Հա

Ազգային

30/09/2021 - 12:30

ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի հիմնական աշխատանքների ամփոփագիր

 

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութեանը։

(սեպտեմբերի 8-30, 2021թ.)

 

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակի hիմնադրումից (սեպտեմբերի 2) կարճ ժամանակ անց “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամը Հայ Դատի Կենտրոնական խորհրդին կատարեց նպատակային նւիրատւութիւն՝ ուղղւած Արցախի նորահաստատ գրասենեակի գործունէութեան ապահովմանը։ Նւիրատու հիմնադրամն առաջիկայ հինգ տարիների ընթացքում հոգալու է նաեւ Արցախի գրասենեակում երիտասարդների վարժողական ծրագրերի իրականացման ֆինասական ծախսերը։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխաւորած պատւիրակութեանը։

Հանդիպման ընթացքում քննարկւեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնաւորապէս տարածաշրջանային քաղաքական գործընթացները եւ այդ համատեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումները։ Յատուկ անդրադարձ կատարւեց Թուրքիայի կողմից Հայաստանի վրայ գործադրւող ճնշումներին, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի անընդունելիութեանը։ Ընդգծւեց` փորձ է արւում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնօրէն ընդունւած կարգաւորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականութեան խախտումներով եւ ուղղակի ռազմական սպառնալիքով։

Յատուկ ուշադրութեան է արժանացել Արցախեան հիմնահարցի ներկայ հանգրւանը, քննարկւել են Արցախի Հանրապետութեանը, ժամանակաւորապէս տեղահանւած անձանց եւ ռազմագերիների ազատութեան խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղութիւններով նախանշւել որոշ ծրագրեր։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւնների մեծ մասը վերջերս արտացոլւել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրւած թւով ութ օրէնսդրական փոփոխութիւնների միջոցով։ Այդ օրէնսդրական փոփոխութիւնների ընդունման ուղղութեամբ էլ Հայ Դատի յանձնախումբը կենտրոնացրել էր աշխատանքները սեպտեմբեր ամսւայ ընթացքում։

Առաջադրւած փոփոխութիւնները ենթադրում էին Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական եւ ֆինանսական օժանդակութեան դադարեցում, ԱՄՆ կառավարութեան համապատասխան մարմիններից տեղեկատւութեան պահանջում, թէ արդեօ՞ք ԱՄՆ ռազմական օժանդակութիւնից օգտւող պետութիւններն իրականացրել են մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար եւ զարգացման աջակցութեան բոլոր ծրագրերի վերաբերեալ տեղեկատւութեան տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անյապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպութեան գործունէութեան արգելք, զեկոյց պաշտպանութեան քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառւած ամերիկեան տեխնոլոգիաների վերաբերեալ՝ այն հարցադրմամբ, թէ խաղաղ բնակչութեան դէմ ամերիկեան ռազմական արտադրանքի օգտագործումը արդեօ՞ք չի խախտում ԱՄՆ օրէնսդրութիւնը։

Վերոգրեալի շրջանակներում, սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի եւ Թոնի Քարդենասի կողմից առաջարկւած օրէնսդրական փոփոխութիւնները, որով Ադրբեջանից պահանջւում է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպէս նաեւ քննութեան ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական յանցագործութիւնների դէպքերը։ Ընդունւած փոփոխութիւնը պահանջում է նաեւ հետաքննութիւն անցկացնել Արցախում կիրառւած թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկեան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերեալ։

Արդէն օրեր անց, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդհանուր առմամբ ընդունեց մեզ համար կարեւոր 8 փոփոխութիւններից 5-ը։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթութիւնների ամբողջական բաւարարմանը։

