Հա

Ազգային

04/10/2021 - 09:40

«Սպանիչ տեսարան էր. մեկուսացւած վիճակում գեներալների սիրտը պայթում էր, իսկ բունկերում բոլորովին ուրիշ մարդիկ էին». Ի. Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է 44-օրեայ պատերազմի մասին նոր փաստեր, իրողութիւններ եւ զարգացումներ, որոնք տեղի են ունեցել իր մասնակցութեամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հրապարակումը.

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է 44-օրեայ պատերազմի մասին նոր փաստեր, իրողութիւններ եւ զարգացումներ, որոնք տեղի են ունեցել իր մասնակցութեամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հրապարակումը.

Սեպտեմբերի 29-ին Գերագոյն Մարմնի հերթական նիստն էր։ Նիստին ներկայ էր նաեւ Հրանտ Մարգարեանը։ Ընկերը ներկայացրեց ՀՅԴ «Կամաւորական շարժում» հ/կ-ի աշխատանքները, ասաց, որ արդէն 800 կամաւորագրւած կայ, առաջին վաշտը տեղակայւած է հիւսիսում, սպասում ենք ՊՆ-ի հրահանգին, որ երկրորդ վաշտը մեկնի, մինչեւ այդ, ասաց, որոշել ենք կամաւորներին մեկնումից առաջ մի քանի օր մարզել, եւ արդէն աշխատանքները սկսել են Բիւրականի բանակավայրում։

Քննարկւեց նաեւ վաշտերին անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը։

Նիստին քննարկւեց ընդհանուր վիճակը, արդէն ունէինք բազմաթիւ մտահոգութիւններ, որոշւեց դրանք արձանագրել եւ նամակով փոխանցել Նիկոլ Փաշինեանին, բայց վերջում որոշեցինք անձամբ հանդիպել, որպէսզի լսենք նաեւ այդ հարցերի մասին իր պատկերացումները։

Հոկտեմբերի 1-ին ես, Հրանտ Մարգարեանը եւ Արմէն Ռուստամեանը հանդիպեցինք Նիկոլ Փաշինեանին։

Հանդիպումը տեւեց մօտ մէկ ժամ, մենք ներկայացրինք մի շարք հարցեր, մասնաւորապէս.

1. Ասացինք` սխալ էր ապահով շրջանների տարհանումը, այս պահին Ստեփանակերտում նոյնիսկ հացթուխ չկայ եւ առհասարակ թիկունքի աշխատանքները շատ վատ է կազմակերպւած։

2. ՄՈԲ-ի աշխատանքները կազմակերպւած չեն, բարձիթողի վիճակ է, բերեցինք կոնկրետ օրինակներ։

3. Նշեցինք՝ սա լինել-չլինելու պատերազմ է, պէտք է մի կողմ դնել հին-նոր, նախկին-ներկայ հարցերը, համախմբել բոլոր ուժերը։

4. Կարեւորեցինք ՌԴ-ի հետ ճիշտ բանակցութիւնները, արդիւնաւէտ աշխատանքը, ներկայացրինք այս ուղղութեամբ մի քանի առաջարկներ:

Լսեց բարձրացրած հարցերը, գրեց իր մօտ, որոշ հարցերի պատասխանեց, նաեւ մեր առաջարկով նկարագրեց սահմանային իրավիճակը, վստահեցրեց, որ բոլոր ուղղութիւններով աշխատում են, շնորհակալութիւն յայտնեց կամաւորական շարժման աշխատանքների, ինչպէս նաեւ դրսում ՀՅԴ Հայ Դատի մարմինների կատարած աշխատանքի համար։

Այդ օրը նաեւ ՆՓ-ին յստակ ասացինք, որ մեր կարծիքով պատերազմը երկար է տեւելու, պէտք է ռեսուրսները ճիշտ գնահատել եւ չսխալւել։

ՆՓ-ի հետ պատերազմի ընթացքում հանդիպել ենք 5 անգամ եւ սա առաջին հանդիպումն էր։

Հոկտեմբերի 2-ին զոհւեց ընկեր Գեղամ Մուշեղեանը։ Գեղամը ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի նախագահն էր, իր յամառ եւ պահանջկոտ բնաւորութեան համար ընկերները «Մուննաթ» էին ասում։ Մասնակցել էր Արցախեան նախորդ երկու պատերազմներին, իսկական հայ, լաւ մարդ, լաւ ընկեր...

