Հա

Ազգային

18/06/2021 - 14:10

Նիկոլ Փաշինեանն ընդունել է իր պարտութիւնը

Վերջնագծին մօտեցող նախընտրական քարոզարշաւին քիչ թէ շատ հետեւած շատերը կարծում եմ կընդունեն, որ Փաշինեանի առաջնորդած իշխանական ուժն այս ընտրութիւններին ներկայացաւ բացարձակապէս անպատրաստ: Լինելով ընտրութիւնների եւ դրանց ժամկէտների մասին որոշում կայացնող ուժը իւրաքանչիւր իշխանութիւն մշտապէս հնարաւորութիւն ունի աւելի վաղ սկսելու նախապատրաստական աշխատանքները (մանաւանդ արտահերթ ընտրութիւնների դէպքում): 

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Վերջնագծին մօտեցող նախընտրական քարոզարշաւին քիչ թէ շատ հետեւած շատերը կարծում եմ կընդունեն, որ Փաշինեանի առաջնորդած իշխանական ուժն այս ընտրութիւններին ներկայացաւ բացարձակապէս անպատրաստ: Լինելով ընտրութիւնների եւ դրանց ժամկէտների մասին որոշում կայացնող ուժը իւրաքանչիւր իշխանութիւն մշտապէս հնարաւորութիւն ունի աւելի վաղ սկսելու նախապատրաստական աշխատանքները (մանաւանդ արտահերթ ընտրութիւնների դէպքում): Այս դէպքում անպատրաստ լինելու առաջին եւ կարեւոր փաստը նախընտրական ծրագրի բացակայութիւնն էր: Այդ առումով իշխանութիւնները մշտապէս ունենում են եւս մէկ առաւելութիւն. նրանք պարզապէս կարող են յանձնարարել տարբեր գերատեսչութիւնների երկու-երեք շաբաթների ընթացում, իրենց ոլորտների վերաբերեալ, կազմել ու տրամադրել զարգացման ծրագրեր: Միւս կողմից, իր վերընտրութեան անհրաժեշտութիւնը հիմնաւորելու համար, ցանկացած գործող կառավարութիւն նեկայացնում է նախորդ շրջանում կատարածի հաշւետւութիւնը, ինչը նոյնպէս այս պարագայում տեղի չունեցաւ: Փաշինեանը, չաշխատելուց յոգնած իր թիմի հետ, դուրս է եկել մրցահարթակ չունենալով ասելիք եւ անելիք: Աղքատիկ, գորշ, ու միօրինակ քարոզչական նիւթերն ու ելոյթները նոյնպէս վկայում են, որ մրցասպարէզ դուրս եկած ուժը, ի սկզբանէ, հոգեբանօրէն ընդունել է իր պարտութիւնը:

Ի դէպ թիմ կոչւածին էլ այս դէպքում աւելի շուտ վերապահւել է կենդանի դեկորացիայի դերը, որի խորապատկերի վրայ Նիկոլը ցուցադրում է իր էքսցենտրիկ մոնոներկայացումները: Սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական թիմի առաջնորդը չի հաւատում ու վստահում իր թիմի կարողութեանը եւ, ամէն ինչ վերցնելով սեփական ուսերին, ցանկացել է միայնակ փրկել իրավիճակը: Համեմատութեան համար կարող ենք օրինակ բերել մրցակից Դաշինքին, որի առաջնորդ Քոչարեանի կողքին ելոյթներ են ունենում նախընտրական ցուցակի գրեթէ բոլոր անդամները՝ ընդգծելով այս թիմի համախոհութիւնը, հաւաքական ուժն ու հնարաւորութիւնները:

Նիկոլ Փաշինեանի գլխաւորած մրցապայքարի խոցելիութեան մասին է վկայում նաեւ այդ պայքարի քարոզչական մեխը՝ ընտրւած կարգախօսը: Երեք տարի ղեկավարած ուժը վերընտրւելու պարագայում Հայաստանը ոտքի հանելու, հզօրացնելու, ժողովրդի վիճակը բարելաւելու, անվտանգութեան հետ կապւած եւ այլ խնդիրներ լուծելու խոստումների փոխարէն ընդամէնը փորձում է յոյս տալ ժողովրդին, թէ ամէն ինչ կորած ու կործանւած չէ, այլ. «Ապագայ կայ»: Եւ կարծես ինքն էլ իր ասածին չհաւատալով մէկ անգամ էլ է նոյն միտքը կրկնում «Ապագայ կա՛յ ապագայ»: Կարելի է վիճել, թէ ընդամէնը ընտրւած կարգախօսի հետ գործ ունենք, սակայն դրա խորքում ակնառու է կարգախօսի հեղինակների անվստահ, եթէ չասենք յուսահատական հոգեվիճակը:

Սակայն եթէ այս ամէնն այլ կերպ էլ լինէր, գործող իշխանութեան հոգեբանական պարտւածութեան մասին իւրաքանչիւր օր վկայեցին մէկ դերասանի թատրոն յիշեցնող փաշինեանական տրագիկոմեդիաները: Փաշինեանն անշուշտ լաւ գիտէ, որ յաղթանակի գլխաւոր պայմաններից մէկը ինքնավստահ, այսինքն հանգիստ, հաւասարակշռւած, պահւածքն է: Գործող վարչապետի ինքնահռչակ պաշտօնակատարը մրցապայքարի սկզբից ի վեր փորձեց համոզել մրցակիցներին, որ մասնակցեն իր հետ հեռուստաբանավէճի: Սովորաբար իշխանութեան հետ բանավէճի է ձգտում ընդդիմութիւնը եւ եթէ օրէնքով պատադիր չէ իշխանութիւնն է, որ փորձում է խուսափել դրանից, որպէս գալիք իշխանութեան յաւակնորդ իրեն մէկ գլուխ բարձր եւ մրցակցութիւնից դուրս ցոյց տալու համար: Այս դէպքում տեղի ունեցաւ ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինեանը ճգնեց ապացուցել, թէ ինքը հաւասար քաշային կարգում է իր մրցակիցների նկատմամբ, իսկ վերջիններս փորձեցին ապացուցել, թէ նա իրենց համար մրցակից չէ, մանաւանդ որ հանդէս է գալիս որպէս անօրինականօրէն իշխանութիւնը զաւթած պաշտօնեայ: Ի սկզբանէ հասկանալով, որ, հիմնական մրցակցի հետ մրցակցութեան մէջ ինքը հանդէս է գալիս առնւազն երկրորդ համարի ներքոյ, Փաշինեանը դրսեւորեց ջղաձիգ, ինքնատիրապետումից զուրկ վարք: Փաշինեան վարչապետի պաշտօնակատարը անշուշտ լաւ գիտէ, որ ապագայ իշխանութիւնը դառնում է լրջօրէն խոցելի նախընտրական խօսքը կառուցելով հայհոյանքի ու սպառնալիքի վրայ եւ օդում մուրճ ճօճելով: Այսինքն այսպէս կարող է վարւել նա, ով համոզւած է, թէ իրեն վիճակւած չէ կրկին դառնալու իշխանութիւն: Աւելի շուտ այս ճանապարով ընտրապայքարը անձնաւորելով նա պատրաստւում է յետընտրական ներքաղաքական գործընթացների: Ասւածի պարզ ապացոյցն այն է, որ Փաշինեանն արդէն իսկ յայտարարել է ընտրութիւններից յետոյ մի քանի օր հանրահաւաքներ անցկացնելու մտադրութեան մասին: Որպէս կանոն յաղթողը ձգտում է, որ ընտրութիւններից անմիջապէս յետոյ մթնոլորտը հարթւի ու խաղաղւի, ինչը պէտք է նպաստի կայուն, անցնցում իշխանավարումը սկսելուն եւ հակառակն է մտածում նա, ով համոզւած է թէ պարտւելու է: Ի դէպ, սեփական քաղաքական փորձառութիւնից ելնելով, Նիկոլ Փաշինեանը հաւանաբար զուգահեռներ է տանում 2008 թւականի փետրւար-մարտի իրադարձութիւնների հետ եւ կարծում է, թէ ներքաղաքական սադրանքներ հրահրելով կը կարողանայ պատասխանատւութեան հիմնական թիրախից շեղել հանրութեանը եւ խուսափել անցած երեք տարիներին գործած յանցանքների մեղաւորութեան բեռից, ապագայում յարուցւող մեղադրանքները վերագրել իբրեւ թէ իշխանութիւնների կողմից իր դէմ սանձազերծւող քաղաքական հետապնդումներին:

