Հա

Ազգային

12/05/2021 - 10:00

«Այս ապաշնորհ իշխանութեան քայլերը հասցրեցին նրան, որ մենք դուրս մղւեցինք ամէն ինչից, բայց ՀՀ-ը պէտք է ուժեղանայ, պէտք է նորից գործօն դառնայ». Վահրամ Բալայեան

Արցախի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի խօսքով՝ անգամ դեռ «լաւ ժամանակներում», երբ պատերազմը չկար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խօսում էր, որ Արցախն իրենցն է։ Tert.am-ի հետ զրոյցում նա նորութիւն չհամարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցից առաջ եւ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի արած յայտարարութիւնները, ըստ որոնց, ԼՂ հիմնախնդիրն այլեւս լուծւած է, իսկ ռուս խաղաղապահները ծառայութիւն են իրականացնում իրենց տարածքում։

«alikonline.ir» - Արցախի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների յանձաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի խօսքով՝ անգամ դեռ «լաւ ժամանակներում», երբ պատերազմը չկար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խօսում էր, որ Արցախն իրենցն է։ Tert.am-ի հետ զրոյցում նա նորութիւն չհամարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այցից առաջ եւ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի արած յայտարարութիւնները, ըստ որոնց, ԼՂ հիմնախնդիրն այլեւս լուծւած է, իսկ ռուս խաղաղապահները ծառայութիւն են իրականացնում իրենց տարածքում։

«Ես անգամ նախանձում եմ նրա յամառութեանը։ Ցանկանում եմ, որ այդ յամառութիւնից մեր ղեկավարութիւնը նոյնպէս ունենայ»,- ասաց նա։

Վահրամ Բալայեանը նշեց, որ իհարկէ, Արցախյան հիմնախնդիրը լուծւած չէ բոլոր առումներով. մինչեւ Ացախի կարգավիճակի հարցը լուծելը, պէտք է լուծւեն նաեւ արցախահայութեան անվտանգութեանը եւ կարգավիճակից բխող բոլոր հարցերը։

«Եթէ հարցը լուծւած լինէր, ապա հանդիմանողական վերաբերմունք կը լինէր ոչ միայն արցախահայութեան, երկրի նկատմամբ, նաեւ այն պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ, որոնք այսօր օկուպացւած տարածքներում են գտնւում։ Կարծում եմ, որ նման վերաբերմունքը թոյլ չի տալիս հարցն առաջ տանելու որոշակի եզրեր գտնել»,- ասաց նա՝ նշելով, որ դա լաւ գիտակցում են նաեւ ԵԱՀԿ Միսկի խումբը համանախագահող երկրները, յատկապէս՝ գործընթացում առաւել ակտիւ Ռուսաստանը։

Նա պատահական չհամարեց, որ Ռուսաստանն այս պահին էլ յայտարարում է, որ հիմնահարցին անդրադարձ կատարւելու է։ «Եթէ իսկապէս երկու ժողովուրդ ցանկանում են միմեանց հետ խաղաղ ապրել, բնականաբար, հարցին պէտք է լուծում տրւի։ Ճիշտ է, այս պահին Ադրբեջանը կարողացել է ռազմական տեսանկիւնից թելադրողի դերը ստանձնել, բայց չպէտք է մոռանալ, որ մենք էլ նման յաջողութիւն ենք ունեցել 1991-1994 թւականներին, բայց հարցը մնացել է բաց, այսինքն՝ ռազմի դաշտից պէտք է տեղափոխւել դիւանագիտութեան ոլորտ եւ իսկապէս մի փաստաթուղթ ստորագրել, որը հնարաւորութիւն կը տայ, որ արցախահայութիւնն իր հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրաւունք ունենայ։ Նման պարագայում տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հնարաւորութիւն կը ստեղծւի»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է պէտք, որ Ադրբեջանը վերադառնայ բանակցային սեղան, արցախցի պատգամաւորը պատասխանեց՝ առաջինը՝ անհրաժեշտ է, որ հայ ժողովրդի դիմադրողականութիւնը բարձրացւի։

«Երկրորդը, ինչն անչափ կարեւոր է, այն է, որ Հայաստանի Հարապետութիւնը պէտք է ուժեղանայ, պէտք է դառնայ նորից գործօն։ Վերջին տարիներին նրա հետ հաշւի էին նստում։ Վերջիվերջոյ, բոլորն էլ ուժը սիրում են, նրա հետ են հաշւի նստում, բայց ցաւօք սրտի, այս 44-օրեայ պատերազմը, Հայաստանի ապաշնորհ իշխանութեան քայլերը բերեցին, հասցրեցին նրան, որ մենք դուրս մղւեցինք ամէն ինչից։ Թոյլ Հայաստանի պարագայում արցախեան հարցին լուծում տալուն խիստ կասկածում եմ»,- ասաց Բալայեանը եւ յաւելեց, որ մինչեւ Հայաստանի Հարապետութիւնը ոտքի չկանգնի, մինչեւ ՀՀ ամէն մի քաղաքացի չհասկանայ, որ այստեղ հարցը Արցախի այս կամ այն տարածքի մասին չէ, խնդիրը հայ մարդու արժանապատւութիւնը պահելն է, մեր յաջորդ սերունդների համար գոնէ եղածը պահելն ու զարգացնելն է, հնարաւոր չի լինի ապագայի մարտահրաւէրներին դիմակայել. «Միայն համախմբւած ուժերով է հնարաւոր արդիւնք ունենալ»:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանութեանն ու մեզ սպառնացող վտանգներին՝ Վահրամ Բալայեանը նշեց, որ, իհարկէ, պատերազմը վատ բան է, բայց պէտք չէ «կուչ եկած» վախենալ պատերազմի սպառնալիքներից։

«Մենք այդպէս չենք կարող գոյատեւել։ Ես կարծում եմ, որ այդ ամենին պէտք է համարժէք քայլեր կատարւեն. նկատի ունեմ՝ երկրի կառավարման համակարգի կատարելագործում, երկրի պաշտպանունակութեան ամրապնդում, երկրի տնտեսութեան, ժողովրդավարական ինստիտուտների զագացում լինի։ Բոլոր առումերով մենք պէտք է զարգացում արձանագրէք, որ հակառակորդը նման լեզւով մեզ հետ չխօսի»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։