Հա

Ազգային

24/04/2021 - 20:50

Ջօ Բայդէնն օգտագործեց «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը

Ամէն տարի այս օրը մենք յիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանեան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ժամանակ եւ կրկին յանձն ենք առնում կանխել նման վայրագութեան կրկնումը երբեւէ: Սկսած 1915 թւականի ապրիլի 24-ին Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ մտաւորականների եւ Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալութեամբ՝ մէկուկէս մլն հայ է տեղահանւել, կոտորւել կամ մահւան ուղարկվել բնաջնջման արշաւի շրջանակում

«alikonline.ir» - ԱՄՆ 46-րդ նախագահ Ջօ Բայդէնը ապրիլքսանչորսեան իր ուղերձում օգտագործեց «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը։ Բայդէնի յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ.

«Ամէն տարի այս օրը մենք յիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանեան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ժամանակ եւ կրկին յանձն ենք առնում կանխել նման վայրագութեան կրկնումը երբեւէ: Սկսած 1915 թւականի ապրիլի 24-ին Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ մտաւորականների եւ Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալութեամբ՝ մէկուկէս մլն հայ է տեղահանւել, կոտորւել կամ մահւան ուղարկվել բնաջնջման արշաւի շրջանակում: Յարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը, որպէսզի կատարւածի սարսափները երբեք չմոռացւեն պատմութիւնից: Եւ մենք յիշում ենք, որ մշտապէս զգօն ենք մնալու ատելութեան կործանարար ազդեցութեան դէմ պայքարում՝ դրա բոլոր դրսեւորումներում:

Վերապրածներից շատերը ստիպւած են եղել նոր տներ գտնել աշխարհով մէկ, այդ թւում՝ Միացեալ Նահանգներում: Ուժով եւ ճկունութեամբ հայ ժողովուրդը վերապրել  եւ վերակառուցել է իր համայնքը: Տասնամեակներ շարունակ հայ ներգաղթեալները հարստացրել են Միացեալ Նահանգները անթիւ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմութիւնը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը: Մենք յարգում ենք նրանց պատմութիւնը: Մենք տեսնում ենք այդ ցաւը: Մենք վերահաստատում ենք պատմութիւնը: Մենք սա անում ենք ոչ թէ մեղադրելու համար, այլ որպէսզի կատարւածը երբեք չկրկնւի:

Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկէք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մի աշխարհ, որն աղտոտւած չէ ամենօրեայ ֆանատիզմի եւ անհանդուրժողականութեան չարիքներով, որտեղ մարդու իրաւունքները յարգւած են, եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կեանքն ապրել արժանապատիւ եւ անվտանգ: Եկէք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականութիւնը ողջ աշխարհում վայրագութիւնները կանխելու հարցում: Եւ եկէք ձգտենք ապաքինման եւ հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Հայ ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կեանքն են կորցրել Ցեղասպանութեան ժամանակ, որը սկսւել է 106 տարի առաջ այս օրը»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ տեղեկութիւն էր տարածւել այն մասին, որ Բայդէնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտնել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։