Հա

Ազգային

25/04/2021 - 12:20

Խաղաղասիրական ճիգերը միակողմանի են եւ իրականանալի չեն, քանի դեռ մեր թշնամին դրա համար ոչ մի քայլի չի դիմել

«Լուրեր.com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

«alikonline.ir» - «Լուրեր.com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

 

- Տիկի՛ն Պօղիկեան, ի՞նչ միջոցառումներ էք իրականացնելու ապրիլի 24-ին:

- Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը կը յիշատակւի Սիրիայի բոլոր նահանգներում` ինչպէս ամէն տարի: Սիրիահայութիւնը միջոցառումներ պիտի իրականացնի մի քանի նպատակներով: Առաջինը, անշուշտ, մեր երիտասարդութեան յիշողութեան մէջ վառ պահելու մեր իրաւունքների ձեռքբերման հրամայականը, երկրորդը` քարոզչական տարբեր միջոցներով բացատրել ցեղասպանութեան էութիւնը: Թուրքիայի ներկայ իշխանութիւնների կողմից մինչեւ օրս շարունակւում է հայ ազգի իրաւունքների ոտնահարումը, հայ ժողովրդի բնաջնջումը, սպանութիւնը, ինչպէսեւ տեսանք Արցախում վերջին պատերազմի ժամանակ: Հալէպում կը կազմակերպւի ջահերով երթ, քայլարշաւ՝ Նոր Գիւղից մինչեւ ազգային գերեզմանատուն, որտեղ տեղի կունենայ հանրահաւաք եւ ներկայ կը լինեն սիրիական լրատւամիջոցներ, տեղացի հիւրեր, հայկական միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Սիրիայի 3 հայ համայնքներում տեղի կունենայ ոգեկոչման հանդիսութիւն՝ հովւապետերի կազմակերպմամբ եւ ներկայութեամբ: Կը լինեն երիտասարդական հաւաքներ, դասախօսական շարքեր, բանախօսութիւններ: Կենտրոնական հանդիսութիւնը տեղի կունենայ ապրիլի 24-ի երեկոյեան՝ սիրիահայ կազմակերպութիւնների եւ միութիւնների մասնակցութեամբ: Երկրում բոլոր պայմանները թոյլատրւած են մեզ, որպէսզի ազատ, անկաշկանդ ձեւով իրականացնենք այս միջոցառումները:

 

- ՀՀ ներկայ իշխանութիւնները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղութիւն եւ բարեկամութիւն հաստատելու կոչեր են հնչեցնում. ի՞նչ էք կարծում, արդեօ՞ք դա հնարաւոր է:

- Խաղաղասիրական այս ճիգերը բնական են. ցանկացած երկիր ձգտում է իր հարեւանների կողքին խաղաղ պայմաններում ապրել, բայց խաղաղասիրութիւնը միակողմանի չի ընթանում եւ պայմաններով առաջ չեն գնում: Իմ կարծիքով` Հայաստանը միշտ ձգտել է խաղաղ պայմանների, սակայն այս բոլորն օգտագործւել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ էլ նախապայմաններով են առաջ շարժւել եւ, փաստօրէն, դրանց մէկ մասն իրականացրին՝ վերագրաւելով Արցախի մեծ մասը: Կարծում եմ, որ այս թեզը մէջտեղ նետելով Թուրքիան կրկին պայմաններ առաջ կը քաշի եւ կը ջանայ իրականացնել դրանք՝ ստիպելով հայկական կողմին հրաժարւել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետապնդման հարցից, ինչը նշանակում է ոտնահարել հայ ժողովրդի իրաւունքները: Այս խաղաղասիրական ճիգերը միակողմանի են եւ իրականանալի չեն այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ կողմը, որ մեր թշնամին է, խաղասիրական ոչ մի քայլի չի դիմել։ Արցախեան վերջին պատերազմն էլ ցոյց տւեց, որ Թուրքիան հնարաւոր բոլոր ձեւերով նեցուկ կանգնեց Ադրբեջանին եւ 5000 նահատակների պատճառ դարձաւ. այսպիսի հոգեբանութեամբ եւ վարքագծով պետութիւնների հետ խաղաղասիրութեան կոչերն անպտուղ եմ համարում։ Այդ երկրները խլում են միւսների իրաւունքները, ոտնահարում են դրանք, առաջ են շարժւում ահաբեկչական նկրտումներով, եւ խաղաղութիւն կը հաստատւի միայն այն պարագայում, երբ իրենք ընդունեն պատմական իրողութիւնները, հաստատեն հայ ժողովրդի իրաւունքները, ապահովեն մեր անվտանգութեան երաշխիքները, ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը, այլապէս Թուրքիան կը շարունակի պանթուրքական ծրագրերը:



- Այսօր, երբ յեղափոխութեան էյֆորիան անցել է, արդեօ՞ք հասարակութիւնը նորից կընտրի այս իշխանութիւններին, եւ եթէ ոչ, ապա, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ուժեր կընտրւեն:

- Մենք հաւատում ենք, որ հայ ժողովուրդն ունի այն գիտակցութիւնն ու յանդգնութիւնը, որ այսքան կորուստներ ունենալուց յետոյ պիտի ոտքի կանգնի, ընտրի այնպիսի ուժերի, որոնք կը պաշտպանեն երկրի ազգային, քաղաքական շահերը։ Այդ ուժերը չեն մղւի տարածաշրջանային գերտէրութիւնների շահերի ապահովման համար մեր երկրի շահերն անտեսման տանող այնպիսի քաղաքականութեամբ, որը, ի վերջոյ, երկիրն աւելի կաղքատացնի, ժողովրդին աւելի խեղճ կը դարձնի եւ կը ստրկացնի: Տարածաշրջանային մեծ պետութիւնների, գերտէրութիւնների շահը յստակ է. նրանք ուզում են ամէն ինչ լուծւած տեսնել, կարեւոր չէ՝ ում հաշւին, ուժն է խօսողը, այնպէս որ, եթէ մենք մեր երկրի, ժողովրդի իրաւունքները չպաշտպանենք, գերտէրութիւնները սկուտեղի վրայ մեր իրաւունքները չեն յանձնի մեզ: Պիտի մեր տարակարծութիւնները մի կողմ դնենք, մեր կարելիութիւններն առաւելագոյն ձեւով օգտագործենք: Պիտի յուսանք, որ այս ընտրութիւններում կընտրւեն այնպիսի ուժեր, որոնք այս բոլորը քայլ առ քայլ, առանց զգացական պոռթկումների կիրականացնեն եւ Հայաստանը ոտքի կը կանգնեցնեն։

Արցախի հարցը փակւած չէ, մեզ համար Արցախը մնում է այն արժէքը, որ իր ներկայութեամբ կը պաշտպանի նաեւ Հայաստանի սահմանները: Անհրաժեշտ է Արցախի կարգավիճակի լուծման քայլերն արագացնել եւ չանտեսել, որովհետեւ եթէ մենք չբարձրաձայնենք, Ադրբեջանն այդ հարցն ի նպաստ իրեն կլուծի՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները եւ տարբեր միջոցներ, Թուրքիան էլ կաջակցի նրան: Դիւանագիտական լարւած ճիգերով պէտք է հետապնդել Արցախին կարգավիճակ տալու հարցը։

 

Արփինէ Յակոբեան

Յարակից լուրեր

  • Թուրքիան նոր արշաւ է սկսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ
    Թուրքիան նոր արշաւ է սկսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ

    Թուրքիայի կառավարութիւնը որոշ ոլորտներում սկսում է «հանրային դիւանագիտութեան» արշաւը` ուղղւած Թուրքիայի «խարխլւած իմիջի բարելաւմանը»:

  • Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան յոգնել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «կեղծ մեղադրանքներից»
    Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան յոգնել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «կեղծ մեղադրանքներից»

    Ինչո՞ւ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այդքան լարւած: Իհարկէ՛, պարոն Բայդէնի հետ մեր հանդիպմանը մենք կը հարցնենք, թէ ինչու. այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տւած հարցազրոյցում:

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • 907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
    907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։