Հա

Ազգային

02/05/2021 - 11:30

«ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ենթադրում է պատասխանատւութիւն». Արամ Համբարեան

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը երկարացրել է «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդիւնքում թոյլատրւում է ԱՄՆ ուղիղ օգնութիւնն Ադրբեջանին։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը երկարացրել է «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդիւնքում թոյլատրւում է ԱՄՆ ուղիղ օգնութիւնն Ադրբեջանին։

Այդ կապակցութեամբ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը նշում է՝ երկրի նախագահ Ջօ Բայդէնը, «որն իր նախորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել «Ազատութեան աջակցության ակտը», որոշել է հրաժարւել Կոնգրեսի այդ պատժամիջոցներից՝ իր վարչակազմին թոյլ տալով օգնել նաւթով հարուստ եւ հակահայկական հռետորաբանութեամբ ալիեւեան ռեժիմին»։

«ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ենթադրում է պատասխանատւութիւն, այդ թւում՝ չզինելու եւ չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդէնի ցանկացած գործողութիւն, որը կանաչ լոյս կը վառի Ալիեւի ռեժիմին ամերիկեան օգնութեան տրամադրման համար, կը հակասի քարոզարշաւի ժամանակ նրա յստակ դիրքորոշմանը եւ, որ աւելի վատ է, Հայոց Ցեղասպանութեան վերջերս նրա ճանաչման ոգուն»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի տնօրէն Արամ Համբարեանը:

Ընդ որում, անցեալ տարւայ հոկտեմբերին Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդէնը յայտարարել էր. «Թրամփի վարչակազմը պէտք է ամբողջութեամբ կատարի եւ չհրաժարւի «Ազատութեան աջակցութեան ակտի» պահանջներից, որպէսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»։

«Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թւականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով եւ նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարութեանն արգելւում է օգնութիւն ցուցաբերել Արդբեջանի պաշտօնական կառոյցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնյայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի դէմ բոլոր տեսակի շրջափակումների եւ ուժի կիրառման այդ յարձակողական ձեւերի վերացման ուղղութեամբ»։ Սակայն 2002 թ. Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թոյլատրւում է նախագահի կողմից ակտի կասեցումը եւ ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին, ինչն էլ ամէն տարի անում է ԱՄՆ նախագահը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։