Հա

Ազգային

15/04/2021 - 12:30

«Դրօշակ»-ի առաջնորդող. Դատապարտւած ենք այլ կերպ ապրելու

Աներեւակայելի էր, որ Հայոց Ցեղասպանութիւնից 100 տարի անց ապրող սերունդները շօշափելիօրէն կը զգան` ինչ են նշանակում թուրքական վտանգն ու վայրագութիւնը: Այն, ինչ տեղի ունեցաւ Արցախեան երրորդ պատերազմում, կարելի է համարել ուղղակի շարունակութիւնը մէկդարեայ վաղեմութեան իրադարձութիւնների կամ, աւելի ստոյգ, թուրքական ռասիստական, զաւթողական նկրտումների, որոնց ճանապարհին գուցէ թէ ամենաանհանդուրժելի երեւոյթը հայութեան գոյութիւնն է:

Աներեւակայելի էր, որ Հայոց Ցեղասպանութիւնից 100 տարի անց ապրող սերունդները շօշափելիօրէն կը զգան` ինչ են նշանակում թուրքական վտանգն ու վայրագութիւնը: Այն, ինչ տեղի ունեցաւ Արցախեան երրորդ պատերազմում, կարելի է համարել ուղղակի շարունակութիւնը մէկդարեայ վաղեմութեան իրադարձութիւնների կամ, աւելի ստոյգ, թուրքական ռասիստական, զաւթողական նկրտումների, որոնց ճանապարհին գուցէ թէ ամենաանհանդուրժելի երեւոյթը հայութեան գոյութիւնն է: Առաջին համաշխարհային պատերազմում պարտութեան ու կայսրութեան կործանման յորձանուտում յայտնւած Թուրքիայի համար անգամ գլխաւոր նպատակ էր մնում հայութեան բնաջնջումը: Ինչպէս ակնյայտ փաստերն են վկայում, երիտթուրքերին փոխարինած Մուստաֆա Քեմալը ձգտում էր այդ գործն աւարտին հասցնել բնօրրանում ապրող արեւելահայութեան վերջին հատւածի բնաջնջմամբ, եւ միայն փոփոխւած աշխարհաքաղաքական իրողութիւնները խանգարեցին այդ ծրագրի իրագործմանը: Գլխաւոր հարցն այս դէպքում, իհարկէ, ինքնանպատակ ատելութիւնը չէ, այլ այն իրողութիւնը, որ իր բնակութեան տարածքով եւ աշխարհաքաղաքական դիրքով հայութիւնը հիմնական խոչընդոտ էր նախ` նւաճւած երկրի ամբողջական թուրքացման ճանապարհին եւ ապա` անանցանելի պատ էր պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճանապարհին: Որքան էլ արտառոց կարող է թւալ, անցած տասնամեակներին թուրքական պետական-քաղաքական եւ հանրային շրջանակներում ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը հայութեան նկատմամբ շատ աւելի մեծ էին, քան հայութեան ատելութիւնը թուրքերի նկատմամբ:

Երբ Հայաստանի այսօրւայ ղեկավարը փորձում է երեւոյթը բացատրել այնպէս, թէ կարծես յայտնի չէ` թշնամութիւնը ում մեղքով է ընթացք առել, ով առաջինը սկսեց, յետոյ ով ում պատասխանեց, նա կա՛մ երկրի ղեկավարի համար աններելի չափով տգէտ է, կա՛մ փորձում է ձեռնածութիւն անել ճշմարտութեան հետ՝ ինչ-ինչ պղտոր նպատակներով:

