Սեպտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հիւրընկալել է դաշնակցական ընկեր, Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ խմբավար, Արցախի Արւեստի վաստակաւոր գործիչ Զաքար Քեշիշեանին: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Արցախի շրջանների ՀՅԴ կոմիտէների ներկայացուցիչները:
«alikonline.ir» - Սեպտեմբերի 8-ին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հիւրընկալել է դաշնակցական ընկեր, Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ խմբավար, Արցախի Արւեստի վաստակաւոր գործիչ Զաքար Քեշիշեանին: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Արցախի շրջանների ՀՅԴ կոմիտէների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը կարեւորել է Զաքար Քեշիշեանի ներդրումն Արցախում երգարւեստի զարգացման, պատանիներին ազգային ոգով դաստիարակելու գործում: Նա շեշտել է, որ Շուշիում 30 տարի դասաւանդած դաշնակցական արւեստագէտը հանգամանքների բերումով փոխել է գործունէութեան վայրը, բայց նրա ոգին ու առաքելութիւնը մնացել են նոյնը:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից Արթուր Մոսիեանը Զաքար Քեշինեանին յանձնել է խոհրդանշական նւէր՝ ՀՅԴ 130-ամեակի առթիւ գործւած գորգ:
Իր խօսքում Զաքար Քեշիշեանը նշել է, որ դաշնակցական ընկերները միայն յետմահու են պարգեւատրւում, սակայն այս պարգեւն ինքը կընդունի որպէս անսահման վստահութեան, սիրոյ եւ իր ուխտը վերանորոգող երեւոյթ: «Ես դաշնակցական եմ, իմ գործունէութիւնն այստեղ կուսակցական չէ, այլ ազգային, բոլորանւէր: Սակայն այն ոգին, որ ինձ մղում է այստեղ աշխատելու, դաշնակցականի իմ դաստիարակութիւնն է եւ դրա նկատմամբ իմ հաւատարմութիւնը: Դաշնակցութիւնը 29 տարի առաջ Շուշիում հիմնադրեց վարժարան, այն ժամանակ ես, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան մաս կազմելով, վարժարանի հիմնադիր ընկերներից մէկը դարձայ: Երբ վարժարանը պետականացւեց, ես շարունակեցի իմ առաքելութիւնը, որ սկսել էի 29 տարի առաջ: Առաջիկայ տարիներին, ինչքան իմ կարիքը լինի, եւ Աստւած ինձ կեանք տայ, անպայման կը վերադառնամ»,- իր խօսքում ասել է Զ. Քեշիշեանը՝ շնորհակալութիւն յայտնելով պարտաւորեցնող վերաբերմունքի համար եւ մաղթելով, որ այս դժւարին պայմաններում Դաշնակցութեան ուժն ու կորովը չպակասի:
«Ես հաւատում եմ, որ հայ ժողովրդի փրկութիւնն իր դաշնակցական որդիների միաբանութեան, ամրակուռ կառոյցի, կառոյցը աւելի հզօրացնելու, այդ ճանապարհով հայրենիքին ծառայելու եւ հայրենիքը փրկելու մէջ է»,- նշել է արւեստագէտը: