Հա

Ազգային

10/05/2021 - 11:55

Խլւած յաղթանակների մայիսը

Հազարամեակների իր պատմութեան ընթացքում հայ ազգը բազմաթիւ վերելքներ ու անկումներ, յաղթանակներ ու պարտութիւններ է ունեցել:

Հայոց պատմութեան յաղթանակները եղել են ոգու եւ կամքի յաղթանակ, իսկ պարտութիւնները` հիմնականում դաւաճանութեան հետեւանք, ինչն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր երկրի ճակատագրի մի մեծ ժամանակահատւածի վրայ:

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

Հազարամեակների իր պատմութեան ընթացքում հայ ազգը բազմաթիւ վերելքներ ու անկումներ, յաղթանակներ ու պարտութիւններ է ունեցել:

Հայոց պատմութեան յաղթանակները եղել են ոգու եւ կամքի յաղթանակ, իսկ պարտութիւնները` հիմնականում դաւաճանութեան հետեւանք, ինչն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր երկրի ճակատագրի մի մեծ ժամանակահատւածի վրայ:

Պատահականօրէն թէ նախախնամութեամբ մեր յաղթանակները հիմնականում կերտւել են մայիս ամսին:

Ցաւի ու խեղճութեան՝ ցեղասպանութեան ապրիլից յետոյ հայ մարդը մի տեսակ սրտի թրթիռով սպասում էր իր յաղթանակների մայիսին, որի սկիզբը եռատօնն էր:

Բայց մինչ եռատօնին անդրադառնալը՝ մի փոքր մայիսեան այլ յաղթանակների մասին: Արշակունեաց թագաւորութեան անկումից յետոյ ինքնութեան պահպանման առաջին լուրջ կռիւը հայ ժողովուրդը մղեց 451թ. մայիսի 26-ին Աւարայրի դաշտում: Իհարկէ, ռազմական յաղթանակ հայութիւնը չտարաւ. շատերն այն անւանեցին «բարոյական յաղթանակ», շատերը` պարտութիւն: Ոմանց համար Վարդանանց պատերազմը լոկ կրօնական պատերազմ էր, շատերն էլ այն համարում են ինքնութեան կռիւ: Վարդանանց պատերազմի մասին կարելի է անվերջ խօսել, քննարկել ու բանավիճել, սակայն թեմայի վրայ շատ չկենտրոնանալու համար նշենք միայն, որ դարեր շարունակ Վարդանի ու Վարդանանց կերպարները հայ ժողովրդի համար հերոսականութեան խորհրդանիշներ են եղել, իսկ Վարդանանց նշանաբանը` «մահ իմացեալ անմահութիւն է»` իւրայատուկ պատգամ իր ազատութեան համար պայքար մղող հայ ժողովրդին:

Խորհրդային ապազգայնացման տարիներին, երբ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբիմեր ազատագրական պայքարի շատ հերոսների անուններն արտասանելն անգամ արգելւած էր, Վարդան Մամիկոնեանի ու Վարդանանց կերպարները հայութեան համար դարձան ինքնութեան պահպանման յենասիւներից մէկը:

Հայ ժողովրդի համար, սակայն, ամենաճակատագրականը 20-րդ դարն էր` լի ողբերգական եւ հերոսական բազմաթիւ էջերով: Ցեղասպանւած հայութիւնը իր մեծ ողբերգութիւնից յետոյ կանգնել էր «ազատութիւն կամ մահ» հրամայականի առաջ, եւ անխուսափելի էր թւում մահը, բայց հայ ժողովուրդը կարողացաւ հաւաքել իր ուժերն ու դիմակայել թշնամուն, ինչի շնորհիւ նրան յաջողւեց 600-ամեայ չգոյութիւնից յետոյ նորից Հայկական լեռնաշխարհում իր պետականութեան խարիսխը գցել:

Նշենք, սակայն, որ ո՛չ 1918 թ. Մայիսեան հերոսամարտերը, ո՛չ էլ հանրապետութեան հռչակումը թշնամու դէմ ժողովրդական ինքնաբուխ յուզումների կամ ինքնահոս իրադարձութիւնների արդիւնք չէին, այլ Արամ Մանուկեանի, Դրոյի, Մ. Սիլիկեանի ու նրանց գործակիցների անդուլ աշխատանքի արդիւնքը: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ նախ Արամը, ապա նաեւ Դրոն ու Սիլիկեանը համարւում են Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերը, եւ միանգամայն ճիշտ է Ս. Արարատեանի այն դիտարկումը, որ «….եթէ հայերիս հետ հաշւի էին նստում այն ժամանակ, եւ հաշւի են նստում այժմ, ապա դա կարող է վերագրւել բացառապէս երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկեանին եւ Դրոյին»:

1918 թ. մայիսի 19-ին թշնամին ներխուժեց Արարատեան դաշտ: Դեռեւս մարտին դիկտատոր ընտրւած Արամ Մանուկեանը գեներալ Մ. Սիլիկեանին հրահանգեց չնահանջել եւ պահպանել դիրքերը, հակառակ դէպքում հարւածի տակ կը դրւէր Երեւանը: Թուրքական զօրքերի առաջխաղացման եւ անկասելի թւացող արշաւանքի պայմաններում շատերին դիմադրութիւնը անհնար եւ անիմաստ էր թւում, յուսադրող չէին նաեւ բանակից հասնող լուրերը: Արամը, սակայն, այլ կարծիքի էր. գիտակցելով պահի ճակատագրական լինելը՝ նա դիմում է հայ մօրը, հայ կնոջը. «Եթէ հայ մայրերը չզոհաբերեն իրենց զաւակները, կործանուած է բոլորիս թէ՛ կեանքը եւ թէ՛ պատիւը: Հասած է ժամը, երբ հայ կինը պէտք է զգայ իր կոչման բարձրութիւնը եւ կատարէ իր սուրբ պարտականութիւնը»: Արամի կոչը անարձագանք չմնաց, եւ գաղթելու պատրաստ ժողովուրդը կամաւորագրւեց իր ազատութեան կռւին:

Մայիսի 21-ին թշնամին գրաւեց Սարդարապատ գիւղն ու կայարանը: Գեներալ Սիլիկեանն ու փոխգնդապետ Վեքիլեանը որոշեցին թշնամուն վճռական հակահարւած տալ. մշակւեց ռազմական գործողութիւնների ծրագիր:

Մայիսի 26-ին Երեւանում ստացան գեներալ Սիլիկեանի հեռագիրը, որով գեներալը աւետում էր յաղթանակը: Դէպքերի ականատեսն այսպէս է նկարագրում այդ յուզիչ պահը. «….Արամը երեւաց պատշգամբում… Հեռագիր կայ ձեռքին, յուզմունքից գունատ է, ժպիտ կայ երեսին: Քար լռութիւն: Բազմութիւնն ասես շնչել իսկ դադարել է»: Արամն ընթերցում է գեներալ Սիլիկեանի հեռագիրը, որն ազդարարում էր. «….հինգ օրից ի վեր տեւող ճակատամարտը վերջացաւ թուրքերի կատարեալ պարտութեամբ….» :

1918 թ. մայիսի 20-30-ն ընկած ժամանակահատւածում հայութիւնը սեփական ուժերով դիմադրեց իրեն ռազմապէս գերազանցող թուրքական բանակին եւ յաղթանակ տարաւ: Արամի, Դրոյի ու Սիլիկեանի շնորհիւ հայերը կարողացան «….զէնքը ձեռքներին պահպանել փոքրիկ հողակտորը՝ միակ քաղաք Երեւանը եւ Սուրբ Էջմիածնի եկեղեցին….» :