Արեւմտահայութեան դուրսմղումը իր հազարամեայ բնօրրանից, սկզբում խաղաղ՝ տնտեսական, իրաւական եւ այլ ճանապարհներով, սկիզբ է առել դեռեւս 19-րդ դարի առաջին կէսին, իսկ նոյն հարիւրամեակի վերջին տասնամեակին որդեգրւել է արեւմտահայութեան ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որը դարձել էր առհասարակ բնիկ փոքրամասնութիւնների տարածքները իւրացնելու թուրքական գործելակերպ: Այս ամէնը, իհարկէ, պատմական անցեալ է, սակայն սկզբում միապետական կայսրութեան, այնուհետեւ հանրապետական իրարայաջորդ կառավարութիւնների համար ցեղապաշտական եւ նւաճողական գաղափարախօսութիւնը չփոխւեց: Եթէ փորձենք զուգահեռներ տանել, օրինակ, նացիստական Գերմանիայի հետ, ապա պէտք է փաստենք, որ նացիոնալ-սոցիալիստների անկումից յետոյ Գերմանիայում արմատախիլ արւեցին ֆաշիստական գաղափարախօսութիւնը եւ առհասարակ դրան առնչւող ամէն բան, անգամ խորհրդանշանների կամ գործող անձանց անունների շրջանառումը: Ֆաշիստական Թուրքիան երբեք չի հրաժարւել իր ռեւանշիստական եւ մարդատյաց վարդապետութիւնից, եւ ցանկացած նոր իշխանութիւն դառնում է դրա կրողը, կամ, աւելի շուտ, իշխանութեան յաւակնող ցանկացած ուժ յաջողութեան է հասնում հէնց այդ գաղափարների հետեւորդը լինելու շնորհիւ:

Ի՞նչ տարբերութիւն, օրինակ, հայակուլ Թալէաթի եւ արնախում Էրդողանի միջեւ: Թերեւս միայն ժամանակային առանձնայատկութիւնը, որը թելադրում է համապատասխան գործելակերպ: Էրդողանը չի էլ թաքցնում, այլ ընդգծում է այդ ժառանգական կապը՝ արժեւորելով երիտթուրք դահիճների յիշատակը, քայլ առ քայլ եւ բացայայտօրէն կենսագործելով նէոօսմանիզմի կայսերապաշտական ծրագրերը, շարունակելով ներկայիս Թուրքիայի տարածքի բնիկ ժողովուրդների ինքնութեան դէմ ուղղւած անողոք պայքարը, իսկ հայերին ուղղակիօրէն անւանում է «մեր թրի մնացորդները»: Էրդողանը հարիւր տարւայ սպասումից յետոյ, նպաստաւոր պահն ընտրելով, կատարեց պանթուրքիզմի ծրագրի հերթական քայլը՝ դառնալով Արցախի դէմ նոր պատերազմի գլխաւոր հովանաւորն ու կազմակերպիչը, Արեւելահայաստանի արեւմտեան` Կարս միջնաբերդի անկումից ճիշտ հարիւր տարի անց գրաւելով արեւելեան՝ Շուշի միջնաբերդը եւ ուղիներ հարթելով դէպի թուրքական երազանքի նպատակակէտերը՝ Ռուսաստանի հարաւ եւ Կենտրոնական Ասիա: Ի դէպ, ոչ պատահականօրէն նա այս իրողութիւնների առիթով յիշեց երիտթուրք պարագլուխներից մէկի՝ Էնւերի անունը:

