Հա

Ազգային

20/04/2021 - 19:00

«Որեւէ իշխանութիւն Հայաստանում, թէ դուրսը չհամարձակւի՛ խնդրոյ առարկայ դարձնել Ցեղասպանութեան իրողութիւնը»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

Զգօն պէտք է լինենք, որ որեւէ իշխանութիւն Հայաստանում եւ որեւէ կառավարութիւն դուրսը չհամարձակւի խնդրոյ առարկայ դարձնել Ցեղասպանութեան իրողութիւնը՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ԳԱԱ-ում՝ «Հայոց Ցեղասպանութիւն․ Թուրքիայի պատասխանատւութիւնը երէկ եւ այսօր» կլոր սեղան-քննարկմանը։

«alikonline.ir» - Զգօն պէտք է լինենք, որ որեւէ իշխանութիւն Հայաստանում եւ որեւէ կառավարութիւն դուրսը չհամարձակւի խնդրոյ առարկայ դարձնել Ցեղասպանութեան իրողութիւնը՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ԳԱԱ-ում՝ «Հայոց Ցեղասպանութիւն․ Թուրքիայի պատասխանատւութիւնը երէկ եւ այսօր» կլոր սեղան-քննարկմանը։

«Ուրախ ենք նշելու, որ շատ երկրներ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել են վերջին 5 տարում։ Այս յաջողութեան համար պարտական ենք մեր ժողովրդի յամառ պայքարին աշխարհով մէկ, եւ, այդ պատճառով, ամէն տեսակի բացթողում, որ տեղի կունենայ Հայաստանի մէջ, թէ դուրսը այս հարցը նսեմացնելու, հարւած է բոլորիս դէմ։ Դա պէտք է նկատել ամենից կարեւոր ու մարդկային իրաւունքների պաշտպանութեան խնդիր, որի ճանաչումը, դատապարտումը եւ հատուցումը մեր բոլորի մտքի եւ խղճի պարտքն է»,-ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

ՀՅԴ համար Հայ Դատի ոլորտը, բնականաբար, կարեւորագոյն ոլորտներից է, որին լծւած է իր համաշխարհային կառոյցով՝ նշեց Բիւրոյի ներկայացուցիչը։ Երկար տարիներ տարբեր անւանումներով գործելուց յետոյ, ի վերջոյ, այսօր եկել է Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակի սահմանմանը։

Աշխարհով մէկ աշխատանքը ծաւալում է՝ կենտրոնական գրասենեակներ ունենալով ԱՄՆ-ում երկու մասնաճիւղերուվ՝ Նիւ Եօորք-Բոստոն առանցքը, ինչպէս նաեւ Լոս Անջելէսի շրջանային յանձնախմբերը, Մոսկւայի Հայ Դատի գրասենեակը, Հայաստանի կենտրոնական գրասենեակը, Միջին Արեւելքի կենտրոնական գրասենեակը եւ Եւրոպայի կենտրոնական գրասենեակը։

Այս կենտրոնական գրասենեակների շուրջ համախմբւած են 35 շրջանային յանձնախմբեր տարբեր երկրների մէջ։ ՀՅԴ Բիւրոն մշակում է ընդհանուր ռազմավարութիւնը, ապա յանձնախմբերը մարտավարական առաջադրանքը կատարում են ըստ տեղական պայմանների եւ առաջնահերթութիւնների։

Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց, որ ՀՀ անկախութիւնից յետոյ Հայ Դատի սահմանումը ունի 4 հիմնական ոլորտներ։

Առաջինը եւ ամենակարեւորը անկախութիւնից յետոյ Հայաստանի Հանրապետութեան իրազեկման՝ լոբբինգի, աշխատանքներն են աշխարհով մէկ, Արցախի Հանրապետութեան լոբբինգի աշխատանքն է, որի մէջ, բնականաբար, մաս է կազմում ինքնորոշման իրաւունքի տարածման խնդիրը, եւ, ուր որ հնարաւոր է, Արցախի անկախութեան ճանաչման հարցը։

Երկրորդը դասական օրակարգն է՝ Ցեղասպանութեան ճանաչման հետապնդում եւ պահանջատիրութեան էջը։

«Այս ուղղութեամբ մեր նախաձեռնութիւնն է շուրջ 2,5 տարի առաջ ստեղծել Արդարադատութեան եւ ժողովրդավարութեան հայկական իրաւական կենտրոն, որի հիմնական նպատակը Ցեղասպանութեան պահանջատիրութեան իրաւական հիմքերը ուսումնասիրելն է եւ տեսնելը, թէ, մանաւանդ Եւրոպայի դաշտի մէջ, ինչ կարելի է անել, որպէսզի այդ իրաւական բաժինը առաջ մղենք։ Նաեւ զբաղի Արցախի ճանաչման իրաւական հիմքերով»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