Սեպտեմբերի կէսերից Հայ Դատի Ամերիկիայի յանձնախումբը սկսեց իր հանրայայտ «մայրաքաղաքային դարպաս» (Capital gateway) կրթական ծրագիրը։ Այդ դասընթացն աւարտած հարիւրաւոր շրջանաւարտներ աշխատում են Սպիտակ տանը, Կոնգրեսում, դաշնային գործակալութիւններում, Համաշխարհային բանկում, ուղեղային յայտնի կենտրոններում, խոշոր լրատւամիջոցներում եւ շատ այլ հեղինակաւոր կազմակերպութիւններում:

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում սեպտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնի համար առաջադրւած սենատոր Ջէֆ Ֆլէյքի թեկնածութեան լսումները։ Վերջինս յայտնի է նախկինում Հայոց Ցեղասխանութեան ճանաչման բանաձեւին դէմ քւէարկելով։ Լսումների ժամանակ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը, հաշւի առնելով Սենատի կողմից 2019թ․ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը, Ջ․ Ֆլէյքին հարցրել է, թէ արդեօ՞ք վերջինս միանում է Սենատին եւ Սպիտակ տան վարչակազմին՝ դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը, ինչին դեսպանի թեկնածուն դրական պատասխան է տւել։

 

Կանադա

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը 2021թ․ սեպտեմբերի 21-ին յատուկ հաղորդագրութիւն է հրապարակել, որով, ի թիւս այլնի կանադական կառավարութիւնից պահանջել է Երեւանում դեսպանութիւն հիմնել՝ նկատելով, որ Կանադան «Մեծ եօթնեակի» միակ երկիրն է, որ Երեւանում ռեզիդենտ դեսպանութիւն չունի։ Ըստ յանձնախմբի՝ այդ հանգամանքն էականօրէն կաշկանդել է ինչպէս Հայաստանի զարգացմանը եւ ժողովրդավարական գործընթացներին նպաստելու՝ Կանադայի յանձնառութիւնը, այնպէս էլ վերջինիս դիւանագիտական ներկայութիւնը տարածաշրջանում, յատկապէս 44-օրեայ պատերազմի ընթացքում։

Հաղորդագրութեան մէջ առանձնայատուկ անդրադարձ է կատարւել Ղարաբաղեան հիմնախնդրին՝ ընդգծելով ադրբեջանաթուրքական գործողութիւնների բնոյթը, միջազգային հանրութեան անտարբերութիւնը, ինչն էլ պատճառ դարձաւ, որ Ադրբեջանը յարձակումներ գործի Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։

 

Աւստրալիա

Աւստրալիական պետական SBS հեռուստաալիքը, պաշտօնապէս ներողութիւն է խնդրել երկրի հայ համայնքից՝ Արցախի վերաբերեալ թիւր տեղեկատւութիւնների հանրայնացման համար։ Մասնաւորապէս շաբաթներ առաջ լրատւական գործակալութիւնը հրապարակում էր արել, որոնցում Արցախի ականապատ տարածքների վերաբերեալ ներկայացւել էր սխալ տեղեկատւութիւն եւ մեղադրանքներ էին ուղղւել հայկական կողմի հասցէին։ ՀՅԴ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը, աւստրալահայ համայնքի անունից բողոքի ալիք բարձրացրեց, ինչից յետոյ գործակալութեան պաշտօնեաները ներողութիւն խնդրեցին հայ համայնքից։

Հայաստանի անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ՝ աւստրալիացի առաւել քան մէկ տասնեակ յայտնի քաղաքական գործիչներ, որոնց թւում ֆեդերալ եւ նահանգային օրէնսդիրներ, շնորհաւորական տեսաուղերձներ են յղել աւստրալահայ գաղութին եւ ընդհանրապէս հայ ժողովրդին՝ յատկանշելով մեր ժողովրդի ներկայ մարտահրաւէրներն ու վճռականութիւնը։

 

Ֆրանսիա

ՀՅԴ Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախումբը սեպտեմբերի 26-ին բողոքի ցոյց կազմակերպեց Փարիզում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ։ Ցուցարարները նախ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան եւ պահանջեցին հայ ռազմագերիների վերադարձ, ապա Արցախին օժանդակութիւն ապահովելու վերաբերեալ պահանջներ ներկայացրեցին Ֆրանսիայի կառավարութեանը։ Ցուցարարները դժգոհում էին Հայաստանին ու Արցախին տրամադրւող անբաւարար օժանդակութեան առթիւ։