Այս բոլորը, իհարկէ, յայտնի ու ակնյայտ իրողութիւններ են, սակայն անըմբռնելի է թւում, երբ այս ամենի խորապատկերին Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը տրամադրւածութիւն է դրսեւորում` արմատապէս վերանայելու թշնամի զոյգ պետութիւնների նկատմամբ պետական դիրքորոշումը վերջիններիս հետ առեւտրական փոխյարաբերութիւններ հաստատելու եւ այդ նպատակով սեփական երկրով իր կողմից անվերահսկելի հաղորդակցական ուղիներ տրամադրելու հարցում: Արտառոց է թւում նաեւ, որ այս բոլոր երազանքներն ի յայտ եկան կործանարար պատերազմից անմիջապէս յետոյ եւ նոյն ժամանակ, երբ թշնամին դեռեւս տարածքային ու քաղաքական նոր բնագծեր նւաճելու ոգեւորութեան մէջ է, չի դադարեցնում սադրանքները, յաւակնութիւնների ու յոխորտանքի ցուցադրումը: Հայաստանի երիտասարդ իշխանութիւնների այս «համարձակ» գաղափարները միանգամի՞ց ծնւեցին, հայութեան ռազմավարական առաւելութիւնները կորցնելուց յետո՞յ, թէ՞ կարելի է տրամաբանական կապ տեսնել այս քաղաքականութեան ջատագով նոր ուժի` իշխանութեան գալու պահից ձեռնարկած քայլերի մէջ՝ ազգային աւանդական արժէքների, կրթական ու գիտական ազգային հայեցակարգերի վերանայումից եւ դրանց կրողների դէմ ձեռնարկւած արշաւից մինչեւ պատերազմի ժամանակ դրսեւորած անհասկանալի վարքը, անակնկալ պարտութիւնը եւ դրան հետեւած քաղաքական այս նոր կողմնորոշումները: Պատահակա՞ն է, որ դեռեւս յետպատերազմեան ծանր մթնոլորտում երիտհայերը սկսեցին մէկը միւսի յետեւից յայտարարել, թէ մեր կողմից նախկինում ազատագրւած հողերը հայութեանը չեն պատկանել: Ի՞նչ նպատակով հնչեց երկրի ղեկավարի արտայայտութիւնը այն մասին, թէ տասնամեակներ առաջ Շուշին բացարձակ մեծամասնութեամբ ադրբեջանաբնակ է եղել: Մի կողմ թողնենք այսպէս արտայայտւողներին քաջ յայտնի պատմական փաստը, որ նախկին ԼՂԻՄ-ին յարակից շատ աւելի ընդարձակ տարածքներ ռուսական իշխանութիւնների կողմից են նւիրաբերւել նոր մոգոնւած Ադրբեջանին: Բոլոր այս արտայայտութիւնները նպատակ չե՞ն հետապնդում հայ հասարակութեանը համոզելու, թէ բոլոր կորուստները, անգամ «դժգոյն ու դժբախտ» Շուշիի յանձնումը եղել են տրամաբանական ու արդարացւած եւ մեծ ողբերգութիւն չեն: Անդրադառնալով արդէն երեք տարի Հայաստանում հաստատւած իրավիճակին` պէտք է արձանագրենք, որ տեղի է ունեցել ամենաաներեւակայելին ու սարսափելին՝ Արեւմուտքին ու Թուրքիային յաջողւել է Հայաստանում նախապատրաստել թրքամէտ դաւաճանների խառնախմբի եւ բերել նրան իշխանութեան: Դաւաճանութեան ստւերն ամենուր է` երկրի խորհրդարանից մինչեւ ազգային անվտանգութեան ու պաշտպանութեան համակարգեր:

Կը գայ, իհարկէ, պատեհ ժամանակը, երբ մենք պարտաւորւած կը լինենք մանրամասնօրէն քննելու այն հարցը, թէ ինչպէս պատահեց, որ անկախութեան 30 տարիներին թրքասիրութիւնն այսպէս ծլարձակեց մեր մէջ: Ինչո՞ւ հանդուրժւեց, որ հայ դիւանագէտը արտերկրում մտերմական փոխյարաբերութիւններ հաստատի թուրք շրջանակների հետ, գործարարը գործնական յարաբերութիւններ ձեւաւորի Թուրքիայում, ով չի ալարում բանակցում է, այսպէս կոչւած, «ժողովրդական դիւանագիտութեան» ձեւաչափի շրջանակում, եւ մի օր էլ պէտք է պարզւէր, որ հայ մասնագէտները թուրքերի հետ ճշգրտում են հայկական կրթական չափորոշիչները, նորացւած գնահատականներ ցեղասպանութեան ու Արցախեան պատերազմի վերաբերեալ եւ անգամ հայերի բացած դռներով քիթները խոթում են ցեղասպանութեան թանգարանի ու այլ ազգային արխիւներ: Իսկ ամենաակնառու հետեւանքն այն է, որ ամիսներ առաջ ցեղասպանական գործողութիւնների ենթարկւած հայութեան մի շօշափելի հատւածն այսօր, «լւացւած ուղեղով» հետեւում է, թէ թուրքական սպառնալիքն ինչպէս է սեւ ամպի պէս խտանում հէնց իր գլխին:

