Print this page
23/04/2021 - 17:00

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը՝ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործողութիւնների եւ յայտարարութիւնների վերաբերեալ

Ադրբեջանի բռնապետին խստօրէն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատւութեան հետ. մարդկութեան պատմութեան գրեթէ բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։

Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները յարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրոյթը։ Պատերազմի ելքը Ալիեւի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատեացութեան նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրութիւնը ոտնահարելու փորձեր կատարելու եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնելու։ Բաքւի քաղաքական վարքը, ինչը մեծապէս ազդւած է Թուրքիայի կեցւածքից, անվերադարձելիօրէն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միաւորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգութիւնն առկայ սահմանների անձեռնմխելիութիւնը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղաւորւում են նաեւ ցեղասպանական մտադրութիւնների համատեքստում՝ արտայայտւելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու եւ վերջինիս տիրանալու անթաքոյց նկրտումներով։

Ղարաբաղեան առաջին պատերազմում կրած պարտութիւնից բարդոյթաւորւած՝ Ադրբեջանի պահւածքը յիշեցնում է ոչ թէ պատերազմում յաղթանակած կողմի, այլ մարդկութեան նկատմամբ հերթական յանցագործութիւնից իրականութեան զգացումը կորցրած սուբիեկտի։

Վերջերս Բաքւում բացւած «ռազմական աւարի պուրակը» մարդատեացութեան եւ բանականութեան խեղման այնպիսի մի դրսեւորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռեւս 20-րդ դարի երկրորդ կէսից, երբ նորագոյն ժամանակաշրջանի բռնատիրութիւնների կործանումից յետոյ, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առեւտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ բացայայտ յաւակնութիւնները, մեր ժողովրդի կեանքի իրաւունքի հանդէպ ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ թորւք-ադրբեջանական բարձրագոյն մակարդակից հնչեցւած սպառնալիքները գալիս են փաստելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ շարունակական թշնամանք երաշխաւորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։

Ստեղծւած ծայրաստիճան պայթիւնավտանգ իրավիճակի եւ դրանում Թուրքիայի առանցքային դերակատարութեան կապակցութեամբ, արդէն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետութիւնների, միջազգային կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս համաշխարհային հանրութեան հետ։

Ադրբեջանի բռնապետին խստօրէն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատւութեան հետ. մարդկութեան պատմութեան գրեթէ բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։

Ղարաբաղեան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծւած, հետեւաբար՝ շարունակելու ենք յանուն Արցախի վերականգնման եւ Հայաստանի արժանապատւութեան հայութեան արդար պայքարը:

 

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23 ապրիլի 2021 թ.

Յարակից լուրեր