Հոկտեմբերի 2-ին ունէինք նաեւ վիրաւորներ` ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներ Իւրան, Արսէնը, Գէորգը, նաեւ աւագ ընկերներից Քեռին, Ուրֆոն, Շահէնը, Մայիսը, Մակիչը։

Իմ Արցախ գնալը պլանաւորւած էր հոկտեմբերի 4-ին, բայց այդ լուրը լսելուց յետոյ ԳՄ ընկերների համաձայնութիւնը ստացայ եւ շարժւեցի Արցախ։

(Արդէն ասել էի` կար պարտականութիւնների բաշխում, եւ ամէն ինչ պէտք է արւէր համաձայնեցւած)։

Ճանապարհին անընդհատ կապի մէջ էի վիրաւոր ընկերների հետ, ովքեր տեղափոխւում էին Սիսիանի հոսպիտալ։

Մեծ դժւարութեամբ հոսպիտալում հանդիպեցի տղաներին։ Հոսպիտալի մթնոլորտը սարսափելի ճնշող էր. տասնեակ վիրաւորներ, խառնաշփոթ, բայց սառնասիրտ բժիշկներ, քոյրեր, սրտացաւ անձնակազմ, որը չէր կարող աչքիցդ վրիպել։ Տղերքի սենեակում եւս 6-7 հոգի վիրաւոր կար, կարճ խօսեցի, ֆոտօ արեցի, հարցուփորձ արեցի, ծանր էին տանում ընկեր Գեղամի լուրը։ Արսէնը գունատ էր շատ, թիկունքից էր խփւած, տղերքից հարցրի միւս վիրաւորների մասին, խօսեցինք, շարժւեցի։

Սիւնիքում ինձ ուղեկցում էին մեր տեղի ընկերները` Գեսան, Արտակը եւ միւս ընկերները:

Այդ օրերին տղերքը մեր՝ Արցախ-Երեւան կապն էին նաեւ։

Տղերքին տեսնելուց յետոյ մի փոքր հանգստացանք, պիտի արդէն շարժւէինք Ստեփանակերտ։

Գիշերը` 23։00-ի կողմերն էր, լուր եկաւ, որ ճանապարհը փակ է, խորհուրդ չի տրւում գիշերով անցնել։ Որոշեցինք մնալ Գորիսում, առաւօտեան 6-ին շարժւել։

Հոկտեմբերի 3-ի առաւօտեան 9։30 հասանք Ստեփանակերտ, «Արցախ Պարկ»հիւրանոց։ Հիւրանոցի բակում տղերքը հաւաքւած էին, երկու բառ խօսեցի Իշխանեան Դաւիթի հետ, հիւրանոցի առաջ կանգեց պիկապը՝ բոլոր կողմերից խփւած, Նւէրը գնդակոծութեան տակ ընկած՝ Գեղամին եւ մէկ թեթեւ վիրաւորի էր իջեցրել դիրքերից, ում անունն այս պահին չեմ յիշում։ Հարցրի Նւէրին՝ տղերքը ոնց են, ասաց շրջափակման մէջ, ես մի կերպ եմ դուրս եկել...

Խառնւեցի իրար` կապ չկար տղերքի հետ։

Դաւիթը շատ հանգիստ տոնով ասաց` մի խառնւիր, հիմա փորձեմ կապ հաստատեմ.... Աւելի ուշ պարզւեց` տղերքը դուրս են եկել շրջափակումից, ապահով են, որոշւեց մեքենան արագ կարգի բերել. տղերքին բեռ կար հասցնելու մեքենայով։

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն ասաց` ես կը գամ նաեւ տղերքին կը տեսնեմ։

Իմ՝ Արցախ գնալու նպատակը տղերքին տեսնելուց զատ քաղաքական հանդիպումներն էին եւ տեղում վիճակին ծանօթանալը։

Նախ վիճակի մասին. Ստեփանակերտը լքւած էր, նոյնիսկ բաց խանութ կամ հացի կրպակ չկար։

2016 թ. ապրիլի 3-ին ես Ստեփանակերտում էի, պատերազմ էր, բայց քաղաքի փողոցները աւլում էին, կարծես բան չի պատահել, եւ դա մօտս այնքան տպաւորւեց, որ լուսանկարեցի այն ժամանակ։

