Հա

Ազգային

17/05/2021 - 10:00

Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

Հայ-ադրբեջանական պետական սահմանը, որպէս այդպիսին, երբեք չի գծւել: 1918-ի մայիսից, անկախութիւն հռչակելուց յետոյ, երկու երկրների միջեւ բախումներ սկսեցին: Արհեստածին Ադրբեջանը, իր ստեղծման առաջին օրւանից, ձգտելով նորայայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագաւորութեան մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, եւ որտեղ հայերս շարունակել ենք ապրել, նոյնիսկ պետականութիւնը կորցնելուց յետոյ:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ

 

Հայ-ադրբեջանական պետական սահմանը, որպէս այդպիսին, երբեք չի գծւել: 1918-ի մայիսից, անկախութիւն հռչակելուց յետոյ, երկու երկրների միջեւ բախումներ սկսեցին: Արհեստածին Ադրբեջանը, իր ստեղծման առաջին օրւանից, ձգտելով նորայայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագաւորութեան մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, եւ որտեղ հայերս շարունակել ենք ապրել, նոյնիսկ պետականութիւնը կորցնելուց յետոյ: Սահմանային բախումները եւ տարածքային վէճերը շարունակւեցին մինչեւ 1920-21 թթ., երբ երկու երկրներում նախ հաստատւեց սովետական իշխանութիւնը, իսկ յետոյ երկրները կորցրեցին իրենց անկախութիւնը: «Ժողովուրդների կամքով ստեղծւած միասնական եւ հզօր Սովետական Միութիւնում» հանրապետութիւնների միջեւ սահմանները պետական կոչել որեւէ կերպ չէր կարելի: ՍՍԽՄ ձեւաւորման պահին հանրապետութիւնների սահմանները որոշւում էին փաստացի ինքնիշխանութեան, էթնիկ, պատմական, աշխարհագրական, տնտեսական եւ քաղաքական հիմքերով: Վերջին հիմքը շաղախն էր, որը դատապարտում էր հանրապետութիւններին ապրել իրար հետ: Օրինակ՝ եթէ հայերը որոշէին դուրս գալ ՍՍՀՄ-ից, նրանք Արցախի հետ վարամիաւորման հնարաւորութիւնը: Նոյն սկզբունքով գծւեցին միջինասիական հանրապետութիւնների սահմանների որոշ տեղամասեր:

Սովետական Միութեան փլուզումից յետոյ նախկին եղբայրական հանրապետութիւնները «ժառանգեցին» իրենց սովետական սահմանները: Աշխարհը, կարծես թէ ապահարզանի այդ տարբերակին դէմ չէր: Լուրջ տարաձայնութիւններ, որոշ բացառութիւններով, կարծես թէ, չկային: Հայաստանի պարագան այլ էր: Ի տարբերութիւն այլ հանրապետութիւնների, մեր անկախութեան պայքարն արցախեան ազատամարտն էր: Մենք ոչ միայն պայքարում էինք անկախութեան վերականգնման, այլեւ միասնական հայրենիքում ապրելու հայերի անօտարելի եւ անժամանցելի իրաւունքների համար: Չմոռանանք, որ արցախեան պայքարի կարգախօսը միացումն էր՝ Միացում, ազգերի ազատ ինքնորոշման հիմքով: Արդէն յետոյ, 1991-ի օգոստոսեան յեղաշրջման ձախողումից յետոյ, արցախցիք (ԼՂԻՄ+Շահումեանի շրջան), տւեալ պահին գործող ՍՍՀՄ սահմանադրութեան տառին եւ ոգուն համաձայն, հռչակեցին իրենց անկախութիւնը եւ ինքնիշխան պետութեան ստեղծումը:

Դա 1991-ին, բայց մինչեւ այդ, դեռեւս 1988-ին սկիզբ առած խաղաղ պայքարը, շատ շուտով հրապարակներից տեղափոխւեց ռազմադաշտ: Զինեալ պայքար բռնկւեց Արցախում եւ հայ-ադրբեջանական «սահմանի» երկայնքով:

Ինչեւէ, պատմական էքսկուրսը չի հանդիսանում սույն ակնարկի բուն նպատակը: Սակայն այս էքսկուրսը կօգնի հասկանալ, թէ ինչո՞ւ ադրբեջանցիք հիմա եւ հէնց Սեւ լճերի շրջանից յարձակում գործեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ: Ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում: Ադրբեջանցիք ուզում են գծել հայ-ադրբեջանական սահմանը, որի մեկնարկային կէտ է հանդիսանալու նախկին սովետական հանրապետութիւնների միջեւ վարչական սահմանը: Յղում կատարելով նախկին սովետական քարտէզներին ու GPS համակարգին, նրանք զինւորական ներկայութիւն հաստատեցին Սիւնիքի մարզի արեւելեան սահմաններին՝ Գորիսից հարաւ, մինչեւ Կապան քաղաքը, Եղվարդ ու Ճակատէն գիւղերը: Հայաստանը դա կուլ տւեց:

Կապիտուլեանտը յայտարարեց, որ ադրբեջանական առաջխաղացումը «բանաւոր ըմբռնման» արդիւնք է: Յետոյ ի յայտ եկան արձանագրութիւններ, որոնք փաստեցին, որ կայ բանաւոր ըմբռնումը փաստաթղթի վերածած գրաւոր փաստաթուղթ:

Սրանով կարելի է բացատրել, թէ ինչու ադրբեջանցիք ներխուժման համար ընտրեցին հէնց Սեւ լիճը: Լճափի մի մասը, համաձայն նախկին Սովետական քարտէզների, պատկանում էր Ադրբեջանական ՍՍՀ-ին: Եթէ ադրբեջանցիները «բանաւոր ըմբռնման արդիւնքում» դրօշ պարզեցին Շուռնուխում, ապա ինչո՞ւ չեն կարող նոյնն անել Սեւ լճի հիւսիսային ափին:

Ամենայն հաւանականութեամբ, «բանաւոր ըմբռնումը» վերաբերւել է սահմանազատման սկզբունքներին այլ ոչ թէ կոնկրետ բնակավայրերին: Զարմանալի չէ, որ ռուսական կողմը կոչ արեց յարգել նախկին պայմանաւորւածութիւնները, իսկ ամերիկացիք խօսեցին «վիճելի տարածքների» մասին: Իշխանական եւ իշխանամերձ ուժերը յետ չմնացին: Զօրակոչից խուսափած եւ սեփական մօր դէմ ցուցմունք տւած, «Լուսաւոր Հայաստանի» ցանկով պատգամաւոր ընտրւած Արման Բաբաջանեանը Հ1-ի եթերով խօսեց «չէզոք գօտու մասին»: «Կայսերը մօտ կանգնած» նախկին ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարեանն էլ, իր հերթին, յայտարարեց, որ սահմանային խնդիրները դեռ յստակեցւած չեն: Այս յայտարարութիւնները չեն կարող հարցեր ու մտահոգութիւններ չառաջացնել: Ի՞նչ պայմանաւորւածութիւններ, ի՞նչ վիճելի տարածք, ի՞նչ չէզոք գօտի, ի՞նչ սահմանային խնդիրներ: Նման հարցեր Հայաստանի քաղաքական օրակարգում չէին եղել, նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն ակտն էլ սահմանային խնդիրների մասին ոչ մի դրոյթ չի պարունակում… Ուրեմն էլ ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել կապիտուլեանտն ու իր ադրբեջանցի բարեկամը: էլ ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:

Հարց է առաջանում, թէ ինչու ադրբեջանցիները որոշեցին հէնց հիմա իրենց սանձարձակ քայլը կատարել՝ անտեսելով կապիտուլեանտի հերթական յոխորտանքը, թէ սահմանները կահաւորւած են, ընդ որում, այնքան լաւ, որ ադրբեջանցիների դա նոյնիսկ չեն տեսնում: Պատասխանն ակներեւ է. ընտրութիւններ: Ադրբեջանցիք միամիտ չեն, հասկանում են, որ յունիսի 20-ից յետոյ Հայաստանում կարող է իրավիճակ փոխւել եւ ոչ իրենց օգտին: Նրանք շտապում են: Գիտակցում են, որ կապիտուլեատնից հեշտօրէն կարելի է զիջումներ կորզել, միւսներից՝ ոչ: Փաշինեանն իրեն դիրքաւորում է որպէս խաղաղարար, ով դադարեցրեց 44-օրեայ պատերազմը, որպէսզի տասնեակ հազարաւոր զինւորներ շրջափակման մէջ չյայտնւեն եւ չզոհւեն: Չէ, նա հազարաւորներին չզոհեց, նա տասնեակ հազարների փրկեց: Փրկիչը հիմա էլ կը փրկի: Իշխանութիւնները եւ իշխանական քարոզչամեքենան, որոնք որ մայիսի 12-ին, արծրունաբար, ժխտում էին ադրբեջանական ներխուժման փաստը, հիմա կոչ են անում պատրաստւել վատագոյնին: Երբ հպարտ ժողովուրդը պատրաստ կը լինի վատագոյնին, սպիտակ ձիու վրայ նստած կը յայտնւի կապիտուլեանտն ու հարցը խաղաղ կերպով կը լուծի. կը սկսի սահմանազատման գործընթաց, որը հիմնւած կը լինի նախկին Սովետական Միութեան ներքին վարչա-տարածքային սահմանների վրայ: Նիկոլն ի՞նչ մեղք ունի, կոմունիստներն են սահմաններն այդպէս գծել: Ընտրութիւնների նախաշեմին կը յիշեն նաեւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրէնքը: Կապիտուլեանտը մեղք չունի, նա թոյլ չտւեց որ կռիւ բռնկւի, մեղաւոր են նախկինները:

Պէտք չէ մոռանալ նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Կապիտուլեանտը միշտ էլ կը կարողանայ համոզել, որ ոչ մի վատ բան չի լինի, եթէ ադրբեջանական մեքենաները երթեւեկեն Հայաստանի մայրուղիներով, իսկ մենք Նախիջեւանով հասնենք Մեղրի, կամ Ղազախով Թբիլիսի: Ի դէպ նշեմ, որ Սեւ լճի հատւածում Հայաստանի «լայնութիւնն» ամենափոքրն է՝ 40 կմ կարգի:

Ամփոփենք: Առանց լուրջ ջանքերի ադրբեջանցիները կարող են վերադառնալ նախկին սահմաններին: Հայաստանը դրանք կը ճանաչի, քանի որ կապիտուլեանտը չի կարող դուրս գալ խաղաղարարի իր ամպլուայից: Ճանաչելով Սովետի թւին գծւած Ադրբեջանի պետական սահմանները, Հայաստանը վերջնականապէս կը փակի Արցախի հարցը: Աւելին, ադրբեջանցիք կը կարողանան վերադառնալ Տաւուշում եւ Արարատում գտնւող իրենց նախկին անկլաւներին: Պատկերացրէք ի՞նչ կը լինի Տաւուշի հետ, եթէ ադրբեջանցիք յայտնւեն Ազատամուտի մօտակայքում՝ փակելով դէպի Բերդ տանող ճանապարեւը, իսկ Ոսկեպարում փակեն Նոյեմբերեան տանող ճանապարհը: Իհարկէ, կարող է հարց առաջանալ, թէ ադրբեջանցիք ինչո՞ւ հէնց Տաւուշի կողմից յարձակում չնախաձեռնեցին: Պատասխանը պարզ է. նախկինները կահաւորել էին հայ-ադրբեջանական շփման գծի տաւուշեան հատւածը, իսկ կապիտուլեանտը Սիւնիքում ձեւաւորւած նոր շփման գիծն անպաշտպան էր թողել: Աւելի կարեւոր գործեր ունէր. ուժեցաղում էր իր սեփական պաշտպանութիւնը:

Միգուցէ Քեարքին վերադարձնելուն կապիտուլեանտը չհամաձայնւի, փոխարէնն առաջարկելով… Այ հիմա հասկանալի է, թէ ինչու ադրբեջանցիք Հայաստան ներխուժեցին նաեւ Գեղարքունիքից: Չէ որ Ալիեւը երբեք չի թաքցրել Սեւանի ափ դուրս գալու իր մտադրութիւնը….

Լուծումը՞: Հայաստանը չպէտք է տրւի ադրբեջանական սադրանքին: Զիջելով Շուռնուխում հարւածի տակ յայտնւեց Սեւ լիճը: Զիջելով Սեւ լիճը, կը կորցնենք ամբողջ երկիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։