Print this page
19/04/2021 - 13:15

Ամփոփագիր ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի կողմից կատարւած հիմնական աշխատանքների

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

(Ապրիլի 5-17, 2021 թ.)

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով։

 

Կանադա

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի թիւ մէկ քաղաքական առաջնահերթութիւնը վերաբերում էր թուրքական «Բայրակթար» անօդաչուներում օգտագործւող կանադական տեխնոլոգիաների դէպի Թուրքիա արտահանման նկատմամբ արգելք սահմանելուն։ Կատարւած աշխատանքները նախորդ շաբաթ պսակւեցին յաջողութեամբ, երբ կանադական կառավարութիւնունը կասեցրեց կանադական ռազմական արտադրանքի եւ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

Կանադայում աւարտւել է, Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութիւնը, որով փաստւել է Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղեան պատերազմի ընթացքում։ Ըստ այդմ, ապրլի 12-ին Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն յայտարարութիւն է տարածել՝ կանադական ռազմական արտադրանքի եւ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա կասեցնելու վերաբերեալ։ Մասնաւորապէս, խօսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման եւ տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակութիւն ունեն անօդաչու սարքի համար։

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակութեան ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործողութիւնների շնորհիւ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահաւաք, որով ԱՄՆ նախագահ Բայդէնին կոչ է արւում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Ստորագրահաւաքը նախաձեռնել են յայտնի կոնգրեսականներ եւ մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դէյւիդ Վալադաոն, Ջէքի Սփեյէրը։ Յատկանշական է, որ նախորդ ամիս նոյն պահանջով երկկուսակցական ստորագրաւաք է նախաձեռնւել նաեւ ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէզի նախաձեռնութեամբ, որին միացել էին թւով 38 սենատորներ։

Վերջին շաբաթների ընթացքում Հայ Դատի յանձնախմբի եւ գործակից կազմակերպութիւնների համալիր ջանքերի արդիւնքում, առաւել քան մէկ միլիոն նամակ է ուղղւել Սպիտակ տան վարչակազմնին՝ քաջալերելու նախագահ Բայդէնին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Ապրիլի 15-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիային եւ գերիներին վերաբերող հարցերը քննարկւել են ԱՄՆ Սենատում, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտօնում Վիկտորիա Նուլանդի թեկնածութեան քննարկման ժամանակ: Ռոբերտ Մենենդէզը բարձրացրել է հայ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու, Արցախին եւ Հայաստանին մարդասիրական օգնութիւն տրամադրելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացը վերականգնելու հրատապութեան մասին: Նոյն քննարկման ընթացքում, Թուրքիայի ապակայունացնող գործունէութեան վերաբերեալ հարց է բարձրացրել սենատոր Վան Հոլէնը։

 

Եւրոպա

Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնութեամբ ապրիլի 12-ին տեղի ունեցաւ առցանց համաժողով՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահւող անձանց վերաբերեալ։ Քննարկւեցին խնդրի իրաւական եւ քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախօսներն էին ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը, Եւրոպական խորհրդարանում Հարաւային Կովկասի հետ յարաբերութիւնների հարցերով պատւիրակութեան ղեկավար, պատգամաւոր Մարինա Կալիւրանդը եւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

Իր խօսքում Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանը շեշտեց, որ պատերազմի աւարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատութեան մէջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկիւնից երկարացնելուն ուղղւած քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետեւանքների շարունակութիւնն է: Մարդ արարածին, անգամ եթէ նա անազատութեան մէջ է, չի կարելի օգտագործել որպէս քաղաքական առեւտրի առարկայ՝ նորանոր օգուտներ կորզելու համար։ Եւրոպայում կառավարութիւնների լռութիւնն ու պասիւ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերեալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, յուսահատեցնող է Եւրոպայի սփիւռքահայութեան համար եւ, ըստ էութեան, իւրաքանչիւրի համար, ով մտահոգւած է այս խնդրով եւ ընդհանրապէս կարեւորում է մարդկային արժանապատւութիւնը»։

Աւելի վաղ, ապրիլի 7-ին ադրբեջանաթուրքական ագրեսիայով պայմանաւորւած ներկայ իրավիճակին է անդրադարձել Եւրոպական Խորհրդարանի անվտանգութեան եւ պաշտպանութեան ենթայանձնաժողովի նախագահ, պատգամաւոր Նաթալի Լոիզոն՝ ընդգծելով ղարաբաղեան հակամարտութեան հաւասարակշռւած կարգաւորման եւ գործուն քայլերով Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման հրատապ կարեւորութիւնը։

 

Աւստրալիա

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը, տեղի հայկական համայնքի անունից, բաց նամակ է յղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանեան կայսրութիւնում հայերի, ինչպէս նաեւ ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնը:
Յանձնախումբը յորդորել է վարչապետին՝ հաւատարիմ մնալ դեռեւս 2011 թւականին խորհրդարանում ունեցած ելոյթին, որում նա մասնաւորապէս յայտարարել էր. «Հայոց Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ իրականացւած ամենասարսափելի յանցագործութիւններից է: Կարեւոր է, որ մենք ճանաչենք Հայոց Ցեղասպանութիւնն այնպէս, ինչպէս որ է»:

Ի տարբերութիւն խորհրդարանական տարիների գործունէութեանը՝ արդէն վարչապետ Մորիսոնը, որը պաշտօնը զբաղեցնում է 2018 թւականից, հրաժարւել է կիրառել «ցեղասպանութիւն» եզրոյթը՝ տեղի տալով արտաքին ճնշումներին:

 

Կիպրոս

Ապրիլի 9-ին, կիպրական Ստրովոլոս քաղաքում բացւել է Արցախեան պատերազմում զոհւած ազատամարտիկների յիշատակին նւիրւած պուրակ։ Նախաձեռնութեան հեղինակներն են «Համերաշխութեան շարժում» կուսակցութեան առաջնորդ, Եւրոխորհրդարանի նախկին պատգամաւոր, Արցախի մեծ բարեկամ էլենի Թեոխարիուսը եւ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

17.04.2021 թ.

Յարակից լուրեր