ՀՅԴ Արդարադատութեան եւ ժողովրդավարութեան հայկական իրաւական կենտրոնը այսօր զբաղւում է նաեւ գերիների վերադարձի հարցով, եւ Եւրոպայում դատ է բացել Հայաստանի իրաւական փաստաբանական մի խմբի հետ, որպէսզի գերիների վերադարձի պարտադրանքը ՀՀ կողքին նաեւ ինքն աջակցի, որ դառնայ իրականութիւն։

Երրորդ գլուխը վերաբերում է հայապատկան հողերի վրայ գտնւող հայութեան իրաւունքների խնդրին, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, լինի դա Արեւմտեան Հայաստանի, թէ այլ երկրների մէջ՝ տեղ-տեղ որպէս ազգային փոքրամասնութիւն, տեղ-տեղ որպէս իրաւական հիմք ունեցող համայնք այդ իրաւունքները պաշտպանելու իմաստով։

«Միջին Արեւելքի մէջ հայութիւնն ունի յատուկ իրաւունքներ, որ ժառանգել է Օսմանեան կայսրութիւնից յետոյ ստեղծւած պետութիւնների մէջ։ Այդ իրաւունքների հետապնդումն է Լիբանանի, Սիրիայի եւ այլ երկրներում, ազգային փոքրամասնութեան կարեւորագոյն խնդիրներից է պոլսահայութեան եւ Արեւմտեան Հայաստանի մէջ տարւող աշխատանքները, Ջաւախքի պարագան եւ Սփիւռքի մէջ նաեւ հայակերտումի խնդիրը»,- բացատրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Նա նշեց, որ իրենց համար հայապահպանումը ունեցածը պահպանելն է, իսկ հայակերտումը վերադարձի խնդիրը։

«Մենք այսօր ուրախ ենք տեսնելու, որ շատ շրջանների մէջ, ուր կորուսեալ հայեր ունէինք, կամ անւանապէս մնացած հայեր, որոնք անունով ու ազգանունով միայն հայ էին, այսօր բաւական մեծ թւով վերադարձ կայ դէպի հայութիւն, դէպի իրենց մշակոյթը, լեզուն, մէկ խօսքով՝ դէպի իրենց արմատները։ Այս օտարախօս երիտասարդութիւնը մեր շուրջ հաւաքելու, նրանց Հայաստանի եւ հայութեան դատին լծելու աշխատանքն է նաեւ, որ մաս կը կազմի այս երրորդ ոլորտին»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Իսկ չորրորդ հիմնական ոլորտը վերաբերում է երիտասարդութեան քաղաքականացման խնդրին, որպէսզի տարբեր երկրներում Սփիւռքի պարագայում հնարաւոր լինի այդ երիտասարդութեանը մղել քաղաքական կեանքի, քանի որ, Յակոբ Տէր-Խաչատուրեանի խօսքով, երբեմն անհրաժեշտ է նաեւ բերդը ներսից գրաւել այդ տարբեր երկրներում։

«Եւ ինձ համար մեծ ուրախութիւն էր տեսնել ձեր ստորագրութիւնները կրող կոչ-խնդրագիրը, որ հասաւ Վաշինգտոն՝ բաւական ազդեցիկ փաստաթուղթ հանդիսացաւ։ Սպիտակ տունը անդրադարձաւ նրան եւ մենք կօգտագործենք այդ իրողութիւնը, որ սա միայն ամերիկեան համայնքի պահանջք չէ, սա համահայկական պահանջ է եւ, շեշտելով ԱՄՆ նախագահի ելոյթը, որ մի քանի օրից լոյս է տեսնելու, կայ որոշ լաւատեսութիւն, բայց 100 տոկոսով կանխատեսել, թէ այդ ելոյթում ինչ եզրոյթ կը գործածւի հնարաւոր չէ»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Յարակից լուրեր

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Հանդիպում Արցախի երիտասարդների հետ
    Հանդիպում Արցախի երիտասարդների հետ

    Օրերս Արցախում էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, ովքեր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ հանդիպում են ունեցել Արցախի երիտասարդների հետ:

  • «ՀՅԴ-ն մղիչ ոյժն է այսօր, որ կը շարունակէ դաստիարակել սերունդներ». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «ՀՅԴ-ն մղիչ ոյժն է այսօր, որ կը շարունակէ դաստիարակել սերունդներ». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նւիրւած «130 տարին 130 րոպէում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021 թ.).

  • Փորձում ենք ժողովրդի մէջ արմատաւորել վճռականութիւն եւ յարատեւ պայքարի համոզմունք
    Փորձում ենք ժողովրդի մէջ արմատաւորել վճռականութիւն եւ յարատեւ պայքարի համոզմունք

    Եռօրեայ այցով Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

    Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ՀՅԴ Արցախի ԿԿ, ԱՀ ԱԳ նախարարի, ՀՅԴ անդամների, երիտասարդների հետ: 

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։