Հա

Ազգային

25/04/2021 - 08:05

«Վարձքներդ կատա՛ր, ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նւիրեալներ». Ի. Սաղաթելեանի յայտարարութիւնը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարութիւն է տարածել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարութիւն է տարածել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով։

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Վարձքներդ կատար, ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նւիրեալներ

Ամերիկայի Միացեալ նահանգների նախագահ Ջօ Բայդէնը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, ԱՄՆ-ն դարձաւ ե՛ւ օրէնսդիր, ե՛ւ գործադիր իշխանութեան մակարդակով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւններից մէկը։ Սա նշանակում է, որ էապէս փոխւում է Թուրքիայի նկատմամբ Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութիւնը։ Պատմական այս ձեռքբերումը հնարաւոր եղաւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի տասնամեակներ տեւող անխոնջ ու նւիրական աշխատանքի արդիւնքում։

Չնայած Հայաստանի ապաշնորհ իշխանութիւնները նախորդ երեք տարիների ընթացքում, ի թիւս այլ ուղղութիւնների, տապալեցին արտաքին յարաբերութիւնները նաեւ Միացեալ Նահանգների հետ, չնայած Թուրքիայի հետ յարաբերութիւնների վերաբերեալ պաշտօնական Երեւանի անյոդաբաշխ յայտարարութիւններին` Սպիտակ տան վարչակազմը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը։

Այս ձեռքբերման երախտիքը մեծապէս Հայ Դատի նւիրեալներին է պատկանում։ Սկսած 1944 թ., երբ Նիւ Եօրքում Դաշնակցութիւնը հիմնադրեց Հայ Դատի համաշխարհային ցանցը, բազմաթիւ սերունդներ պայքարել են հէնց այսօրւայ համար։

Այժմ, երբ իրականութիւն դարձաւ Հայ Դատի կարեւոր նպատակներից մէկը, շնորհակալութեան խօսք պիտի յղենք Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ներկայ ու նախկին պատասխանատուներին, ԱՄՆ ամբողջ տարածքում սփռւած Հայ Դատի յանձնախմբերին եւ ընդհանրապէս ամերիկահայ համայնքին ու կազմակերպութիւններին։

Յատուկ ուզում եմ ընդգծել Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի առանցքային ու առաջնորդող դերը այս պայքարում։ Համոզւած եմ՝ գրասենեակի գերհզօր ու մասնագիտական բարձր յատկանիշներ ունեցող թիմը մեզ դեռ նորանոր յաղթանակներ է պարգեւելու, իսկ նախորդ շաբաթ, Հայոց Ցեղասպանութեան պահանջով Սպիտակ տուն ուղղւած աւելի քան մէկ միլիոն նամակները, դեռ երկար ժամանակ յիշւելու են Սփիւռքի միջազգային դերակատարութիւնն ուսումնասիրող մասնագէտների կողմից։

Վերջապէս, կատարւածը մէկ անգամ եւս ցուցում է, որ աւելի քան 130-ամեայ Դաշնակցութիւնը անխուսափելիօրէն հասնում է իր նպատակներին՝ նոյնիսկ եթէ պահանջւի տասնամեակների աշխատանք։

Պայքարը շարունակւում է եւ, ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամիների, հետեւողական աշխատանքով հասնելու ենք մեր ազգային իղձերի իրականացմանը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։