Հա

Ազգային

10/06/2021 - 14:20

ՀՅԴ ՀԵՄ-ը ներկայացնում է փաստեր՝ պետական դաւաճանութեան մասին

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական կազմակերպութիւնը այսօր, յունիսի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարութեան շէնքի դիմաց, որտեղ ներկայացրեցին փաստեր, թէ ինչու է Նիկոլ Փաշինեանը դաւաճան:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական կազմակերպութիւնը այսօր, յունիսի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարութեան շէնքի դիմաց, որտեղ ներկայացրեցին փաստեր, թէ ինչու է Նիկոլ Փաշինեանը դաւաճան:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Դաւաճան է, այո», «Հողատուն չի կարող լինել հողաշէն», «Ելակ, թէ սաղաւարտ», «Զինադադար եւ գերիներ» եւ այլն:

Երիտասարդները կէտերով նշեցին այն քայլերն ու գործողութիւնները, որոնք իրենք համարում են դաւաճանական:

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսեանը պարզաբանեց, որ, քանի որ Նիկոլ Փաշինեանը Ֆրանսիայում մեր հայրենակիցներին ասաց՝ թող գան, իր առջեւ կանգնեն եւ ասեն, թէ ինքն ինչի՞ համար է դաւաճան, հիմա իրենք եկել են՝ թւարկելու այն գործողութիւնները, որոնց համար Փաշինեանին համարում են դաւաճան։

«Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ իր նեղ թիմին ներկայացնում էր, որ իրեն անընդհատ ասում են՝ «դաւաճան», բայց չեն ասում, թէ ինչի՞ համար է դաւաճան։ Սակայն այդտեղ էլ է խաբում․ 6 ամիսների ընթացքում մենք բազմիցս ասել ենք Նիկոլ Փաշինեանին՝ ինչի է նա դաւաճան։ Մեզ չի հետաքրքրում՝ դա դիտաւորեալ դաւաճանութի՞ւն էր, թէ՞ այդ քայլերը բերեցին դաւաճանական ելքի, որովհետեւ նա ՀՀ վարչապետ է եւ պարտաւոր է իր բոլոր գործողութիւններով այնպէս անել, որ դրանք բոլորը բխեն մեր երկրի եւ մեր ժողովրդի ազգային շահերից»,- ասաց Գոռ Սարգսեանը։

Իբրեւ դաւաճանութեան փաստերից մէկը նա նշեց, որ Նիկոլ Փաշինեանը եւ Արմէն Սարգսեանը միջազգային կառոյցներին երաշխաւորեցին, որ վնաս չեն հասցնի Ադրբեջանի գազամուղներին եւ կարեւորագոյն կառոյցներին, այնինչ Ադրբեջանը ոչ մի երաշխիք չէր տւել, որ չի վնասի Արցախի Հանրապետութեան մեր հայրենակիցներին․ «Մենք պատերազմի ամբողջ ընթացքում տեսել ենք, թէ ինչպէս են հարւածում դպրոցներին, մանկապարտէզներին եւ բնակավայրերին»։

Յաջորդ փաստը՝ Նիկոլ Փաշինեանը եւ Արայիկ Յարութիւնեանը պատերազմի առաջին օրւանից Արցախի գրեթէ ողջ ժողովրդին դուրս են հանել Արցախի տարածքից․ «Եթէ նայենք պատմութիւնը՝ բոլոր յաղթած պատերազմները, կը տեսնենք, որ մի հայրենիքում, որտեղ տեղի է ունենում պատերազմ, այդ բնակչութիւնը տեղում է մնում։ Ամբողջ 90-ականների պատերազմի ընթացքում ոչ մի դէպքում նման գործողութիւն չի եղել։ Անգամ Ապրիլեանի ժամանակ են մնացել։ Բնակչութեանը հանելը նշանակում է՝ պատերազմը սկսւելիս արդէն այս մարդիկ տրամադրւած էին պարտութեան, տրամադրւած էին հողերը տալու»։

Դաւաճանութեան յաջորդ փաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում Փաշինեանը խուսափել է կարող ուժերի կողմից առաջարկւող օգնութիւնից եւ իշխանութիւնը պահելը աւելի կարեւոր է համարել, քան պատերազմում յաղթելը։

«Պատերազմը սկսւելուց մինչեւ օրս այս իշխանութիւնները ներքաղաքաքական հարցերն աւելի կարեւոր են համարել, քան պատերազմում յաղթելը․ համախմբման բոլոր կոչերը մերժեցին, Դաշնակցութեան առաջարկած ռազմական շտաբ ստեղծելուն մերժեցին, որտեղ պիտի ներգրաււած լինէին Հայաստանի ու Արցախի՝ նախկին բոլոր նախագահները եւ պաշտպանութեան նախարարները, այս իշխանութիւնը մերժեց։ Եթէ ձեր ասելով՝ այս ամբողջ եղածի մեղաւորը նախկիններն էին, թող Փաշինեանը կազմակերպէր այդ շտաբը, բոլորին ներգրաւէր այս պրոցեսի մէջ ու վերջում ասէր՝ եթէ կարող էիք՝ փրկէիք․ դիտաւորեալ մերժեց բոլորի ներկայութիւնը, որովհետեւ այնտեղ շատ հարցեր կային, որ պէտք չէր, որ կողքից որեւէ մէկը տեսնէր»,- ասաց Գոռ Սարգսեանը։

Դաւաճանական արարք էր նաեւ այն, որ Փաշինեանը առանց ժողովրդին ու կռւողներին հարցնելու՝ ստորագրել է կապիտուլեացիոն պայմանագիր․ «Պատերազմի ողջ ընթացքում թշնամին կարողացել է գրաւել 90 բնակավայր, իսկ Նիկոլի ստորագրութեամբ՝ առանց կռւի յանձնւել է մօտ 200 հայկական բնակավայր եւ մինչեւ օրս յանձնւում է՝ անգամ կապիտուլեացիայից յետոյ, երբ յայտարարութեան մէջ ՀՀ տարածքները չկային։ Այնինչ, հիմա Վարդենիսի եւ Սիւնիքի կողմից ադրբեջանցիները մտել են ՀՀ տարածքի մէջ, յետ չեն քաշւում եւ Նիկոլ Փաշինեանը ոչինչ չի անում նրանց յետ քաշելու համար»։

Նշենք, որ կառավարութեան շէնքի մուտքի մօտ ոստիկանական ուժեր էին կենտրոնացւել։

Կառավարութեան շէնքի մօտից ոստիկանները բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարւեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին եւ փորձում էին թոյլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:

Յայտնի է, որ խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս՝ բերման ենթարկւածների թւում են «Հայաստան» դաշինքի դաշնակցական անդամներ Արգիշտի Գէորգեանը՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, Հայկազ Յարութիւնեանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ, Ամիրան Կալաւորեանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ, Գառնիկ Մելքումեանը՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ։

Ապօրինաբար բերման են ենթարկել նաեւ ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչութեան ատենապետ Տարօն Ղազարեանին, ՀՅԴ ՀԵՄ ԿՎ ներկայացուցիչ Գոռ Սարգսեանին, ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչութեան անդամ Տարօն Մանուկեանին։

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։