Հա

Ազգային

08/05/2021 - 12:10

«Դրօշակ»-ի առաջնորդող. Մեր լինելիութեան ընտրութիւնը

ՀՀ վարչապետի պաշտօնից հրաժարականի մասին սոյն թւականի ապրիլի 25-ի տեսաուղերձով Նիկոլ Փաշինեանը կարծես թէ վերջ դրեց խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների կայանալ-չկայանալու վերաբերեալ խօսակցութիւններին:

Չբացառելով քաղաքականութեան անկանխատեսելիութիւնը, մանաւանդ մեզանում եւ մեր օրերում, այնուամենայնիւ ցանկանում ենք հաւատալ, որ ընտրութիւնների անցկացման որոշումը որեւէ պատճառով կամ պատճառաբանութեամբ չի բեկանւի, եւ մեր ասելիքը բխեցնում ենք այս իրողութիւնից:

ՀՀ վարչապետի պաշտօնից հրաժարականի մասին սոյն թւականի ապրիլի 25-ի տեսաուղերձով Նիկոլ Փաշինեանը կարծես թէ վերջ դրեց խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների կայանալ-չկայանալու վերաբերեալ խօսակցութիւններին:

Չբացառելով քաղաքականութեան անկանխատեսելիութիւնը, մանաւանդ մեզանում եւ մեր օրերում, այնուամենայնիւ ցանկանում ենք հաւատալ, որ ընտրութիւնների անցկացման որոշումը որեւէ պատճառով կամ պատճառաբանութեամբ չի բեկանւի, եւ մեր ասելիքը բխեցնում ենք այս իրողութիւնից:

Հայաստանում, Արցախում եւ առհասարակ հայութեան կեանքում ներկայումս տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում, մեր հայրենիքի առջեւ ծառացած ազգային ու պետական մարտահրաւէրներին հանդիման ինչպիսի՞ ընտրութիւն պէտք է կատարի հայաստանցի ընտրողը:

Ակնյայտ է, որ սա հերթական ընտրութիւն չի լինելու, այլ քաղաքական աննախադէպ գործընթաց, որի ժամանակ, ըստ էութեան, տեղի է ունենալու կողմնորոշում երկու քաղաքական հոսանքների միջեւ, որոնց այս պահին կանւանենք Նիկոլ եւ հականիկոլ այլընտրանք:

Թէ Հայաստանը ինչ հեռանկար կունենայ Նիկոլ Փաշինեանի հետագայ պաշտօնավարման դէպքում, անաչառօրէն քննելու համար պարտաւորւած ենք զգում մի կողմ դնելու մեր անձնական վերաբերմունքը, ինչպէս եւ չանդրադառնալու այն բազմաթիւ մեղադրանքներին, որոնք որքան էլ փաստարկւած թւան, այսօր դեռեւս իրաւականօրէն չապացուցւած վարկածներ են: Աւելին` ցանկանում ենք հարցերին անդրադառնալ յատկապէս հասարակութեան այն հատւածի հետաքրքրութիւնների տեսանկիւնից, որը համոզւած է, որ հէնց գործող վարչապետն է այն մարդը, որը կարող է երկիրը դուրս բերել ներկայիս համընդհանուր ճգնաժամից, լուծել նրա անվտանգութեան խնդիրները եւ հայկական երկու պետութիւնները դուրս բերել խաղաղ ու սահուն զարգացման մայրուղի:

Մեր ասելիքը սկսենք ամենացաւոտ ու այս պահի ամենակենսական խնդիրներից: Այդ խնդիրներից է Արցախի հայկական լինել-չլինելը` նկատի ունենալով յատկապէս անվտանգութեան, տարածքի եւ կարգավիճակի հարցերը: Անվտանգութեանը եւ սահմաններին վերաբերող հարցերի այս բլոկի մէջ ներառենք նաեւ Հայաստանի սահմանների խնդիրը, ադրբեջանաթուրքական տանդեմին այս կամ այն կարգավիճակով Զանգեզուրի տարածքով ճանապարհ կամ ճանապարհներ տրամադրելու հարցը եւ բուն Հայաստանի Հանրապետութեան տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացայայտ ու առաւելապաշտական յաւակնութիւնները:

Մեր դատողութիւնները կառուցելով միայն փաստերի հիման վրայ` արձանագրենք, որ պատերազմում կրած ծանր եւ ջախջախիչ պարտութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը` որպէս երկրի ղեկավար եւ գերագոյն գլխավոր հրամանատար, կորցրել է ամուր դիրքերից բանակցութիւններ վարելու կարողութիւնը: Աւելի շուտ` նա ոչ թէ որպէս բանակցութիւնների լիարժէք կողմ է հանդէս գալիս, այլ մասնակցում է դրանց` իր պահանջների իրաւունքը լրիւ յանձնած ռուսական կողմին եւ պատրաստ ստորագրելու ցանկացած փաստաթուղթ՝ անկախ նրանից` հայութեան սպասումները դրանում արտացոլւած են, թէ ոչ:

Ասւածի ամենավառ վկայութիւնն այն է, որ պատերազմական գործողութիւնների աւարտից յետոյ Ադրբեջանը տիրացաւ հաշտութեան յայտարարութեամբ չամրագրւած հսկայական տարածքների, պատմութեան մէջ որպէս աննախադէպ երեւոյթ միակողմանիօրէն գծում է Հայաստանի ու Ադրբեջանի նոր սահմանները, գերիներին պատանդ պահելով փորձում է հայկական կողմին պարտադրել տարածքային, հաղորդակցական ուղիների եւ այլ զիջումներ: Ընդ որում, այս ամէնն ուղեկցւում է Ադրբեջանի պայմաններն ընդունած Հայաստանի ղեկավարի հասցէին վիրաւորանքներով եւ երկրի նկատմամբ ագրեսիւ, նւաճողական բնոյթի յոխորտանքով: Հայկական կողմն ունակ չեղաւ լուծելու ըստ տրամաբանութեան առաջնահերթ լուծում պահանջող՝ գերիների ազատ արձակման հումանիտար խնդիրը, ինչը պէտք է դիտւէր միւս խնդիրների լուծման նախապայման: Քանի որ հոգեբանական-կամային եւ գուցէ մեզ համար անյայտ քաղաքական պատճառներով ՀՀ առաջին դէմքն անկարող է արձագանքելու հակառակորդ կողմի լկտի պահւածքին ու յաւակնութիւններին, նրա թելադրանքով (այլ կերպ լինել չի կարող) Հայաստանի անունից թոյլ հակադարձումներով շատ յաճախ հանդէս է գալիս Արտգործնախարարութեան մամլոյ խօսնակը՝ դրանով իսկ լրջօրէն գցելով պաշտօնական պատասխանի մակարդակն ու կշիռը:

Հայաստանը խուսափում է միջազգային ատեաններում կառավարական մակարդակով պատերազմական յանցագործութիւնների, գերիների, ադրբեջանական յաւակնութիւնների եւ այլ հարցեր բարձրացնելուց: Որքան էլ ամօթալի լինի խոստովանելը այսօրւայ սերունդները չեն կարող չընդունել, որ իրենց ապրած տարիների ընթացքում երբեք այսքան անպաշտպան ու նսեմացւած չեն եղել:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինեանի եւ նրա քաղաքական թիմի ամենանւիրւած պաշտպանների համար պէտք է ակնյայտ լինի, որ Նիկոլին ընտրելու դէպքում վերարտադրւած իշխանութիւնն անզօր է լինելու ստեղծւած կացութեան մէջ բեկում մտցնելու. չպէտք է մոռանալ, որ այս պարագայում խօսքն արդէն ոչ թէ Արցախի, այլ Հայաստանի ապագայի մասին է:

Յոյսեր չկապելով պարտւած իշխանութեան հետ` մնում է աղօթելը, որ ռուսական զօրքը պինդ պահի թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Թուրքիայի հետ պետական սահմանները, թէեւ սա էլ վերջնական երաշխիք չէ, եթէ յիշենք հէնց արցախեան վերջին պատերազմը: Այս պայմաններում արագօրէն երկրի պաշտպանութեան խնդիրները լուծելու փոխարէն Նիկոլ Փաշինեան ղեկավարն անում է ճիշտ հակառակը. ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նա յայտարարում է, որ զօրակոչ կարելի է կազմակերպել հինգ տարին մէկ՝ երեք ամիս ժամկէտով: Սա ուղղակիօրէն նշանակում է քանդել բանակը, ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից զրկելով` կործանման դատապարտել պետութիւնը, իսկ արիւնախում թշնամիներով շրջապատւած ժողովրդի ճակատագիրը թողնել Աստծոյ յոյսին: Սա է սպասւում մեզ՝ գործող իշխանութեանը նորից իշխանութեան բերելու դէպքում:

Երկրի անվտանգութեանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների շարքում երկրորդ կարեւոր ոլորտը արտաքին յարաբերութիւնների ճակատն է: Դատելով զուտ փաստերով` միանշանակօրէն կարելի է պնդել, որ գործող իշխանութիւնների օրօք արտաքին յարաբերութիւնների ոլորտը ձախողւած էր: Արեւմտեան զանազան կառոյցների ազդեցութիւնը կրող անհատների թիմային անցումն իշխանութեան ի սկզբանէ խաթարեց նոր իշխանութեան նկատմամբ Հայաստանի աւանդական եւ հիմնական դաշնակիցների վերաբերմունքը: Անվստահութիւնը անհանդուրժողականութեան վերածւեց Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմակիցների կողմից աւանդական դաշնակիցների շահերը ոտնահարող գործողութիւնների պատճառով (հակասական յայտարարութիւններ, նրանց ազդեցութեան եւ հեղինակութեան թուլացում Հայաստանում, յարաբերութիւնների ակտիւացում վերջիններիս թշնամի տէրութիւնների ու ուժերի հետ, նման կազմակերպութիւնների միանալը եւ այլն): Կարելի է բացառութիւն համարել Ռուսաստանի հետ պահպանւող ոչ ակտիւ յարաբերութիւնները, ինչն էլ պայմանաւորւած է հիմնականում Ռուսաստանի մտահոգութիւններով՝ ա) Հայաստանի իշխանութեանը ամբողջովին չմղելու հակառակորդ ճամբար, բ) Անդրկովկասում ունեցած իր կենսական շահերով գ) իր թիկունքը ամբողջովին իրենց տիրապետութեան տակ առնելու ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի նկրտումներին դիմակայութեամբ եւ այլն:

Բայց թէ պաշտօնական Ռուսաստանն ինչ վերաբերմունք ունի Հայաստանի իշխանութիւնների հանդէպ, բացայայտում են ոչ պաշտօնապէս նման պարտականութիւն իրականացնող, կրեմլեան թելադրանքով գործող հեռուստահաղորդաշարերն ու զանազան վերլուծական կենտրոնների ղեկավարները: Հայաստանի ձախող ղեկավարութիւնը չկարողացաւ արդարացնել նաեւ իր իշխանութեան գալով շահագրգռւած արեւմտեան ուժերին: Որպէսզի ասւածը փաստարկւած լինի, պարզապէս յիշենք, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի իշխանութիւնները, մէկ-երկու ճանաչողական փոխայցելութիւններից բացի, չեն ունեցել պաշտօնական կամ պետական ոչ մի այց եւ նման ընդունելութիւններ: Երկրների ղեկավարների մի քանի աշխատանքային փոխայցելութիւնները եղել են նախապէս ծրագրւած ժամանակացոյցներին համապատասխան (ԵԱՏՄ նիստեր եւ այլն): Բոլոր ճիգերը` Նիկոլ Փաշինեանի համար ապահովելու քիչ թէ շատ բարձր մակարդակի ընդունելութիւն ամերիկեան վարչակազմում, յանգեցին Կալիֆորնիայի փոխնահանգապետի հիւրընկալութեանը: Հայաստանն արդէն երեք տարի դուրս է արտաքին քաղաքական ու դիւանագիտական ակտիւ գործընթացներից, եւ այս իրողութեան ամենաակնյայտ հետեւանքն այն է, որ Արցախեան պատերազմի ժամանակ ու դրանից յետոյ որեւէ պետութիւն կամ միջազգային կազմակերպութիւն չփորձեց գործնականում աջակցել մեզ կամ դատապարտել ագրեսիան, Թուրքիայի ներխուժումը տարածաշրջան, պատերազմական յանցագործութիւնները եւ դրանց հետեւանքները: Ոչ մի կշտամբանք ԵԱՀԿ-ի կողմից չի հնչել այն բանի համար, որ, վիժեցնելով բանակցութիւնների ընթացքը, Ադրբեջանը խախտեց ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման հարցերում, ապա նաեւ բանակցութիւնների ընթացքում ամրագրւած սահմանների, ապագայ կարգավիճակի եւ այլ հարցերում սահմանւած կարմիր գծերը: Այսօր էլ հակամարտութեան կարգաւորման միջազգային միակ ձեւաչափը ներկայացնողները բերանները ջուր առած լռում են բռնի ուժով իրավիճակի նման փոփոխութեան հարցում, իսկ հայկական կողմը ոչ մի քայլ չի անում այդ լռութիւնը խախտելու համար: Վերջապէս Հայաստանի անփորձ-անկարող պաշտօնեաները մշտապէս ձեռնծալ մնացին եւ ոչինչ չձեռնարկեցին Ադրբեջանի կողմից միջազգային կազմակերպութիւններում անցկացւած զանազան հակահայ բանաձեւերի դէմ: Այսպիսով` ակնյայտ է, որ Հայաստանը քաղաքական, դիւանագիտական ճգնաժամի, եթէ չասենք` մեկուսացման մէջ գցած իշխանութիւնը վերարտադրւելու դէպքում ոչ մի հնարաւորութիւն չի ունենալու արմատական բեկում մտցնելու այս ասպարէզում եւս:

Հայաստանը արտաքին ուժերի համար այսօր հեղինակազրկւած, քաղաքական արժէք ու հեռանկար չունեցող պետական կազմաւորում է, եւ այս կացութեան հեղինակ իշխանութիւնը ո՛չ իրավիճակը փոխելու որեւէ քայլ է անում, ո՛չ էլ կարող է անել:

Հայաստանի համար ոտքի կանգնելու, հզօրանալու ու խոցելիութիւնը յաղթահարելու յաջորդ կարեւոր պայմանը տնտեսութեան թռիչքային զարգացումն է: Գալիք ընտրութիւնների նախօրեակին Հայաստանի գործող իշխանութիւնը տնտեսական տեսանելի ապագայի վերաբերեալ այնպիսի խոստումներ է տալիս, որոնք ոչ մի առնչութիւն չունեն ո՛չ մեկնարկային իրավիճակի, ո՛չ տնտեսական զարգացման եղած (աւելի շուտ` չեղած) նախագծերի, ո՛չ սպասւող ներդրումների եւ աճ ապահովող այլ գործօնների հետ: Անցած եռամեակում Հայաստանում չեն կազմւել տնտեսական զարգացման հիմնաւորւած ու իրատեսական նախագծեր, չեն կատարւել քիչ թէ շատ շօշափելի ներդրումներ, աճ չեն արձանագրել մեր տնտեսութեան աւանդական ճիւղերը: Հակառակը` տնտեսութիւնը ազատ անկման վիճակում է, բացառւում է արտաքին կամ նոյնիսկ ներքին ներդրումների հաւանականութիւնը` պայմանաւորւած այս ոլորտի արհեստավարժ պաշտօնեաների բացակայութեամբ, վարւող տնտեսական սխալ քաղաքականութեամբ, ներքաղաքական մթնոլորտով եւ անկայունութեամբ, երկրի անհեռանկարայնութեամբ եւ այլն: Կարճ ճամանակահատւածում իշխանութիւնը զգալիօրէն մեծացրել է պետական պարտքը եւ շարունակում է նորանոր պարտքեր վերցնել երկրի ֆինանսական գործունէութիւնը նւազագոյնս ապահովելու համար: Յայտնի է, սակայն, որ մինչեւ գալիք ընտրութիւնները վիճակը մի կերպ պահելուց յետոյ երկրի ֆինանսատնտեսական անկումը դառնալու է շատ աւելի ակնյայտ՝ յանգեցնելով տնտեսական նորանոր ճիւղերի կաթւածահարմանը, գործազրկութեան աճին, դրամի շօշափելի արժեզրկմանը, մթերքի ու առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքների գների անվերահսկելի աճին եւ այլն: Գումարւելով բացասական այլ գործօնների` այս իրավիճակն անխուսափելիօրէն մեծացնելու է արտագաղթի ցուցանիշները: Անցած տարիներին մի շարք հիմնարկների լուծարման, աշխատատեղերի կրճատման պայմաններում որոշ ոլորտներում եւ գերատեսչութիւններում աշխատավարձերի հատւածական բարձրացումները կամ տնտեսական աճի մասին թւանկարչութիւնը չպէտք է մոլորեցնեն. քաղաքացին տնտեսական վիճակի վերաբերեալ դատողութիւն պէտք է անի երկու հիմնական ցուցանիշներից ելնելով՝ գրպանի գումար եւ գներ:
Երկրի եւ սեփական ապագայով մտահոգ իւրաքանչիւր քաղաքացի պէտք է հասկանայ, որ, անկախ համակրանքից ու հակակրանքից, ներկայ իշխանութիւնների կառավարման շարունակումը աղէտաբեր, եթէ ոչ կործանարար է լինելու Հայաստանի համար:

Վերեւում թւեցինք մի շարք ուղղութիւններ, ըստ որոնց իրականացւող արդիւնաւէտ գործընթացներով է պայմանաւորւած լինելիութեան ճակատագրական ջրբաժանի առջեւ յայտնւած մեր երկրի ապագան: Թւարկւած գործօններից բացի` իրավիճակի յաղթահարման համար ոչ պակաս կարեւոր նշանակութիւն ունի նաեւ համախմբւած ժողովրդի միասնական կամքի ակտիւ դրսեւորումը: Դժբախտաբար, գործող իշխանութիւնը առաջին օրւանից հասարակութիւնը բաժանեց սպիտակների ու սեւերի, պառակտեց ազգային միասնականութիւնը` ստեղծելով ներքին անհանդուրժողականութեան մի աննախադէպ մթնոլորտ, որը պայթելու եզրին է: Ցաւօք, երեւոյթը պայմանաւորւած է երիտասարդ իշխանութեան բնոյթով եւ իրավիճակը լիարժէքօրէն տնօրինելու անկարողութեամբ: Այն առաջին օրւանից փորձեց ինքնահաստատւել ու կայանալ ոչ թէ դրական գործերով ու դրանց արդիւնքներով` փաստելով իր իրաւացիութիւնն ու գոյութեան արդարաւցւածութիւնը, այլ հաւանական մրցակիցներին, իր պէս չմտածողներին վարկաբեկելով ու հալածելով: Դժւար թէ գտնւի մէկը, ով կը հաւատայ, որ վերընտրւելու դէպքում ներկայ իշխանութիւնը նախ կը ձերբազատւի անփորձ, ինքնահաւան կադրերից եւ ապա, առանց քաղաքական ու այլ խտրութեան, գործի կը հրաւիրի կարող կադրերին, դէպի ազգային քաղաքականութիւն ու արժէքներ շրջադարձ կատարելով կապահովի հասարակութեան համախմբումը: Նոյնպիսի խոհեմութեամբ եւ ազգային գերագոյն շահերի գիտակցութեամբ նա կը սկսի այլ կերպ խօսել Սփիւռքի հետ` շահելով իր կառավարումը այսօր մերժող հայութեան աշխարհասփիւռ զանգւածների վստահութիւնը, վերարթնացնելով հայրենի պետութեանն օգտակար լինելու ցանկութիւնը:
Կը սիրենք, թէ չենք սիրի Հայաստանի այսօրւայ իշխանութիւններին, չենք կարող չընդունել, որ այսպիսին է այս իշխանութիւնը իր էութեամբ, բարոյական նկարագրով, ազգային շահերի գիտակցութեամբ, կառավարման ունակութեամբ եւ երեքամեայ գործունէութեան արդիւնքներով: Անհնար է չտեսնել, թէ ինչպէս կարճ ժամանակահատւածում նա հասցրեց իր դէմ տրամադրել համակիր հսկայական զանգւածների: Եթէ մի իշխանութիւն այսօր չի կարողանում հանգիստ փողոց դուրս գալ, ազատօրէն շփւել մարդկանց հետ, տեղից տեղ տեղաշարժւել եւ այցելել մարզեր՝ առանց հազարաւոր ոստիկանների ուղեկցութեան, եթէ շատերը նրան չեն վստահում եւ հաւատ չեն ընծայում նրա ո՛չ ասածներին, ո՛չ գործերին, ինչպէ՞ս կարող է նման իշխանութիւնը կրկին ընտրւել եւ շարունակել երկրի ղեկը վարել այն ուղղութեամբ, որը տանում է դէպի անդունդ:

Ժամանակից շուտ Նիկոլ Փաշինեանը սկսել է նախընտրական քարոզչութիւնը ու դարձեալ հնչում են մեծ-մեծ խոստումներ՝ իրական միջոցների ու հնարաւորութիւնների հետ աղերս չունեցող, ինչպէս եղաւ երեք տարի առաջ, ինչպէս եղաւ ամիսներ առաջ՝ արցախեան պատերազմից յետոյ: Համաժողովրդական ցասումից նեղն ընկած Նիկոլ Փաշինեանը այս անգամ էլ վեց ամիս ժամանակ խնդրեց ճգնաճամի յաղթահարման ծրագրեր կազմելու, հրատապ լուծում պահանջող խնդիրները լուծելու համար: Վեց ամիսն էլ անցաւ, կարելի՞ է մէկ դրական փոփոխութիւն նշել, որ տեղի է ունեցել այս ընթացքում: Այդպէս է լինելու նաեւ նոր ընտրութիւնների ժամանակ եթէ մարդիկ հաւատան հերթական հեքիաթներին:

Կարող ենք հաստատել, որ առաջիկայ ընտրութիւնը լինելու է այս եւ հակառակ բեւեռների միջեւ, այսինքն` գիտակցելով ներկայ ընտրութեան ճակատագրական լինելը` ժողովուրդը կողմնորոշւելու է կամ-կամի միջեւ, Նիկոլի ու հականիկոլի միջեւ, ապազգայինի ու ազգայինի միջեւ, անկման անկասելիութեան եւ վերելքի հնարաւորութեան միջեւ: Այս դէպքում քաղաքական ուժերի ո՛չ քաղաքական յաւակնութիւններն են տեղին լինելու, ո՛չ քաղաքական-գաղափարական առանձնայատկութիւնները. մրցակցելու են կարճ ժամանակում հնացածն ու իր սնանկութիւնն ապացուցածը եւ այն նորը, որը պարտւածի, ձախողւածի խարան չի կրում իր ճակատին: Պէտք է գայ այն հոսանքը, որը կը զսպի Ադրբեջանի ու Թուրքիայի յաւակնութիւնները եւ կը կարողանայ պայքարել Արցախի ապագայի համար, նա, ով ընդունելի կը լինի եւ կարող է համարձակօրէն բանակցութիւնների մեկնել Մոսկւա, Փարիզ եւ Վաշինգտոն, Բրիւսէլ, Պեկին, Թեհրան եւ այլուր, ով կապեր ունի եւ կարող է լինել ամէն տեղ ու խօսել բոլորի հետ, ով տնտեսութիւն ղեկավարելու փորձ ունի եւ Հայաստանի տնտեսութիւնը դուրս կը բերի անդունդից, ով թշնամիներ չունի հայութեան մէջ եւ կարող է ոչ միայն ապահովել երկրի ներքին միասնականութիւնը, այլեւ նրա առանցքի շուրջ համախմբել Սփիւռքը: Չպէտք է կասկածել, որ միայն նման ուժեղ, գիտակից, գործուն, ողջ հայութեանը ներկայացնող, ինքնավստահ իշխանութեան գոյութիւնը կը վախեցնի մեր թշնամիներին, կը զսպի նրանց ախորժակը եւ հեռու կը վանի հայոց սահմաններին սպառնացող վտանգը:

Վախեցած, զիջող իշխանութիւնների վերարտադրման դէպքում թշնամին աւելի սանձարձակ է դառնալու, եւ աւելի իրական` նոր պատերազմի հաւանականութիւնը: Յիշենք, որ հէնց այսօրւայ այս տեսակ իշխանութիւնն էր, որ ոգեւորեց թշնամուն եւ ներշնչեց այն վստահութիւնը, թէ վերջապէս հասել է բարենպաստ պահը, երբ կարող է պարտութեան մատնել հայկական կողմին, աներեւակայելի զիջումներ պարտադրել եւ մարսել իր յանցագործութիւնը: Նոր ընտրութիւնը լինելու է մեր ապագան կանխորոշող ու երաշխաւորող ընտրութիւն: Այժմ «սիրուն աչքերի համար» մէկին համակրելու, միւսին հակակրելու ժամանակը չէ. առջեւում հայրենիքի փրկութեան ընտրութիւնն է: Կրկին սխալւելը յանցանք է: Մեր ընտրութեամբ որպէս ազգ պէտք է ապահովենք հայրենիքի փրկութեան նպատակի յաղթանակը:

 

«Դրօշակ», թիւ 5 (1651), մայիս, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ:

  • Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին
    Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նետ Փրայս 28 յուլիսին Հայաստան-Ազրպէյճան սահմանին վրայ ազրպէյճանական կողմին շղթայազերծած յարձակումին պատճառով ժամեր առաջ արձանագրուած բախումներու հարցով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Միացեալ Նահանգներ կը դատապարտեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով բռնութեան վերջին մագլցումը: Մենք Հայաստանին եւ Ազրպէյճանին կոչ կ՛ուղղենք կատարելու զինադադարի վերաբերեալ իրենց պարտաւորութիւնները` անյապաղ քայլեր ձեռնարկելով կացութեան լարուածութեան մեղմացման համար:

  • «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով
    «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

    «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

  • Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
    Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Իրանի Իսլամական Հանրապետութեան սոցիալական ապահովութեան ներդրումների ընկերութեան հրաւէրով յուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնւում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տէրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։