Համեմատութեան համար փորձենք մտաբերել, թէ անցած 30-ից աւելի տարիների ընթացքում եղե՞լ է մի ադրբեջանցի, ով կասկած է յայտնել Արցախի ադրբեջանական լինելու վերաբերեալ կամ կողմ է արտայայտւել, որ Արցախն անկախանայ իր երկրից: Հնարաւո՞ր է տալ մէկ թուրքի անուն, ով անցած 106 տարիների ընթացքում մէկ անգամ ասել է, թէ հայերին թէկուզ մէկ մետր հող պէտք է վերադարձնել իրենց հայրենիքից: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել մեզ, մեր հաւաքական յիշողութեան, արժանապատւութեան, վտանգի զգացողութեան հետ: Առողջ ու արթուն բնազդներով հասարակութիւնը կարո՞ղ էր գէթ մէկ օր հանդուրժել այսօրւայ դաւաճան իշխանութեան գոյութիւնը:

Երբ անկախացման օրերից ի վեր Դաշնակցութիւնը անդադար գոռում էր ազգային քաղաքականութեան, ազգային կրթութեան, ազգային մշակոյթի, ազգային տնտեսութեան եւ առհասարակ ամէն ներհայկական երեւոյթ ազգային բովանդակութեամբ օժտելու մասին, ոմանք հեգնում էին, ոմանք` անտարբերութեամբ արձագանքում, ոմանք էլ` Դաշնակցութեան «հին բարդույթների» հետեւանք համարում այս ահազանգ պարունակող մօտեցումները: Չհաշւած հասարակական-քաղաքական-գիտական առանձին շրջանակները` ըստ էութեան, երկրում ազգային բովանդակութեան գերակայութեան գաղափարը Դաշնակցութեան հետ հետեւողականօրէն պաշտպանել է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այնինչ Ադրբեջանում, օրինակ, դեռեւս մանկապարտէզից են սովորեցնում, թէ Ղարաբաղն իրենցն է, իսկ հայերն ադրբեջանցիների ոխերիմ թշնամիներն են: Մենք մօտ ապագայում պէտք է արմատապէս վերանայենք մեր մօտեցումները` գաղափարական հիմնասիւներ հաստատելով մեր ազգային եւ պետական կեանքում: Անտեղի չէ այս դէպքում ասել, որ մենք դատապարտւած ենք այդպէս ապրելու, դառնալու այնքան ուժեղ, որ ապահովագրւած լինենք արդէն մօտ երկու հարիւր տարի մեր տեսակը ոչնչացնելու ծրագիրը հետեւողականօրէն իրականացնող եւ այդ նպատակի վերջին փուլին հասած արիւնարբու ոսոխի սպառնալիքներից: Որքան էլ ցնորական թւայ, մենք պէտք է այնպիսի առաւելութիւններ ունենանք, որ մեր արեանը ծարաւ մարդկութեան տականքը վախենայ մեզ հետ գործ ունենալուց: Այդ մասին մեզ դաս են տալիս մեր նահատակները, որոնց յիշատակին մենք կը խոնարհւենք օրեր անց, եւ դա են մեզ հրամայում գալիք սերունդները, որոնց պարտաւոր ենք թողնել ապահով ու հզօր Հայրենիք:

 

«Դրօշակ», թիւ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։