Հիմա պատկերը այլ էր. ակնյայտ անկազմակերպւածութիւն, շփոթ, դատարկութիւն։ Իմ եւ շատերի համար մինչ օրս անբացատրելի է հէնց առաջին օրը կազմակերպւած ձեւով քաղաքի եւ շատ գիւղերի տարհանումը։

Առաջին տպաւորութիւնս էր սա։

Այդ օրը Արցախում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը։

Հիւրանոցում հանդիպեցի Արթուր Վանեցեանին, (Վանեցեանը Շուշիում էր մնում, մէկ օր առաջ էր եկել Արցախ), լուրերով փոխանակւեցինք, զանգեցի Ռոբերտ Քոչարեանին, ասաց Վիտալի Բալասանեանի գրասենեակում եմ։ Արթուրի հետ գնացինք հանդիպելու։

Այդ պահին Ռոբերտ Քոչարեանի հետ գրասենեակում էին նաեւ Իւրի Խաչատուրովը, Արկադի Ղուկասեանը, Վիտալի Բալասանեանը, ես եւ եւս մի հոգի, ում չճանաչեցի։

Բարեւելուց եւ կարճ զրոյցից յետոյ հանդիպումը շարունակեցինք երեքով։

Նախագահը բաւականին ծանօթ էր իրավիճակին, ասաց՝ թշնամին ամէն ինչ անելու է, որ ճեղք բացի պաշտպանական գծում, արդէն հարաւում տարածքային կորուստներ ունենք, բայց զգալի չէր, ասաց հիւսիսում դա չեն կարող անել՝ պայմանաւորւած լեռնային աշխարհագրութեամբ, դրա համար կենտրոնանալու են հարաւի վրայ։ Նկարագրեց վիճակից դուրս գալու իր պատկերացումները։

Առանձնացրինք հիմնական պրոբլեմները.

- անկազմակերպւածութիւն,այդ թւում՝ նաեւ ՄՈԲ-ի շրջանում,

- փորձառու սպայական կազմի չէզոքացում,

- Արցախի նախագահի ոչ ադեկւատ վարքագիծ։

- ՀՀ իշխանութիւնների՝ իրավիճակին ոչ համարժէք քայլեր եւ գործողութիւններ։

Բայց պայմանաւորւեցիք շահարկումներից խուսափելու համար այդ հարցերի մասին հրապարակային չխօսել, այլ ասել իրենց անձամբ՝ ով ում կարող է. մեր նպատակը իրենց քննադատելը չէր, այլ այդ հարցերին լուծում տալը. երկիր պատերազմի մէջ էր։

Բոլոր զրոյցների հիմնական թեման էր նաեւ դաշնակից պետութիւնների հետ այդ պահին ճիշտ աշխատելը։

Ես առաջարկեցի, որ Արցախի նախկին 3 նախագահները եւ Սերժ Սարգսեանը հանդիպեն Արայիկ Յարութիւնեանի հետ եւ խօսեն այն բոլոր հարցերից, որ գոյութիւն ունեն, սկսած թիկունքի անկազմակերպ, քաոսային վիճակից, վերջացրած ռեսուրսների ոչ արդիւնաւէտ օգտագործումից։

Ասացին, որ արդէն Սերժ Սարգսեանի առաջարկով, Բակօ Սահակեանն ու Արկադի Ղուկասեանը այդ ցանկութեան մասին Ա. Յարութունեանին փոխանցել են։ Յետոյ պարզւեց, որ հանդիպման առաջարկը մերժել է Արայիկ Յարութիւնեանը։

Յիշեցնեմ, որ Արայիկ Յարութիւնեանի կողքից Նիկոլի ներկայացուցիչները չէին հեռանում. հսկողութեան տակ էր, հերթափոխով` մէկ Աւինեան, մէկ Միրզոյեան, Պապիկեան, Քեարամեան։

Որոշեցինք կապի մէջ լինել, վերադարձայ հիւրանոց, հիւրանոցում հանդիպեցի Չեչէնին եւ Հայկ Վահանին, դիրքերից էին իջել նոր, ծանր գիշեր էին ունեցել, Չեչէնը պատմեց իրավիճակը, որոշ փոխանցումներ արեց.

