Հա

Ազգային

04/08/2021 - 11:10

ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի կատարւած հիմնական աշխատանքների ամփոփագիր

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի տեւական ջանքերի արդիւնքում՝ յուլիսի 28-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ կողմ քւէարկեց Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած՝ Ադրբեջանին ամերիկեան ռազմական եւ ռազմակրթական օժանդակութեան դադարեցման վերաբերեալ օրէնսդրական փոփոխութեանը, որին միացան Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ։

(Յուլիսի 13 - օգոստոսի 3, 2021թ.)

 

Ամերիկայի Միացըալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի տեւական ջանքերի արդիւնքում՝ յուլիսի 28-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ կողմ քւէարկեց Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած՝ Ադրբեջանին ամերիկեան ռազմական եւ ռազմակրթական օժանդակութեան դադարեցման վերաբերեալ օրէնսդրական փոփոխութեանը, որին միացան Ներկայացուցիչների պալատի շուրջ քսան անդամներ։

Օրէնսդրական փոփոխութեամբ` 2022թ․ ֆիսկալ տարւայ «Միջազգային ռազմական կրթութիւն եւ ուսուցում» եւ «Արտաքին ռազմական ֆինանսաւորման ծրագիր» տողերով յատկացւող որեւէ ֆինանսաւորում չպէտք է ուղղւի Ադրբեջան: Սակայն պէտք է նկատել, որ Ադրբեջանին յատկացւող ԱՄՆ ռազմական օժանդակութիւնը բազմավեկտոր է, եւ այս քւէարկութեամբ չի սահմանափակւում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը Ադրբեջանին, ինչը Պաշտպանութեան դեպարտամենտի կոմպետետութեան տիրոյթում է։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները, որպէսզի կասեցւի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օժանդակութեան բոլոր տեսակների տրամադրումը։ Այդ ուղղութեամբ յանձնախումբը ներկայումս աշխատանքներ է իրականացնում Կոնգրեսի յանձնաժողովի հետ՝ վերականգնելու «907-րդ բանաձեւի» դրոյթների կատարումը, որով առհասարակ արգելւում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակութիւն ունեցող որեւէ օժանդակութիւն։

Իր հերթին ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտօնում Քերըն Դոնֆրայդի թեկնածութեան հաստատման լսումների ժամանակ իր մտահոգութիւնն է բարձրացրել նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմի կողմից «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ ուղղումից հրաժարւելու որոշման առնչութեամբ: «Ադրբեջանն այժմ սահմանային վէճի արդիւնքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, եւ ես կարծում եմ՝ նրանք կը շարունակեն իրենց ագրեսիւ վարքագիծը, քանի դեռ յստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդէսը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քւէարկել է նաեւ Հայաստանին շուրջ 50 մլն դոլար օժանդակութեան տրամադրման օգտին․ եւս 2 մլն դոլար կը տրամադրւի Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելուն։ Յատկանշական է, որ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, առաջարկւող 50 մլն դոլարը, երկու անգամ աւելին է, քան նախագահ Բայդէնի կողմից 2022թ․ ֆիսկալ տարւայ համար առաջարկւածը։

 

Կանադա

Յուլիսի 22-ին ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի եւ Կանադայի յանձնախմբի համատեղ պատւիրակութիւնը՝ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանի եւ Կանադայի յանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշեանի գլխաւորութեամբ հանդիպել է վերջերս Հայաստանում Կանադայի յատուկ բանագնաց նշանակւած Ստեփան Դիոնին։

Հայկական պատւիրակութիւնը ողջունել է պարոն Դիոնի նշանակումը՝ իբրեւ Հայաստանում Կանադայի հետագայ ներկայացւածութիւնն ապահովելու գործում կարեւոր քայլ։ Յանձնախմբի կողմից նշւել է առկայ խնդիրների այն մեծ շրջանակը, որին ներկայումս բախւում է Երեւանը, եւ այն առանցքային դերը, որը Կանադան կարող է ունենալ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու գործում:

Հայ Դատի պատւիրակութիւնը կարեւորել է Կանադայի կողմից Հայաստանում դիւանագիտական ներկայացուցչութիւն հիմնելու անհրաժեշտութիւնը, ինչը թոյլ կը տայ ուղղակի ներդրումների միջոցով բարձր մակարդակի բարձրացնել երկու երկրների տնտեսական եւ քաղաքական համագործակցութիւնը:

Հանդիպման աւարտին Հայ Դատի ներկայացուցիչները պարոն Դիոնին են ներկայացրել առաջարկութիւնների նախնական ցուցակ եւ պայմանաւորւել շարունակել կառուցողական ներգրաււածութիւնը:

 

