասարակութիւնը պառակտեցին, անընդհատ ցնցումների ենթարկեցին, նւաստացրեցին մեր յաղթական Ազատամարտն ու նրա հերոսներին, որպէսզի առաւելագոյնս նպաստաւոր պայմաններ ստեղծւեն հակառակորդի համար։

Գիտէինք, որ պատերազմ է լինելու, դեռ մէկ-երկու տարի առաջ մի առիթով հրապարակային ելոյթիս ժամանակ ասել եմ՝ գիտենք որ պատերազմ է լինելու, եւ բոլոր տւեալները ցոյց են տալիս, որ մեր իշխանութիւնները պատրաստւում են պարտւել այս պատերազմում։

Հարցը միայն Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Հարցը երբեք նիկոլը չի այլ հհշիզմը, լեւոնիզմը կամ աւելի ճիշտ կոսմոպոլիտիզմը, աշխարհաքաղաքացիութիւնը։ Միայն թէ այս ամբողջը ստացաւ Նիկոլի միջոցով առանձնայատկութիւն՝ պոպուլիզմ, համեմւած թեթեւսոլիկութեամբ ու անհաւասարակշռութեամբ։ Սա ասում եմ, որպէսզի հասկանանք, որ կան ուժեր, որոնք փորձում են զոհելով Նիկոլին, փրկեն նիկոլիզմը, մենք պէտք է զգօն լինենք՝ մեր փրկութիւնը արմատական լուծումների մէջ է։

Նիկոլականների համար երբեք Արցախը խնդիր չի եղել, չսխալւենք՝ իրենք էլ կուզէին Արցախը մերը լինէր, բայց դրա համար ոչ մի յաւելեալ ճիգ գործադրելու իմաստ չէին տեսնում։ Ինչպէս ժողովրդավարութիւնը, հակակոռուպցիոն պայքարը, մարդկային իրաւունքները, Արցախը եւս իրենց համար սոսկ պոպուլիստական թեմաներ էին, որոնց մասին կարելի էր ուղղակի պարբերաբար խօսել, առանց ուղղութեան ու նպատակի։ Կարելի էր մէկ Արցախը Հայաստան համարել եւ յետոյ էլ ասել՝ Արցախն ու Շուշին ե՞րբ են հայկական եղել։

Հարցը Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Անցած երկար հրապարակային գործունէութեան ընթացքում, այդ ե՞րբ է եղել, որ այս մարդը, կամ իր շրջապատը, իր ուսուցիչը Արցախի հարցով հայկական շահերից մեկնած որեւէ բան ասեն։ Նրանք միշտ էլ ազատագրւած տարածքները մերը չեն համարել, իսկ Արցախի անկախութիւնը կամ միացումը գնահատել են իբրեւ ուտոպիա։

Այս համոզումներով ու մօտեցումներով փորձել են ու փորձում են երկիր ղեկավարել։ Եւ բնական է, որ պատերազմի վտանգը նկատելով ոչ թէ մտադրւել են այն դիմագրաւելու, այլ պոպուլիստական հնարքներով հարցի լուծումից խուսանաւելու ։ Ուղիղ ասած՝ նա ի սկզբանէ, որոշել էր պատերազմից դուրս գալ արդարացւած պարտութեամբ։

Արդիւնքում նա վերջնականօրէն կը ձերբազատւէր Արցախից, Արցախի հարցից։ Պարտութեան համար մեղաւոր կը համարւէր ՌԴ-ն, իսկ նա կը կարողանար հակառուսական ալիք բարձրացնել՝ աւարտին հասցնելով թաւիշը դարձնելով այն գունաւոր։

Պարտութեան համար մեղաւոր կը համարւէին իր կողմից չհանդուրժւող «նախկին» որոշ ուժեր, եւ ամենակարեւորը ազգային գաղափարախօսութիւն ունեցող եւ անցած տարիներին արցախեան պայքարին միս ու արիւն տւած ուժերը, ու այդպիսով իր ծրագրմամբ՝ կը մաքրեր ներազգային քաղաքական դաշտը։ Պարտութեան համար մեղաւոր կը համարւէր նաեւ բանակը, եւ իր աւարտին կը հասցնէր բանակի քայքայման ծրագիրը՝ զրկելով մեր ժողովրդին երկար-երկար տարիներ պաշտպանւելու եւ, որ աւելի կարեւոր է, պայքարելու հնարաւորութիւնից։

