Հա

Ազգային

16/09/2021 - 11:10

Դէպի Իրան արտահանումը նւազել է 21 տոկոսով. Սիւնիքում ադրբեջանական ներկայութիւնը հարւածում է տնտեսութեանը (գրաֆիկ)

Հայաստանը՝ արեւելքից եւ արեւմուտքից գտնւելով շրջափակման մէջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի եւ Իրանի տարածքով։ 

ԱՐԱՄ ԱՃԵՄԵԱՆ

 

Հայաստանը՝ արեւելքից եւ արեւմուտքից գտնւելով շրջափակման մէջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի եւ Իրանի տարածքով։ Նոր սերնդի ներկայացուցիչներից քչերն են տեղեակ, որ արցախեան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, որոշ ժամանակահատւած Իրանը դարձել էր դրսի հետ կապող Հայաստանի միակ ճանապարհը, քանի որ Վրաստանիներքին անկայունութեամբ պայմանաւորւած՝այդ երկրի տարածքով բեռնափոխադրումը եւ ուղեւորահոսքն անվտանգ չէր։ Բացի այդ, ինչպէս արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ, այնպէս էլ 90-ականներին վրացական իշխանութիւններն արգելում էին իրենց տարածքով ռազմական նշանակութեան բեռների փոխադրումը։ Հետեւաբար, եւս մէկ անգամ պէտք է արձանագրենք, որ Իրանի հետ տրանսպորտային կապը ոչ միայն ունի տնտեսական, այլեւ ռազմական նշանակութիւն։ Արցախեան վերջին պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական օգնութիւնը ստացել է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքով։Առհասարակ,Իրանի հետ թէ՛ օդային, եւ թէ՛ ցամաքային կապը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակութիւն։

2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների հետեւանքով՝ ադրբեջանական զօրքերի վերահսկողութեան տակ անցաւ նաեւ Գորիս-Կապան՝ Հայաստանը Իրանին կապողմիջպետական ճանապարհի 21 կմ հատւածը։ Արդէն 2021 թւականի օգոստոսի 25-ից թշնամին տարբեր պատճառաբանութիւններով փակում է այդ ճանապարհահատւածը, իսկ սեպտեմբերից էլ սկսել է տուրք գանձել իրանական բեռնատարներից։ Հարկ է յիշեցնել, որ անկախութեան տարիներից ի վեր չի եղել դէպք, որ սահմանափակւի կամ արգելւի Իրանի հետ աւտոմոբիլային կապը։ Ներկայում առկայ չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ,որը թոյլ կը տայ ապահովել անվտանգ եւ անխափան տրանսպորտային կապ երկրների միջեւ։ Գորիս-Կապան ճանապարհահատւածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսութեանը, քանի որ այս ճանապարհներով են նաեւ փոխադրւում ասիական երկրների բեռները, մասնաւորապէս՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Արաբական Միացեալ Էմիրութիւններ եւ այլն։ Ադրբեջանական իշխանութիւնների կողմից գանձւող հարկերի ու տուրքերի հետեւանքով հնարաւոր է առաջիկայումթանկանան բեռնափոխադրման ծառայութիւնները։

Այս ամենին զուգահեռ նկատւում է Հայաստանից դէպի Իրան արտահանման ծաւալների նւազում։ Հայաստան-Իրան տարեկան արտաքին առեւտրաշրջանառութիւնը կազմում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար։ Շուրջ 90 մլն դոլարի ապրանք Հայաստանից արտահանւում է դէպի Իրան, որի մօտ 80 տոկոսը էլէկտրաէներգիա է (այս դէպքում ճանապարհ հարկաւոր չէ), իսկ մնացածը՝ մետաղի ջարդոն, միս, ծխախոտ եւ այլն։ Իսկ Իրանից Հայաստան ներկրւում է շուրջ 310 մլն դոլարի ապրանք՝ բնական գազ, շինանիւթեր, նաւթամթերք, ցեմենտ, պոլիմերներ եւ այլն։ Այսինքն՝ ճանապարհների հետ կապւած այս խոչընդոտներից էապէս կարող է տուժել Իրանից ապրանքների ներկրումը։

Ուշագրաւ է, որ 2020 թւականի յունւար-յունիս ամիսներին Հայաստանիցհամախառն արտահանումն աճել է 23,3 տոկոսով, այն դէպքում, երբ մեզ սահմանակից երկիր՝ Իրան արտահանումը նւազել է 21 տոկոսով։ Դա կարող է բացատարւել Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման արգելքով, Գորիս-Կապան ճանապարհահատւածի անվտանգային խնդիրներով, ատոմակայանի վերանորոգմամբ պայմանաւորւած էլեկտրաէներգիայի արտահանման նւազմամբ եւ այլն։

Տեղին է յիշել նաեւ, որ 2019 թւականի հոկտեմբերի 27-ից ուժի մէջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի ժամանակաւոր համաձայնագիրը, որը կոչւած էր նոր խթան հաղորդելու նաեւ Հայաստան-Իրան արտաքին առեւտրաշրջանառութեանը։ Սակայն մինչեւ օրս Հայաստանին չի յաջողւել օգտւել այս համաձայնագրի ընձեռած հնարաւորութիւններից, ինչը, անշուշտ, պայմանաւորւած է այս ուղղութեամբ պետութիւն-մասնաւոր հատւած անարդիւնաւէտ համագործակցութեամբ եւ անտարբերութեամբ։ Ուշագրաւ է, որ նոյնիսկ թուրքական ապրանքների ներկրման արգելքի պարագայում հայկական կողմը չկարողացաւ Իրանի տնտեսութիւնը դիտարկել որպէս այլընտրանք։

 

News.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։