Հա

Ազգային

20/08/2021 - 12:00

Ռուսաստանը եւ մենք

Ռուսական կայսերական ինքնասիրութիւնը հաւանաբար երբեք թոյլ չի տայ խոստովանել, որ 2020 թւականին Արցախի դէմ սանձազերծւած պատերազմը պարտութեամբ աւարտւեց ոչ միայն հայկական երկու պետութիւնների, այլեւ հէնց Ռուսաստանի համար:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Ռուսական կայսերական ինքնասիրութիւնը հաւանաբար երբեք թոյլ չի տայ խոստովանել, որ 2020 թւականին Արցախի դէմ սանձազերծւած պատերազմը պարտութեամբ աւարտւեց ոչ միայն հայկական երկու պետութիւնների, այլեւ հէնց Ռուսաստանի համար: Օրւայ քաղաքաքարոզչական պահանջին ականջալուր ռուսական իշխանամերձ վերլուծական-քաղաքագիտական մտքի մի շարք ներկայացուցիչներ ներկայումս ընդունել են դժգոհ կեցւածք, թէ իբր «ձանձրացանք ձեզ համար ամէն ինչ անելուց, իսկ դուք կախւել էք մեր օձիքից, կարծես յաւերժ պարտական ենք ձեզ պէս անշնորհակալ ազգին»: Արւում են նաեւ վերլուծութիւններ, թէ իբր ժամանակն է քաղաքական հաշւարկները կառուցելու հակառակորդ կողմերի վրայ։ Որոշակի նպատակներով աչք վախեցնելու, հեռաւորութիւն վերցնելու այս կեցւածքն ընդունողները գուցէ կարծում են, թէ դիմացի կողմը սովետական դասագրքերից այն կողմ բան չի կարդացել կամ դեռ գտնւում է մեռած, բայց չյուղարկաւորւած խորհրդային պատմաքաղաքական պրոպագանդայի սգոյ սրահում: Մնում է միայն յայտարարւի, թէ Ռուսաստանը երկու հարիւր տարի զբաղւած է միայն մեզ փրկելով` ի վնաս իր շահերի: Բայց ինքներս կը յայտնւենք անհեթեթութիւնների դաշտում, եթէ տրւենք զգացական մակարդակում պատմական իրողութիւնների շուրջ պարզաբանումների գայթակղութեանը: Աւելի տրամաբանական է սթափօրէն որդեգրել իւրաքանչիւրի համար սեփական շահերի գերակայութեան սկզբունքը, ինչի մասին վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնել է Ռուսաստանի ղեկավարութիւնը։ Այս սկզբունքից բխող առաջնահերթութիւններին համապատասխան էլ պէտք է ծրագրել եւ զարգացնել երկրների միջեւ յարաբերութիւնները:

Մեր տարածաշրջանում ռուսական գերակայ շահն այն է, որ Կովկասը նախ եւ առաջ բուֆերային գօտի է, պատւար է, որը պէտք է հեռու պահի Թուրքիային Ռուսաստանից, ինչպէս եւ վերջինիս համար դառնայ ճակատի երկրորդ գիծ ապագայի բոլոր անխուսափելի պատերազմների ժամանակ: Պատմական անխուսափելիութիւնն էլ բխում է այն իրողութիւնից, որ աշխարհում դժւար է գտնել յաւերժ թշնամի երկու այլ պետութիւններ, որպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան: Թուրքիայի համար Ռուսաստանն այն խոչընդոտն է, որը թոյլ չի տալիս տիրել Կովկասին, հասնել պատմական հայրենիք, սողոսկել Ռուսաստանի թուրքացեղ ու իսլամաբնակ տարածքներ, ինչպէս եւ աւելի լայն շառաւղով տարածւել դէպի ասիական արեւելք, այլ խօսքով` իրագործել պանթուրանական եւ պանթիւրքական, իսկ ժամանակակից բնորոշմամբ` նէոօսմանական երազանքները: Աւելին` վերջին շրջանում Ռուսաստանը չէզոքացրեց Ղրիմը կիսագրաւած թաթարական հինգերորդ շարասեանը եւ, այնտեղ դիրքաւորւելով, լրջօրէն թուլացրեց Սեւ ծովում Թուրքիայի ռազմական հնարաւորութիւնները, քթին տալով սահմանափակեց թուրքական ազդեցութեան տարածումը Սիրիայում եւ առհասարակ դաշնակցային մտերմութիւն է դրսեւորում այնպիսի երկրների հանդէպ, որոնց նկատմամբ Թուրքիան կա՛մ արդէն իրականացնում է բացայայտ եւ ոչ բացայայտ ագրեսիա, կա՛մ դեռ չի սկսել:

Ներկայ ժամանակների ամենից ցինիկ ու համարձակ մարտահրաւէրը թերեւս Թուրքիայի ներխուժումն էր Կովկաս ժամանակակից տեխնիկական միջոցներով, սեփական եւ վարձկան զօրամիաւորումներով, ինչպէս եւ պատերազմը ղեկավարելու գլխաւոր, թէեւ կուլիսային դերակատարութեամբ: Գայլը խորհրդանիշ ընդունած կայսերապետութեան հոգեբանութիւնն է իրենը համարել այն ամէնը, ինչը ցանկալի է, կաղկանձելով նահանջել, չոքել ու սողալ, երբ հարւածում են, բայց եւ երբեք չհրաժարւել ուզածին հասնելու մտասեւեռումից: Ապագային գայլային ախորժակով նայող այսօրւայ Թուրքիան իր նէոօսմանական յաւակնութիւններից դժւար հրաժարւի անգամ, երբ սուլթանական տեսիլքներով մտագար Էրդողանին փոխարինի մէկ ուրիշը:

2020 թւականի աշնանը ոտնձգութիւն թոյլ տալով ռուսական ազդեցութեան աւանդական գօտու նկատմամբ` Թուրքիան անշուշտ նկատի էր առել Ռուսաստանի քաղաքական կաշկանդւածութեան հանգամանքը, պատերազմական գործողութիւնների մէջ չներքաշւելու զգուշաւորութիւնը եւ այլն, բայց զարմանալի է, որ Էրդողանի հաշւարկներին համապատասխան եղաւ ռուսական հակազդեցութիւնը` չնայած աշխարհաքաղաքական եւ ռազմավարական այն հնարաւոր կորստին, որն ակնյայտ էր: Նոյն Ռուսաստանը մինչ այդ աւելի մեծ համարձակութիւն դրսեւորեց մերձաւորարեւելեան տարածաշրջանում, որի նկատմամբ ազդեցութիւնը կորցրել էր դեռեւս ԽՍՀՄ փլուզման օրերին, եւ որն ի վերջոյ աշխարհաքաղաքական այնպիսի կենսական գօտի չէր նրա համար, ինչպէս Կովկասը: Միւս կողմից` կային նոյնպիսի եւ աւելի հիմնաւոր պատճառներ, որոնք պէտք է արդարացնէին ազդեցութեան աւանդական գօտում նրա հակաահաբեկչական գործողութիւնները: Փոխարէնը ռուսական աւիացիան իսլամ ահաբեկիչներին երբեմն-երբեմն հարւածում էր կովկասեան պատերազմական գօտուց հեռու գտնւող Սիրիայում, իսկ ով այդ ուղերձներից չափազանցւած հետեւութիւններ պէտք է անէր, կովկասեան թատերաբեմում շարունակում էր անել այն, ինչ նպատակադրել էր: Ռուսական ոչ պաշտօնական դիւանագիտութեան գործառոյթն իրականացնող վերլուծական կենտրոնները փորձեցին արդարացնել Արցախի շուրջ տեղի ունեցողը` պատճառաբանելով, թէ ներքաշւելու դէպքում Ռուսաստանը կը դադարէր դիտւել որպէս միջնորդ եւ կարժանանար Ադրբեջանի հիասթափութեանը: Իրականում հիասթափւող Ադրբեջանը նպատակների իրականացմանը չհասնելու դէպքում հաշտութեան միջնորդութեան խնդրանքով վազելու էր Մոսկւա, ինչպէս նախկինում:

Հարիւրամեայ, երբեմնի ինտերնացիոնալ Ադրբեջան պետութիւնը արցախեան ագրեսիայից յետոյ ամբողջովին տեղափոխւեց ազդեցութեան թուրքական դաշտ, իսկ, որ այս դէպքում ամենայատկանշականն է, երկրի հիմնական բնակչութիւնը ակնյայտօրէն դարձաւ ռուսատեաց ու թուրքամէտ: Այնպէս որ Իլհամ Ալիեւի մօտ կրկին ռուսական նոստալգիաներ արթնացնելը, մեծ հաշւով, նոյնքան անիմաստ գործ է, որքան ենթադրելը, թէ պատմաքաղաքական նախընտրութիւնները յստակեցրած, թուրքացեղութեան ինքնագիտակցութեամբ ժողովրդի վերածւող հանրութեան մէջ հնարաւոր է ռուսամէտ գործիչների առաջմղումը:

Այսպիսով` ամենամեծ եւ իրական կորուստը, որ ունեցաւ Ռուսաստանը անկախացման օրերից ի վեր, քաղաքական հաւասարակշռութիւն պահպանող Ադրբեջանի նաւարկումն էր թուրքական նաւահանգիստ:

Ռուսաստանի անվճռականութեանը հետեւած ռազմավարական յաջորդ կարեւոր զիջումը թոյլ տալն էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմի եւ արեւմտեան ուժերի հետ գաղտնի գործարքի մէջ գտնւող Փաշինեանը հասցնի վերջիններիս յանձնել Հադրութն ու Շուշին: Թէեւ նոյն այդ օրերին Ռուսաստանը բաւարար լծակներ ունէր զինադադար պարտադրելու պատերազմի օրերին իրենից ամբողջովին կախման մէջ յայտնւած գերագոյն գլխաւոր հրամանատար Փաշինեանին: Ռուսաստանի ղեկավարութեան յորդորին չհետեւելու յայտարարութիւններն այս դէպքում նոյնքան թերահաւատօրէն են ընկալւում, որքան յայտարարութիւնը, թէ Ռուսաստանն ինչ կարող էր անել, եթէ Հայաստանը մինչ այդ նոյնիսկ չէր ճանաչել Արցախի անկախութիւնը: Շատ լաւ յիշողութիւն ունենալու կարիք չկայ մտաբերելու համար, թէ նոյն մերձկրեմլեան քաղաքագէտ-վերլուծաբաններն ու հէնց միջնորդ կողմերի քաղաքական գործիչները մշտապէս որքան բացասաբար են վերաբերւել այդ գաղափարին, ինչը նոյնպէս շատ հասկանալի է: Այդ դէպքում կարող էր բանակցութիւնների խաղաղ գործընթացը դուրս գալ վերահսկողութիւնից, եւ օրինակ Ռուսաստանի համար խիստ մշուշոտ կը դառնար հակամարտութեան շփման գծում խաղաղապահի առաքելութիւն իրականացնելու հեռանկարը: Այլապէս Ռուսաստանը կարող էր նոյնիսկ գլխի գցել այն քայլի մասին, որը գոնէ հայկական նախորդ ղեկավարութիւնները կանէին առանց վարանելու:

Իր պահանջը պարտադրելով` արդէն Հադրութի եւ մանաւանդ Շուշիի անկումից յետոյ Ռուսաստանը կորցրեց Ադրբեջանին մնացած հարաւային սահմանամերձ հատւածի նկատմամբ վերահսկողութիւնը, որին տեսանելի հեռանկարում վերապահւելու է աշխարհաքաղաքական կարեւորագոյն դերակատարութիւն: Ըստ էութեան, դրանով նա կորցրեց նաեւ վերահսկողութիւնը Ադրբեջանի նկատմամբ, որի ղեկավարութեան համար վաղը-միւս օրը աւելի հեշտ կը լինի բացատրել իր ժողովրդին, թէ ինչու չի կարող իր իշխանութիւնը տարածել նաեւ Ռուսաստանի կողմից վերահսկւող մօտ 2 հազար քառակուսի կիլոմետրանոց արցախեան միջանցքի վրայ: Իսկ ռուսական զինւորական ստորաբաժանումները, անկախ իրենց քանակից ու սպառազինութիւնից, կարող են անընդհատ տեղաշարժւել Մարտակերտից մինչեւ Լաչին եւ հակառակ ուղղութեամբ, սակայն այդ մանեւրները դժւար թէ որեւէ կերպ ազդեն Շուշիի պատից հարաւ տեղի ունեցող իրադարձութիւնների վրայ: Այս գօտում Ռուսաստանի ազդեցութիւնը լրիւ չէզոքացնելու համար թուրքական զոյգ պետութիւններին մնում է լուծել զանգեզուրեան միջանցքի հարցը, որի ուղղութեամբ էլ նրանք աշխատում են ամբողջ եռանդով ու հմտօրէն։

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի հետ լեզու գտնելու ջանքերը այն պայմաններում, երբ Հայաստանը դիտարկւում է ոչ թէ առեւտրի կողմ, այլ առեւտրի առարկայ: Նա ձգտում է ամրապնդելու խաղաղապահների կարգավիճակը, թոյլ չտալու, որ Ադրբեջանն ամբողջովին հեռանայ իրենից, ասելիք ունենալու Սիւնիքով անցնելիք ճանապարհի կամ միջանցքի հարցում եւ այլն: Ռուսաստանը նաեւ շարունակում է առերեւոյթ եղբայրական յարաբերութիւնները Թուրքիայի հետ` լուծելով մարտավարական ինչ-ինչ խնդիրներ եւ փորձելով ձեւ անել, թէ կարեւորութիւն չի տալիս դիմացի կողմի պարբերաբար հրամցրած ոչ եղբայրական անակնկալներին: Առհասարակ կարելի է ամրագրել, որ դարաւոր ու ոխերիմ «բարեկամութեան» այս թատերախաղում Ռուսաստանը լուծում է մարտավարական խնդիրներ, իսկ Թուրքիան՝ ռազմավարական: Հէնց միայն արցախեան մրցասպարէզում կարելի է հաշւել, թէ երկարատեւ ու հիմնական նշանակութեան ռազմավարական ինչ առաւելութիւններ նւաճեց Թուրքիան, եւ մարտավարական կարճաժամկէտ ինչ շահեր են ապահովում ռուսական ձեռքբերումները:

Ի դէպ, այս առումով եւս կարծես թէ կրկնւում է հարիւր տարի առաջւայ պատկերը: Բոլշեւիկեան յեղափոխութեան մոլեռանդները Լենինի գլխաւորութեամբ տարւած իրենց յեղափոխութիւնը դէպի արեւելք տարածելու մտասեւեռմամբ եւ այդ ճանապարհին ամենայարմար երկիր դիտարկելով ամենաանյարմար երկիր Թուրքիան` պատերազմում պարտութիւնից յետոյ ծնկի եկած թշնամի պետութեանը ոտքի կանգնեցրին, կատարեցին վերջինիս բոլոր քմահաճոյքները։ Մասնաւորապէս երրորդ կողմին զիջելով ցարական կայսրութեան մէջ գտնւած եւ տւեալ պահին նրան չպատկանած տարածքներ` կարճ ժամանակ անց նրանք խաբւած էին դուրս գալու արդէն ուժեղացած Թուրքիայի կողմից։ Բացասաբար գնահատելով Լենինի այդ քաղաքականութիւնը` ժամանակակից Ռուսաստանը գնում է նոյն կարճատեւ ու կասկածելի շահերի յետեւից։ Միեւնոյն ժամանակ Թուրքիան մի ձեռքը բարեկամաբար մեկնում է Ռուսաստանին, միւս ձեռքով ՆԱՏՕ-ին հրաւիրում է Կովկաս, իսկ իրականում երկուսի միջեւ լուծում է սեփական խնդիրները։

Աւելին` նա յաջողութեամբ փորձարկում է Ռուսաստանի համբերութիւնը իր նկատմամբ` բացայայտ թշնամական վարք դրսեւորելով Ղրիմի եւ Ուկրայինայի ռուսաբնակ ըմբոստ շրջանների հարցում։

Սխալ կը լինի եզրակացնել, թէ Կովկասում ստեղծւած պատկերը միայն Հայաստանի ներկայիս իշխանութեան օրերին ձեւաւորւեց։ Անկախութեան առաջին տարիներից սկսած` այստեղ ակտիւօրէն աշխատել է Արեւմուտքը եւ, ինչպէս համոզւում ենք, Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ ինչպէ՞ս է աշխատել Ռուսաստանը։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դեսպանատունը հաւանաբար անցկացնում էր իւրաքանչիւր տարւայ համար պլանաւորւած իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ եւ պատուհանից հետեւում էր արեւմտեան դեսպանատների ակտիւ աշխատանքին։ Հետեւանքներից մէկն էլ այսօր Հայաստանում հակառուսական իշխանութեան գոյութիւնն է եւ հակառուսական տրամադրութիւնների աննախադէպ աճը հանրութեան տարբեր շերտերում։ Իհարկէ, այդ հակառուսականութիւնը ինքն իրեն չի բորբոքւում ու խորանում, եւ կոյրն էլ կը հասկանայ, թէ հայաստանեան ինչ ուժեր են կանգնած այդ քարոզչութեան յետեւում։ Մոռացած պատմութեան դասերը, մեր օրերի արցախեան ողբերգութեան նկատմամբ տարածաշրջանով շահագրգիռ ուժերի անտարբերութիւնը` հայ ժողովուրդը սկսել է հաւատալ, թէ Արեւմուտքն իր զօրքով կը գայ փրկութեան, եւ իրականում սղոցում է ծառի այն ճիւղը, որի վրայ նստած է։ Հայ ժողովուրդն այս ճանապարհով արագացնում է որպէս պետական ազգ անկումը, իսկ Թուրքիան ստանում է Կովկասը մարսելուց յետոյ Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի վրայ գրոհելու իրական հնարաւորութիւն։

Այս իրավիճակից Հայաստանի փրկութեան առաջին պայմանը հակաազգային-օտարահպատակ իշխանութիւնից հնարաւորինս շուտ ազատագրումն է։ Ռուսաստանին ու Հայաստանին անհրաժեշտ է արմատապէս եւ ռազմավարական մասշտաբով վերանայել գործնական փոխյարաբերութիւնները Կովկասի եւ, ինչու չէ, Մերձաւոր Արեւելքի ապագայի ճարտարապետութեան համատեքստում։ Նիկոլփաշինեանական կապիտուլացւած գործիչների կամազրկութիւնից օգտւելով` Ռուսաստանը կարող է դարձեալ կորզել կարճաժամկէտ օգուտներ ու առաւելութիւններ, իսկ հեռագնայ նպատակներ հնարաւոր է ծրագրել ազգային ու լուրջ իշխանութիւնների հետ, որոնք խորապէս կը գիտակցեն եւ անկեղծօրէն կը լծւեն ընդհանուր շահերից բխող ռազմավարական խնդիրների լուծմանը ռազմավարական գործընկերների հետ։ Մեզ անհրաժեշտ է հայաստանակենտրոն անկախ, համարձակ եւ նախաձեռնող իշխանութիւն, որը յաջողութեամբ կաշխատի Ռուսաստանի եւ առհասարակ բոլոր դաշնակիցների հետ ոչ թէ հակադրութիւնների վրայ ճարպիկ խաղեր խաղալով, այլ շահերի ու գործողութիւնների յստակ ու կանխատեսելի համադրումների սկզբունքով։ Հայաստանը պէտք է կարողանայ դրսեւորել իր հնարաւորութիւններն ու առաւելութիւնները եւ հետեւողականօրէն ընդլայնի դրանց սահմանները։ Իհարկէ մենք չէ, որ ուրիշներին, մասնաւորապէս եւ Ռուսաստանին, պէտք է բացատրենք իրենց շահերը, բայց մենք պէտք է կարողանանք փաստել այլոց շահերի հետ մեր ռազմավարական անփոփոխելի շահերի համընկնումը՝ գործնականում ապացուցելով դա եւ հաւատ ներշնչելով մեր` վստահելի գործընկեր լինելու հարցում։ Անվիճելի է մէկ բան՝ փոքր եւ մեծ տարածաշրջանները գտնւում են գլոբալ փոփոխութիւնների շեմին: Արցախեան վերջին պատերազմը այդ սցենարի մէջ էր մտնում, որին մասնակցեցինք` կորցրած մեր բոլոր դաշնակիցներին եւ առանց աջակցութեան` չհաշւած ռուսական ռազմական օժանդակութիւնը։

