Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեանը չի կիսում վարչապետի պաշտօնակատար Փաշինեանի տեսակէտը, թէ ԱԺ արտահերթ ընտրութիւններով աւարտւեց պատերազմից յետոյ առաջացած ներքաղաքական ճգնաժամը: Աւելին` ընդդիմադիր գործչի խօսքով` պայքարը շարունակւում է:
Ստորեւ ներկայացնում ենք հատւածներ Արթուր Խաչատրեանի Azatutyun.am-ին տւած հարցազրոյցից:
«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Արթուր Խաչատրեանը չի կիսում վարչապետի պաշտօնակատար Փաշինեանի տեսակէտը, թէ ԱԺ արտահերթ ընտրութիւններով աւարտւեց պատերազմից յետոյ առաջացած ներքաղաքական ճգնաժամը: Աւելին` ընդդիմադիր գործչի խօսքով` պայքարը շարունակւում է:
Ստորեւ ներկայացնում ենք հատւածներ Արթուր Խաչատրեանի Azatutyun.am-ին տւած հարցազրոյցից:
- Պարո՛ն Խաչատրեան, վարչապետի պաշտօնակատարը յայտարարեց, որ ներքաղաքական ճգնաժամը յաղթահարւած է, համաձա՞յն էք:
- Ոչ, ներքաղաքական ճգնաժամ առաջացաւ, որովհետեւ մենք պարտւեցինք պատերազմում, եւ նաեւ յետպատերազմեան զարգացումները էլ աւելի խորացրեցին ճգնաժամը: Եւ քանի դեռ այդ յետպատերազմեան զարգացումների արդիւնքում առաջացած բացասական երեւոյթները չեն վերացել, եւ երկիրը չի դուրս եկել զարգացման յետագծի վրայ, ինչն այս իշխանութիւնների դէպքում ես կարծում եմ` անհնար է, ես կարծում եմ` ներքաղաքական ճգնաժամի յաղթահարման մասին խօսելը առնւազն կա՛մ միամտութիւն է, կա՛մ ուղղակի մարդկանց հերթական անգամ կեղծ յոյսեր տալ է:
- Ըստ ամենայնի, նկատի ունի, որ փողոցից պայքարը տեղափոխւում է խորհրդարան, խնդրեմ, եկէք, ինչքան ուզում էք, քննադատէք, ձերն առաջարկէք:
- Խորհրդարան գալը եւ փողոցային պայքար շարունակելը փոխադարձաբար բացառող պատահարներ չեն: Եւ պայքարը կարելի է եւ պէտք է տանել թէ՛ խորհրդարանում, թէ՛ արտախորհրդարանում, թէ՛ փողոցում: Թող ինքը մեր փոխարէն չորոշի` մենք փողոցում շարունակելու ենք պայքարել, թէ ոչ:
- Նաեւ ձեր կողմից ճգնաժամի պատճառ բերւում էր, որ սա այլեւս 2018-ի 70 տոկոսանոց իշխանութիւնը չէ, կորցրել է լեգիտիմութիւնը: Հիմա վերգտաւ` 70 չէ, 54:
- Այո, բայց մի մոռացէք, որ ինքը յաջողացրեց 3 տարւայ ընթացքում կորցնել մօտ 200 հազար ձայն, կարծեմ, աւելի մեծ կորուստ արձանագրել են մէկ էլ հանրապետականները 18 թւականին` 17 թւականի համեմատ: Այսինքն` ինքը կորցրեց 190 հազար մարդ, ինքը խորհրդարանում կը ստանայ ակտիւ ընդդիմութիւն, իրական ընդդիմութիւն, արմատական ընդդիմութիւն, որը խորհրդարանում իրեն շատ այլ կերպ կը պահի, քան մինչ այս գործող ընդդիմութիւնը:
Այնպւս որ, չէ, լեգիտիմութեան մասին եթէ խօսում ենք, թող Սահմանադրական դատարանի որոշումը գայ, որովհետեւ Վարչական դատարանի որոշում ունենք, որն արձանագրել է, որ եղել են խախտումներ: Այնպէս որ, այս յայտարարութիւնները, որ սա առանց խախտումների անցկացւած միակ ընտրութիւնը, արդէն այդպիսին չէ:
Հիմա մնում է միւս խնդիրները տեսնել, թէ այդ խախտումները որքանով են ազդել ընտրութիւնների ելքի վրայ: Իսկ որ այդ խախտումները եղել են աստղաբաշխական չափերի, կարծում եմ` որեւէ մէկի համար գաղտնիք չի: Օրինակ` վարչապետը գնացել է, վարչապետի ԺՊ եղած ժամանակ, տեսէք, գնացել է ինչ-որ գիւղ, ասում է` այս գիւղի ճանապարհը պէտք է ասֆալտապատենք, շրջւում է, տարածքային կառավարման նախարարին ասում է` ե՞րբ կասֆալտապատենք, մինչեւ այս տարւայ վերջ: Այսինքն` եթէ դա բացայայտ ընտրակաշառք չի, ապա էլ ի՞նչ է:
Ստացել ենք այսքան ձայներ, մենք այդ ձայների տէրը պէտք է լինենք եւ քիչ-քիչ պէտք է մեծացնենք մեր ներկայութիւնը խորհրդարանում, նաեւ գալիք ընտրութիւններին, որոնք մեր խորին համոզմամբ` էլի լինելու են արտահերթ, որովհետեւ այս իշխանութիւնները նախ Սահմանադրութեան փոփոխութեան հարց են տալու, երկրորդը` քանի որ ճգնաժամը չի յաղթահարւել, խորանալու է, թէ՛ Արցախի հետ կապւած, թէ՛ տնտեսութեան հետ կապւած, կը լինեն նոր արտահերթ ընտրութիւններ` իմ խորին համոզմամբ: Եւ արդէն այդտեղ շատ աւելի լուրջ կը լինի պայքարը:
- Բայց այս յայտարարութիւնները հնչում են ժամանակին ձեր ասածի ֆոնին, որ ոչ մի ձայն էլ չունի այս իշխանութիւնը, վստահութիւն չունի, եւ ձեր նշաձողը յիշէք` քարոզարշաւին յայտարարել, որ իշխանութեան ժամերը հաշւած են, վերջնահաշւարկ էիք դրել, եւ պարզւում է` դա ընդամէնը 21 տոկոս է, պարո՛ն Խաչատրեան:
- Դա ընդամէնը 21 տոկոս է, բայց 270 հազար մարդ է, դա նշանակում է, որ բնակչութեան զգալի մի հատւած մեզ է վստահել: Մենք մնացել ենք հիմնական ընդդիմադիր ուժ, եւ մենք պատւով կը կատարենք մեր այդ առաքելութիւնը, հետագայում նաեւ իշխանութիւնը փոխելու:
- Ո՛չ միջազգային, ո՛չ տեղական դիտորդները ընտրութիւնները չեն համարում կեղծւած այն իմաստով, որ խախտումները որեւէ ազդեցութիւն չեն ունեցել: Աւելին` երեւի ծանօթ էք, անգամ ընդդիմութեան են մեղադրում կեղծիքների փորձերի մէջ, «Անկախ դիտորդին» կարող եմ վկայակոչել, «Ականատեսին», որոնք «Հայաստան» դաշինքի անունն են տալիս այդ թւում:
- Նախ անկախ դիտորդների մասին որ խօսում էք, ես ուզում էի իմանալ` ո՞ր անկախ դիտորդական կազմակերպութեան:
- Հայաստանեան դաշտում ներկայացւած քաղհասարակութիւնը, պաշտպան կազմակերպութիւններ:
- Քաղացիական հասարակութիւնը, ցաւօք սրտի, էապես քաղաքականացւեց դեռեւս 2018 թւականին, եւ դա Հայաստանի վրայ խոշոր հաշւով բաւականին մեծ բացասական ազդեցութիւն ունեցաւ: Եթէ կան կոնկրետ մեղադրանքներ, պէտք է դիմէին ոստիկանութիւն, դատախազութիւն, քրէական գործեր յարուցւէին: Քանի չկայ որեւէ կոնկրետ ապացոյց, ինչ-որ մեղադրանքներ, թէ «Հայաստան» դաշինքը կեղծիքների է դիմել, իհարկէ աբսուրդ է: