Հա

Ազգային

30/09/2021 - 17:20

Արամականութիւնը դարձնելով հայ ժողովրդի սեփականութիւնը․ բացւեց Արամ Մանուկեանի բրոնզաձոյլ կիսանդրին

ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում այսօր, սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցաւ մեծանուն քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յուշակոթող-կիսանդրու բացումը։

«alikonline.ir» - ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում այսօր, սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցաւ մեծանուն քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի յուշակոթող-կիսանդրու բացումը։ Նախաձեռնութեան եւ քանդակի հեղինակը կանադահայ քանդակագործ Յակոբ Ջամբազեանն է։ Քաղաքական գործչի բրոնզաձոյլ արձանը տեղադրւեց կենտրոնի նախասրահում՝ խորհրդանշական հատւածում, ուր ամէն օր ելումուտ են անում հարիւրաւոր երիտասարդներ։ Հաղորդում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, արժեւորելով Արամ Մանուկեանի կերպարն ու գործունէութիւնը, ասաց․ «Դժւար է թերագնահատել այն դերը, որ ունեցել է Արամ Մանուկեանը Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման գործում։ Եթէ չլինէր Արամ Մանուկեանը, չլինէին նրա ժամանակակից նւիրեալ գործիչները՝ չէինք ունենայ Առաջին Հանրապետութիւնը, Խորհրդային Հայաստանը, նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը։ Արամ Մանուկեանն իր ողջ կեանքի ընթացքում, անկախ նրանից, թէ որտեղ է գործել եւ ինչ հանգամանքներում, մշտապէս հանդէս է եկել որպէս լաւ կազմակերպիչ՝ լինի Բաքւում, Կարսում, Վանում, թէ՝ Երեւանում։ Նա իր որակական յատկանիշներով կարողացել է փայլուն արդիւնքներ արձանագրել իր ողջ գործունէութեան ընթացքում»։

Համբարձումեանի խօսքով՝ Արամ Մանուկեանն ամենաքիչ գնահատւած գործիչներից է՝ մինչեւ վերջին տարիները։ «Միայն վերջին տարիներին է, որ, տարբեր առիթներ օգտագործելով, կարողացել ենք Արամ Մանուկեան գործչի մասին բարձրաձայնել։ Վստահաբար, թէ՛ երէկ, թէ՛ այսօր, թէ՛ վաղը Արամ Մանուկեանի պէս գործիչների անհրաժեշտութիւն ենք ունենալու՝ որպէս կազմակերպողի, իբրեւ առաքինի մարդու, իբրեւ միասնութիւն ապահովող, անմնացորդ նւիրւողի։ Հէնց այս որակների շնորհիւ էր, որ Արամ Մանուկեանը բոլորի համար դարձել էր ընդունելի, հարազատ, հեղինակութիւն»,- ասաց նա, ապա, վերյիշելով Նիկոլ Աղբալեանի խօսքերը, շեշտեց՝ արդեօ՞ք մենք մտածում, գործում եւ ապրում ենք ինչպէս Արամ Մանուկեանը։

«Այս հարցը, կարծում եմ, իւրաքանչիւր հայ իրեն միշտ պիտի տայ, եւ եթէ իւրաքանչիւրը փորձի մի փոքր նմանւել Արամ Մանուկեանին՝ աշխարհը «շուռ տալու» հնարաւորութիւն կունենանք, այնպէս, ինչպէս ժամանակին դա արեց Արամը, երբ որեւէ մէկը չէր հաւատում, յուսալքութիւն էր, յոյսը չէր երեւում, բայց Արամը եւ նրա նման գործիչները բերեցին այդ յոյսը՝ մեր անկախութիւնը»,- ընդգծեց Համբարձումեանը։

Անդրադառնալով Արամ Մանուկեանի քանդակի ստեղծմանը՝ նա ասաց, որ երբ տեղեկացել են նախաձեռնութեան մասին՝ սիրով ընդառաջել են։

«Ուրախութեամբ պիտի փաստեմ, որ մեր ընկերը բաւականին յաճախակի է հանդէս գալիս նմանօրինակ նախաձեռնութիւններով։ Ընդամէնը մի քանի օր առաջ, իմանալով, որ նման նախաձեռնութիւն կայ, սիրով ընդառաջեցինք։ Նկատի ունենալով, որ բացօթեայ տարածքում տեղադրելու ընթացակարգերի հետ կապւած դժւարութիւններ կան, որոշեցինք, որ ճիշտ կը լինի կիսանդրին տեղակայել «Արամ Մանուկեան» կենտրոնում, միգուցէ հետագայում այն կարողանանք աւելի պատշաճ տեղում տեղադրել»,- յաւելեց նա։

