Հա

Ազգային

03/06/2021 - 11:40

ՀՅԴ Արցախի կառոյցի պատասխանատուներն Արցախի պետական համալսարանում

Յունիսի 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանը, Արթուր Մոսիեանը եւ Վահրամ Բալայեանը հանդիպել են Արցախի պետական համալսարանի ուսանողների եւ դասախօսների հետ:

«alikonline.ir» - Յունիսի 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորներ Դաւիթ Իշխանեանը, Արթուր Մոսիեանը եւ Վահրամ Բալայեանը հանդիպել են Արցախի պետական համալսարանի ուսանողների եւ դասախօսների հետ: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ողջունելով հրաւիրեալներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմէն Սարգսեանը նշել է, որ հանդիպումն իրականացւում է «Արցախ. ներկան եւ ապագան» ծրագրի շրջանակներում: Արմէն Սարգսեանը Դաւիթ Իշխանեանին է յանձնել ԱրՊՀ 50-ամեակին նւիրւած յուշամեդալ եւ «Արցախի ժողովրդագիտութիւնը» աշխատութեան հատորները:

Դաւիթ Իշխանեանը, շնորհակալութիւն յայտնելով հանդիպման նախաձեռնութեան համար, ներկայացրել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ՀՅԴ տեսլականը: «Մեր համազգային օրակարգում հարցերի հարցը Արցախեան հիմնահարցն է, Արցախի ապագան: Ցաւօք սրտի, մենք դեռեւս չունենք մի շարք հարցի պատասխաններ: Գնահատական չի տրւել պատերազմի պատճառներին, հետեւանքներին, ընդհանուր վիճակին եւ պարզ չեն մեր անելիքները»,- իր ելոյթում նշել է Դաւիթ Իշխանեանը:

Նա կարեւորել է անվտանգային համակարգի յստակեցումը, խօսել ՀՅԴ ծաւալած քաղաքական-դիւանագիտական, տեղեկատւական-քարոզչական աշխատանքների մասին:

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական գործընթացներին, նոյեմբերի 10-ի ԱՀ ԱԺ չորս խմբակցութիւնների համատեղ յայտարարությանը, մայիսի 20-ի ԱՀ ԱԺ երեք խմբակցութիւնների յայտարարութեանը, Դաւիթ Իշխանեանը նշել է, որ դրանք տարաբնոյթ մեկնաբանութիւնների տեղիք են տւել:

«Մենք չենք հրաժարւում ԱՀ նախագահի հրաժարականի պահանջից, բայց նաեւ գիտակցում ենք, թէ ինչպիսի քայլերով դա պէտք է տեղի ունենայ: Քաղաքական մի շարք հանդիպումների բովանդակութեան մասին նաեւ Արայիկ Յարութիւնեանի շուրթերով ոչ ամբողջական ճշմարտութիւնն է ներկայացւել: Մասնաւորապէս, ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թւում մեզ՝ փորձել են մեղադրել պաշտօններ զբաղեցնելու ձգտումների մէջ: Այստեղ եւս մէկ անգամ ուզում եմ հրապարակայնօրէն ներկայացնել, որ Դաշնակցութիւնը երբեք չի առաջնորդւել ու չի առաջնորդւում պաշտօն զբաղեցնելու միտումներով: Մեզ համար երկրի եւ մեր ժողովրդի շահերն աւելի են կարեւորւում»,- ասել է Դաւիթ Իշխանեանը:

Պատասխանելով անվտանգութեան ապահովման, Սահմանադրական փոփոխութիւնների մասին հարցին, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը նշել է, որ բոլոր խնդիրների լուծումը ազգային ուժերի իշխանութեան գալն է.

«Պարտւած իշխանութիւնը պէտք է հեռանայ: Իւրաքանչիւր քաղաքացի էլ իր մեղաւորութեան չափաբաժինն ունի, բայց հիմնական պատասխանատուն եւ մեղաւորները պարտւած իշխանութիւններն են՝ Արայիկ Յարութիւնեանի, Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Մարդիկ կրում են բարոյական եւ քաղաքական պատասխանատւութիւն, իրաւական պատասխանատւութեան հարցը կորոշւի: Համոզւած եմ, որ հայկական Նիւրնբերգ լինելու է»,- նշել է Ա. Մոսիեանը՝ աւելացնելով, որ դեռեւս պարզ չէ, թէ ինչքանով է Արցախի իշխանութիւնը մասնակից ՀՀ իշխանութիւնների դաւադիր ծրագրին:

Արթուր Մոսիեանը կարեւորել է ԱրՊՀ-ի ուսանողների, դասախօսների դերակատարութիւնը հայրենիքի փրկութեան գործում:

ՀՅԴ ներկայացուցիչները ներկաների խնդրանքով անդրադարձել են նաեւ ԱՀ նախագահի հրաժարականի պահանջի մանրամասների, հետագայ անելիքների եւ բնակչութեան ֆիզիկական ապահովութեան մասին հարցերին:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։