Print this page
02/09/2021 - 16:30

Այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից

Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

«alikonline.ir» - Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

 

- Երեւանն ու Բաքուն ինչ-որ ազդակներ են փոխանակում, Ձեզ յայտնի՞ է, թէ ինչի մասին է խօսքը, թէ՞ դարձեալ «ինչ որ պէտք է, բանակցում են»։

- Ընդհանրապէս, այս իշխանութեան վարքագիծը շարունակում է մնալ անհասկանալի։ Երբ որ ադրբեջանական զինւած ուժերը փակել էին դէպի Գորիս-Կապան տանող ճանապարհը, էդ ֆոնին կառավարութեան դէ ֆակտօ ղեկավարն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։ Հետեւաբար, այս վարքագիծը մեկնաբանելը պրոբլեմ է, որովհետեւ իրենց նւաճողական քայլերի մեր ընկալումը «դրական ազդակներն են»։ Իսկ եթէ տակից ինչ-որ հերթական անգամ Թուրքիայի հետ գաղտնի բանակցութիւնների մէջ են, պէտք է հասկանանք՝ ինչ պայմաններում, եւ արդեօք Թուրքիան պնդո՞ւմ է իր յայտարարած նախապայմանները։ Եւ, առհասարակ, ո՞րն է այս իշխանութեան դիրքորոշումն այդ հարցում։

 

- Քանի որ այդ նախապայմաններն արցախեան խնդրի կարգաւորմանն էին վերաբերում, Էրդողանը յայտարարում է, որ դրանք այլեւս չկան, արցախեան հարցը, ըստ իրենց, լուծւած է։ Հետեւաբար, խօսքը Ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացից հրաժարւելու մասին կարող է լինել։

- Ես պէտք է Էրդողանին, Ալիեւին եւ, ցաւօք սրտի, երբեմն Փաշինեանին յիշեցնեմ, որ արցախեան հարցը լուծւած չէ։ Եւ եթէ որեւէ մէկի մտքով անցնում է, որ կարող է համարել Արցախի հարցը լուծւած, ու էս իրավիճակում մենք հրաժարւենք Արցախից, սխալւում են։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարւելուն, ապա եթէ Հայաստանի իշխանութիւնները գնան այդ ճանապարհով, դա կը նշանակի հերթական անգամ հրաժարւել մեր ժողովրդի ու պետութեան շահերից։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեսակէտն այդ հարցում ակնյայտ է։

 

- Իսկ Դուք, «Հայաստան» դաշինքն այս հարցով կառավարութեանն ինչ-որ հարցումներ արե՞լ է կամ նման մտադրութիւն ունի՞, որպէսզի մանրամասնեն, թէ ինչի մասին է խօսքը։

- Չենք արել։ Իհարկէ, մենք չենք կարող անտարբեր լինել եւ առիթի դէպքում կը փորձենք հասկանալ։

 

- Պարոն Սաղաթելեան, ձեր համախոհները սկսել են ձեզ քննադատել, որ գնում էք այնտեղ ոչ թէ աշխատելու, այլ էպատաժի համար՝ շիշ նետել, ձեռնամարտ եւ այլն, փոխանակ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծէք։ Արդարացւած համարո՞ւմ էք նման մեղադրանքները։

- Մենք խորհրդարան մտնելու առաջին իսկ վայրկեանից մինչեւ հիմա պայքարի մէջ ենք։ Մենք չենք հրաժարւում մեր օրակարգից, մեր ծրագրերից, մեր նախկին ասածներից, եւ այդ խորհրդարանը մեզ համար իշխանութեան դիմակը պատռելու հնարաւորութիւն է։ Մենք գնում ենք էդ ճանապարհով։ Իշխանութիւնը յաճախակի սադրում է, դիմում խուլիգանական քայլերի եւ այդ դէպքերում ստանում պատասխան։

 

- Այնուամենայնիւ, երկիրը ծանր վիճակում է, եւ միայն դիմակ պատռելով չէ՝ շատերն էլ այսպէս են կարծում։

- Չէ, եթէ այդ քննադատողները նայեն, կը տեսնեն, որ այդ ընդհարումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք խորքային եւ բովանդակային քննադատում ենք էս իշխանութեանը, ներկայացնում ենք, թէ ինչ յանցանքներ են կատարում մեր պետութեան դէմ։ Նրանք, ովքեր ասում են՝ բովանդակութիւն չկայ ընդդիմութեան քննադատութեան մէջ, հաւանաբար, առաջնորդւում են վերնագրերով, որովհետեւ կարդալու դէպքում կը տեսնեն, որ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ բանակի հետ կապւած՝ մենք շատ հիմնաւոր մօտեցումներ բովանդակային առումով ցոյց ենք տւել։

 

- Առաջին անգամ Հայաստանից բարձր մակարդակով որեւէ մէկը ներկայ չեղաւ Արցախի անկախութեան տօնին։

- Այս հարցադրումով ամէն ինչ ասւած է։ Սա այն է, ինչ մենք ամէն օր ասում ենք՝ որ այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից։

 

Անուշ Դաշտենց

 

Յարակից լուրեր