Հա

Ազգային

12/05/2021 - 11:10

Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում

«Մայիսի 10-ին ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյութեան դադարումը «Հայրենիքի փրկութեան շարժման» պայքարի արդիւնքներից մէկն էր: Եթէ չլինէր «Հայրենիքի փրկութեան շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որեւէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կը շարունակէին պաշտօնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը:

«alikonline.ir» - «Մայիսի 10-ին ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյութեան դադարումը «Հայրենիքի փրկութեան շարժման» պայքարի արդիւնքներից մէկն էր: Եթէ չլինէր «Հայրենիքի փրկութեան շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որեւէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կը շարունակէին պաշտօնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը:

Նրա խօսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի հանրահաւաքն ակնառու էր նրանով, որ այնտեղ հաւաքւած էին երկրի մասին մտահոգ, երկիրը սիրող քաղաքացիներ. «Հայրենիքի կորստից ողբերգութիւն ապրող մարդիկ էին այնտեղ հաւաքւած, որը շատ կարեւոր է: Չէր գործել վարչական լծակ, չէր գործել փող, մարդիկ իրենց կամքով եկել էին»:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական խոստումներից մէկին՝ «արժանապատիւ խաղաղութեանը», նա պարզաբանեց, թէ դա ինչ է ենթադրում.

«Դա ենթադրում է, որ թշնամին, հակառակորդը, աշխարհի ցանկացած մայրաքաղաքում նստած քաղաքական ղեկավարութիւնը յարգանքով վերաբերւի քեզ, եւ դու քո երկրի ժողովրդի անվտանգութիւնը կարողանաս ապահովել. Ապահովել բռունցքի ուժով, բայց նաեւ ապահովել խաղաղութեան միջոցով: Իշխանութիւնն արդէն իսկ փորձում է կեղծ թեզեր հրապարակ նետել, թէ՝ վայ, եթէ գայ «Հայաստան» դաշինքը իշխանութեան, չի բացառւում, որ պատերազմ լինի: Ես միշտ զուգահեռ եմ տանում հետեւեալի հետ՝ 1998թ. իշխանափոխութիւնից յետոյ Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, թէ իշխանութեան եկաւ պատերազմի կուսակցութիւնը, բայց այդ իշխանութիւնը, որը նա «պատերազմի կուսակցութիւն» էր կոչում, ե՛ւ Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան, ե՛ւ Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին պատերազմ չի եղել:

Մարտաշունչ տերմինաբանութեամբ խօսող իշխանութեան 20 տարիներին պատերազմ չի եղել: Ես չեմ խօսում դիւերսիոն ներթափանցումների փորձերի, կարճ ռազմական գործողութիւնների եւ ապրիլեան պատերազմի մասին. երկարատեւ, մաշեցնող եւ կործանարար պատերազմ, ինչպէս 2020թ. եղաւ, չի՛ եղել: 2018թ. իշխանութեան եկաւ «խաղաղութեան» փաշինեանական ուժը, որը հրապարակ նետեց լրիւ նոր թեզեր, եւ 3 տարւայ մէջ եղաւ կործանարար այս պատերազմը: Դա ցուցիչներից մէկն է, որը նաեւ ցոյց է տալիս, թէ արժանապատիւ, ուժեղ կառավարումն ինչպէս պէտք է լինի»:

Գեղամ Մանուկեանն ընդգծեց. «Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում. մէկ տարի շարունակ համավարակի շրջանում հազարաւոր զոհեր ունենալուց յետոյ, պատերազմում հազարաւոր զոհեր, 10 հազարից աւել վիրաւորներ ունենալուց յետոյ, Արցախի 75 տոկոսը կորցնելուց յետոյ այս իշխանութիւնն ունի այնքան ցինիզմ, որ խօսում է, թէ կարող է ապագայ կերտել: Նա անցեալն է կործանել անգամ, ուր մնաց՝ ապագան ինչ-որ ձեւով կառուցելու: Սահման չի ճանաչում այս իշխանութեան պահւածքը»:

Հարցին՝ լսե՞լ է Նիկոլ Փաշինեանի ելոյթն ԱԺ-ում, նա պատասխանեց. «Ես վաղուց Նիկոլ Փաշինեանին չեմ լսում՝ ընտանիքիս առողջութիւնը ի նկատի ունենալով, դիցուք՝ կինս ուղղակի չի կարողանում լսել, բայց թեզերին ծանօթ եմ: Մարդ պէտք է ողբերգութիւն ապրէր: Ախր, քո ապաշնորհ կառավարման արդիւնքում Արցախ ես կորցրել, հազարաւոր զոհեր ունես, «Եռաբլուրը» սարքել ես անծայրածիր, մէկ էլ աննախադէպ թիւ ես հրապարակում՝ Սեւանի ջուրը բարձրանում է: Այսինքն՝ ինչ է կորցրել, եւ փորձում ես կշեռքի նժարին ինչ դնել, ախր, համեմատելի չեն: Երէկ խորհրդարանում ցինիզմի նոր հրավառութիւն էր, որի մէջ տեղաւորւեց նաեւ, թէ իշխանութիւնները դերակատարութիւն են ունեցել Բայդէնի յայտարարութեան մէջ: Իսկ այս իշխանութիւնների թրքահաճոյութիւնն ամէն քայլափոխի է՝ իրենց քաղաքականութեամբ, վարքով, կոմունիկացիաներ բացելու կեղծ սխեմաներ գծելով»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։