Հա

Ազգային

03/08/2021 - 12:00

Ալիեւը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջւայ պէս. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնութեան մի մասի դադարեցման վերաբերեալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիեւին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացեալ Նահանգների հետ այնպէս, ինչպէս սովոր էր նախկինում:

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնութեան մի մասի դադարեցման վերաբերեալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիեւին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացեալ Նահանգների հետ այնպէս, ինչպէս սովոր էր նախկինում:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ յիշեցնելով, որ նախագահ Ջօ Բայդէնը դեռ նախընտրական քարոզարշաւի ժամանակ էր խոստացել դադարեցնել ռազմական օգնութիւնը Ադրբեջանին:

«Բայդէնը դրա մասին խօսել է հրապարակայնօրէն: Այժմ՝ Բայդէնի ընտրւելուց ամիսներ անց, Կոնգրեսը առաջին անգամ հնարաւորութիւն ունէր հրապարակայնօրէն որոշում կայացնելու, եւ կոնգրեսականները յստակ ցոյց տւեցին, որ ուզում են կրճատել Ադրբեջանին յատկացւող օգնութիւնը: Յատկանշական է, որ Կոնգրեսի անդամներից որեւէ մէկը չպաշտպանեց Ադրբեջանին եւ որեւէ մէկը չաջակցեց նրանց ռազմական օգնութիւն յատկացնելու ծրագրին»,- մեկնաբանեց Արամ Համբարեանը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատի անդամները ճնշող մեծամասնութեամբ կողմ քւէարկեցին, քանի որ թէ՛ իրենց եւ թէ՛ շարքային ամերիկացիների համար անհասկանալի է՝ «ինչո՞ւ պիտի ամերիկացիները փող եւ ռազմական օգնութիւն ուղարկեն միլիարդատէր, բռնաւոր, ռասիստ, հակահայ Ալիեւին»:

Համբարեանի խօսքով՝ կոնգրեսականները շատ պարզ ու յստակ պատասխան տւեցին այդ հարցին՝ ասելով, որ «եկէք դադարեցնենք ռազմական օգնութիւնը Ադրբեջանին»:

Այժմ Հայ Դատի յանձնախումբն ու հայերի աջակիցները ջանքեր կը գործադրեն, որպէսզի Փալոնի ուղղումը հաստատւի նաեւ Սենատում՝ ամերիկեան խորհրդարանի վերին պալատում: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ Ադրբեջանին յատկացւող ռազմական այն օգնութիւնը, որը կը դադարեցւի Փալոնի առաջարկած լրացման շնորհիւ, Ադրբեջանին տրամադրւող ռազմական օգնութեան մի փոքր մասն է միայն: Արամ Համբարեանի տւեալներով՝ խօսքը մի քանի միլիոն դոլարի մասին է: Մինչդեռ օգնութեան մեծ մասը տրամադրւում է Պաշտպանութեան դեպարտամենտի ծրագրերով:

Համբարեանի խօսքով՝ Պենտագոնի խողովակով տրամադրւող օգնութիւնը դադարեցնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մէկը «Ազատութեան աջակցութեան ակտի» յայտնի 907-րդ յօդւածը նորից ուժի մէջ մտցնելն է, միւսը՝ կասեցնել ԱՄՆ օրէնսդրութեան Զինւած ուժերի մասին օրէնքի 333-րդ յօդւածը, որը Պաշտպանութեան դեպարտամենտին լիազօրում է գործընկերային յարաբերութիւններ զարգացնել օտար երկրների հետ՝ նրանց տրամադրելով ռազմական աջակցութիւն:

«Այդ փողերը տրամադրւում են Ադրբեջանի զինւած ուժերին եւ նրանք օգտագործում են տրամադրւած տեխնոլոգիաները, սպառազինութիւնը եւ ռազմամարզական կարողութիւնները հայերի դէմ: Միամտութիւն է կարծել, որ կարելի է Ադրբեջանին ռազմական կարողութիւններ տրամադրել, եւ նա չօգտագործի այդ կարողութիւնները հայերի դէմ: Այդպիսին է Ադրբեջանի գործելակերպը: Ինչ նրան տալիս ես՝ օգտագործում է հայերին սպանելու համար»,- բացատրեց Արամ Համբարեանը:

Հայ Դատի յանձնախմբի վաշինգտոնեան գրասենեակի ղեկավարը դժւարանում է կանխատեսումներ անել՝ կը յաջողւի արդեօք նորից ուժի մէջ մտցնել 907-րդ յօդւածը, թէ ոչ, բայց խոստանում է, որ աշխատանքն այդ ուղղութեամբ չի դադարելու:

«Ես վաղուց կանխատեսումներ չեմ անում, բայց դա մեր նպատակն է եւ մենք օրուգիշեր աշխատում ենք այդ ուղղութեամբ»,- շեշտեց Արամ Համբարեանը:

ԱՄՆ օրէնսդրութեան Զինւած ուժերի մասին օրէնքի 333-րդ յօդւածը (10 USC § 333) լիազօրում է Պաշտպանութեան դեպարտամենտին ռազմամարզական եւ սպառազինման աջակցութեան ծրագրեր իրականացնել մէկ եւ աւելի օտար երկրների հետ: Այս յօդւածի շրջանակներում Պենտագոնը «գործընկերային կարողութիւնների զարգացման» ծրագրեր է իրականացնում: Հէնց այդ ծրագրի շրջանակներում է Պենտագոնը Ադրբեջանին տրամադրում ամերիկեան ռազմական օգնութեան առիւծի բաժինը:

Յուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի յանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բիւջէով նախատեսւած արտաքին օգնութեան մէջ փոփոխութիւններ անելու եւ Ադրբեջանին ֆինանսական եւ ռազմամարզական աջակցութեան տեսքով յատկացւող ռազմական օգնութիւնը սահմանափակելու մասին: Այս մասին յայտնել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը՝ ընդգծելով, որ Փալոնի ուղղումը վայելում է Հայ Դատի յանձնախմբի աջակցութիւնը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր ելոյթում ասել է, որ առաջարկւած ուղղման ընդունումը ցոյց կը տայ, որ Վաշինգտոնը վճռականօրէն դատապարտում է Բաքւի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգութեանը, յատկապէս երբ այդ ագրեսիան ուղղւած է երիտասարդ ժողովրդավարութեան՝ Հայաստանի Հանրապետութեան դէմ:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քւէարկութիւնը հզօր ազդանշան է ուղարկում Ադրբեջանի ալիեւեան դիկտատորական ռեժիմին, որ նրանց շարունակւող ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դէմ չի պարգեւատրւելու ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսաւորւող ռազմական օգնութեամբ:

Կոնգրեսի կողմից 1992 թւականին ընդունւած «Ազատութեան աջակցութեան ակտի» այսպէս կոչւած «907 հատւածը» (Section 907), որն աւելի շատ յայտնի է իբրեւ 907-րդ յօդւած կամ 907-րդ բանաձեւ, արգելում էր ԱՄՆ կառավարութեանը ուղղակի աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը եւ ուժի այլ կիրառումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնից յետոյ, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացեալ Նահանգների անվտանգութեանը սպառնացող անմիջական վտանգի առկայութեան հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակաւորապէս չեղարկել 907-րդ յօդւածը եւ Ադրբեջանին ահաբեկչութեան դէմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարաւորութիւն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ յօդւածի շրջանցումը շարունակւել է իներցիայի ուժով:

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանի տւեալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն մօտ 100 մլն դոլարի ռազմական օգնութիւն է ստացել Վաշինգտոնից:

 

Արամ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։