Այդ պահին Ստեփանակերտը ռմբակոծում էին, նաեւ ասեմ՝ հիւրանոցում էին տեղակայւած Արմնիւզի ողջ կոլեկտիւը, ովքեր այդ օրերին կարեւոր գործ էին անում, Արա Սաղաթելեանը, Արմանը, Կարէն Բեքարեանը,Աբրահամը, Լիկա Թումանեանը, ակտիւ աշխատանքի մէջ էին Տիգրանը Աբրահամեան, Հրանտ Մելիք-Շահնազարեանը, Նարեկ Մալեանը եւ այլք։

Հիւրանոցը մի տեսակ դարձել էր նաեւ շտաբ։

Շտաբ եկաւ ընկեր Հարմիկը՝ կամաւորական վաշտի ընդհանուր հրամանատարը, Մխիթար Մխիթարեանի հետ. աչքերն էին վնասւել. մինչ բժիշկի գնալը կարճ զրոյց ունեցանք, նկարագրեց իրավիճակը, շտապում էր հասնէր տղերքին։

Այդ օրը երեկոյեան իմացայ, որ նոյն հիւրանոցում է գիշերում փոխվարչապետ Տ. Աւինեանը։ Փոխանցեցի որ գայ՝ ինձ հետ կապնւի։ Երեկոյեան հանդիպեցինք, իմ առաջին խնդիրն էր՝ հասկանալ արդեօ՞ք տիրապետում են վիճակին, գիտակցո՞ւմ են պահի լրջութիւնը եւ փոխանցել այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրել էինք։

Զրոյցը տեւեց մօտ 40 րոպէ։ Նախ ներկայացրի մեր կողմից արձանագրւած խնդիրները, որոնք գնալով խորանում են։ Մասնաւորապէս՝ թիկունքի «բարդակ» վիճակի, երկրորդ՝ զոհերի իրական թւերի մասին, ՌԴ-ի եւ Իրանի հետ պատշաճ աշխատանք տանելու անհրաժեշտութեան մասին։ Նաեւ պնդեցի, քայլեր ձեռնարկեն որ նախկին զինւորականներին ներգրաււեն պաշտպանութեան գործին։

Իմ տպաւորութեամբ՝ հասկանում էր իրավիճակի բարդութիւնը, վստահեցրեց, որ բոլոր ուղղութիւններով ինչ կարող են կանեն, նաեւ որոշ դիտարկումներ կը փոխանցի Փաշինեանին։ Խօսակցութեան վերջում ասացի. «Յուսով եմ՝ դուք եւ ձեր թիմը հասկանում էք ձեր պատասխանատւութեան չափը եւ ձեր սխալ քայլերի կամ անգործութեան դէպքում ինչ կարող է լինել»։

Հոկտեմբերի 4-ի առաւօտեան Ազատամարտիկների միութիւնում հանդիպոցի Սերժ Սարգսեանին։ Նոր էինք սկսել զրոյցը, սկսեցին ակտիւ ռմբակոծել, մի «սնարեադ» էլ ընկաւ շէնքից քիչ հեռու, անվտանգութեան աշխատակիցները մտան սենեակ, խնդրեցին իջնել նկուղ, Սերժ Սարգսեանն ասաց` բան չկայ, նորմալ է եւ շարունակեցինք զրոյցը։ Իմիջայլոց հարւածի (պայթիւնի) ժամանակ նոյնիսկ աչքերը չթարթեց...

Երկրորդ, երրորդ հարւածներ, կրկին անվտանգութիւն... մի խօսքով՝ իջանք նկուղ, կիսաքանդ մի սենեակ էր, լոյս չկար, մոմի տակ շարունակեցինք զրոյցը՝ ի՞նչ անել, նոյն գնահատականն էր, զրոյցին միացաւ Դաւիթ Իշխանեանը, յետոյ Վ. Բալասանեանը, Իւ. Խաչատուրովը, Լեւոն Մնացականեանը, Սամուէլ Կարապետեանը, Վովա Գասպարեանը, Արթուր Վանեցեանը, Ժաննա Գալստեանը, Սամուէլ Կարապետեանը եւ այլք։

Այդ պահի խորհուրդը մեծ էր. տեսէք՝ ովքեր էին, բոլորը նախորդ երկու պատերազմներում յաղթած մարդիկ կամ մարտական գեներալներ։ Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք յիմար են, մեզ պարտութեան կը տանեն։ Բոլորին մեկուսացրել էին՝ անձամբ Նիկոլի հրամանով, ամէն մէկը մի բան էր առաջարկում, մի ելք, բայց... այդ պահին զինւած ուժերի բունկերում ձեզ քաջ յայտնի եւ բոլորովին ուրիշ մարդիկ էին, նրանք էին որոշում մեր ազգի ճակատագիրը։

Այդ պահին աչքիս ընկաւ Լեւոն Մնացականեանը. լուռ, նայելով առաստաղին՝ ծխում էր, աչքերի մէջ զայրոյթ, սիրտը պայթում էր, ես այդ տղերքին ախր տեսել էի ապրիլեան պատերազմի ժամանակ, աչքներից կրակ էր թափում, իսկ հիմա... սպանող տեսարան էր...

Ինչեւէ։

Տիկին Ժաննան այդ պահին մի լաւ առաջարկ արեց, բայց հաւանութեան չարժանացաւ, շատ ծայրայեղ էր, բայց գուցէ ճիշտն էլ դա էր։

Ես չէի կարողանում հասկանալ երկիր ազատագրած մարտական գեներալների, նախկին զինւորականների պահւածքը։ Բայց Նիկոլը այս պատերազմին երկար էր պատրաստւել, յիշում էք՝ 2019 թ. մայիսին յայտարարեց՝ Արցախում կան դաւադիր ուժեր, ովքեր փորձելու են պատերազմ հրահրել, տարածքներ տան թշնամուն եւ մեղքը գցեն ՀՀ իշխանութիւնների վրայ։ Իսկ պատերազմի 4-րդ օրն ասաց` կան նախկին զինւորականներ, որ ասում են՝ Նիկոլը տարածքները տւել է, ծախել է, իզուր էք կռւում, ասաց՝ անհերքելի ապացոյցներ ունի։ Այս ամէնը մի նպատակ ունէր. մեկուսացնել նախկին զինւորականներին, ովքեր կարող էին վիճակ փոխել եւ համախմբել ժողովրդին։

Մարդիկ շատ զգուշաւոր էին. «Մի բան չանենք, մեր վրայ մեղքը չգցեն»։

Անկեղծ լինելու համար ասեմ, որ քաղաքական ուժերը եւս այդ պրոբլեմը ունէին, հրապարակային չէինք խօսում իրական վիճակի մասին, քանի որ լայնածաւալ յարձակում էր սկսւում, թէ «թիկունքը թուլացնում էք, հարւածում մէջքից, դա դաւաճանութիւն է եւ այն»։

Մի խօսքով իշխանութիւնը այդ հարցերում լաւ նախապատրաստական աշխատանք արել էր.

Ստեփանակերտից վերադարձայ խորը մտահոգութիւններով, բայց հաւատով որ դեռ ամէն ինչ կորած չէ, հնարաւոր է վիճակը փոխել...

Վերադարձին որոշեցի անպայման հանդիպել նախագահ Արմէն Սարգսեանի հետ։ Ուզում էի անձամբ ներկայացնել բոլոր հարցերը, այն ամէնը, ինչ տեսել եմ եւ քայլեր ձեռնարկելու կոչ անել...

Պատերազմի օրերին մշտապէս մեր քաղաքական ղեկավարութիւնից Արցախում մարդ կար. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան, Արմէն Ռուստամեան եւ միւս ընկերները։

Յ.Գ. Պատերազմի օրերի մասին գրելիս անընդհատ մտածում եմ՝ հրապարակե՞լ այդ ամէնը, թէ՞ ոչ, բայց երբեմն որոշում եմ հրապարակել, քանի որ որոշ սրիկաներ փորձում են խեղաթիւրել իրականութիւնը եւ այլ կերպ ներկայացնել Դաշնակցութեան, նախկին նախագահների եւ, առհասարակ, ընդդիմութեան գործունէութիւնն այդ օրերին։

Ընդդիմութիւնը պատերազմի օրերին դրսեւորել է բացառիկ պետականամէտ կեցւածք եւ դա փաստ է, իսկ մնացած փաստերի մասին առաջիկայում...

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։