Հա

Ազգային

04/05/2021 - 12:40

Ամփոփագիր ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի կողմից կատարւած հիմնական աշխատանքների

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

(Ապրիլի 19-30, 2021 թ.)

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատւամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացւած եւ հաւաստի տեղեկատւութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրւած խնդիրներին։

Վերջին տասնօրեակում Հայ Դատի Համաշխարհային ցանցի քաղաքական աշխատանքները ճնշող մեծամասնութեամբ պայմանաւորւած են եղել Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցով։ Այս առումով, ԱՄՆ գործադիր իշխանութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը Հայ Դատի շուրջ 77-ամեայ պատմութեան կարեւորագոյն ձեռքբերումներից էր, որը յաղթական հանգրւան լինելուց բացի, միաժամանակ Հայկական Հարցի հետապնդման առումով նոր ճանապարհի մեկնարկ է։

Հայոց Ցեղասպանութեան հերթական տարելիցը տարբեր ձեռնարկներով ոգեկոչվել է ՀՅԴ Հայ Դատի բոլոր յանձնախմբերի ու գրասենեակների կողմից։

Ապրիլի 19-30-ը ընկած ժամանակահատւածում ՀՅԴ Բիւրոն եւ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը տարածել են համապատասխանաբար մէկ եւ երկու յայտարարութիւններ։ Դաշնակցութեան Բիւրոն առանձին յայտարարութեամբ ողջունել է ԱՄՆ նախագահի քայլը, նկատելով, որ «փաստօրէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներն անցան այն բազմաթիւ երկրների շարքը, որոնց ոչ միայն օրէնսդիր, այլ նաեւ գործադիր իշխանութիւններն են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը»։

Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը ապրիլի 23-ի իր յայտարարութեամբ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործողութիւններին եւ յայտարարութիւններին՝ արձանագրելով. «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առեւտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ բացայայտ յաւակնութիւնները, մեր ժողովրդի կեանքի իրաւունքի հանդէպ ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանական բարձրագոյն մակարդակից հնչեցւած սպառնալիքները գալիս են փաստելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ շարունակական թշնամանք երաշխաւորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը»։

Ապրիլի 26-ին, հաշւի առնելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (HDP) ղեկավար անդամների նկատմամբ թուրքական իշխանութիւնների լայնածաւալ բռնաճնշումներն ու քաղաքական գործունէութեամբ պայմանաւորւած ապօրինի քրէական գործերի յարուցումը՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը դատապարտել է թուրքական իշխանութիւնների գործողութիւնները եւ համերաշխութիւն յայտնել HDP կուսակցութեանը:

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը մինչեւ վերջին պահը շարունակեց հսկայական եւ համակարգւած աշխատանք տանել Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ։ Յանձնախմբի գործողութիւնների շնորհիւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախումբը նախաձեռնել էր երկկուսակցական ստորագրահաւաք՝ ԱՄՆ նախագահ Բայդէնին կոչ անելով Ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Ստորագրահաւաքը նախաձեռնել էին յայտնի կոնգրեսականներ եւ մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դէյւիդ Վալադաոն, Ջէքի Սփեյէրը։

Ապրիլի 22-ին պարզ դարձաւ, որ երկկուսակցական նամակին են միացել թւով 107 կոնգրեսականներ։

Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտել ու Սպիտակ տան կողմից այն պաշտօնապէս ճանաչելու կոչերով են հանդէս եկել դաշնային, նահանգային ու տարածքային մակարդակների հարիւրաւոր պաշտօնեաներ, այդ թւում Կալիֆորնիայի նահանգապետը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի շուրջ 5 տասնեակի հասնող անդամներ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հանդէս են եկել հայ համայնքին յղւած ուղերձներով։

Յատկանշական է, որ նախագահ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից ընդամէնը 3 օր անց աւելի քան 65 կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ արեցին շուրջ 100 մլն դոլար հրատապ օժանդակութիւն տրամադրել Հայաստանին եւ Արցախին՝ ստեղծւած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով։ Հայաստանին այս օժանդակութեան տրամադրումը ներկայ փուլում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական հիմնական առաջնահերթութիւններից էր։

 

Կանադա

Հայ Դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքները, բացի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ձեռնարկներից կենտրոնացած են եղել նաեւ հայութեան շահերի պաշտպանութեան այլ ուղղութիւնների վրայ։