Մօտ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինեանը, վստահ իր յաղթանակի հարցում, ամէն ինչ արեց որպէսզի ընտրութիւնները թողնեն լիարժէք օրինական ու ժողովրդավարական գործընթացի տպաւորութիւն, ինչպիսին եւ որակւեց այն՝ ներքին ու արտաքին լսարաններում: Այդ կապիտալից Նիկոլը այնուհետեւ օգտւեց լիուլի, ներկայացնելով իրեն եւ իր «յեղափոխութիւնը», որպէս օրինակ աշխարհի համար:

Այսօրւայ իր վարքով, նախընտրական գործընթացներում պետական համակարգը կազմող իր թիմի ու ուժային կառոյցների բացայայտ անօրինականութիւններով, նա կարծես փաստում է, որ թքած ունի, թէ ինչ կը մտածեն եւ կը խօսեն իր այս նոր ընտրարշաւի մասին, սրանով եւս մէկ անգամ փաստելով, որ իր նպատակը ոչ թէ յաղթելն է, այլ այն խնդրի լուծումը, որին ցանկանում է հասնել պարտադրւած լինելով կազմակերպել այս ընտրութիւնները: Ընտրական այս գործընթացներում Նիկոլ Փաշինեանը վարկաբեկում եւ հեղինակազրկում է իշխանութեան, պետական համակարգի ու ողջ պետութեան վարկն ու հեղինակութիւնը՝ փրկելու համար սեփական անձը: Բարոյական լեգիտիմութեան եւ աջակցութեան տպաւորութիւն ստեղծելու համար նա փորձեց իր նպատակին ծառայեցնել նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ յաջողեցրած հանդիպման փաստը, նա փորձեց «խաղալ» եւ ռուսների եւ ադրբեջանցիների ու թուրքերի եւ ամերիկացիների հետ, սակայն ոչ մի շփումն ու կատարած քայլը քաղաքական-նախընտրական միաւորներ չգրանցեցին: Նիկոլ Փաշինեանը կրակեց իր բոլոր փամփուշտները ու, կարծում եմ, համոզւեց, որ «թաւշեայ յեղափոխութեան գնացքը» անդառնալիօրէն հեռացել է եւ իր պարտութիւնն անխուսափելի է:

 

Յարակից լուրեր

  • Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը
    Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը

    Յունիսի 8-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին «ցնցեց» իր «մեծ զոհաբերութեան» պատրաստակամութեամբ: Նա յայտարարեց, թէ պատրաստ է ադրբեջանական բանտերում պահւող գերիների ազատման դիմաց գերութեան ուղարկել իր որդուն: Բնութեան կողմից օժտւած լինելով միայն ամբոխվարութեան փեշակով այս անուղղելին երեւի հաշւարկ էր արել, թէ դրանով խիստ յուզելու է դեռեւս իրեն հաւատացող, պարզ մարդկանց եւ պահպանելու է այդ մոլորեալ փոքրամասնութեան քւէն: 

  • Չարի վերջը
    Չարի վերջը

    Վերջին օրերի հանդիպումների ժամանակ, ապօրինաբար վարչապետի պաշտօնակատարի աթոռը գրաւած Նիկոլը, անընդհատ կրկնում է, թէ ընտրութիւններից յետոյ անխուսափելի է լինելու նախկիններին պատժելը: Այս յայտարարութիւններն, այլեւս որեւէ մէկի համար լուրջ չեն կարող համարւել, որովհետեւ եթէ Նիկոլը պատժող էր, ապա այդ բանը նա պէտք է արած լինէր նախորդ երեք տարիների ընթացքում: Իսկ չի՞ ցանկացել անել: 

  • «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում
    «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում

    Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

  • «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան
    «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան

    Թուրքիայի յաւակնութիւնները տարծաշրջանում շատ մեծ են եւ շօշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթէ ամէն ինչ թոյլատրւել ու ներւել է, բայց ի՞նչ կը լինի հեռանկարում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրոյցում նշեց ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅ Դաշնակցութեան «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը:

  • Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում
    Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում

    Յայտնի իրադարձութիւնների պատճառով, որպէս երկրի ղեկավար, Փաշինեանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմութիւնը, իսկ իրավական լեգիտիմութեան հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորութեամբ ու ծաւալով կը բացայայտւի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կը կանգնի արդարադատութեան առջեւ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։