Հա

Ազգային

22/04/2021 - 17:00

ԱՄՆ-ում հատուցման հայցեր ներկայացնելու հնարաւորութիւն կը տայ գործադիրի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը

ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչումը նաեւ հնարաւորութիւն կը տայ իրաւական գործեր յարուցելու ԱՄՆ դատարաններում Թուրքիայի դէմ հատուցման հարցերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

«alikonline.ir» - ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչումը նաեւ հնարաւորութիւն կը տայ իրաւական գործեր յարուցելու ԱՄՆ դատարաններում Թուրքիայի դէմ հատուցման հարցերով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

Նա նշեց, որ ԱՄՆ գործադիր իշխանութեան ճանաչումից յետոյ աւելի հեշտ կը լինի դիմել դատարաններ, քանի որ մինչ այս դատարանների որոշումներ կան, որ ասում են՝ դա արտաքին քաղաքականութեան հարց է, եւ այդ պատճառաբանութեամբ հայցերը կասեցւել են կամ սառեցւել։

Կիրօ Մանոյեանը նշեց, որ այս տարի ԱՄՆ հայ համայնքի կողմից աւելի քան մեկ միլիոն նամակներ են ուղարկւել ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաների, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 115-ից աւելի անդամներ նամակով դիմել են նախագահ Բայդէնին, 4 տասնեակ սենատորներ նոյն դիմումով են հանդէս եկել։

«Ինչո՞ւ է կարեւոր այս տարին, որովհետեւ ընդհանրապէս նախագահը նման քայլեր եթէ պիտի կատարի՝ ԱՄՆ գործադիր իշխանութեան քաղաքականութեան մէջ ինչ-որ փոփոխութիւն պիտի մտցնի, արդէն իր առաջին տարւանից դրա ազդանշանը պէտք է տայ, քանի որ դրանից յետոյ շատ հարցեր կը խճողեն։ Եթէ անելիք ունի՝ հիմա պէտք է անի։ Դա ցոյց տւեց նաեւ նախագահ Օբամայի չարածը՝ առաջի տարին երբ չարեց, պարզ է, որ հետագային չի անելու։ Այս տարի այդ իմաստով կարեւոր է, որ ցոյց տայ նախագահ Բայդէնը, եթէ դիրքորոշման փոփոխութիւն լինելու է»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Նա վստահեցրեց, որ եթէ Բայդէնը ասի «Ցեղասպանութիւն» բառը, դա միայն նախագահի խօսք չի լինի, այլ ԱՄՆ գործադիր իշխանութեան քաղաքականութեան փոփոխութիւն։

«Հիմա հնարաւոր չէ ասել՝ կարտաբերի՞ այդ խօսքը, թէ՞ ոչ, որովհետեւ ամերիկեան օրաթերթերի հաղորդումները, որ՝ Բայդէնը այս տարի կը փոխի կեցւածքը, չեմ կարծում, որ շատ անհամընթաց է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեաների կարծիքին, քանի որ այդպես նախապատրաստում են միջավայրը մեզ համար եւ թուրքերի համար»,- ասաց նա։

Կիրօ Մանոյեանը համարում է, որ ԱՄՆ-ը արդէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, քանի որ  երկու պալատները ճանաչել են։

30 պետութիւն արդէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը․ Կիրօ Մանոյեանն ասում է՝ այստեղ հարցն այն է, թէ նպատակն ի՞նչ է Ցեղասպանութեան ճանաչման։ Սառը պատերազմի տարիներին ճամբարներից մէկում բնակւող հայութիւնը պահանջում էր, որ ճանաչումից յետոյ յադ հողերը միացնենք Հայաստանի պետական կազմաւորմանը՝ Խորհրդային Հայաստանին, միւս մասն էլ ասում էր՝ այդ տարածքները պէտք է միացնեն հայ ժողովրդին։ Այդ տարիներին բարդ էր հարցը։ Այնինչ այսօր յստակ է, որ տարբեր պետութիւնների կողմից տարբեր մակարդակներով Ցեղասպանութեան փաստի ճանաչումը դառնալու է ճնշում Թուրքիայի վրայ, որպեսզի ընդունի իր  պատասխանատւութիւնը եւ հատուցի հայ ժողովրդին։

Կիրօ Մանոյեանը նաեւ ընդգծեց, որ ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից Ցեղասպանութեան փաստի ճանաչումը կը դիւրացնի մեր գործը մինչեւ այսօր չճանաչած պետութիւնների հետ աշխատանքում։

«Մինչեւ այսօր, օրինակ, Իսրայէլը չի ճանաչել Թուրքիային չանհանգստացնելու համար, բայց եթէ ԱՄՆ գործադիր իշխանութիւնը անտեսի Թուրքիայի նւնւոցը, աւելի հեշտ կը լինի նաեւ Իսրայէլի հետ աշխատելը»,- պարզաբանեց նա։

Կիրօ Մանոյեանը մտահոգութիւն յայտնեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացները արտառոց վիճակի մէջ են դրել Ցեղասպանութեան ճանաչման հարցով զբաղւողներին։

«Շատ հարցերում պատերազմի աւարտից յետոյ ՀՀ արտգործնախարարութիւնը մէկ բան է ասում, ՀՀ վարչապետի գրասենեակը կամ ԱԺ քաղաքական գրասենեակը ուրիշ բան է ասում․ մի կաողմից ԱԽ քարտուղարն ասում է, որ մենք մեր ասածների մեջ տարածաշրջանում պէտք է շտկումներ կատարենք եւ այդ ուղղութեամբ աշխատում ենք, ԱԳՆ-ն ասում է՝ ես տեղեակ չեմ շտկումերից, մէկ կողմից ասւում է՝ պէտք է խօսենք չթշնամանքի մասին, միւս կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը յստակ ասում է, որ ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից ճանաչումը տարածաշրջանում անվտանգութեան իմաստով դրական ազդեցութիւն կունենայ։ Հակասութիւնը հէնց գաղափարական մօտեցման մէջ է»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Նա համոզւած է, որ այս իշխանութիւններով ՀՀ-ն, ցաւօք, այս տեսանկիւնից համեմատաբար դրական տրամադրութիւնները ցանկութեան դէպքում էլ չի կարող լաւագոյնս օգտագործել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։