Հա

Ազգային

21/04/2021 - 09:40

ՀՅԴ-ն դեռեւս չի յստակեցնում՝ ինչ ձեւաչափով կը մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դեռեւս չի յստակեցնում միայնակ, թէ դաշինքով կը մասնակցի յունիսի 20-ին նախատեսւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դեռեւս չի յստակեցնում միայնակ, թէ դաշինքով կը մասնակցի յունիսի 20-ին նախատեսւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։

Իր մասնակցութեան մասին մտադրութիւնը կուսակցութիւնը ապրիլի 19-ին էր յայտարարել: «Ազատութեան» հետ զրոյցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն էլ շտապեց ընդգծել «եթէ» բառը, քանի որ վերջնական վստահութիւն չունեն, որ ընտրութիւնները տեղի կունենան։

«Իսկ ինչ ձեւաչափով կը մասնակցենք այդ ընտրութիւններին, երբ որ յայտարարւի ընտրութիւնների մասին, այն ժամանակ կը քննարկենք եւ վերջնական մեր որոշման մասին հանդէս կը գանք: Հիմա շարունակւում են քաղաքական կոնսուլտացիաները»,- նշեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը:

Կոնսուլտացիաներն, ըստ Սաղաթելեանի, ընթանում են տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ, այդ թւում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ։ Վերջինս մօտ 20 օր առաջ Վլադիմիր Պոզների հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ հաստատել էր իր մասնակցութիւնը արտահերթ ընտրութիւններին դաշինքով, եւ ընդգծել՝ ամենայն հաւանականութեամբ, դաշինքում կը լինի երկու կուսակցութիւն։ Թէեւ երկրորդ նախագահը չէր յստակեցրել, թէ որ կուսակցութիւններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու համար, այդուհանդերձ մամուլում շրջանառւող լուրերի համաձայն՝ քաղաքականութիւն վերադարձած Քոչարեանի դաշինքի կուսակցութիւններից մէկը հէնց ՀՅԴ-ն է լինելու։ Ինքը՝ Քոչարեանը որեւէ կուսակցութիւն անդամ չէ։

Դաշնակցութեան ներկայացուցիչ Սաղաթելեանը չհերքեց, որ օրերս ՀՅԴ համահայաստանեան Գերագոյն ժողովի ժամանակ քննարկւել է դաշինքով ընտրութիւններին մասնացելու հարցը, սակայն անուններ չնշեց. «Կը յայտնենք բանակցութիւնները աւարտելուց եւ ընտրութիւն նշանակելուց յետոյ»:

Արտահերթ ընտրութիւնները լաւագոյն ձեւը չեն իշխանափոխութեան համար, այդուհադներձ, արտախորհրդարանական կուսակցութիւնում վստահ են, որ ժողովրդական պայքարի արդիւնքում իշխանութիւնները ստիպւած էին գնալ այդ քայլին։

Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ փողոց դուրս եկած 17 ընդդիմադիր քաղաքական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկութեան շարժման» հետ, որը պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր անցկացնում։ «Ազատութեան» հետ զրոյցում Սաղաթելեանը հաստատեց, որ շարժման ներսում տարաձայնութիւններ եղել են ընտրութիւններին մասնակցել-չմասնակցելու վերաբերեալ։

«Անկեղծ ասեմ՝ այո, որովհետեւ, երբ որ կուսակցութիւնները մտածեցին ընտրութիւնների գնալու մասին եւ սկսեցին դա դիտարկել այս իշանութիւններին հեռացնելու ճանապարհ, այո, շարժումն այդ իմաստով տուժեց»,- նշեց Սաղաթելեանը:

Թէպետ շարժումը տուժեց, բայց Իշխան Սաղաթելեանը վստահեցնում է՝ նպատակից չեն շեղւել, պահանջը նոյնն է. «Այսօրւայ կառավարութիւնը վարչապետի գլխաւորութեամբ վտանգ է մեր երկրի, հասարակութեան, պետականութեան ու ժողովրդի համար եւ օր առաջ պէտք է հեռանայ: Էդ հեռացման ճանապարհային քարտէզի մէջ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն»:

Իշխան Սաղաթելեանը տեղեկացրեց, որ փողոցային պայքարից այս ընթացքում էլ չեն հրաժարւում. առաջիկայում աւելի յստակ կը ներկայացնեն՝ ինչ, որտեղ, երբ։ Իսկ թէ ինչպէս են պատրաստւում արտահերթ ընտրութիւններին, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցչի խօսքով, դեռ քննարկում են. նախնական ցուցակներ չեն կազմել, անուններ չեն քննարկւել. «Ի տարբերութիւն գործող վարչապետի կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, մենք քարոզարշաւ չենք սկսել»:

Տարածած հաղորդագրութեան մէջ ՀՅԴ-ն ընդգծում է, որ ընտրութիւնների անւան տակ իշխանութիւնը փորձելու է ամէն ինչ անել վերարտադրւելու համար։ Պնդում էր՝ իշխանութիւնը կեղծելու է ընտրութիւնները։ Հարցին՝ ի՞նչ հիմքեր կան, Դաշնակցութեան ներկայացուցիչը պատասխանեց՝ բազմաթիւ փաստեր, սակայն դեռ չի նշում։ Իրենց մասնակցութեամբ էլ փորձելու են կանխել այդ ամէնը։

«Եթէ կը փորձեն դա անել, ուրեմն յետընտրական պրոցեսով կը քշենք սրանց»,- նշեց Սաղաթելեանը:

Տարբեր տարիների Սերժ Սարգսեանի ղեկավարած Հանրապետականի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրութիւնների ժամանակ ստացել էր ընտրողների ձայների 3.88 տոկոսը։ Ինչո՞ւ են վստահ, որ պատմութիւնը չի կրկնւի. «Մենք համոզւած ենք, եթէ առանձին գնանք կը յաղթահարենք, ոչ միայն կը յաղթահարենք, այլ բաւականին լաւ արդիւնք կը գրանցենք, բայց մեր նպատակն այս ընտրութիւններին մանդատ ունենալը չէ, մեր գերագոյն գլխաւոր նպատակն այս չարիք իշխանութիւններից ազատւելն է»:

Իրավիճակ է փոխւել, յաւելում է Սաղաթելեանը՝ ընդգծելով՝ մարդիկ, որ 2018-ին վստահել ու ընտրել էին Փաշինեանին, յատկապէս պատերազմից յետոյ խորը հիասթափութիւն են ապրում։ «Ազատութեան» հարցին՝ արդեօք արտահերթ ընտրութիւնները իրականում կարտայայտեն ժողովրդի կամքը՝ հաշւի առնելով, որ հիասթափութիւնը մեծ է նաեւ նախկին իշխանութիւններից։

«Նախկինում տեղի ունեցած որեւէ արատաւոր երեւոյթ այլեւս չի կրկնւելու, նայենք առաջ եւ ամենակարեւորը՝ մենք խօսելու ենք ապագայից, մենք խօսելու ենք Հայաստանի ու Արցախի ապագայից ու երաշխաւորւած ապագայից»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ կարծում է՝ հնարաւոր ընտրութիւնները անցնելու են լարւած միջավայրում, դժւար է պատկերացնել, որ տեղի կունենան բովանդակային, ծրագրային քննարկումներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։