Խօսքը փոխանցելով քանդակագործին՝ Համբարձումեանը յոյս յայտնեց, որ առաջիկայում Յակոբ Ջամբազեանը կրկին հանդէս կը գայ նոր անակնկալներով։

«Ինձ համար պատիւ եւ բերկրանք էր քանդակել Արամ Մանուկեանի նման հերոս զաւակներից մէկի յուշակոթող-կիսանդրին»,- ուրախութեամբ ասաց քանդակի հեղինակը՝ Յակոբ Ջամբազեանը։ Նա նշեց, որ Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Սարդարապատ յուշահամալիրում եւս տեղադրւել է իր հեղինակած՝ Արամ Մանուկեանի յուշակոթողը։

«Այս կենտրոնում տեղադրւած կիսանդրին բրոնզաձոյլ արձան է, բայց այստեղ մտնող երիտասարդները, նրա թողած անմեռ յիշատակի, կտակի դիմաց, վառ պիտի պահեն նրա անմար ջահը, որ տարիներ շարունակ ՀՅԴ ներքոյ աշխատող բոլոր ղեկավարները, ընկերները ամենուրէք՝ Հայաստանից մինչեւ արտերկիր վառ պահեցին եւ պիտի պահեն, որպէսզի գալիք օրերը պայծառանան Արամ Մանուկեանի լուսահոգի, լուսադէմ եւ լուսապայծառ ծրագրերով եւ աւանդով»,- ասաց քանդակագործը՝ Արսէն Համբարձումեանին շնորհակալութիւն յայտնելով նման առիթ ընձեռելու համար։

Արւեստաբան Մովսէս Հերգելեանը (Ծիրանի), մեկնաբանելով քանդակն ու Արամ Մանուկեանի կերպարը, ասաց․ «Արամ Մանուկեանը հերոսների հերոսն էր, որովհետեւ կարողացաւ համախմբել ազգը եւ դարձնել մեծ բռունցք։ Լաւ նայէք Արամի աչքերին․ Յակոբը կերտել է այն պահը, երբ Արամ Մանուկեանը մեզ պատգամում է միասնականութիւն եւ միաժամանակ պարտաւորեցնում, որպէսզի լինենք յանձնառու իր պատգամներին։ Մենք հաշւետու ենք հէնց նրան, որովհետեւ նա է մեր պետականութեան հիմնադիրը, առանց Արամ Մանուկեանի՝ մենք այսօր պետականութիւն չէինք ունենայ»։

ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանը, խօսելով քանդակագործի մասին, ասաց՝ Յակոբը իսկական արամական է, եւ եթէ մենք հայ ենք, ապա պիտի ամէն մէկս լինենք մի քիչ արամական։

«Երբ ասում ենք Արամ՝ հասկանում ենք պետականութիւն, Հայաստանի վերածնունդ։ Մեր այսօրւայ սերունդն այն սերունդն է, որն ապրեց մի իրականութեան մէջ, երբ յաղթած, ամուր պետականութիւն ունեցող երկիրը վատ կառավարմամբ քանդեցին։ Համեմատութեան մէջ՝ 100 տարի առաջ Ցեղասպանութեան ենթարկւած, բզկտւած, քայքայւած, անյոյս, անապագայ թւացող երկիրը մէկ այլ ղեկավար կարողացաւ վերականգնել ու դարձնել երկիր ու պետութիւն։ Այսինքն՝ լաւ եւ վատ ղեկավարները կարող են երկիրը քանդել կամ հակառակը՝ կառուցել»,- ասաց նա՝ շեշտելով՝ այստեղ է Արամ Մանուկեանի մեծութիւնը, այստեղ է, որ պէտք է նրան գնահատենք։ «Արամականութիւնը դարձնելով հայ ժողովրդի սեփականութիւնը՝ մենք հայ ժողովրդին ազգային ենք դարձնում, որի մէջ է մեր փրկութիւնը»,- յաւելեց Շահբազեանը։

«Անկախութիւնից յետոյ Արամի տունը դեռ պատշաճ վիճակում չէ, եւ երեւի թէ հէնց այդ անեծքն է մեր գլխին կախւած մինչեւ այսօր»,- միջոցառումն այս խօսքով եզրափակեց գրող, հրապարակախօս, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան տնօրէն Սպարտակ Ղարաբաղցեանը՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում Արամ Մանուկեանի տունը՝ Հայաստանը, կը կառուցւի, կամրապնդւի, կը շէնանայ։

 

Լիանա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։