Նախ, ապրիլի 22-ին Կանադա-Արցախ միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորհրդարանական Ռէյչլ Հարդէրը նամակով դիմել է Կանադայի արտգործնախարարին, որպէսզի կառավարութիւնը դրդի Ադրբեջանին յարգել միջազգային իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները եւ անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Նոյն օրը Հայ Դատի Քւեբէկի յանձնախումբը յայտնեց, որ նահանգի խորհրդարանը միաձայնութեամբ ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը ոգեկեչող բանաձեւ, որի տեքստի մէջ ի թիւս այլնի, յղում է արւում նաեւ Արցախում հայութեանը պատուհասած արիւնալի ոճրագործութիւններին:

Բանաձեւով Քւեբէկի նահանգային խորհրդարանը կոչ է անում Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպութեան անդամ բոլոր երկիրներին՝ իրենց աջակցութիւնը յայտնել Հայաստանին: Խորհրդարանն իր աջակցութիւնն է յայտնում հայ ժողովուրդին՝ ճանաչելով խաղաղութեան եւ անվտանգութեան մէջ ապրելու վերջինիս իրաւունքը։

Հայ Դատի Կանադայի յանձնախումբը հանդիպում է ունեցել արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ. քննարկւել է դէպի Թուրքիա կանադական ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման թոյլտւութիւնների չեղարկման հարցը եւ Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների խնդիրը։ Յանձնախումբը վերահաստատել է Կանադա-Հայաստան կապերի ամրապնդմանը, յետպատերազմեայ մարտահրաւէրներ լուծելմանը եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութեանն ու անկախութեանը նպաստելու իր յանձնառութիւնը:

 

Եւրոպա

1915-1923 թթ. Թուրքիայի կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի կապակցութեամբ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի կենտրոնական յանձնախումբը, եւրոպական 13 երկրներում գործող իր յանձնախմբերի հետ, նամակ է յղել է Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան ղեկավարներին եւ Եւրոպական Խորհրդարանի նախագահին` առաջարկելով ԵՄ-ում ընդունել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի պաշտօնական օր:

Նամակն ուղարկւել է Եւրոպական Միութեան արքաքին եւ անվտանգային քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին, Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն Դեր Լայէնին, Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին, Եւրոպական Խորհրդարանի նախագահ Դաւիթ Սասոլիին, ինչպէս նաեւ Հայաստանում Եւրոպական Միութեան պատւիրակութեան ղեկավար, դեսպան Անդրէ Վիկտորինին։

Հայ Դատի Եւրոպայի Կենտրոնական յանձնախումբը եւ իր տարածքային յանձնախմբերը շեշտել են այս տարւայ ոգեկոչման նշանակութիւնը՝ յիշեցնելով 2020 թ. աշնանը Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը, երբ բնիկ հայ բնակչութիւնը հերթական անգամ հետապնդւեց Ադրբեջանի եւ Օսմանեան կայսրութեան ուղղակի ժառանգորդ Թուրքիայի կողմից։

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ապրիլի 29-ին ողջունել է արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեան նախօրէի յայտարարութիւնը, որով ԵՄ-ն հասցէականօրէն Ադրբեջանին կոչ է անում անյապաղ ազատ արձակել գերեվարւած անձանց՝ անկախ վերջիններիս ձերբակալման հանգամանքներից։ Բաքւից նաեւ պահանջվում է Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանին տրամադրել այն անհրաժեշտ տեղեկատւութիւնը, որը դեռեւս չի տրամադրել։

 

Յունաստան

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով, Յունաստանի Հանրապետութեան վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսը նամակ է ուղարկել ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբին՝ զօրակցութիւն յայտնել հայութեանը, նշել թէ հայ ժողովրդի բնաջնջումը հաւաքական եւ հետեւողական ոճիր էր։

 

Մեծ Բրիտանիա

Բաքւում բացւած այսպէս կոչւած «ռազմական աւարի պուրակի» վերաբերեալ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը բրիտանական լրատւական դաշտում տարածել է հաղորդագրութիւն, որով ներկայացւել է Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով խրախուսւող հայատեացութիւնն ու թշնամանքը։

Մեծ Բրիտանիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Լորդերի պալատում կրկին բարձրացրել է մեր ժողովրդի նւիրեալ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

 

Նիդերլանդներ

ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի առիթով Եւրոպայի մի շարք նշանաւոր քաղաքական գործիչներ իրենց խօսքն են ուղղել՝ ոգեկոչելով ցեղասպանութեան զոհերի յիշատակն ու զօրակցելով համայն հայ ժողովրդին:

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

03.05.2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։