Աշխարհաքաղաքական նոր իրողութիւնները այսուհետ Ռուսաստանին առնչւելու են ուղղակիօրէն, եւ նա մեզ կը դիտի կա՛մ որպէս գործընկեր, կա՛մ առեւտրի առարկայ, կա՛մ հակառակորդ։ Ընտրութիւնը նրանն է, բայց մենք ասելիք ու անելիք ունենք, եթէ իհարկէ ունենք եւ եթէ ունակ ենք համոզիչ լինելու։

 

«Դրօշակ», թիւ 8 (1654), օգոստոս, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանն ընդունել է իր պարտութիւնը
    Նիկոլ Փաշինեանն ընդունել է իր պարտութիւնը

    Վերջնագծին մօտեցող նախընտրական քարոզարշաւին քիչ թէ շատ հետեւած շատերը կարծում եմ կընդունեն, որ Փաշինեանի առաջնորդած իշխանական ուժն այս ընտրութիւններին ներկայացաւ բացարձակապէս անպատրաստ: Լինելով ընտրութիւնների եւ դրանց ժամկէտների մասին որոշում կայացնող ուժը իւրաքանչիւր իշխանութիւն մշտապէս հնարաւորութիւն ունի աւելի վաղ սկսելու նախապատրաստական աշխատանքները (մանաւանդ արտահերթ ընտրութիւնների դէպքում): 

  • Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը
    Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը

    Յունիսի 8-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին «ցնցեց» իր «մեծ զոհաբերութեան» պատրաստակամութեամբ: Նա յայտարարեց, թէ պատրաստ է ադրբեջանական բանտերում պահւող գերիների ազատման դիմաց գերութեան ուղարկել իր որդուն: Բնութեան կողմից օժտւած լինելով միայն ամբոխվարութեան փեշակով այս անուղղելին երեւի հաշւարկ էր արել, թէ դրանով խիստ յուզելու է դեռեւս իրեն հաւատացող, պարզ մարդկանց եւ պահպանելու է այդ մոլորեալ փոքրամասնութեան քւէն: 

  • Չարի վերջը
    Չարի վերջը

    Վերջին օրերի հանդիպումների ժամանակ, ապօրինաբար վարչապետի պաշտօնակատարի աթոռը գրաւած Նիկոլը, անընդհատ կրկնում է, թէ ընտրութիւններից յետոյ անխուսափելի է լինելու նախկիններին պատժելը: Այս յայտարարութիւններն, այլեւս որեւէ մէկի համար լուրջ չեն կարող համարւել, որովհետեւ եթէ Նիկոլը պատժող էր, ապա այդ բանը նա պէտք է արած լինէր նախորդ երեք տարիների ընթացքում: Իսկ չի՞ ցանկացել անել: 

  • «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում
    «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում

    Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

  • «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան
    «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան

    Թուրքիայի յաւակնութիւնները տարծաշրջանում շատ մեծ են եւ շօշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթէ ամէն ինչ թոյլատրւել ու ներւել է, բայց ի՞նչ կը լինի հեռանկարում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրոյցում նշեց ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅ Դաշնակցութեան «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։