Հա

Ազգային

31/07/2021 - 11:55

Սառը ցնցուղ՝ թշնամու գլխին․ Հայ Դատի ջանքերով՝ Ամերիկան կտրում է Ադրբեջանի ռազմական օգնութիւնը

Յուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ կողմ քւէարկեց Ադրբեջանին ամերիկեան ռազմական եւ ռազմակրթական օժանդակութեան դադարեցման վերաբերեալ  օրէնսդրական փոփոխութեանը, որի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էր։ Նրան միացել էր Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամ։ 

«alikonline.ir» - Յուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ կողմ քւէարկեց Ադրբեջանին ամերիկեան ռազմական եւ ռազմակրթական օժանդակութեան դադարեցման վերաբերեալ  օրէնսդրական փոփոխութեանը, որի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն էր։ Նրան միացել էր Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամ։ 

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն այս արդիւնքին հասնելու համար, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի խօսքով, տեւական ժամանակ իրականացրել է քաղաքական եւ լոբբիստական համալիր աշխատանք։

«Նախագծով՝ Ադրբեջանին արգելւում է յատկացնել ռազմական եւ ռազմակրթական օժանդակութիւն։ Ընդունւած արգելքը վերաբերում է միայն 2022 թւականի ֆիսկալ տարւայ համար նախատեսւած այն ծախսային հատւածով, որը գտնւում է ներկայացուցիչների պալատի կոմպետենտութեան տիրոյթում։  ԱՄՆ-ը բազմավեկտոր ռազմական աջակցութիւն է տրամադրում Ադրբեջանին։ Դրանք երեք տեսակի են, որոնցից երկուսի վրայ, ըստ էութեան, Ներկայացուցիչների պալատը արգելք է դրել»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Նրա խօսքով՝ այս գործընթացը սկսւել է ամիսներ առաջ, երբ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հրապարակեց իր քաղաքական առաջնահերթութիւնների ցանկը, որում առաջնային տեղ էր զբաղեցնում Ադրբեջանին տրւող ամերիկեան ռազմական օգնութիւնը դադարեցնելու հարցը։

«Գործընթացը շարունակական է լինելու․ ամիսներ անց հարցը քննարկւելու է նաեւ Սենատում։ Աշխատանքի միւս ուղղութիւնը վերաբերում է Պենտագոնին, Կոնգրեսի այն յանձնաժողովին, որը պատասխանատու է ռազմաքաղաքական յարաբերութիւնների համար, որ հնարավոր լինի ընդհանրապէս հասնել Ադրբեջանին Ամերիկայից տրւող ցանկացած զէնքի արգելքին։ Սա համաշխարհային գերտէրութեան խոշոր ապտակն է Ադրբեջանին։ Տասնեակ պետութիւններ կան, որոնց ԱՄՆ-ը ռազմական օժանդակութիւն է տրամադրում, եւ Ադրբեջանը միակն է այդ շարքում, որ նման խնդրի է բախւում»,- ասաց Գէորգ Ղուկասեանը։

Ադրբեջանի ագրեսիան, նրա խօսքով, չի կարող անպատասխան մնալ․ Ամերիկան կտրում է նաեւ այն օժանդակութիւնը մեր թշնամուն, որով ադրբեջանական բանակի սպաները դասընթացների, վերապատրաստումների ու թրէյնինգների էին մասնակցելու՝ գիտելիքները խորացնելու համար։

«Արձագանգներ դեռ չեմ տեսել։ Ադրբեջանը հնարաւոր է նաեւ չարձագանգի, ծածկադմփոց անի իր համար այս խայտառակութիւնը, որովհետեւ, բացի նրանից, որ երէկ Ներկայացուցիչների պալատը նման որոշում ընդունեց, այսօր, հաւանաբար, պալատում քւէարկւելու է եւս մի որոշման նախագիծ, որով առաջարկւում է Հայաստանին տրամադրւելիք օգնութիւնը բարձրացնել 50 միլիոն դոլարի։ Բայդէնը առաջարկել էր մօտ 25 միլիոն, բայց Հայ Դատի ջանքերի արդիւնքում օգնութիւնը կրկնապատկւել է։ 2 միլիոն դոլար աջակցութիւն ստանալու է նաեւ Արցախը՝ ականազերծման եւ հումանիտար աշխատանքներ իրականացնելու համար։ Ադրբեջանի համար, կարծում եմ, ինչ-որ տեղ ձեռնտու կը լինի նաեւ այս մասին չխօսել, քան բարձրաձայնել եւ երկրի ներսում որոշ հարցերի տեղիք տալ։ Թուրք-ամերիկեան յարաբերութիւններում էլ այնքան խնդիրներ կան, որ հնարաւոր է նոյնիսկ նրանք չխօսեն»,- Yerkir.am -ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։