 

Կիպրոս

Սեպտեմբերի վերջին շաբաթւայ ընթացքում աշխատանքային այցով Կիպրոսում էր գտնւում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը։ Վերջինս, ուղեկցութեամբ ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի նախագահ Յակոբ Կազանչեանի, քաղաքական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի քաղաքական շրջանակների հետ։ Մասնաւորապէս՝ «ՏԻԿՕ» կուսակցութեան նախագահ Նիկոլաս Պապատոպուլոսի հետ հանդիպման ժամանակ քննարկւել են Արցախի յետպատերազմական իրավիճակը, Հայաստանի քաղաքական իրավիճակը, կիպրական հարցը, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի եւ «ՏԻԿՕ» կուսակցութեան միջեւ գործակցութեան հնարաւորութիւնները։

Հանդիպումներ են կայացել նաեւ «Ժողովրդավարական ուժերի համախմբում» (DEPA) կուսակցութեան ղեկավար, Եւրոպական Խորհրդարանի նախկին պատգամաւոր եւ Կիպրոսում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամ Անտիգոնի Պապադապոլուի հետ։

Զրուցակիցները, Ղարաբաղեան հիմնախնդրին առնչւող ստեղծւած իրավիճակը քննարկելուց յետոյ ջերմութեամբ են յիշել իրենց համագործակցութինը Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում եւ Եւրոպական Խորհրդանում։

Գասպար Կարապետեանը նաեւ հանդիպումներ է ունեցել ԷՏԷՔ կուսակցութեան փոխնախագահ Կոստաս Էֆսդադիուի եւ Ստրովոլոսի քաղաքապետ՝ Անդրեաս Պապախարալմպուսի հետ, որոնք հիւրընկալւել էին ՀՄԸՄ-ՀԵՄ ակումբում։ Հանդիպումների շարքը եզրափակւել է Կիպրոսի Բնապահապանների կուսակցութեան նախագահ Խարալամբոս Թեոպեմդուի, կուսակցութեան նախկին նախագահ Եորղոս Պերտիկիսի, կենտրոնական վարչութեան անդամ եւ Ստրովոլոսի աւագանու անդամ Բանայոդիս Մանոլինի հետ հանդիպմամբ։

 

Նիդերլանդներ

Արցախեան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցութեամբ ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների յանձնախումբը սեպտեմբերի 25-ին երկրի արտգործնախարարութիւնում հանրագիր է յանձնել Արեւելեան Եւրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթէ վան Բաքին եւ Իրենէ Կրախտին։ Բովանդակային զրոյցի ընթացքում քննարկւել են Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները եւ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը։

Երկուստեք բարձր է գնահատւել նման հանդիպումների կարեւորութիւնը՝ տեղեկութիւնների փոխանցման եւ յարաբերութիւնների զարգացման համար։ Տիկին Բաքը վստահեցրել է, որ Նիդերլանդները շարունակելու է հնարաւոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի զարգացմանը աջակցութիւն ցուցաբերելու գործում։

 

Լիբանան

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինը սեպտեմբերի 22-ին այցելել է Լիբանանում Կիպրոսի Հանրապետութեան դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Փանայոթիս Քիրիաքուի հետ:

Աւելի քան մէկուկէս ժամ բացառիկ փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում արծարծւել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի եւ զարգացումների լայն շրջանակ:

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինը դեսպանին է ներկայացրել 44-օրեայ պատերազմի զարգացումներն ու հետեւանքները` նշելով, որ հայկական ու կիպրական կողմերը նոյնանման խնդիրների են դիմագրաւում եւ ունեն նոյն յարձակողապաշտ հակառակորդները:

 

ՆՆախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

 

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

30.09.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։