Հա

Ազգային

04/05/2021 - 15:10

«Մենք տէր ենք մեր երդմանը, կանգնած ենք աննահանջ». Իշխան Սաղաթելեան

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նւիրւած «130 տարին 130 րոպէում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021 թ.).

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նւիրւած «130 տարին 130 րոպէում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021 թ.).

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ

Աւանդաբար Դաշնակցութեան օրը, ու նաեւ յոբելեանները նշում ենք ամէն տարի աշնանը: Դաշնակցութեան օրն էլ լոկ տօնակատարութիւն չէ, այլ հաշւետւութիւն սեփական ժողովրդին անցնող տարւայ արածի, գործի մասին: Այս տարւայ հաշւետւութիւնը ծանր է, 130 տարւայ, ու նաեւ ծանր է, յատկապէս հիմա նման հաշւետւութիւնով հանդէս գալու համար, մեր Ժողովրդին, մեր Երկրին, Արցախ աշխարհին հասցւած ծանրագոյն հարւածից յետոյ: 2020 թւականի աշնանը չեղաւ հաշւետւութիւն, քանզի դրա ժամանակը չկար: Մեր համահայկական կառոյցը թեւերը քշտած լծւել էր մէկ ընդհանուր գործի, պայքարի, յանուն Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան: Հայկական գաղթօջախներում զօրաշարժ էր, քաղաքական, լոբբիստական եռուն աշխատանք, իսկ Հայրենիքում հարիւրաւոր դաշնակցականներ եւ համակիրներ առաջին իսկ պահից առաջնագծում էին: Կանգնեցին ամուր, նւիրւած խիզախ ու անձնւիրաբար: Տւեցինք թանկագին տասնեակ զոհեր, որոնք իրենց անունները ոսկէ տառերով են գրելու Դաշնակցութեան նահատակաց 130-ամեայ փաղանգի պատմութեան էջերում:

Մեր նահատակները գծեցին նաեւ Դաշնակցութեան համահայկականութիւնը, ցուցանեցին, որ դաշնակցականը աշխարհի որ անկիւնում էլ ապրի, մնում է երդման տէրն ու զինւորը, ու կեանքն է զոհում Հայրենիքի ազատագրութեան դատի համար:

Միաժամանակ, ողջ այդ ընթացքում Դաշնակցութիւնը դարձաւ Հայրենիքում քաղաքական միաւորող ու մղիչ ուժը:

Պատերազմի աւարտի դաւաճանական յայտարարութիւնից յետոյ քաղաքական պայքարի դաշտում, առաջին շարքերում էր Դաշնակցութիւնը, դաշնակցականները: Ամիսներ շարունակ, առանց վարանելու, երերալու ու տրտնջալու, մեր կուսակցական շարքերը ոչ մէկ վայրկեան չընկրկեցին: Մեր երիտասարդները դարձան քաղաքական պայքարի խորհրդանիշ: Պատերազմից յետոյ, դեռ տեւական ժամանակ Հայրենիքի պաշտպանութեան մարտական դիրքերում մնալուց յետոյ նրանք լծւեցին արդէն քաղաքական պայքարին ու մնում են պատնէշի վրայ:

Ցաւօք 2020-ը բազում մարտահարւէրների առաջ կանգնեցրեց համայն հայութեանը, մեր հայկական Սփիւռքի յատկապէս մայր գաղութը` լիբանանահայութիւնը եւ Դաշնակցութիւնը, այդ թւում Հայաստանյան կազմակերպութիւնը ելան մեր քոյր-եղբայրներին աջակցելու, զօրակցելու:

Նոյն կերպ մեր կառոյցները, կուսակցական շարքերը համատեղ ուժերով մասնակցութիւնը բերեցին հայրենի ժողովրդին համավարակի պայմաններում օգնելու, աջակցելու:

Այսօր մարտահրաւէրներն առաւել քան լուրջ են մեր ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների ու մեր կուսակցական կառոյցի դիմաց:

Պէտք է ուժերի գերագոյն լարում ու համախմբում, որ կարողանանք լուծել ծառացած հարցերը: Ապահովենք մեր երկրում իրօք ազգային, նւիրւած իշխանութիւն, հեռացնելով հայրենադաւների այս խմբակին: Ամրացնենք Արցախի անվտանգութիւնը, արցախցուն պահենք հայրենի հողին կառչած, փորձենք ուղղել մեր ժողովրդի կոտրւած մէջքը, ապագայի նկատմամբ յոյս բերել մեր հայրենակիցների աչքերում, աշխարհի բոլոր անկիւններում:

Մենք տէր ենք մեր երդմանը, մենք կանգնած ենք աննահանջ: Ու վստահ եմ, այս տարի Դաշնակցութեան օրւայ առիթով մեր զեկուցական խօսքերում կունենանք հաշւետւութիւն տալու շատ նիւթ ու արդիւնքներ:

Յաւերժ փառք Դաշնակցութեան 130-ամեայ ճանապարհին ընկած մեր բոլոր հերոսներին, մեր մեծերին, որոնց գործով, մտքով, գրչով ու զէնքով կերտւեց մեր պատմութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։