Հա

Ազգային

26/04/2021 - 09:30

«Հայրենադաւը հրաժարական չէր տայ, եթէ չլինէր մեր պայքարը». Գեղամ Մանուկեան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի հրաժարականին։ 

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի հրաժարականին։ Գրառումը՝ ստորեւ․

«Հողատուի հրաժարականն ու մեր երիտասարդների կապտուկները։ Կամ Արսէն Մարտոյեանը կը յաղթի Նիկոլին

Այսօր առաւօտեան երկու դրւագ իրար խառնւեց։ Ճնշւած, նւաստացած դէմքով հայրենադաւը կարճ խօսքով յայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ շեշտելով, թէ մնալու է վարչապետի պաշտօնակատար։ Նոյն այդ րոպէներին մէկ էլ նկատեմ, որ որդուս ուսերին կապտուկներ են։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ։ Պատասխանը կարճ էր՝ բերման ենթարկելիս, երբ ոստիկանները հերթական անգամ ծառայում էին այսօր հրաժարական տւած հայրենադաւին։ Դստերս ոտքի մեծ կապտուկն արդէն նախօրէին էի տեսել։ Ծառայողներն անգամ աղջիկներին չէին խնայել։

Հիմա ասեմ՝ ինչու կապտուկները յիշեցրին հրաժարականի պահին։ Լուսանկարներում Արսէն Մարտոյեանն է։ ՀՅԴ երիտասարդական միութեան անդամ, ՀՅԴ Պատանեկան միութեան պատասխանատուն, ՀՅԴ Կամաւորական Շարժում ՀԿ վաշտերի կազմում մեր հարիւրաւոր ընկերների հետ 2020 թ. սեպտեմբեր 27-ին առաջնագիծ մեկնած։ Մատաղիսում ստացել էր ծանր վիրաւորում։ Հրաշքով փրկւել էր։ Դիպուկահարի փամփուշտն անցել էր ողջ մարմնով ու բարեբախտաբար չէր վնասել որեւէ օրգան։ Անցնող ամիսների բողոքի ցոյցերին պարբերաբար բերման է ենթարկւել ոստիկանների կողմից։ Այս լուսանկարում նրան ուղղակի ծեծում են հայրենադաւի ծառաներն ու քարշ տալիս։ Յաջորդ օրը տխրութեամբ ասաց՝ ափսոս, Դաշնակցութեան զինանշանը կորաւ։

Ինչո՞ւ այս ամէնը գրեցի։ Այսօր հայրենադաւի հրաժարականի յայտարարութիւնը քամահարանքով ընդունւեց, եւ այդպէս էլ կը լինէր։ Բայց ինչո՞ւ հրաժարական տւեց։ Իր կամքո՞վ, ցանկութեա՞մբ։ Համոզւած եմ՝ ոչ։ Չլինէին մեր երիտասարդների կապտուկները, չէր լինի այս հրաժարականը։ Յիշէք՝ որտեղի՞ց սկսեցինք։ 2020 թւական, նոյեմբերի 11, Թումանեան փողոց, 15։00 մօտ 200 հոգով հաւաքւած էինք ու ծովածաւալ ոստիկանութիւն։ Յանկարծ Հրանտ Մարգարեանի բացականչութիւնը՝ նիկոլ, դաւաճաաան… ու գնաց։ Ոստիկանութեան շղթան ճեղքելով՝ արդէն Ազատութեան հրապարկում էինք, հազարաււորները։ Յետոյ երթ, երեկոյեան տասնեակ բերման ենթարկւածներ։ Իշխան Սաղաթելեանի, իմ, Վանեցեանի, Արծւիկի ու մի քանի տասնյակ մարդկանց դէմ քրէական գործ, կալանքներ, դատարանների իրաւաչափ որոշումներ։ Սաքոն Կարապետեանը, Գերասիմը, մեր տասնեակ տղաներ ոստիկանութեան մշտական այցելուներ դարձան։ Հեշտ չէր։ Ձմեռ, ցուրտ, անհաշիւ ոստիկաններ։ Ու պայքար։ Անդադար պայքար։ Երբեմն դանդաղ, երբեմն՝ ուժգին։ Վրանային ճամբարներ Հանրապետութեան հրապարակում, Բաղրամեան պողոտայում, Դեմիրճեան փողոցում։ Պայքարի տեսանելի ու անտեղ գործիչներ։ Մեր հազարաւոր ընկերներով։ Շատերը՝ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում եղած, ու միայն նոյեմբերի վերջին Երեւան վերադարձած։ Շատերը՝ Հայրենիքում հաստատւած ու խաղաղ կեանքը թողած փողոց իջած։ Կտա՞ր այսօր հրաժարական հայրենադաւը, եթէ չլինէր այս ամէնը։ Ոչ, վստահ՝ ոչ։ Նա արդէն ընտանիքի հետ առանց կառավարական ամառանոցների, թիկնազօրի, վայելքների չի պատկերացնում իր կեանքը։

Այսօր հայրենադաւը յայտարարեց իր հրաժարականի մասին, շեշտեց, որ մնում է պաշտօնակատար, ասաց՝ վախւորած։ Ու երբ տեսնում էի նրա խեղճացած, խամրած աչքերի հայեացքը, աչքիս առջեւ մեր հարիւրաւոր երիտասարդների կապտուկներն էին ու Արսէն Մարտոյեանը։ Նրա կողքին վստահ կը լինէին իր հետ նոյն մարտում զոհւած Գեղամը Մուշեղեան, ուսանողական միութիւնից Կիմը Խաչատրեան, Հրազդանից ընկերներով կը շտապէր Մհերը Յարութիւնեան, մեր Ճուտը, մեր տղերքը, որ այսօր չկան։ Ընկան։ Նրանք կապտուկ չստացան հայրենադաւի դէմ պայքարում։ Նրանք նահատակւեցին յանուն Հայրենիքի։ Իսկ այսօրւայ հրաժարականի յայտարարութիւնն այդ կապտուկների պարտադրանքն էր։ Արսէն Մարտոյեանն ու ընկերները էլի շարքերում են։ Կանգնած ձիգ, քանի որ պաշտպանում են Հայրենիքը, հայրենադաւներից, նիկոլիզմից։ Ու կը յաղթեն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։