Հա

Ազգային

31/07/2021 - 13:10

Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

«alikonline.ir» - Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրօ Մանոյեանը կարեւորում է Կոնգրեսի 907-րդ բանաձեւի վերականգնումը:

«Ինչ որ եղել է՝ օրէնսդիր մարմնի մեծամասնութեան կողմից է արւել: Թէ ինչ որոշում կընդունի Սպիտակ տունը՝ դա էլ ուրիշ հարց է: Պարզ է, որ սա յստակ ուղերձ է Ներկայացուցիչների պալատի կողմից: Բայց Վաշինգտոնում ուրիշ դերակատարներ էլ կան: Խօսքը ե՛ւ Սենատի, ե՛ւ Սպիտակ տան մասին է: Ճիշտ է՝ ե՛ւ երկու պալատի մեծամասնութիւնները, ե՛ւ նախագահը հիմա նոյն [Դեմոկրատական] կուսակցութիւնից են, բայց անպայման ամէն ինչ ճիշտ նոյն ձեւով չեն տեսնում եւ ճիշտ նոյն ձեւով չեն անելու: Ուրեմն, աշխատանքները շարունակւելու են, որպէսզի այնպէս լինի, որ բոլորն էլ յստակ պատգամ ուղարկեն Ադրբեջանին»,- ասաց Հայ Դատի երեւանեան գրասենեակի պատասխանատուն:

Կիրօ Մանոյեանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրայ ազդել են տարբեր գործօններ, այդ թւում՝ նախորդ տարւայ պատերազմը եւ Ադրբեջանի ներկայիս ագրեսիւ գործողութիւնները Հայաստանի սահմանին: Բայց առաւելապէս կարեւոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի աշխատանքը:

«Վերջին օրերին բազմահազար հայորդիներ դիմել են իրենց ներկայացուցիչներին՝ կոնգրեսականներին, որպէսզի քւէարկեն առաջարկւած օրինագծի ընդունման օգտին»,- նշեց դաշնակցական գործիչը՝ աւելացնելով, որ վերջնական որոշման համար անհրաժեշտ է, որ Փելոունի ուղղումը հաստատի նաեւ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը: Այլ խօսքերով՝ Ներկայացուցիչների պալատում ընդունւելուց յետոյ օրինագիծը պէտք է գնայ Սենատ, որտեղ հաստատւելուց յետոյ Կոնգրեսի երկու պալատներն իրենց ընդունած տարբերակները պէտք է համադրեն իրար հետ:

«Պալատներից իւրաքանչիւրը, նախ, իր տարբերակն է քւէարկում, յետոյ միացեալ յանձնախումբ կամ յանձնաժողով է ստեղծւում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացութիւնը՝ վերջնական, միացեալ տարբերակը, կրկին կը գնայ երկու պալատների հաստատման»,- բացատրեց մեր զրուցակիցը:

Մանոյեանը պարզաբանեց՝ Ադրբեջանին ամերիկեան ռազմական օգնութեան վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բաւարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը քւէարկում են միայն այն յատկացումների վերաբերեալ, որոնք նախատեսւած են բիւջէով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանութեան դեպարտամենտի լիազօրութիւնն է ԱՄՆ օրէնսդրութեան 333-րդ յօդւածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ յատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձեւը, որն արգելում էր ԱՄՆ կառավարութեանը օգնութիւն յատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը եւ ուժի այլ կիրառումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի յանձնախմբի վաշինգտոնեան գրասենեակից յայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարւում նաեւ այդ ուղղութեամբ:

Հայ Դատի երեւանեան գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն էլ ասում է, որ եթէ նաեւ յաջողւի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձեւի վերագործարկմանը, ապա այլեւս ոչ մի տեսակի ռազմական օժանդակութիւն չի գնայ Ադրբեջան:

«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրաւունք ունեն նաեւ բանաձեւի տեսքով ընդհանուր բիւջէի փոփոխման վերաբերեալ առաջարկներ անել: Կայ համապատասխան յանձնաժողով, որը որոշում է, թէ որ առաջարկները որպէս բարեփոխում պիտի ներկայացւեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում»,- պարզաբանեց Կիրօ Մանոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։