Հա

Ազգային

23/09/2021 - 08:40

«Այս իշխանութիւնը չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ճակատի վրայ». Կիրօ Մանոյեան

«Ազատութեան» հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ։

«alikonline.ir» - «Ազատութեան» հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ։

 

- Երեւանը եւ Անկարան հեռակայ ուղերձներով հասկացնում են, որ դէմ չեն սկսել երկխօսութիւն։ Այս փաստը ինչպէ՞ս էք գնահատում։

- Թուրքիան միշտ էլ խօսել է նախապայմաններով Հայաստանի հետ. ե’ւ ֆուտբոլային դիւանագիտութեան ժամանակ, ե’ւ դրանից առաջ՝ դեռ մինչեւ Հայաստանի անկախացումը։ Եւ փաստօրէն հիմա այդ պատրաստակամութիւնը Թուրքիայի կողմից այնքան էլ դրական ազդակ չէ, որովհետեւ ինքը՝ Թուրքիայի նախագահը, եւ ոչ միայն նախագահը շարունակում են նախապայմանների մասին խօսել, նույն նախապայմանները։ Պարզապէս իրենք գտնում են, որ Արցախի հարցը կարգաւորւած է ճիշտ, դրա մասին չեն ակնարկում։ Բայց խօսում են արդէն, որ պէտք է Հայաստան-Ադրբեջան պայմանագիր լինի, եւ պէտք է Հայաստանը տրամադրի այսպէս կոչւած միջանցք դէպի Նախիջեւան։

 

- Երեւանը չի ասել, չէ՞, որ ընդունում ենք նախապայմանը։ Ընդհակառակը, ասել է՝ եկէք սկսենք խօսակցութիւնը առանց նախապայմանների։

- Առանց նախապայմանների մասը շատ չի շեշտւել դժբախտաբար, այս վերջին շրջանում, հակառակ որ անցած տարւայ յուլիսին այս նոյն քաղաքական մեծամասնութեան կողմից մշակւած, հաստատւած Ազգային անվտանգութեան ռազմավարութեան մէջ Թուրքիայի նկատմամբ մօտեցումները շատ աւելի յստակ էին, շատ աւելի, կարելի է ասել, ճիշտ էին նոյնիսկ, քան նոր կառավարութեան ծրագրում։

 

- Հիմա, օրինակ, Էրդողանն ասում է միջանցներ, Երեւանը պատասխանեց՝ չէ, ճանապարհների ապաշրջափակում։

- Այո, բայց մինչեւ Էրդողանի ասելը, մենք դարձեալ նոյնն էինք ասել, բայց Թուրքիան էլի նոյն բաներն է կրկնում, ինչ որ Ադրբեջանը։ Դրանով հանդերձ փաստօրէն վարչապետը փորձել է հանդիպում ունենալ Էրդողանի հետ։ Ես ենթադրում եմ, ինքը պատկերացնում էր կամ ենթադրում, որ այդ հանդիպումը կը կայանայ հաւանաբար Նիւ Եօրքում… բայց ամէն դէպքում նոյն բանը կրկնել է, որովհետեւ, կրկնում եմ՝ Հայաստանը չի ասել առանց նախապայմանների, ընդհակառակը, գնահատում է որպէս դրական ազդակ Թուրքիայից լսւածները։ Դա արդէն ուղղակի վտանգում է մեր ազգային պետական շահը։

 

- Այսինքն՝ դուք սկզբունքօրէն դէմ էք, որ Էրդողան-Փաշինեան ձեռքսեղմումը տեղի ունենայ, նրանք սկսեն էդ խօսակցութիւնը։ Երէկ Վրաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հանդիպել են, ըստ պաշտօնական տեղեկութեան, հանգամանալից քննարկել են հայ-ադրբեջանական յարաբերութիւնները, բայց կան արդէն ենթադրութիւններ, որ նաեւ Վրաստանի միջնորդական ջանքերն են գործի դրւել էդ հանդիպումը կազմակերպելու համար։

- Եթէ առանց նախապայմանի է խօսակցութիւնները սկսելու, մենք դէմ չենք։ Բայց մենք դէմ ենք, ինչպէս եւ դէմ էինք, որ առանց այդ նախապայմաններից հրաժարւելու, խօսակցութիւնները սկսւեն։ Որովհետեւ մենք տեսանք նախորդ անգամ ինչպէս, եթէ կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, տարբեր ակնկալիքներ ունեն։ Օրինակ, Թուրքիային համոզել էին Միացեալ Նահանգները, որ ոչինչ, Արցախի հարցը այս փաթեթով չի լուծւի, բայց սրան զուգահեռ կը լուծւի, կը կարգաւորւի այնպէս, ինչպէս դուք էք ցանկանում։ Գոնէ ըստ թուրքերի, այդպէս է իրենց ասւած։ Միացեալ Նահանգներն էլ չի հերքում, որ ինքը ասել է զուգահեռ։ Բայց տեսանք ինչպէս տապալւեց այդ գործընթացը։ Դժգոհ չենք, որ տապալւեց, բայց աւելի վատացան իրականութեան մէջ գոյութիւն չունեցող յարաբերութիւնները, քան մինչեւ այդ փորձը։ Հիմա էլ ճիշտ չի լինի, որ կողմերը սկսեն խօսել՝ առանց հասկանալու դիմացինի ճիշտ մօտեցումը։ Իսկ այս դէպքում պարզ է, որ Թուրքիան նաեւ ունի նախապայմաններ, այդ նախապայմանները ինքը փորձելու է կարգաւորել։ Եւ եթէ Էրդողանի ասածը անկեղծ է, այսինքն՝ ինքը ասում է, որ խօսակցութիւնը կը սկսի մի քանի բան Հայաստանի կողմից արւելուց յետոյ, ներառեալ այդ միջանցք կոչւածի բացումը, ուրեմն տրամաբանօրէն պէտք չէ, որ խօսակցութիւն սկսւի։ Կամ արդէն խոստում կը ստանայ։ Եթէ խօսակցութիւն սկսւի, պէտք չէ զարմանալ, որ, ենթադրենք, Հայաստանը համաձայնել է միջանցք տրամադրել՝ անկախ նրանից, թէ ինչ կը յայտարարի վարչապետը։ Պարզ է, եթէ նախապայմանների լեզւով սկսենք խօսել, մենք էլ շատ նախապայմաններ ունենք՝ սկսած Ցեղասպանութեան ճանաչումից։ Բայց եթէ պատրաստակամութիւն կայ յարաբերութիւններ հաստատել առանց նախապայմանների, պէտք է վերաբերւի երկու կողմերին էլ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։