Հա

Ազգային

04/05/2021 - 15:00

«Միասին մենք կարող ենք նոր յաղթանակներ կերտել»․ Դաւիթ Իշխանեան

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նւիրւած «130 տարին 130 րոպէում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021 թ.).

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նւիրւած «130 տարին 130 րոպէում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021 թ.).

Սիրելի ընկերներ, քոյրեր եւ եղբայրներ,

Նախ, ուզում եմ Արցախից ջերմօրէն շնորհաւորել Ձեզ ՀՅԴ 130-ամեակի առիթով:

2020 թ.-ը ի սկզբանէ մեր ժողովրդի համար յոյսերի եւ ակնկալիքների տարի էր: Դժւար էր պատկերացնել այն աւարտը, որ մենք արձանագրեցինք տարեվերջին:

Անցած 30 տարիների ազգային-ազատագրական պայքարում Արցախը համահայկական օրակարգում իր ուրոյն տեղն ունէր: Այն միշտ էլ առաջին հորիզոնականում էր: Պայքարն ունի երկու կողմ՝ յաղթանակ ու յաջողութիւններ, պարտութիւն ու կորուստներ: Այդպիսի պահեր մենք ունեցել ենք 1990-ական թւականներին՝ թէ յաղթանակի բերկրանքի եւ թէ կորուստների դառնութեան: Այդ ժամանակաշրջանում համազգային ներուժի կենտրոնացումով յաղթանակներն ու յաջողութիւնները մեզ դարձրինք ուղեկից, իսկ վերջին 25 տարիներին մտանք պետականաշինութեան եւ յաղթանակների ամրապնդման մի այլ փուլ՝ զարգացման փուլ:

2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերին Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծւած պատերազմը մեր առջեւ նոր առաջադրանք է դրել: Մենք մտել ենք պայքարի նոր հանգրւան՝ պարտութեամբ ու կորուստներով:

Անցած դարի 90-ական թւականների սկզբներին մենք գրեթէ նոյն վիճակում էինք, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մօտ 40 տոկոսը, ունէինք տեղահանւած Մարտակերտի, Շահումեանի եւ Գետաշէնի բնակչութեան հոծ զանգւածներ եւ բարոյահոգեբանական ծանր վիճակ: Բայց մենք կարողացանք յաղթահարել այդ ամէնը համազգային մեծ ջանքերով: Այսօր էլ վիճակը գրեթէ նոյնն է՝

- Բռնազաւթւած է Արցախի տարածքի գրեթէ 1/4-ը,

- Տեղահանւած՝ բնակչութեան 1/3-ը,

- Կազմալուծւած է բանակը,

- Ունենք մօտ 5000 զոհեր, 10000-ից աւելի վիրաւորներ,

- Սոցիալական ծանր ու լարւած վիճակ,

- Խաթարւած տնտեսութիւն,

- Անորոշ կարգավիճակ

- Անվտանգութեան ոչ բաւարար երաշխիքներ,

- Թուլացած պետական կառավարման համակարգ,

- Բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ,

- Համազգային միասնականութեան եւ համախոհութեան բացակայութիւն:

Սա է յետպատերազմեան Արցախում տիրող մթնոլորտը մի կողմից, բայց միւս կողմից մեր գիտակցումն է ու պարտականութիւնը Արցախի հիմնահարցը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում պահելը, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման ուղղութեամբ նոր ջանքերի գործադրումը, բանակի ու տնտեսութեան վերակազմաւորումը, արդիւնաւէտ կառավարման համակարգի ներդրումը, ժողովրդի անվտանգութեան նոր երաշխիքների ապահովումը, ամէն գնով հայ ազգաբնակչութեանն Արցախում պահելը:

Այս ամէնը մենք պարտաւոր ենք խորութեամբ գիտակցել, ճշգրիտ գործել, ասել է թէ նպատակային պայքար մղել: Սա է մեր ճակատագիրը, նախնիների տւած պատգամը: Ահա այստեղ է, որ խիստ կարեւորւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերն ու անելիքները: Անելիքները շատ են, ռեսուրսները՝ ոչ բաւարար: Յատկապէս ուզում եմ ընդգծել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը պետական կառավարման համակարգում եւ բնակչութեան կարիքների բաւարարման ու կազմակերպման աշխատանքներում: Հէնց այդ ամենին էլ մենք լծւած ենք այստեղ՝ Արցախում:

Վստահեցնում եմ, որ այստեղ՝ Արցախում, մեր կամքը անկոտրում է, պայքարը շարունակելու տրամադրւածութիւնը՝ բաւարար: Սակայն մեր համոզումն է, որ յաջողութիւններ արձանագրելու հիմնական գրաւականը համազգային միասնականութիւնն է: Օրէցօր զարգացող աշխարհում դէմ յանդիման ենք կանգնում նոր մարտահրաւէրների: Այդ մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել միայն ու միայն ուժերի համախմբմամբ եւ միասնականութեամբ: Միասին մենք կարող ենք նոր յաղթանակներ կերտել: Սա նաեւ մեր նահատակների պատգամն է, յաւերժ փառք նրանց:

Մենք գիտակցում ենք, որ խիստ պատասխանատու ժամանակաշրջան ենք մտել: Այս պարագայում խնդիրն այն է, թէ որքանով է մեր դիմադրողականութիւնն ամուր, որքանով է մեր կեցւածքը համահունչ նոր մարտահրաւէրներին դիմակայելու համար:

Շնորհաւորելով աշխարհասփիւռ հայ ժողովրդին ՀՅԴ 130-ամեակի առիթով ուզում եմ շեշտել, որ Դաշնակցութիւնը, ինչպէս անցած 130 տարիներին, ապագայում եւս հաւատարիմ կը լինի իր առաքելութեանը. Դաշնակցութեան անելիքներն այսօր քան երբեւէ բազմապատկւել են:

Ուրեմն ի գործ, առաջ դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում:

Շնորհակալութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։