Հա

Ազգային

10/10/2021 - 13:20

«Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւնը հասել է անդառնալիօրէն հատման բարձրակէտին». Արամ Շահնազարեան

Օրերս Ադրբեջանի ՆԳՆ-ն յայտնել էր, որ Բաքւում փակւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Ալի Խամանէիի «Օջագ Նեջաթ» գրասենեակը: Սա ինչ հետեւանքների կարող է յանգեցնել, ինչպէս է ստեղծւած հայ-իրանական, իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները գնահատում պաշտօնական Իրանը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է իրանական «Ալիք» օրաթերթ կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

«alikonline.ir» - Օրերս Ադրբեջանի ՆԳՆ-ն յայտնել էր, որ Բաքւում փակւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Ալի Խամանէիի «Օջագ Նեջաթ» գրասենեակը: Սա ինչ հետեւանքների կարող է յանգեցնել, ինչպէս է ստեղծւած հայ-իրանական, իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները գնահատում պաշտօնական Իրանը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է իրանական «Ալիք» օրաթերթ կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

 

Իրանը հնարաւորութիւն ունի յանձինս երկրի շիայական բնակչութեան, ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանում

- Պարոն Շահնազարեան, Ադրբեջանի ՆԳՆ-ն յայտնել է, որ Բաքւում փակւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ Ալի Խամանէիի «Օջագ Նեջաթ» գրասենեակը: Որն, ըստ Էութեան, շիա մահմեդականութեան հիմնական օջախն էր Ադրբեջանում: Ի՞նչ ականներ եւ տողատակեր են թաքնւած այստեղ, եւ ինչպէ՞ս են շիա մահմեդականները արձանագանգել վերը նշւածին առհասարակ:

- Իրանի արձագանգը միանշանակօրէն խիստ բացասական է եղել: Թեհրանի համար Բաքւի նման վարքագծի տողատակում թաքնւած մեսիջի յստակ է. Ադրբեջանը փորձում է դիրքաւորւել որպէս հակաիրանական յստակ դիրքորոշմամբ երկիր` առաջարկելով իրեն Արեւմուտքին: Այդ կերպ Բաքուն փորձում է յաւելեալ մանեւրի հնարաւորութիւն ձեռք բերել Թեհրանի հետ յարաբերութիւնների լարւածութեան ֆոնին: Իհարկէ, պէտք է նշել, որ սա չափազանց վտանգաւոր խաղ է, եթէ հաշւի առնենք Իրանի հետ դաւանական ընդհանրութեան հանգամանքը: Չմոռանանք, որ Ադրբեջանը գտնւում է Իրանի դաւանական եւ մշակութային քաղաքակրթական տարածքում: Սա լուրջ մարտահրաւէր է Բաքւի համար։ Ի դէմս աւանդաբար շիայական բնակչութեան՝ Իրանը կարող է ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանի ներսում` ակտիւացնելով դաւանաբանական հարցերը: Սա կարող է կտրուկ մեծացնել ադրբեջանական հասարակութեան թրքամէտ եւ իրանամէտ հատւածների միջեւ խզումը` հասարակութեանը կանգնեցնելով կազմաքանդման վտանգի առջեւ:

 

- Իրանական ԶԼՄ-ներում յայտնւել է քարտէզ, որտեղ ներկայացւում է Ադրբեջանը մասնատւած եւ տարբեր ազգերի բաժանւած, որքանո՞վ է հաւանական նման սցենարը իրականութեան մէջ:

- Սա հիմնականում պէտք է դիտարկել Բաքւի դէմ Իրանի ծաւալած քարոզչական, հոգեբանական պատերազմի համտեքստում: Տեսականօրէն դա, իհարկէ հնարաւոր է: Նախորդ հարցումներում ես արդէն ասել եմ, որ Իրանը հնարաւորութիւն ունի յանձինս երկրի շիայական բնակչութեան, ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանում: Դրա համար էպիկենտրոն կարող են հանդիսանալ Աօշերոնը եւ Թալիշստանը: Չմոռանանք նաեւ իրանակման ծագում ունեցող թաթերին: Սակայն, բացառում եմ, որ Իրանը այս պահին կը գնայ նման քայլի:

 

Հայաստանի օդային տարածք տրամադրելը հնարաւոր ամենավատ մեսիջն էր, որ այս պայմաններում կարելի էր յղել

- Պարոն Շահնազարեան, ՀՀ-Իրան յարաբերութիւնները ինչպէ՞ս է գնահատւում այսօր ԻԻՀ-ի պաշտօնական մակարդակով:

- Հայաստանի հետ յարաբերութիւնները միշտ էլ կարեւոր նշանակութիւն են ունեցել Իրանի համար, իսկ դրանց նշանակութիւնը կտրուկ բարձրացել է յատկապէս վերջին իրադարձութիւնների ֆոնին: Հայաստանի հետ ցամաքային սահմանը, Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանումը, առանցքային նշանակութիւն ունի Իրանի ռազմավարական եւ անվտանգային շահերի դիտանկիւնից: Ցաւով պէտք է նշեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանութիւնների վարած անորոշ, աննկարագիր եւ ձախողած արտաքին քաղաքականութիւնն իր բացասական հետեւանքներն է թողել հայ-իրանական յարաբերութիւնների վրայ: Ստեղծւած իրավիճակը բացառիկ հնարաւորութիւն է ընձեռել Երեւանին` սրբագրելու Իրանի հետ վերջին 3 տարիների ընթացքում թոյլ տւած սխալներն ու բացթողումները: Հրաշալի առիթ է ստեղծւել վերաիմաստաւորելու եւ բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հայ-իրանական յարաբերութիւնները: Ցաւօք սրտի, մենք պաշտօնական Երեւանի կողմից կրկին իրավիճակին ոչ համարժէք եւ որեւէ տրամաբանական բացատրութիւն չունեցող քայլերի ականատեսն ենք: Մասնաւորապէս, այն պահին, երբ Իրանը փակել է իր օդային տարածքն ադրբեջանական ինքնաթիռների վրայ, թշնամական երկրի ինքնաթիռներին, Նախիջեւանի ուղղութեամբ Հայաստանի օդային տարածք տրամադրելը հնարաւոր ամենավատ մեսիջին էր, որ այս պայմաններում կարելի էր յղել Իրանին:

 

- Հնարաւո՞ր է ստեղծւած պայթիւնավտանգ իրավիճակը Ադրբեջանի հետ վերածւի ռազմական գործողութիւնների:

- Ինչ խօսք, վերջին իրադարձութիւնների ֆոնին Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւնը հասել է անդառնալիօրէն հատման բարձրակէտին: Այդուհանդերձ, ռազմական հակամարտութեան հնարաւորութիւնը գրեթէ բացառւած: Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դէպքում, եթէ թուրք-ադրբեջանական տանդեմը գնայ լուրջ սադրանքի` օրինակ, Սիւնիքի բռնակցման փորձի տեսքով:

 

Իրանահայերը մեծ ուշադրութեամբ հետեւում են զարգացումներին

- Պարոն Շահնազարեան, ինչպէ՞ս է իրանահայերի վրայ անդրադառնում վերջին օրերի զարգացումները եւ ինչպէ՞ս են արձագանգում մեր հայրենակիցները ՀՀ-ի դիրքորոշմանը:

- Իրանահայերը մեծ ուշադրութեամբ են հետեւում վերջին օրերի զարգացումներին: Որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներ, մենք ողջունում եւ մեր լիարժէք աջակցութիւնն ենք յայտնում Իրանի ձեռնարկած քայելրին` գիտակցելով, որ դրանք միանշանակօրէն բխում են նաեւ ՀՀ-ի եւ ԱՀ-ի անվտանգային շահերից եւ կոչւած են կանխելու Սիւնիքի բռնակցման փորձերը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որոնց դէմ, ցաւօք սրտի, գործնական որեւէ քայլ չեն ձեռնարկում ՀՀ կապիտուլեանտ իշխանութիւնները:

 

Զրոյցը`Իլոնա Ազարեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։