Աւստրալիա

Յուլիսի 19-ին, Աւստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲէյնը միացել է «Արդարութեան համատեղ նախաձեռնութեանը» սատարող դաշնային օրէնսդիրների աճող խմբին, որոնք երկրի կառավարութիւնից՝ ի դէմս Աւստրալիայի վարչապետի, պահանջում են պաշտօնապէս ճանաչել հայերի, յոյների եւ ցեղասպանութիւնը: «Արդարութեան համատեղ նախաձեռնութիւնը» փոխըմբռնման յուշագիր է, որը 2020-ի փետրւարին կնքել են Աւստրալիայի հայ, յոյն եւ ասորի համայնքները, որով կոչ է արւում ճանաչել երեք ազգերի ցեղասպանութիւնը:

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ յուլիսի 26-ին կազմակերպել էր քննարկում՝ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի մասնակցութեամբ։ Քննարկւել են ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնները, այդ թւում՝ ահաբեկիչների ներգրաւումը, սահմանային բնակիչների իրաւունքների եւ գերիների ազատ արձակման խնդիրները։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը նաեւ յայտնում է` Աւստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնութեամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը։

Երիտասարդական շարժումը ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դէմ յարձակումները` դրանք դիտարկելով որպէս Հայոց Ցեղասպանութեան շարունակութիւն։
Բանաձեւի ընդունումն առաջնորդել է աւստրալահայ Սոֆի Բեորկմանը, ով նոյն երիտասարդական շարժման ակտիւիստներից է։

Այս առիթով Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը նկատել է․ «Հիանալի է տեսնել քաղաքականապէս ակտիւ երիտասարդ աւստրալացիների, այս երկրի ապագայ առաջնորդների դիրքորոշումը մարդու իրաւունքների այնպիսի կարեւոր հարցերի վերաբերեալ, ինչպիսիք են հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը։

 

Եւրոպա

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նամակով դիմել է Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին, Եւրոպական Յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյէնին եւ Եւրոպական Խորհրդարանի նախագահ Դաւիթ Սասոլիին՝ բարձրացնելով ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ յարձակումների հարցը։ Հայ Դատի գրասենեակի նախագահը մանրամասն նկարագրել է ստեղծւած իրավիճակն ու ադրբեջանաթուրքական տանդեմի իրական նպատակները, այն է շարունակել դեռեւս Օսմանեան կայսրութեան օրօք սկսված հայ ժողովրդին ցեղասպանելու քաղաքականութիւնը։ Կարապետեանը, Եւրոպայում գործող Հայ Դատի յանձնախմբերի անունից, իբրեւ ԵՄ միութեան քաղաքացիների խօսք, պահանջել է հնարաւոր ցանկացած քայլով կանգնենցնել ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմի ագրեսիան։

 

Մեծ Բրիտանիա

ՀՅԴ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբը տեղեկացրել է` Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդէպ ադրբեջանական ագրեսիայի հարցը Մեծ Բրիտանիայի կառավարութեան առաջ յուլիսի 31-ին բարձրացրել է բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը։

Աւելի վաղ` յուլիսի 20-ին, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Դոմինիկ Ռաաբին հարց է ուղղել խորհրդարանական Ռուպա Հուքը։ Ի պատասխան, կառավարութեան ներկայացուցիչը յայտարարել է, որ «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխւել»։ Ի դէպ անգլիացի պաշտօնեան օգտագործել է հէնց Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը, մինչդեռ Մեծ Բրիտանիան Հայոց Ցեղասպանութիւնը որպէս այդպիսին չի ճանաչել։

ՀՅԴ Հայ Դատի Շւեդիայի, Բելգիայի եւ Յունաստանի յանձնախմբերն իրենց երկրների արտաքին գործերի նախարարութիւններին են փոխանցել տեղի հայկական համայնքների զայրոյթը՝ կապւած յուլիսի 9-10-ը յիշեալ երկրների՝ Ադրբեջանում հաւատարմագրւած դեսպանների կողմից Արցախի բռնազաւթւած տարածքներ, այդ թւում Շուշի այցելութեան հետ։ Սոյն խնդիրը Յունաստանում քննարկման է հասել նաեւ երկրի խորհրդարանում, որտեղ պարզաբանումներ են պահանջւել անմիջապէս արտաքին գործերի նախարարից։

 

Կիպրոս

Յուլիսի 27-ին յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախումբը եւ խստիւ դատապարտել Կիպրոսի բացառիկ տնտեսական գօտում թուրքական ծաւալապաշտական քաղաքականութիւնը՝ նկատելով, որ վերջինս Արեւելեան Միջերկրականի տարածաշրջանն ապակայունացնելու թուրքական հերթական սադրանքն է։

Նախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով:

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

03.08․2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։