Մայիսեան հերոսամարտերը բացառիկ նշանակութիւն ունեցան հայութեան համար: Դրանք ոչ միայն վերջինիս փրկեցին բնաջնջումից, այլեւ հնարաւոր դարձրին Հայաստանի անկախութեան վերականգնումը՝ ծնունդ տալով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը. «Սարդարաբադի, Բաշ-Աբարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներու դարբնողները կը մնան Վասպուրականի ԱՐԱՄԸ՝ իւր պողպատեայ կամքով, ԴՐՕՆ՝ իւր շեշտակի խոյանքով, ու սպարապետ ՆԱԶԱՐԲԵԿԵԱՆ եւ զօր. ՍԻԼԻԿԵԱՆ` ռազմավարի հանճարով»: Մայիսի 28-ին կազմաւորւեց եւ թուրքերի հետ առանձին բանակցութիւններ վարելու համար Բաթում ուղարկւեց Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատւիրակութիւնը: Այսպիսով` աշխարհի քաղաքական քարտէզում նորից յայտնւեց հայկական պետութիւն, հայ ժողովուրդը` որպէս պետականութիւն ունեցող ազգ, աշխարհի քաղաքական ասպարէզ մուտք գործելու առաջին չափազանց ծանր ու դժւար, բայց կարեւոր քայլերն էր անում:

1919թ. մայիսի 28-ին ընդունւեց Միացեալ եւ Անկախ Հայաստանի մասին հռչակագիրը: Թւում էր` Հայաստանի առաջ խոստումնալից ապագայի հեռանկարներ են բացւում, բայց այն ընդհատւեց Հայաստանի խորհրդայնացմամբ:

Թէեւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը կարճ կեանք ունեցաւ, բայց իր գոյութեան 2.5 տարիների ընթացքում ոչ միայն ապահովեց հայութեան ֆիզիկական անվտանգութիւնը, այլ նաեւ հող նախապատրաստեց մեր ժողովրդի ազգային, մշակութային ու քաղաքական կեանքի զարգացման համար: Իր անկումից յետոյ էլ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը շարունակեց ապրել հայ ժողովրդի սրտում «….որպէս մշտավառ յուշ անցեալի եւ իբրեւ կենդանի յոյս ապագայի», եւ այդ կենդանի յուշն ու յոյսն էին, որ 1980-ականների վերջերին եւ 1990-ականների սկզբներին ծնունդ տւեցին նախ` Արցախեան շարժմանը, ապա` հայկական երկու պետութիւններին՝ Հայաստանի Հանրապետութեանն ու Արցախի Հանրապետութեանը: 1988 թ. փետրւարից սկիզբ առած՝ մայր Հայաստանին միանալու արցախցիների արդար պահանջին ու խաղաղ ցոյցերին Ադրբեջանի եւ ԽՍՀՄ իշխանութիւնները պատասխանեցին բիրտ ուժի կիրառմամբ: Ադրբեջանն ի վերջոյ սանձազերծեց լայնածաւալ պատերազմ Արցախի դէմ: Ի պաշտպանութիւն Արցախի` պատերազմի մէջ ներքաշւեցին նաեւ Հայաստանն ու Սփիւռքը: Հայութիւնը անհաւասար պատերազմի մէջ մտաւ Ադրբեջանի եւ նրան թէեւ ոչ բացայայտ սատարող այլ ուժերի դէմ: Այդ անհաւասար պատերազմում բեկումնային եղաւ 1992 թ. մայիսը, որը նշանաւորւեց հայոց պատմական բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ: Մինչեւ 1992 թ. մայիսը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակաբար գնդակոծւում էր իր նկատմամբ իշխող դիրք ունեցող Շուշիից, ուստի անհրաժեշտ էր լռեցնել Շուշիում գտնւող ադրբեջանական կրակակէտերը: Բացի այդ` պարզ էր, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է նաեւ Արցախին. անհրաժեշտ էր գրոհել Շուշին: Հայոց բերդաքաղաքի ազատագրման գործողութիւնը ծրագրւել էր ամիսների ընթացքում, գերգաղտնիութեան պայմաններում, իսկ ազատագրման հրամանը ստորագրւեց մայիսի 4-ին: Կար Շուշիի ազատագրման երկու ծրագիր. ի տես բոլորի դրւած էր «Հրազդան» ծրագիրը՝ «Հրազդան-1»` Շուշիի ազատագրում, «Հրազդան-2»` Լիսագորի ազատագրում, եւ «Հրազդան-3»` Բերձորի (Լաչին) ազատագրում ու «Կեանքի ճանապարհ»-ի բացում, մինչդեռ Շուշիի ազատագրման իրական ծրագիրը` «Հարսանիք լեռներում»-ը, գաղտնի էր պահւում. այդ մասին գիտէին միայն գործողութեան ծրագիրը մշակողները: Շուշիի ազատագրման գործողութեան հրամանատար Կոմանդոսի վկայութեամբ` ծրագրի մշակման գործում կարեւոր նշանակութիւն են ունեցել հետախուզական տւեալները: Ըստ գեներալ Գուրգէն Դալիբալթաեանի` Շուշին ազատագրելու համար անհրաժեշտ էր 10.000 զինւոր, մինչդեռ բերդաքաղաքն ազատագրւեց ընդամէնը 1700 մարտիկներով` ընդդէմ թշնամու 2300-ի: Շուշիի ազատագրման գործողութիւնը սկսելու որոշումը կայացւեց մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին` ժամը 02:30-ին, գործողութիւնը սկսւեց եւ աւարտւեց մայիսի 9-ին, երբ քաղաքն ամբողջովին մաքրւած էր թշնամուց: Շուշիի ազատագրման չորս ուղղութիւնների հրամանատարներն էին. «ա) Շոշի (արեւելեան) ուղղութիւն, հրամանատար՝ Ա. Կարապետեան, բ) «26»-ի (հիւսիսային) ուղղութիւն՝ գրոհում էր Ստեփանակերտի կողմից, հրամանատար՝ Վ. Չիթչեան, գ) Լաչինի (հարաւային) ուղղութիւն, հրամանատար՝ Ս. Բաբայեան, դ) Քեոսալարի (հիւսիսարեւմտեան) ուղղութիւն, հրամանատար՝ Ս. Օհանեան»: Շուշի մտած հայկական ուժերը դաշնակցական Աշոտ Ղուլեանի (Բեկոր) գլխաւորած ուժերն էին, աւելի յստակ` Ստեփանակերտի առաջին վաշտը: Մայիսի 8-ին`ժամը 06:30-ին, Աշոտ Ղուլեանը կապ է հաստատում Կենտրոնական շտաբի հետ եւ խնդրում Կոմանդոսին հաղորդել ԳԽ նախագահի պաշտօնակատար Գէորգի Պետրոսեանին, որ Շուշիի բերդի պատի վրայ է եւ մի քանի րոպէից կը մտնի քաղաք: Արդէն «….մայիսի 9-ին քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրայ կրկին բարձրացւեց հայոց եռագոյնը»:

Շուշիի ազատագրմանը յաջորդեց 1992 թ. մայիսի 18-ին Բերձորի (Լաչին) ազատագրումն ու «Կեանքի ճանապարհ»-ի բացումը, որով Արցախը միացաւ մայր Հայաստանին: Ու թէեւ 1992 թ. ամռանը հայկական կողմն ունեցաւ մի շարք տարածքային կորուստներ, բայց Շուշիի ազատագրումը, ըստ էութեան, արդէն վճռել էր պատերազմի ելքը, իսկ Բերձորի ազատագրմամբ «….ստեղծւեց Արցախ-Հայաստան ցամաքային կապը՝ Գորիս-Ստեփանակերտ աւտոմայրուղին, բացւեց մարդասիրական միջանցքը, յոյսի կամուրջը, հարթւեց կեանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարաւորութիւն ունեցաւ»: Սկսած 1992 թ.-ից` մայիսը հայ ժողովրդի համար նշանաւորւում էր եռատօնով. ամէն տարի`մայիսի 9-ին, հայ ժողովուրդը տօնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած յաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծումը, ապա մայիսի 18-ին ոգեկոչում Բերձորն ազատագրած քաջերին եւ իր յաղթանակների մայիսը եզրափակում՝ մայիսի 28-ին տօնելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի յաղթանակներն ու հայկական պետականութեան վերածնունդը: Թւում էր, թէ հայկական հինաւուրց բերդաքաղաք Շուշին, Բերձորն ու ամբողջ Արցախի Հանրապետութիւնը (12.000 քառ.կմ) «Կեանքի ճանապարհ»-ով անշրջելիօրէն միացել են մայր Հայաստանին, բայց 2018թ. «թաւշեայ» իշխանափոխութիւնից յետոյ իշխող շրջանակների համար Արցախն ու արցախեան հիմնախնդիրը երկրորդ պլան մղւեցին, Արցախի յաղթանակը, որ հայութեան` վերջին հազարամեակի յաղթանակներից մեծագոյնն էր, արժեզրկւեց ու ստորադասւեց տարատեսակ կեղծ «արժէքների» նկատմամբ, լայն տարածում գտաւ եւ պետական քաղաքականութիւն դարձաւ մեզ դեռեւս 1920 թ. Կարսի անկման օրերից ծանօթ «խաղաղութեան» ու «բարեկամութեան» կեղծ քարոզը, որին լծւած մերօրեայ «բոլշեւիկները» արեցին ամէն ինչ` հայ հասարակութեան գիտակցութեան մէջ Արցախի կարեւորութիւնը կեղծ խաղաղութեանն ու բարեկամութեանը ստորադասելու, եւ իրենց արտաքին ու ներքին յանցաւոր անտարբերութեամբ մօտեցրին պատերազմը: Չնայած ազդեցիկ հակաքարոզին՝ պատերազմի առաջին իսկ օրւանից բանակը, կամաւորները, ժողովուրդը դիմակայեցին, 44 օր անհաւատալի սխրանքներ գործող հայոց զօրքն ու նրա թիկունքը պահող հայ ժողովուրդը անզիջում պայքար մղեցին հայրենիքի համար, բայց նոյեմբերի 9-ին անսպասելիօրէն թիկունքից դաշոյնի հարւած ստացան. նոյեմբերի 9-ի լոյս 10-ի գիշերը ամէն օր «յաղթելու ենք» ասող իշխանութեան ղեկավարը գաղտնի ազգի ու բանակի թիկունքում կապիտուլեացիոն համաձայնագիր ստորագրեց:

Հայ ազգն իր պատմութեան ընթացքում պարտութիւններ ու դաւաճանութիւններ շատ է տեսել, բայց առաջին անգամ է, որ կռւող բանակի թիկունքում պետութեան ղեկավարն անձնատւութեան (կապիտուլեացիայի) փաստաթուղթ է ստորագրում՝ ճանապարհ բացելով պանթիւրքիզմ կոչւող կործանարար աղէտի առաջ, որի ճամփան այդքան դժւարութեամբ կտրել էին Մայիսեան հերոսամարտերն ու Նժդեհի գլխաւորած Զանգեզուրի ինքնապաշտպանութիւնը: Դաւաճանական կապիտուլեացիայով պանթիւրքիզմի ծրագրին զոհաբերւեցին Արցախն ու Սիւնիքի անվտանգութիւնը: Արցախը Հայաստանի Հանրապետութեան դարպասն է, որն այլեւս բացւել է թշնամու առաջ, վտանգւած է Հայաստանի ողնաշարը՝ Սիւնիքը, իսկ հայրենիքը դաւաճանաբար յանձնողը ամուր կառչել է իր` այլեւս որեւէ արժէք չունեցող աթոռից:

Մայիսն է, հայ ժողովուրդը ամէն տարւայ պէս մեծ ոգեւորութեամբ պէտք է նշէր իր յաղթանակների եռատօնը, բայց 1992 թ.-ից յետոյ առաջին անգամ մայիսն ուրիշ է. այն այլեւս խլւած, դաւաճանւած յաղթանակների մայիս է լինելու, իսկ հայոց հինաւուրց բերդաքաղաքը, որն այս տարի տօնելու էր իր ազատագրման 29-ամեակը, նորից գերւած է, բայց ո՛չ թշնամու ռազմական ուժով, այլ դաւաճանութեան հետեւանքով:

Հայաստանի Հանրապետութեան հետագայ գոյութեան համար անհրաժեշտ են ամուր Սիւնիք եւ ապահով Արցախ, հետեւաբար պէտք է հնարաւորինս արագ դասեր քաղել սխալներից եւ կանգնեցնել հայոց պետականութեան անկումը. Յապաղելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, իսկ երրորդ անկախութեան հնարաւորութիւն մենք գուցէ այլեւս չունենանք:

 

_____________________________________________________

Ծանօթագրութիւններ

1. Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. (քաղաքական պատմութիւն). Փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, խմբ.` Գ. Գալոյեան, Եր., 2000, էջ 34:

2. «Ազատ խօսք» օրաթերթ, մայիս 1936, N 24:

3. Ասրեան Ա., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը, Եր., 2008, էջ 196:

4. Նոյն տեղում:

5. Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. (քաղաքական պատմութիւն), էջ 34:

6. «Ազատ խօսք» օրաթերթ, յունիս 1936 (բացառիկ հրատարակութիւն), էջ 4:

7. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Եր., 1993, էջ 609:

8. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia _of _armenian _history Shushii_azatagrum.

9. http://www.ysu.am/newspaper/hy/1465544588#.YIPbiFUzbIU.

10. https://www.yerkir.am/news/view/174577.html?fbclid=IwAR1Md-xus PWPJB6jY PJBYM2SIwau8MbxWaKZTwftFp3fO_3c4_i_juXUWA4.

 

Օգտագործւած գրականութեան ցանկ

ա) Գրականութիւն

1. Ասրեան Ա., Արամ Մանուկեան. կեանքը եւ գործը, Եր., 2008:

2. Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920 թթ. (քաղաքական պատմութիւն). փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, խմբ.` Գ. Գալոյեան, Եր., 2000:

3. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Եր., 1993:

բ) Մամուլ

1. «Ազատ խօսք» օրաթերթ, մայիս 1936, N 24:

2. «Ազատ խօսք» օրաթերթ, յունիս 1936 (բացառիկ հրատարակութիւն):

գ) Համացանցային նիւթեր

1. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia _of _armenian _history _Shushii_azatagrum.

2. http://www.ysu.am/newspaper/hy/1465544588#.YIPbiFUzbIU.

3. https://www.yerkir.am/news/view/174577.html?fbclid=IwAR1Md-xusPWPJB6j YPJBYM2SIwau8MbxWaKZTwftFp3fO_3c4_i_juXUWA4.

 

«Դրօշակ», թիւ 5 (1651), մայիս, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Արամ եւ Ռոստոմ
    Արամ եւ Ռոստոմ

    Այս տարւայ յունւարին լրացաէ է հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահւան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է՝ մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

  • Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»
    Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ Անի Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Լինել սեփական պատմութեան ժառանգորդը
    Լինել սեփական պատմութեան ժառանգորդը

    Սեւրի պայմանագիրը կնքւել է 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր արւարձանում, այն ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութեան եւ, Հեջազի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։