Բայց ծրագրւած պարտութեան իր սցենարը գերակատարւեց,ու եթէ ինքնաարդարացւած պարտութիւն պիտի նշանակէր 5 կամ 7 շրջանների յանձնում եւ մի քանի հարիւր զոհ, վերջնաարդիւնքում կորցրեցինք 9 շրջան, Շուշի բերդաքաղաքն ու Հադրութն ու ունեցանք հազարաւոր զոհ, յանձնւեց ու ծնկեց թշնամու առաջ, չունենալով կամք՝ պայքարը շարունակելու համար։

Ինքնաարդարացւած պարտութեան ծրագիրը ձախողւեց, տեղի ունեցաւ խայտառակ պարտութիւն։ Արհամարւած, մերժւած ՌԴ-ն դարձաւ կապիտուլանտի ուշացած, վերջին փրկօղակը։ Թէպետ այսօր եւս մի կողմից անձնատուր վիճակում ստորացուցիչ փոխյարաբերութիւնների մէջ է մտնում ՌԴ-ի հետ, սակայն միւս կողմից՝ ներքին ճակատում հրահրում է հակառուսական տրամադրութիւններ։ Ասում են՝ «շան կեռ պոչը մանգանայով չի ուղղւում»։ Բայց հարցը շատ աւելի լուրջ է՝ վտանգւած է մեր ինքնիշխանութիւնը։

Իսկ ընդդիմութեան մակարդակում հետապնդւող արդիւնքները եւս չիրականացան, դեռ սեպտեմբեր 27-ին ազգային ընդդիմադիր ուժերը միասնաբար յայտարարեցին, որ մի կողմ են թողնում ներքին տարաձայնութիւնները եւ խնդիրները ու պատրաստ են միասնաբար դիմագրաւել սկսւած պատերազմին։ Հակառակ այն բանի, որ պատերազմի առաջին օրերից սկսեալ յատուկ ճիգ գործադրւեց, ամենուր այսպէս կոչւած դաւադիր ներքին ուժեր յայտնաբերելու մօլուցքով, սակայն դա իրենց չյաջողւեց, որովհետեւ չկային այդ ուժերը, իսկ իրենց մտադրութիւնները իրականութիւն ներկայացնելու համար բարեբախտաբար, չկար նաեւ նպաստաւոր մթնոլորտ։

Իսկ Հայոց բանակը, հակառակ որ անցած տասնամեակին միջազգային մութ ուժերի եւ իրենց ներքին կամակատարների, ազդեցութեան գործակալների կողմից, իսկ վերջին երեք տարում արդէն պետական մակարդակով հարւածների ու վարկաբեկումի թիրախ էին դարձել, ունէր անձնակազմի ու սպառազինութեան պակաս, պատերազմում կարողացաւ ապացուցել, որ պայքարի ոգին բարձր է եւ գնահատականի արժանի։ Վկայ՝ առաջնագծում սպայական բոլոր կազմերից հարիւրաւոր զոհերի եւ վիրաւորների փաստը, մնացածը՝ քաղաքական իշխանութեան գործած աւերն է։

Ինքնաարդարացւած պատերազմ՝ ի սկզբանէ դրան էին պատրաստւում այս նզովեալ իշխանութիւնները, ապա ինչպէս բացատրել, երբ առկայ է իրական պատերազմի վտանգ, քաղաքական իշխող ուժը ոչ թէ ձգտում է ապահովել ներքին քաղաքական կայունութիւն, այլ ինքն է անընդհատ ցնցումների ենթարկում ներքաղաքական անդորրը։ Ինչպէ՞ս բացատրել, որ պատերազմի սպասող իշխանութիւնն ու քաղաքական ուժը, որ պէտք է շահագրգռւած լինի ազգային միասնականութեամբ ու ներքին բոլոր ուժերի համախմբումով, ինքն էր պառակտում հասարակութեանը, արհեստական բաժանումներ ստեղծելով ու ներքին արհեստածին թշնամիներ փնտրելով։ Պատերազմի պատրաստւող ուժը ինչպէ՞ս կարող է իր բանակի դէմ կռւի դուրս գալ, վարկաբեկել այն, կոռուպցիայի դէմ անիմաստ սուր ճոճելով ու կադրային անհարկի ազատումներով, նշանակումներով ցնցումի ենթարկել բանակի ներքին կեանքը, մարտունակութիւնը։

Պատերազմի վտանգ դիմագրաւող երկիրը պէտք է կարողանար իր համար ապահովէր արտաքին դաշնակիցներ, սահուն յարաբերութիւններ շահակից պետութիւնների հետ, սպառազինութեան հարցեր լուծել։ Իսկ մենք ականատեսը եղանք բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնների վատթարացմանը։ Երբ պոպուլիզմին գումարւում է ժուլիկութիւնը եւ այն դրսեւորւում է արտաքին ճակատում, յայտնւում ես այն վիճակում, որում յայտնւեցինք մենք։

Այսօր այսպիսին է մեր իրականութիւնը, ունենք մի իշխանութիւն, որ արտաքին ճակատում զիջող է, յանձնւող, անձնատուր եղող, չոքող, ստորացող, իսկ ներքին ճակատում յոխորտացող, բռնացող, հալածող, պառակտող, դաժան։ Թշնամու հետ բարեկամութիւն քարոզող ուժը, սեփական ժողովրդին սպառնում է վրէժխնդրութեամբ, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, ծնկի բերելով, ծնոտին հարւածելով, թաթիկները կտրելով։ Բայց գիտենք, մարդ որքան վախկոտ է ու ոչ ինքնավստահ, այդքան փորձում է դաժան երեւալ։

Շարունակւում է պոպուլիզմը, մտածածին մեղքեր են վերագրւում, իրենցից դուս բոլորի հասցէին, էլի բոլոր հարցերում մեղաւոր են այլոք, բացի իրենցից։ Շարունակւում է ժողովրդի պառակտման, բանակի վարկաբեկման գործընթացը։

Վերջնականօրէն ջարդում են մեր ժողովրդի դիմադրողականութիւնը, թշնամու հետ հաշտութիւն, պարտութեան հետ համակերպւել քարոզ ելով։

Այլ ելք չի մնում՝ պէտք է ամէն գնով ազատւել այս չարիքի, ամօթի իշխանութիւններից։

Ազգային իշխանութիւն, կազմակերպւած պետութիւն, համերաշխ, միասնական ժողովուրդ, յստակ ազգային հեռանկար եւ գործ, լուրջ գործ։ Վերջ պոպուլիզմին։ Վերջ բռնապետութեանը։ Եթէ ուզում ենք Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան, արժանապատիւ կեանք ուրեմն պէտք է կործանենք այս իշխանութիւնը եւ վերջ այլ ելք չկայ։

Խօսքիս սկզբում մատնանշած արդիւնքը պարտաւոր ենք ապահովել։ Դա են պահանջում մեր Նահատակ ընկերները, դա են պահանջում մեր Նահատակ ընկերների հարազատները, անցած 30 տարիներին վառոդի ու արեան ճանապարհով քայլած մեր ժողովուրդը։

Պարտաւոր ենք ապահովել արդիւնք, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Պարտաւոր ենք կռիւը շարունակել եւ յաղթել։

Վստահ եմ՝ շատ շուտով արթնանալու ենք առանց նիկոլ Հայաստանում եւ սկսւելու է գործի ժամանակը, որտեղ անցած գնացած մեր Անկախութեան ու Ազատագրման ճանապարհի իւրաքանչիւր պահը պէտք է դաս լինի մեզ համար, որպէսզի այլեւս նոյն սխալները չգործենք, սխալ չգործենք։

Ի գործ, մենք պէտք է ապահովենք արդիւնք, ոչ ոք իրաւունք չունի հաշտւել, համակերպւել պարտութեան հետ։ Կռիւը շարունակւում է, այն չի աւարտւել, մեր Նահատակներն այն Վեմն են, որից հառնելով, պէտք է կերտենք մեր վաղւայ յաղթանակը։

Փառք ու պատիւ մեր Նահատակներին։

Կեցցէ Ազատ, Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը եւ ազատ անկախ, ամբողջապէս ազատագրւած Արցախը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։